Ակրոբատը
Մակագրություն ուրվապատկերին
Տանիքից տանիք ճոպան է ձգած։
Վրան ակրոբատն է թեթևաքայլ։
Ձեռքերում՝ ձող, հանց կշեռք է դարձել,
Իսկ ցածում մարդիկ քթները վեր ցցել
Ու հրում են միմյանց. «Ընկավ, հապա մի…»…
Եվ հուզված սպասում են ինչ-որ բանի։
Աջում՝ պատուհանից նայող մի ծեր կին,
Ձախից՝ քեֆչին՝ գինու գավը ձեռքին։
Բայց երկինքը ջինջ է, ճոպանը՝ ամուր,
Թեթև ու հանգիստ է ակրոբատը քայլում։
Իսկ եթե փահլևանը պոկվի, ընկնի ցած,
Ու երեսպաշտն ախ քաշի վախեցած,
Պոե՛տ, անտարբեր անցիր դու իսկույն,
Ինքդ չե՞ս ապրում արհեստով այդ նույն։
***
Իրիկնային փողոց, կիսամութ։
Թխկաց ինչ-որ երդիկի լուսամուտ։
Ոլորված վարագույր։ Ինչ-որ լույս կաթաց,
Մի ստվեր պատից պոկվեց սրընթաց։
Երջանիկ էր նա, ով գլխիվայր ընկավ.
Աշխարհը այլ էր, թեկուզ մի վայրկյան։
Գարնանը
Վագոնների ոռնոցում, փողոցի աղմուկում,
Ձիերի մաշված պայտերի սվվոցի մեջ
Շրջում է սիրտս, հանց Արիոնի մակույկը։
Սիրտս անշարժ է, հանց լուսինն ամպերի մեջ։
Անորոշ փնթփնթում է մուրացկանը պատի տակ,
Տանիքում՝ պոկ եկող սառույցի աղմուկ է…
Գնդաձև կայծակի պես վտանգավոր է սիրտս,
Եվ զգույշ է, հեռատես, և հուշիկ, ինչպես մուկը։
Երեկո
Քամի է, մաղում է ձյունը։
Գետնին՝ սառույցի խշրտոց է։
Օ՜, Տե՛ր, ինչպիսի տրտմություն,
Տե՛ր Աստված, ի՜նչ մղկտոց է։
Ծանր է աշխարհը լուսնի տակ,
Բայց Դու էլ գթոտ չես հարկավ,
Ո՞ւմ է պետք հեռաստանը,
Թե այս աշխարհում մահը կա։
Եվ անհնար է բացատրել քեզ,
Թե ինչո՞ւ տարիներիդ վերջում
Դեռևս թափառել ես ուզում,
Հավատում ես, երգում ու սառչում։
Հյուրին
Ներս մտնելիս բեր երազանքդ
Կամ դիվային գեղեցկություն,
Կամ Աստծուն, թե իր զավակն ես։
Իսկ փոքրիկ այդ բարությունը
Նախամուտքում թող, հանց գլխարկը։
Այստեղ՝ հատկի վրա հողի,
Կա՛մ հրեշտակ, կա՛մ դև եղիր։
Իսկ մարդը… Դրա համար չէ՞ նա,
Որ կարելի է մոռանալ։
***
Հյուրեր չեմ կանչել, չեմ սպասում,
Բարձրաոտ մոմեր եմ վառել։
Սպասելով Մեծ աստղի լույսին՝
Հայացքս արևելք եմ հառել։
Բարձրաոտ մոմեր եմ վառել,
Ուտելիք եմ փռել ծղոտին,
Մենակ եմ ես խմում և ուտում
Մեղրահամ խմիչքն ու խորտիկը։
Ուտելիք եմ փռել ծղոտին,
Իմ երեկոն եմ կարճում։
Ու ձգում իմ պատժաժամկետը
Այս պարզ ու խաղաղ դժոխքում։
Santa Lucia
Ողջույն, Ադրիատիկից մեզ հասած
Երգ, հավաքվել են՝ լսեն քեզ
Զինվորները երկու սանմասի,
Պարկն ուսին թաթարը և ես։
Ինչ լավ է, որ չունի այն բառեր,
Նույնահունչ է բոլորի ունկում։
Եվ ցանկացած սիրտ, գաղտնի դռնով,
Մտնում է թզուկն այս թաքուն։
***
Հոգիս երգում, երգում, երգում է,
Հոգուս մեջ այնպիսի ծաղկում է,
Որը, հիրավի, այս տարում
Չունի ոչ մի արդարացում։
Երկրով մեկ՝ դագաղներ ու սով,
Ախտեր ու սուր է երկրում իմ,
Բայց կա իմ մեջ արևաշող
Ինչ-որ բան, որը երգում է։
Ինձ եմ գուցե խայտառակում,
Բայց ի՞նչ անեմ, երբ իմ հոգին,
Անգամ այս ամենի դեպքում,
Երգում, երգում է ու երգում։
Ռուսերենից թարգմանեց
Գևորգ ԳԻԼԱՆՑԸ