Հենց առաջին բառից անկեղծ լինեմ ու սկսեմ նրանից, որ մինչև գրքի խմբագրումը ստանձնելը մեկ տող անգամ չէի կարդացել Ազնիվ Սահակյանի պոեզիայից: Ավելին, կարծում էի՝ թերևս չհամաձայնեմ գիրքը խմբագրելու առաջարկին՝ ելնելով այն բանից, որ հիմա բոլորն են գրում, հատկապես կանայք, և ինչ պիտի լինի ասելիքը, որ դույզն-ինչ հետաքրքրի…
Մի քանի գործ ընթերցելուց հետո զգացի, որ հապշտապ ընդհանրացում եմ արել, տեսա, որ կարդում եմ գործեր, որոնք իրենց մասին խորհել են տալիս, որոնք ձեռի հետ կարդալու չեն, մտածումի և զգացականի ուշադրություն են պահանջում:
Սխալվել էի ու սկսեցի ավելի դանդաղ ընթերցել, ընթերցելիս դուրս գալ պոետական իմ դաշտից և տեղափոխվել ու տեղավորվել այն տարածությունում, որը Ազնիվ Սահակյան բանաստեղծուհունն է:
Ինձ այս աշխարհ բերեցին,//Որ լույսի հանդերձներ հագնեմ,//Զանգածաղիկ լինեմ անտառում//Ու բացատ լինեմ…//Բայց ապրեցի քաղաքում ստի ու շքեղ մենության,//Ոտքս մնաց դռների արանքում վերելակի,//Սիրտս փուշ եղավ: (34 էջ)
Ահա այսպես, ի վերուստ օժտված բանաստեղծուհին ինքն իր սկզբի մասին նման ձևակերպում է անում ու անցնում առաջ: Ու չէի ասի, թե խտացումները աստիճանական են. ամբողջ գիրքն է սիրո, կարոտի, սպասումի ու փնտրումի, մարդկային այլևայլ զգացմունքների խտացում:
Պատուհանս խնկաման է լույսի,//Ուր ծխում է հոգիս//Քեզ համար:
Շնորհալի բանաստեղծուհին մաքուր մետաֆորով և ճշգրիտ պատկերներով է մտածում: Իրերի բանաստեղծությունը, այսինքն՝ պատկերի բանաստեղծությունը նրա ապրումը դարձնում է զգացական ու գունագեղ: Ասելիքում ոչ մի կեղծ պաթոս չկա: Նա բացվում-լցվում է իր տողերում, իր սիրտը տանում է բնանկարի խորքերը և փորձում է դիտել, ավելի ճիշտ, հե՛նց էլ դիտում է ինքն իրեն ավելի հեռվից:
Որպես գտնված ստորգետնյա քաղաք//Ինձ կբացես մի օր,//Կտեսնես որմնանկարը հոգուս,//Կմաքրես հացամանը լույսի,//Եվ թռչուններ կգան… (142 էջ)
Ազնիվ Սահակյանի բանաստեղծությունը հարթանկար չէ, կեղծ սրբապատկեր չէ՝ լալկան տողերով ու ապրումներով համեմված, այն իր մեջ ծորացող ու անիմաստ խաբկանքներ չունի:
Ուղղությունս գարուն,//Ուղղությունս արև՝ գնում եմ…//Սիրտս կողմնացույց է//Ջրի մեջ, հողի մեջ, երկնքում: (15 էջ)
Հեղինակի բանաստեղծությունը յուրատեսակ հրավեր է իր ընթերցողին. ասես թաքուն կոչ է անում նրան՝ արի գնանք միասին, ոչ թե իմ ետևից, միասին անցնենք իմ զգացմունքի ու զգացածի խորքերով, ես քեզ չեմ խաբում, ես ընդամենը մեկ այլ, ուրիշ անկյունից եմ նայում աշխարհին: Բանաստեղծուհին խոսում է քո անունից, նրա անունից, ա՛յն մեկի, էլի մե՛կ ուրիշի: Նա կարողանում է իր հույզերում տեղավորել այն, ինչը կզգա մեղքի ու սրբության սահմաններին մոտեցած ամեն ապրող հոգի…
Մառախուղի պոեզիան լցվել է ամենուր,//Ու մարդիկ տեսողությամբ սրտի//Փնտրում են իրենց և ուրիշներին,//Սիրահար են բոլորը…//Եվ երկնքի կաթի մեջ բառերն ագաթ են,//Որ ճոճվում են մոտեցող-հեռացող ծառերի ունկերին.//Մութը ճերմակ է… (105 էջ)
