Կյանքի 59-րդ տարում վախճանվել է ճանաչված գրականագետ, հայ միջնադարյան գրականության մասնագետ, 2015 թ.-ից ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, մի քանի տասնյակ աշխատությունների և գիտական հոդվածների հեղինակ, 2012 թ.-ից ՀԳՄ և ՀԳՄ նախագահության անդամ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳԻ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ։
Խորապես ցավակցում ենք հանգուցյալի հարազատներին, գրչընկերներին և ընթերցողներին, գրական-գիտական ողջ հանրությանը այս ցավալի, անժամանակ կորստի կապակցությամբ։
Հայաստանի գրողների միություն
ԶԻՆՎՈՐ, ԳՐԻՉ, ՔՐԻՍՏՈՆՅԱ…
Երբ եկավ և երբ գնաց։
Ապրած ժամանակն իրապես շատ քիչ եղավ՝ ամբարելու նրա կյանքի կոչումը։ Երբ ժամն էր ընտրության, հրացանը ձեռքին առաջիններից մեկը կանգնեց Արցախի մարտական դիրքերում։ Իր քաջարի հրամանատար Գեներալի կողքին մարտնչեց առաջին օրից մինչև վերջինը։ Վարդանի խնդրանքին՝ ուղարկել իրեն հետախուզության, Գեներալն ասել էր. «Չեմ ուղարկի, վախում եմ, թե գելերը կգան ու քեզ կուտեն, կխելոքանան, կգան ու մեզ կուտեն»։
Վիրավորվեց ծանր. իր արյունն էլ խառնեց Արցախի հողին, սակայն այնժամ Տերը գթաց նրան։
Մեր երկիրը, ըստ Վարդանի, չորս սրբություն ունի՝ եկեղեցի, բանակ, գիր ու գրականություն։ Նա զենքը ձեռքին միայն Արցախը չէր պաշտպանում, այլև Մատենադարանը։ Գիտակցությունը՝ ծառայել Սուրբ Էջմիածնին ու Մատենադարանին, միաձուլված էր նրա հոգում։ Աշխարհիկ մարդ լինելով՝ առավել մոտեցավ քրիստոնյայի իր կոչումին։ Եկեղեցու ազնվաբարո ծառա և հայոց անցյալի փառքի զորավոր վկայությունների՝ ձեռագրերի անխոնջ դպիր, գլուխը դրած նրանց ծնկին, ովքեր՝ Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,//Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն…
Որտեղ երևում էր, լույս էր բերում, լավատեսական տրամադրություն տարածում, երբեք չէր վհատվում, մաքառում էր անընդհատ։ Վանականներն ընդունում էին նրան որպես յուրայինի, լիներ դա Սուրբ Էջմիածնում թե Անթիլիասում կամ Սուրբ Ղազար կղզում։ Գոց գիտեր հարյուրավոր հնագույն ձեռագրեր, սուրբ գրքեր, մատյաններ։ Եվ կյանքն էլ էր նրա անցնում հայ գրքի խաչմերուկում, որպես ազգային գանձերի անընկճելի պահապան։
…Թեև դու աչքերդ փակեցիր հայրենիքից հեռու, բայց մենք բոլորս տեսնում ենք քեզ անխոնջ կքված հայրենի մագաղաթների առջև։
Եվ ուր էլ որ Տերը կամենա հոգիդ տանել, այնտեղ էլ մի պատի տակ լռիկ աղոթք ես մրմնջալու ազգիդ բարօրության համար։
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Ամբողջովին հոգևոր էություն էր…
Գիտեինք, կյանքում ամեն ինչ լինում է, անակնկալներն էլ հազվադեպ չեն, բայց… Նոր էր վերադարձել մոսկովյան գործուղումից, կարևոր հանդիպումներ, բանակցություններ էր ունեցել գիտական շրջանակների հետ, եկավ տեղեկացրեց, նոր ծրագրեր նախանշեց ու… «Երկու շաբաթով դարձյալ մեկնում եմ,- ասաց,- այս անգամ անձնական հարցերով, կգամ, կշարունակենք…»: Հետո հանկարծ վրա հասավ գույժը… Ակամայից մտքիդ մեջ կայծակում է Լևոն Շանթի, Պերճ Զեյթունցյանի գործերից հայտնի հարցը՝ «…ի՞նչ եղավ, ի՞նչ հասկացար…»: Հարցը պատահական չէ, քանի որ միշտ կենսախինդ, առույգ, հումորով ու էներգիայով լի էր Վարդանը, չնայած վերջին տարիների անձնական ու աշխատանքային կյանքում առկա բարդություններին, երբեք նրան ընկճված չէինք տեսել ու չէինք էլ պատկերացնում: Դեռ շատ մտահղացումներ ուներ իրագործելու, գրելու, քննելու, ամփոփելու. հատկապես հայ միջնադարյան գրականությունը, արվեստը, մշակույթը: Այդ ամենի նկատմամբ սերն ու նվիրումը, թերևս, նրա մեջ ներծծվել էր դեռ մանկուց՝ պատմավիպասան հոր՝ Գևորգ Դևրիկյանի՝ հայոց պատմության ոգեշունչ դրվագների ոգով հագեցած մթնոլորտում: Եվ նրա ապագան նախանշված էր, քանզի հենց սկզբից նա արդեն ամբողջովին հոգևոր էություն էր: Եվ ուրեմն, պատահական չէր, որ Վարդան Դևրիկյանի հետագա կյանքն ու գործունեությունը սերտորեն կապվեց ՀՀ Գիտությունների ակադեմիայի, Գրականության ինստիտուտի, Մաշտոցյան Մատենադարանի, Սուրբ Էջմիածնի, Վենետիկի մխիթարյանների, Հայաստանի գրողների միության և շատ այլ հոգևոր-մշակութային կենտրոնների հետ: Հանգամանորեն ուսումնասիրեց «Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում», «Սուրբ Էջմիածինը հայ և համաշխարհային արվեստում», Մխիթարյանների ծանրակշիռ դերը հայ գրականության պատմության պարբերաբաժանումներում, գրական-մշակութային խոշոր դեմքերի (Ղ. Ալիշան, Ոսկան Երևանցի և ուրիշներ) անձն ու գործը, ժողովրդական հավատալիքներն ու ավանդույթները… Նրա էության այդ հատկանիշը լավագույնս դրսևորվեց նաև Արցախյան շարժման ու ազատագրական պատերազմի տարիներին, որին նա մասնակցեց ոչ միայն զենքով՝ որպես բանակի ավագ սպա, այլև գրչով՝ իբրև հրապարակագիր՝ իր յուրահատուկ հրապարակումներում բացահայտելով պատերազմի հոգևոր դեմքն ու խորքը… Հիշենք «Չսկսված և չավարտված պատերազմը» (2014) խորհրդանշական վերնագրով հատորի դրվագները՝ պատերազմի արհավիրքները դիմագրավող, թշնամուն «անակնկալի բերող ու կարկամեցնող» հերոս զինվոր Վլադիկի երգի, միայն «հայկական շնչով վերաօծված» հայոց տները մտնող ու բույն հյուսող հայրենի ծիծեռնակների մասին, որոնք կարծես գալիս էին «գաղթած բնակիչներին հիշեցնելու, թե եկել է նաև ձեր վերադարձի ժամանակը»: Նաև «շրջափակման պատճառով» Արցախի եկեղեցիներում մոմակալների մեջ «գալարաձև փաթաթված թղթեր» վառելու, կամ «ունեցած հինգ մոմերը տանը թողած» կնոջ՝ «երկնայինի հետ» հանդարտ զրույցի մասին՝ «Ասում էր. Քո ունեցած լույսը բավական է Քեզ և մեզ, իսկ մոմինը թող մնա թոռներիս…»: Այդ ամենը դեռ պետք էր զարգացնել, ամբողջացնել, հիմք դարձնել նորանոր ծրագրերի ու մտահղացումների: Վարդան Դևրիկյանի հոգևոր էությունը դրսևորվում էր նաև նրա աշխատանքային գործունեության մեջ: Չափազանց բարի էր, արդարամիտ ու ներող, սակայն խիստ ու աննահանջ՝ կարևոր, սկզբունքային հարցերում: Սիրում էր կրկնել, որ եթե ինստիտուտի համար բարենպաստ պայմաններ ապահովելուն ուղղված այսինչ խոստումը չկարողանա կատարել, հաջորդ օրն իսկ պատրաստ է հրաժարական տալ: Եվ, համոզված եմ, միանգամայն անկեղծ էր այդ պահերին:
Բուռն, զգացմունքային, կյանքով լի խառնվածք էր Վարդան Դևրիկյանը, և, անկասկած, նրա թողած գրական-մշակութային ժառանգությունն ու մարդկային կերպարը մշտապես մնալու է սերունդների հետ:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ՄԻ ՁԵՌՔՈՒՄ՝ ԶԵՆՔ, ՄՅՈՒՍՈՒՄ՝ ԳՐԻՉ
Ուժերի ծաղկման բուռն շրջանում կյանքից հեռացավ գրականագետ, մոտոհրաձգային կամավորական բրիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա, Արցախի ազատամարտի մասնակից Վարդան Դևրիկյանը։ Նա կրում էր Վարդան Մամիկոնյանի անունը և նրա արժանի ժառանգն էր, նրա արժեհամակարգի, քաջության, հայրենասիրության ու ազգային նվիրումի կրողը։ 6-7 տարի շարունակ (1988-1994) Դևրիկյանն Արցախում էր. մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ գրիչ։ Զենքով գնում էր մարտի, գրչով դառնում Արցախյան գոյամարտի վավերագիրը։ Բազում զինակից ընկերների մահեր տեսավ, բայց դրանից նրա ապրելու ու արարելու ոգեղենությունն ավելի մեծացավ։ Եկավ բաղձալի հաղթանակը, և ասպիրանտ-զինվորի կյանքում գերիշխող դարձան գրականությունը, գիտությունը, հոգևորը, եկեղեցին, շարականները։ Էջ առ էջ թերթեց հայոց մագաղաթները և Մատենադարանը դարձրեց իր տունը։ Նախ որպես զինվոր մարտնչեց մեր դարավոր թշնամու դեմ, ապա, որպես Մայր աթոռի ձեռագրատան վարիչ, դարձավ միջնադարյան մեր սրբասուրբ գրերի պահապանը, այնուհետև ստանձնեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ Նրա օջախն ու ընտանիքը ազգի ու պետության այդ հիմնասյուներն էին՝ հայոց եկեղեցի, հայոց բանակ, գիտություն ու մշակույթ։
Հայագիտական ու գրական ընթացիկ կյանքի վիթխարի պատասխանատվություն էր կրում իր ուսերին։ Մաքառող ոգի էր, իր ակտիվ դիրքորոշմամբ համարձակություն էր ներշնչում, բարձր էր իր դիրքից ու պաշտոնից, չէր երկնչում այն կորցնելու վտանգից։ Ես բախտ եմ ունեցել աշխատելու Վարդան Դևրիկյանի անմիջական ղեկավարությամբ և կարող եմ հավաստել, որ սիրված էր ողջ կոլեկտիվի կողմից, մարդկային էր ու բարի, շնորհակալության շռայլություն ուներ, գիտեր գնահատել և գնահատելով ստեղծել, հավատարիմ էր ազգային արժեքներին, գիտությանն ու հայոց բանակին։ Անգնահատելի են նրա ոգու սթափությունն ու ողջամտությունը։ Դևրիկյանը այն հազվագյուտ մարդկանցից էր, որ ազնիվ էր ու անկեղծ՝ թումանյանական «անարատ մարդու» չափանիշներով. ճշմարտության հանդեպ աչք փակելու սովորություն չուներ, չգիտեր գնալ բազմության հետևից, չգիտեր ձևանալ այն, ինչ որ չէր, ինքնուրույն էր ու ինքնատիպ։ Յուրաքանչյուր անարդարություն ալեկոծում էր նրա հոգին։ Ամենուր մարտնչելու նրա բուռն տենչը բախվեց անտարբերության, համատարած հուսահատության պատնեշին, և դրա համար էլ չդիմացավ սիրտը։ Գնաց իրենց մահկանացուն կնքած արժանիների անդարձ ճանապարհով և մեզ թողեց ակնածանքն իր առաքինությունների հանդեպ, որոնց երջանիկ ներդաշնակությունը դարձնում է Դևրիկյանին մեզ համար շատ թանկագին, իսկ հիշատակն՝ անջնջելի։ Պարզվեց, որ բարձր իմացության ու ազնիվ հոգու, քաջարի էության հետ ուներ շատ փխրուն սիրտ, որը չդիմացավ հեղեղի պես հայ ժողովրդի գլխին թափվող այս աղետներին, չդիմացավ իր գեղեցիկ հայկական ընտանիքին սպառնացող իրական վտանգներին, պայքարեց մինչև վերջին շունչը, ոտքի վրա, ու մահվան օրն անգամ նրա լույսն ու հավատը չնահանջեցին, նա վստահաբար դստերն ասաց՝ «Մղձավանջը մնաց ետևում»։ Տեսե՞լ էր արդյոք ապագայի լույսը, դժվար է ասել, բայց սպառվեց լույս և հույս տալով։ Որպես մարմնացած անհանգստություն ինքն էր ճնշում իր սրտին՝ թաքուն պահելով հոգում կյանքի բազում տագնապները։ Մխիթարանքի խոսքեր չկան ասելու, երբ մահն անժամանակ է ու հանկարծակի… ցավակցում եմ Վարդան Դևրիկյանի ընտանիքին՝ սիրելի կնոջը՝ Գայանեին, դստերը՝ Շողակաթին, նրա բոլոր բարեկամներին ու հարազատներին, այդ թվում ինքս ինձ, մանավանդ որ եթե ճիշտ է, թե «Մահը մերն է, մենք՝ մահինը», ապա նույնքան աքսիոմատիկ է, որ «Մարդու գործն է միշտ անմահ»։ Իսկ Վարդան Դևրիկյանի գործը մնայուն է և՛ միջնադարագիտության ոլորտում, և՛ ազգի պատմության մեջ, քանզի անմահ են ազգային գոյապայքարի բոլոր զինվորները, որոնցից մեկն էր Վարդան Դևրիկյանը, ով պարզապես սիրել գիտեր, սիրում էր հայրենիքը, կյանքը, ընտանիքը, ով խիղճ, գիտնականի ու սպայի պատիվ ուներ, ով և՛ զենք, և՛ գրիչ ուներ։
Սուսանննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր