Հայ մշակութային, հոգևոր կյանքը 2022 թվականին և ընթացիկ 2023-ին հարստացավ հանճարեղ բանաստեղծի, անզուգական, յուրատիպ մարդկային էության՝ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի նշումով։
Չարենցը միշտ մեզ հետ է, մեր մեջ, որպես մեր հոգու և մտքի անկրկնելի հարստություն։ Իսկ այս տարիներին նա առավելապես մտերմացավ մեզ, առավել խորապես ներսուզվեց մեր ազգային էության մեջ։ Չարենցին նվիրված միջոցառումների թվում է մեծապես արժեքավոր, հիշարժան հետևյալը. երկու անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյան համերգասրահում, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում, Դիլիջանի Կոմպոզիտորների միության Բեթհովենի անվան դահլիճում, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած գրական-երաժշտական բազմաբովանդակ երաժշտաթատերգությունները։ Նախաձեռնողը, կազմակերպիչը անվանի մտավորական, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոցենտ, ժամանակին Երևանի քաղաքապետարանի մշակույթի և կրթության ոլորտի փոխքաղաքապետ, բազում հանրային հանդիսությունների, ֆիլմերի բեմադրիչ Արամ Սուքիասյանն է։ Նախ արդարացիորեն պետք է մի քանի խոսքով բնութագրել նրան։ Շատ ճշմարտացի է բնութագրել նրան Ֆելիքս Բախչինյանը իր գրքում, որը կրում է «Հայ մշակույթի տաղանդավոր մշակը» խորագիրը։ «Արամ Սուքիասյանը միշտ էլ իրեն վստահ է զգացել իր մասնագիտության մեջ։ Նա ռեժիսոր է, ստեղծագործող, և այն ամենը, ինչ ստեղծել է նա, ստեղծել է սրտանց, մեծագույն նվիրումով ու սիրով»։ Եվ հենց ա՛յդ նվիրումով ու սիրով Արամ Սուքիասյանը մտահղացել և ստեղծել է այն երևույթը, որ ցնցեց հազարավոր հանդիսատեսների Հայաստանի տարբեր վայրերում։
Չարե՜նց և երաժշտությո՜ւն… Լինելով բուն մասնագիտությամբ ոչ երաժիշտ՝ Արամ Սուքիասյանը փայլուն գիտի և՛ հայ, և՛ համաշխարհային դասական և արդի երաժշտությունը, ինչը և մեծ դեր ունեցավ Չարենցին նվիրված, Արամ Սուքիասյանի բնորոշմամբ՝ տվյալ երաժշտաթատերգության համար։ Դա մի բացառիկ երևույթ էր, նմանը չունեցող, որը չի տեղավորվում գոյություն ունեցող որևէ հանրաճանաչ ժանրում։ Ըստ էության՝ դա խոսքի-ձայնի-գույնի, այսինքն՝ պոեզիայի-երաժշտության-գույների համադրության, սինթեզի մի յուրօրինակ, նրբախոր աշխարհ էր։ Բեմում վարպետորեն հնչում էին Չարենցի բանաստեղծությունները։ Ասմունքողների թվում էին ՀՀ ժող. արտիստ Արթուր Ութմազյանը, ճանաչվածներ՝ Մխիթար Ավետիսյանը, Սամսոն Ստեփանյանը, Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը։ Եվ ըստ բեմադրիչ Ա. Սուքիասյանի նախաձեռնության՝ դա սոսկ ասմունք չէր, այլ ուղղորդվում էր արտիստիկ ելևէջներով, ինչով հարստանում էր, առավել խոր իմաստային երանգ ու ազդեցիկ տպավորություն էր թողնում հանդիսատեսի սրտում։ Շատ ներդաշնակ էին (անշուշտ, ճիշտ ընտրության արդյունքում) Չարենցի պոեզիան ու երաժշտությունը։ Հնչում էին հատվածներ Ալ. Սպենդիարյանի, Ա. Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Ա. Տերտերյանի, Էդ. Միրզոյանի, Ալ. Հարությունյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյանի, Ղ. Սարյանի, Ե. Երկանյանի հանրահայտ ստեղծագործություններից այն հատվածները, որոնք իրենց հնչյունային էությամբ, տոնայնությամբ, ռիթմով մեծապես համապատասխանում էին տվյալ բանաստեղծության ամեն մի խոսքի երանգին, իմաստին։ Բացի այդ, բեմը մշտապես ապրում էր տարբեր գույների լույսերով, և այդ գույների բարձրաճաշակ ընտրությունը Ա. Սուքիասյանի կողմից նույնպես ներդաշնակ էր թե՛ խոսքին, թե՛ երաժշտությանը։ Ու այդպիսով էլ առավել հուզիչ և տպավորիչ էր դառնում ամբողջ այդ երաժշտաթատերական երեկոն։ Բեմում զետեղված էր ֆիլմի պաստառ, որի վրա ցուցադրվում էին փաստագրական, վավերագրական այլ և այլ հատվածներ և՛ Չարենցի կյանքից, և՛ նրա մասին խոսք ասողներից։ Վերջիններիս թվում էին Պ. Սևակը, Ավ. Իսահակյանը, Գ. Էմինը։ Եվ ինչպիսի՜ լայն իմացություն, գեղագիտական ճաշակ, Չարենցի ամեն բառի, երաժշտության ամեն հնչյունի, ամեն գուներանգի ներդաշնակության խորաթափանց, իմաստուն ընբռնում, հոգու և մտքի զգացողություն պետք է ունենալ, որպեսզի ստեղծել նման սքանչելի, անզուգական ներկայացում։ Անմոռանալի է մեծ արվեստագետ, մշակույթի գործիչ Արամ Սուքիասյանի այս գործը։
Այժմ մեծապես արժե անդրադառնալ այդ միջոցառումների մեկ այլ գլխավոր անձի. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի մշակույթի պատվավոր գործչի կոչում ունեցող, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում իր մեծ վաստակն ունեցող տաղանդավոր դիրիժոր Ռուբեն Ասատրյանին։ Ունենալով նաև իր զգալի ներդրումը միջոցառման երաժշտության ընտրության մեջ՝ Ռուբեն Ասատրյանը այդ օրերին բեմում գլխավոր դերակատարն էր, քանզի դրա ամբողջ ընթացքում բարձր մասնագիտական վարպետությամբ ղեկավարում էր սիմֆոնիկ նվագախումբը՝ հնչեցնելով վերոնշյալ կոմպոզիտորների՝ Չարենցի պոեզիային ներդաշնակ ստեղծագործությունները։
Ռուբեն Ասատրյանը օժտված է յուրահատկությամբ. չէ՞ որ դիրիժորը կանգնած է բեմում դեմքով դեպի նվագախումբը, մեջքով՝ դահլիճը, մեզ, որ նստած ենք այդտեղ։ Բա՜յց… Բայց նա օժտված է շատ դրական էներգետիկ դաշտով (աուրա), որից ճառագում է իր լույսը։ Ու երբ դահլիճում նստած նայում ես նրան՝ կանգնած նվագախմբի առջև, նրա կեցվածքից, մասնավորապես ձեռքերից դեպի քեզ, դեպի դահլիճ բխում է նրա այդ դրական էներգիան։ Նրա ձեռքերը սոսկ ձեռքեր չեն, այլ՝ կենդանի երաժշտական հնչյուններ, որոնք իրենց ո՛չ զուտ ֆիզիկական շարժումներով ապրում, շնչում են յուրաքանչյուր հնչյունով, ռիթմի ամեն մի երանգով։ Նրա ձեռքերը նույնպես երաժշտություն են։ Այս ամենի առիթով Ա. Սուքիասյանի բացառիկ ազգային, մշակութային, բարոյական արժեք ունեցող երաժշտաթատերական միջոցառումների իրագործման համար Ռ. Ասատրյանին իր փայլուն դիրիժորական կատարման հանդեպ՝ հանդիսատեսի խորին երախտիքը։
Եվ ո՛չ պակաս հուզիչ մի իրադեպ. միջոցառման ավարտին Ռուբեն Ասատրյանը շրջվեց դեպի լեփ-լեցուն դահլիճ, ձեռքով նշան արեց ոտքի կանգնեցնելու ներկաներին։ Եվ ամբողջ դահլիճը, դիրիժորն ու նվագախումբը արտասանեցին Եղիշե Չարենցի ամենահանճարեղ գործը՝ «Ես իմ անուշ Հայաստանին»։
Եվ դահլիճում կանգնած, հուզված՝ իմ մեջ արթնացան Չարենցին նվիրված իմ բանաստեղծական տողերը.
Իմ կարոտող սրտի համար
Ո՛չ մի ուրիշ աղոթք չկա։
Քո՝ Եղիշե Չարենցի պես
Ողբերգալույս ճակատ չկա։
Աշխարհ անցիր՝
«Ես իմ անուշ Հայաստանի» նման
Ձոներգ չկա։
Ինչպես հավերժ փառքի ճամփա՝
Ես քո գրած ամեն տողի
Արևահամ բառն եմ սիրում,
Չարե՜նց։