Մութն ու գիշերը, գարունն ու աշունը, առավոտն ու ժամանակը, բնությունը համայն բանաստեղծուհու գրական կերպարներից են դարձել: Նա տարբեր մակդիրներ, հակադարձումներ ու զուգորդումներ, ինքնատիպ կառույցներ է կիրառում դրանց ընթերցողին (գուցե թե ինքն իրեն) փոխանցելու համար…
Անհանգստություն կա Ազնիվ Սահակյանի տողերում, չհասցնելու-չունենալու թախիծ, բայց ոչ՝ լալահառաչություն: Ահա մի քանի բնորոշումներ. (…մի չվող թռչուն պատվաստե՛ք ինձ, մի չվող սիրտ…), (գիշերն ականջի ետև գցած՝ գնամ ջուրը մտնեմ անհիշելի ժամանակների…), (դեղձ է լուսինը, քաղցր է գիշերը հասունացող…), (մի գտնված կղզու վրա առավոտի քեզ թանկաներ նվիրեցի…), (պատուհանը՝ ինձ, ես թղթերին եմ նայում, ուր եռաթև ժամանակն է սուրում երեկ, այսօր, վաղը, ուր ջահել եմ ընդմիշտ), (գիշեր կենտավրոսը գալիս է…), (գարունը տանում է հոգիս թռչունների մոտ), (գորգի նման խավոտ աշուն), (երակներն աշնան տրոփում են երգով), (անտառի մեջ աշնան սաղմոսն է բարձրանում)….
Նման շերտատված ձևակերպումներով հագեցած է տաղանդավոր հեղինակի գիրը: Բառերը կամակոր չեն և տարողունակ են:
Թվում է՝ բանաստեղծուհին թեմատիկ առումով շատ չի ծավալվել, սակայն չի կարելի չնկատել, թե ինչպես մի քանի տողով անգամ կարողանում է խոսել ու խորհել մարդ էակի ամենաթանկ զգացմունքների՝ մայրական սիրո ու հայրենիքի նկատմամբ իր նվիրական ապրումներից, ապա և՝ ընթերցողին փոխանցել իր անկեղծ հույզերը.
Գիշերվա ցանկապատից այն կողմ,//Ուր ամառ է միշտ,//Մի լուսավոր անձրև ջրում է//Չվաճառվող ծաղիկները մանկության,//Որ դու ես ցանել, մայրի՛կ…
կամ էլ թե հետևյալ պատառիկը.
Առավոտ է.//Ելնեմ, երկինքը կաթեցնեմ//Աչքերիս մեջ երեք անգամ//Ու ներկեմ ձայնս երեք գույնով//Կանչերիդ, Հայաստա՜ն…
Չեմ կարող չնկատել նաև անձնական ապրումի այն դառնությունը, որը որքան էլ առավոտի կենսաբեր գույներում փորձում է թաքցնել բանաստեղծուհին, միևնույն է, մի դառնահուշ տխրությամբ այն պարուրում է ընթերցողին, առնում իր մեջ՝ անտարբեր չթողնելով այն սրբազան դողի նկատմամբ, ինչն այնպես քնքշությամբ ու բանաստեղծորեն է կրում Ազնիվ Սահակյան ստեղծագործողը: Ասածիս վկայությունները շատ են, նշեմ միայն այս մեկը.
…Բառերս ընկնում, կորչում են ձայնիս հետ,//Լուսաթափվում եմ…//Ինձնից նեղացել են հրեշտակները//Ու հեռացել են վաղուց,//Երեկ աշուն էր, այսօր՝ ձմեռ,//Երկինքը ձնե արցունքներով թափվում է,//Սիրտս մրմուռ է ցմահ:
Ամփոփելով ասեմ, որ ես հավատացի բանաստեղծուհուն. նրա գիրը ինքնատիպ է, ազնիվ, իսկն իր անվան նման: Բազմաթիվ օրինակներ կբերեի այս գրքից, բայց ամենևին էլ ոչ նրա համար, որ տպավորություն պարտադրվի…
Լավ է թողնեմ՝ ընթերցողն ինքն էլ ի՛ր չափով վայելի <<ՄԻ ԳԱՎԱԹ ԱՌԱՎՈՏ”-ը ու լինի գրքի հմայքի ի՛ր չափով հայտնաբերողը:
Շնորհավորանքս բանաստեղծուհուն…
Բարի երթ գրքին և հաճելի վայելում ընթերցողին: