Կյանքի 88-րդ տարում վախճանվել է գրող, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Հայաստանի գրողների միության սփյուռքահայ անդամ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ։
Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին, Բեյրութում։ Ուսանել է Բեյրութի ամերիկյան, Բոստոնի «Նորթիսթըրն», Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարաններում։
Անցյալ դարի 50-ական թվականներից ակտիվ մասնակցություն է ունեցել Բեյրութի «Զարթոնք-սպորտ», «Կամար», Կահիրեի «Արև», Բոստոնի «Պայքար», Մոնրեալի «Ապագա», Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն), Երևանի «Ազգ» և այլ թերթերի ու հանդեսների հիմնադրմանն ու գործունեությանը, 1994-1997 թթ. եղել է ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997-ից՝ փոխատենապետ։
Հեղինակ է գրական-գեղարվեստական, հրապարակագրական, ուղեգրական հայերեն և անգլերեն մի քանի ժողովածուների։ Ազգային-հասարակական, գրական-հրապարակագրական ակտիվ գործունեության համար արժանացել է Հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Սուրբ Սահակ–Սուրբ Մեսրոպ շքանշանի (1989), Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշանի (1991), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ 2-րդ աստիճանի մեդալի (2009)։
Ազգային-հասարակական նվիրյալ գործչի, վաստակյալ գրողի, հրապարակագրի՝ Երվանդ Ազատյանի հիշատակը վառ կմնա նրա համախոհների, գրչընկերների և ընթերցողների հիշողության մեջ։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
Երուանդ Ազատեանն էլ դարձաւ պատմութիւն: Մեր մշակոյթի, գրականութեան, քաղաքական պատմութեան ամբողջական մեկնաբանը, «սովորել» էինք, մշտական ներկայութիւն էր մեր անհանգիստ հեւքի մէջ: Նրա «սեւեռումները» դիպուկ էին, խորաթափանց:
Երուանդ Ազատեանը Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ ապահովում էր բանուկ ճանապարհ իր տարողունակ տեսութեամբ, ճշգրտացած չափումներով: Նրա տեղը «լրացնելը» դժուար է լինելու առաջիկայ ամիսներին, անգամ՝ տարիներին: Նա «ունիկում» էր: Նա Ազատեանն էր:
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
Մեծ ցավով իմացա, որ կյանքին հրաժեշտ է տվել բազմավաստակ գրականագետ, հասարակական գործիչ, հրապարակախոս, սփյուռքահայ մտավորական Երվանդ Ազատյանը: Նա մեծ ներդրում ունի սփյուռքահայ գրականության, ինչու չէ, ոչ միայն սփյուռքահայ, այլև ժամանակակից հայ գրականության գնահատության, հանրահռչակման գործում: Նաև պիտի գումարենք նրա մեծ իմացությունը դասական հայ գրականության վերաբերյալ: Նրա հետ զրույցները խիտ, հրաշալի, հետաքրքիր էին: Նա խոսում էր արդեն մեզ համար լեգենդի նշանակություն ունեցող սփյուռքահայ մեծ գրողների մասին, որոնց հետ ինքը շփվել էր, որոնց մասին հետաքրքիր պատմություններ էր անում: Ես ուրախ եմ, որ Երվանդ Ազատյանի հետ բազմաթիվ զրույցներ եմ ունեցել, շատ բան եմ լսել, իմացել այն բաների մասին, որոնց վերաբերյալ չէի կարող որևէ մեկից իմանալ: Նա նաև Սփյուռքում բարեգործական մեծ, ծավալուն աշխատանք է արել մեր մշակույթի զարգացման, տարածման համար: Մի քանի տարի առաջ Ազատյանի հետ որոշեցինք Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ գրողների համաժողով: Հիմնական զեկուցողը ինքն էր: Այնպիսի խորությամբ էր ուսումնասիրել ժամանակակից սփյուռքահայ գրականությունը, որ հետագա ելույթ ունեցողները նշում էին այդ մասին: Ասեմ, որ ամեն տարի Երևան գալով՝ նրա հետ կա՛մ հանդիպել, կա՛մ հեռախոսային զրույցներ ենք ունեցել, և ես միշտ ուրախացել եմ նրա եռանդուն ոգով: Ոգի, որը և՛ Սփյուռքն էր պահում, և՛ Հայաստանի հետ կապերն էր ամրացնում: Երվանդ Ազատյանի նաև հրապարակախոսական հոդվածները շատ խորը վերլուծական հիմքեր ունեին: Այդպիսի մտավորականները իսկապես Սփյուռքի սյուներն էին: Եվ ես կարծում եմ, որ նրա աշակերտները, նրա հետևորդները պիտի կարողանան եթե ոչ առանձին-առանձին, գոնե միասին նրա տեղը գրավել, նրա գործը անել: Հրաշալի մարդ, հրաշալի գործիչ, հրաշալի մտավորական և մեզ հարազատ ոգի: Խոնարհում նրա հիշատակին, թող մեր սերը նրան հոգիների աշխարհում նոր թևեր տա՝ մեր աշխարհի, մեր ժողովրդի ապագայի համար: Ապագայում այդպիսի մարդիկ լինեն մեզ հետ, թե չլինեն, իրենք միշտ ուժ, կամք ու եռանդ են հաղորդելու մեզ:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