Գյուղի ամենահարգված և պատվախնդիր գերդաստաններից մեկը համարվող մեր տոհմում երբեմն ժպիտով էին հիշվում նահապետական ընտանիքի ավանդույթներին անհարիր մի քանի միջադեպեր:
Դրանցից առաջինը տեղի էր ունեցել իմ ծնվելուց էլ առաջ՝ ծնողներիս հարսանիքի օրը: Այդ տարիների հարսանիքներին այնքան շատ ժողովուրդ էր հավաքվում հարսանքատիրոջ տանը, պատշգամբում, բակում ու շրջակայքում, որ երեխաներին բարձրացնում էին կտուրները, պատուհանագոգերը՝ հարսանիքի մանրամասներն ավելի լավ տեսնելու համար:
Իմ հինգ հորաքույրերից ամենակրտսերին, որ ութ տարեկան է եղել, պապիս ամենաբարձրահասակ եղբայր Փիլիպոսը հարմար տեղավորել է տան անկյունում դրված ցորենի հսկա շտեմարանի գլխին: Փոքրիկ հորաքույրս «ուննուղի» բարձունքից հետաքրքրությամբ դիտել է հարսանեկան ողջ նիստուկացն ու ամենաաշխույժ պահերը, իսկ երբ ձանձրացել է ավագների հնչեցրած երկարատև բաժակաճառերից, սկսել է ուսումնասիրել կողքին՝ անհասանելի բարձունքում դրված՝ ավագ քույրերի դասագրքերը: Որտեղից որտեղ տասներորդ դասարանցի Ռոզիկի պատմության գրքում հանկարծ հայտնաբերել է… ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ խնամքով թաքցրած մի կարմիր տասանոց:
Հորաքույրս սկզբում այնպես է վախեցել, կարծես ձեռքը շիկացած վառարանի է դիպել: Հետո, սակայն, պատկերացնելով, թե ինչեր կարող է գնել այդ փոքրիկ, գեղեցիկ թղթի կտորով՝ է՛լ կոնֆետներ, է՛լ թխվածքաբլիթներ՝ որքան սիրտդ ուզի, աշխարհի ամենագեղեցիկ սանրը, մազակալը և այլն, և այլն: Եվ… նորից է բացել փակած գիրքը, զգուշորեն հանել, ծալել, գրպանը դրել թղթադրամը և սրտատրոփ սպասել լուսաբացին՝ խանութի բացվելուն:
Առավոտյան հորաքույրս խանութից վերադարձել է իր երազած գնումներով, մի բան էլ ավելի. նաև նորահարսի՝ մորս համար գնած գեղեցիկ ճարմանդով, մնացած փողն էլ խնամքով թաքցրել է գրպանի խորքերում:
Հետո շարունակվել է հարսանիքի երրորդ օրը, շուրջպարերը, զուգապարերն ու մենապարերը հաջորդել են միմյանց: Հորաքույրս տուն է մտել հենց այն ժամանակ, երբ ավագ քույրը՝ իր «դրամագլխի» գլխին եկած աղետին անտեղյակ, ինքնամոռաց պարել է: Նա գյուղի ինքնագործ խմբի ամենալավ երգող-պարողներից է եղել՝ «Չեմ ու չեմ» պարերգի հայտնի կատարողը, որին սիրահարվել են թաղի բոլոր տղաները, իսկ Բաղդոյենց մանկամիտ Գագիկը իր սերն արտահայտել է ձորում տատիս փռած ցորենի կարպետների վրա ամեն օր թաքուն մի բուռ նուշ շաղ տալով՝ դե, իհարկե, Ռոզիկի համար:
Երբ կրտսեր հորաքրոջս հայացքը հանդիպել է եղբոր հարսանիքին պարելու իր ողջ շնորհները դրսևորող ավագ քրոջը, այդտեղ կատարվել է մի բան, որը, բնականաբար պետք է կատարվեր: Նա խղճի սուր խայթ է զգացել, պատկերացրել սեփական քրոջը թալանելու արարքի ողջ ծանրությունը և այնքան խղճացել նրան ու մեղավոր համարել իրեն, որ արդեն սեփական դարձած «դրամագլխից» մի ռուբլիանոց «շաբաշ» է մեկնել պարող քրոջը: Ռոզիկը շփոթվել է, միաժամանակ ուրախացել, որ անգամ փոքրիկ քույրն է գնահատում իր պարը, իսկ երկրորդ պտույտին, երբ նրանից ստացել է երկրորդ ռուբլիանոցը, սկսել է կասկածների մեջ ընկնել: Հարսանքավորների ցրվելուց հետո իսկույն ստուգել է իր «գաղտնարանը» և… հարձակվել քրոջ վրա: «Աղջի՛, քեզ որտեղի՞ց փող, որ դեռ ինձ էլ շաբաշ էիր տալիս» հարցից ու կիսակարկամած պատասխանից հետո հերթը հասնում է նրան մի լավ ծեծ տալուն, սակայն, իրավիճակը իսկույն փրկում է նորափեսա հայրս՝ վճարելով քրոջը պատճառված ողջ վնասը:
Համանման երկրորդ «աղետը» մեր ընտանիքի գլխին եկավ ամռան մի շոգ օր:
Փոքրիկ աղջնակի թևից բռնած՝ այլայլված տուն էր մտել նույն Ռոզիկ հորաքույրս և պատշգամբում գուլպա գործող տատիս գրեթե ահաբեկել իր անսպասելի հարցով.
– Ա՛յ մեր, տղադ մի նոփ-նոր հեծանիվ նստած՝ ամբողջ գյուղով մեկ պտտվում է ու պտտվում: Որտեղի՞ց նրան փող:
Տատս շանթահարված տեղից վեր էր թռել: Նա ծանոթ էր տասնյոթամյա հորեղբորս՝ պապիս ներկայացրած վերջնագրին. «Կա՛մ հեծանիվ ու ռադիոընդունիչ կառնես, կա՛մ կգնամ քաղաք»: Պապս ռադիոընդունիչը առել էր արդեն, իսկ երկրորդ պահանջը՝ որոշ ժամանակով հետաձգել: Ուստի տատս վազել էր սենյակ, ձեռքը տարել «շիֆաներկայում» կախված՝ պապիս միակ կոստյումի ծոցագրպանը և այնտեղ չգտնելով կարմիր տասանոց թղթադրամը… գրեթե ուշաթափված մնացել պահարանի մեջ…
Այդ ամենը քույրս էր տեսել և ինձ պատմել, երբ դպրոցից տուն էի հասել:
Մինչև երեկո տատիս չէինք կարողանում հանգստացնել, նա լալիս էր ու իր բախտն անիծում.
– Մի նայի՛ր հարևանի տղաներին՝ բերում են ու բերում: Սա էլ հակառակը՝ տան եղածն է տանում ու տանում:
Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ հորեղբայրս իր չարաբաստիկ փոխադրամիջոցով վերջապես հայտնվեց բակում՝ երեսին ու դաստակներին անհամար քերծվածքներով: Մինչ այդ, դիմացի հարևանի տուն հարս գնացած կրտսեր հորաքույրս՝ Մանիկն էր գուժել հեծանվային վթարի մասին: Նա պատմել էր, որ գյուղի դարուփոս թաղերով հեծանիվ վարելու հնարքները ցուցադրող հորեղբորս Խաժակ Պողոսն էր աչքով տվել, երբ անցել էր Վանքի թաղի աղբյուրի բարձունքով:
Տատս, մոռացած տասանոցի մասին, իրարով անցած՝ հորաքույրերիս օգնությամբ սկսեց մշակել հորեղբորս վնասվածքները: Հորեղբայրս էլ, հարմար պահից օգտվելով, տատիս հավատացրեց, որ ինքն ընդամենը հոր խոստացած հեծանիվն է առել, քանի որ քաղաք է գնացել:
«Համաներումից» հետո ինձ այլ բան չէր մնում, քան միանալ հորեղբորս բերած գետնանուշով կոնֆետները վայելող քրոջս: Ես նախապես հրաժարվել էի դրանցից, իսկ ինձնից երեք տարի փոքր՝ իրադարձության նրբություններին անտեղյակ քույրս վաղուց էր սկսել քրթքրթացնելով ճաշակել քաղցրանուշ «մաղարիչը»:
Մեր տան երրորդ «գողության» պարագայում կարմիր տասանոցը բացակայում է, տեսադաշտում չկա նաև որևէ արժեքավոր իր, իսկ գլխավոր դերակատարը… ես ինքս եմ:
Դպրոցից տուն գալով՝ տատիս հերթական անգամ զայրացած ու սրտնեղած եմ տեսնում.
– Ո՛չ ըլեն էդ Կարոն ու Սարոն. էլ մեզանում բան չթողեցին: Բակում ինչ թողնում եմ, տերը չեմ: Մի քիչ ցեմենտ էի պահել թթենու փչակում, որ կոծիկ սարքեմ, էն կոտրված ամանը կպցնեմ, դա էլ են տարել…
Այդ օրը, կարելի է ասել, իմ մանկական համբերությունը հատեց, և վրեժխնդրության որդը արթնացավ մեջս. որոշեցի վրեժ լուծել հարևանի չար տղաներից: «Գողությունն ի՞նչ է որ՝ ամենահեշտ բանը: Կարծում են՝ միայն իրենք կարող են դրանից գլուխ հանել: Հիմա ես կգնամ, իրենց բակից մի բան կգողանամ, թող հասկանան, որ դա բոլորովին էլ խիզախ բան չէ, և դրա պատասխանը միշտ կարող են ստանալ»:
Հարևանի՝ սովորաբար մարդաշատ բակում ոչ ոք չկա: Ուշադիր նայում եմ բակի իրերին՝ ոչխարի բրդով լի պարկ, ավանակի համետ… մի հին կարպետ… ճտերին թևերի տակ առած թուխս… «Լավ, ի՞նչ կարելի է գողանալ»…
Երկար մտատանջվելուց հետո հայացքս կանգ է առնում տեղափոխելու համար շատ հարմար մի իրի՝ տակառի մետաղյա մեծ օղակի վրա (հարմար է նաև նրանով, որ տեսնողներին կթվա, թե դա իմ խաղօղակն է):
Մեծ ջանքերով պտտում տանում եմ իմ վրեժխնդրության ժանգոտ առարկան, դարպասից ներս մտցնում, հանդիսավոր փռում բակի ուղիղ մեջտեղում և… հայացքս հանդիպում է տատիս տարակուսած հայացքին: Իմանալով ինչն ինչոց է՝ նա հորդորում է տանել տեղը դնել, բայց ես արագ դուրս եմ փախչում՝ խաղալու:
– Ա՛յ տղա, դու գո՞ղ ես,– տուն վերադառնալուց հետո լսում եմ մորս զրնգուն ձայնը:
Իհարկե, նա այս բառերն ասում է զայրացած, բայց միաժամանակ հազիվ է զսպում ծիծաղը:
– Հենց հիմա տա՛ր, էս ժանգոտ աղբը իր տեղը դիր,– շարունակում է նա:
– Բա իրենք…
– Իրենց հետ գործ չունես, բալե՛ս,– այս անգամ շարունակում է տատս:– Քո պապը Մուղսի Վարդանի թոռն է, դու էլ՝ նրա թոռը: Մեր օրինավոր գերդաստանին էդպիսի բաներ չի սազի:
– Եթե բոլորը գողությանը գողությամբ պատասխանեին, էս աշխարհում միայն գողեր կապրեին,– բարոյախոսությունը ամփոփում է մայրս:
Եվ ինձ այլ բան չի մնում անելու, քան հակառակ ուղղությամբ պտտել տանել իմ վրեժխնդրության «օբյեկտը», հարևանի դարպասից աննկատ ներս մտցնել, իր հին տեղը դնել… Եվ, իհարկե, նաև ազատվել գողի պիտակից…
2023 թ․