Արցախի շրջափակումը պատերազմի ձևերից մեկն է: Ադրբեջանը 161 օր փակելով Արցախից Հայաստան ձգվող միակ ճանապարհը՝ նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել տեղի բնակչությանը, ստիպել ինտեգրվել Ադրբեջանի հետ: Ինչ խոսք, որ 1994 թ. հրադադարից հետո մեր հաղթանակներից հրաժարվելու քաղաքականություն էր վարվում, ու տասնյակ տարիներ ի վեր մեր երկրի նախագահները բանակցել են միայն հող հանձնելու վերաբերյալ: Եվ 2020 թ. 44-օրյա պատերազմում մենք պարտվեցինք հենց մեր իշխանությունների կողմից վարած ռազմաքաղաքական խաղի պատճառով՝ կորցնելով Արցախի ազատագրված տարածքների 75 տոկոսը, ունենալով հազարավոր զոհեր, հաշմանդամներ, վիրավորներ: Ցավոք, այդ կորուստների թիվը կրկնապատկվեց, քանի որ թշնամուն հանձնած հողերը ներծծված էին հազարավոր հայորդիների արյամբ: Այնինչ 2021 թ. ընտրություններին մեր ժողովրդի մեծ մասը կուրորեն իր ձայնը տվեց պարտված ղեկավարին, ու մենք բոլորս օրեցօր գահավիժում ենք ցած, քանի որ պարտվելու, թշնամիներին ենթարկվելու գործողություններն առ այսօր շարունակվում են: Պատերազմից հետո թշնամիները մեծ խանդավառությամբ նոր ճանապարհներ, թունելներ, կամուրջներ հասցրեցին կառուցել անտառների ու լեռների միջով, մինչդեռ մեր իշխանությունները փոխանակ արագ կառուցելու Գորիս-Կոռնիձոր Ստեփանակերտ տանող՝ Լաչինը շրջանցող նոր ճանապարհը, հանգիստ ադրբեջանցիներին հանձնեցին Բերձորը, Աղավնոն, Սոսը, անտեսելով այն կարևոր փաստը, որ այդտեղով են անցնում Արցախ հասնող բոլոր կոմունիկացիաները՝ գազը, էլեկտրալարերը, կապը: Ո՞ւմ վրա էին հույսը դրել: Անկասկած, ռուսների, որոնք երկակի քաղաքականություն են վարում, առաջին հերթին լինելով Ադրբեջանի ու Թուրքիայի հավատարիմ դաշնակիցները: Դուք տեղյա՞կ եք, թե ինչպես ՌԴ ՊՆ պաշտոնական քարտեզից անհետացավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այն հիմա նշվում է այլ անվանմամբ՝ Խանքենդի: Իսկ Լաչինի միջանցքը, որի անվտանգ երթևեկությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնել էին ապահովել ռուս խաղաղապահ ուժերը, նրանց ներկայությամբ էլ փակվեց: Ավելին, փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ: Այսպիսով, կրկնակի շրջափակված է Արցախը: Թշնամու նպատակն է ծնկի բերել 1991 թ. սեպտեմբերի 2-ին անկախության հռչակագիրը ճանաչած արցախցիներին: Ադրբեջանն արդեն ամիսներ շարունակ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ տարվող գազամատակարումը, միակ բարձրավոլտ լարի էլեկտրամատակարարումը: Հոսանք ստանում են Սարսանգի ջրամբարից, որի ջուրը պակասել է, քանի որ Ադրբեջանը փոխել է գրավյալ տարածքներում գետերի հունը, այդ թվում՝ Թարթառի: Նախկինում գործող 37 հէկերից մնացել է հինգը: Հարյուրավոր տնտեսվարողներ այլևս չեն աշխատում: Արցախի շրջափակումը ծանր հետևանքներ է թողել նաև մարդկանց ֆիզիկական առողջության իրավունքի վրա: Շատերը որպես կանոն օգնություն էին ստանում Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում, սակայն այսօր զրկված են այդ հնարավորությունից: Ծայրահեղ ծանր դեպքերի ժամանակ, Կարմիր խաչի հետ բանակցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում նրանց տեղափոխել: Ուստի ապրելու իրավունքը ևս կախված է անցակետը հսկող ռուս-թուրքական սահմանապահներից: Մարդիկ առաջին անհրաժեշտության սնունդը, միրգն ու բանջարեղենը կտրոններով են ստանում ամեն ամիս, այն էլ՝ եթե լինում է: Իսկ խանութներում մշտապես հերթեր են գոյանում: Ադրբեջանը կատարյալ դժոխքի է ուզում վերածել տեղաբնակների կյանքը, քանի որ Արցախի և Հայաստանի իշխանությունները, օտարների շահերը սպասարկելով, ոչ ազգանպաստ քաղաքականություն են վարել: Եթե նրանք պաշտոնապես ճանաչեին Արցախի անկախությունը կամ էլ այն Հայաստանի մաս դարձնեին, Արցախը տարածքային վեճի չէր վերածվի: Եվ հիմա գոյաբանական պայքարի մեջ են հայտնվել 120.000 արցախցիներ, մինչդեռ Հայաստանի իշխանությունը, հավատալով թուրքերի հնչեցրած կեղծ խաղաղության քարոզներին, համաձայն է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել: Իսկ դա իրականում նշանակում է ցեղասպանության տանել հայության մի հատվածի, որը պատրաստ է անվերջ մաքառել ու հաղթանակի գինը նվաճել սեփական արյան գնով: Այնինչ մեզ պարտադրված անընդունելի զիջումների հետ չպետք է համակերպվենք: Մեր ժողովուրդը պարտավոր է ժամ առաջ (թեկուզ ուշացումով) պարտության նվաստացուցիչ թմբիրից արթնանալ, զորավիգ լինել Արցախին, այլապես կանգնած լինելով անդունդի եզրին՝ սերունդներից մեզ անցած հայրենիքը կկորցնենք ամբողջությամբ: