ՀԱՄԱՌ ԿՈՃՂԸ / Ռոբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Իր տան մոտակա այգում, ուր հաճախ էր զբոսնում ու հանգստանում արդեն թոշակի անցած Խաչիկը, և որը աչք էր շոյում և զովացնում փարթամ ծառերով՝ չինարներով, կաղնիներով, օրերից մի օր թաղային իշխանություններն սկսեցին «պլանային աշխատանքները»՝ այգին կարգի բերելու նպատակով… Առույգ բանվոր տղաների ձեռքերում գործի անցան կացիններն ու բենզասղոցները՝ աջ ու ձախ կտրելով-կոտրելով հնամենի ծառերի ավելորդ հաստ ու բարակ ճյուղերը, ոմանց էլ քոքահան անելով, իբր ծերացած, իր դարը ապրած… Խաչիկը քաշվել էր այգու մի խուլ անկյունը, ուր դեռ չէին հասել աշխատանքները, և սրտի ցավով լուռ դիտում էր կատարվողը: Գործունյա աշխղեկը հերթով մոտենում էր այս կամ այն ծառին, ձեռքով-ոտքով ինչ-որ հրամաններ էր տալիս տղաներին, որոնք պատրաստակամորեն կատարում էին դրանք: Երբ խումբը մոտեցավ մի շքեղ, գեղեցիկ կաղնու, Խաչիկի սիրտը գցեց. «Սրան ինչ է եղել, որ ուզում են այլանդակել»… Եվ կատարվեց այն, ինչին բոլորովին չէր սպասում ծերուկը. բենզասղոցը բանվորի ամուր ձեռքերում իջավ բնով ներքև ու սկսեց անխնա սղոցել գետնից հազիվ մի հիսուն սանտիմետր վերև… Րոպեներ անց ծառից մնաց քոթուկը: Խաչիկն զգաց, որ արյունը խփեց գլխին, շտապեց տուն՝ ճնշումը չափելու…

Աշունը տեղ տվեց ձմռանը, ձմեռը՝ գարնանը…

Խաչիկը եկավ իր արթնացող սիրելի այգին՝ զբոսանքի և մաքուր օդ շնչելու, հասավ երբեմնի հոյակապ կաղնու կոճղին, որը նոր էր ազատվել ձյան հաստ շերտից ու խոնավ էր: Ծերունին ուշադիր զննեց այն և, օ՜ հրաշք, զգաց, որ ծառը ողջ է, չի չորացել: Սիրտը լցվեց բերկրանքով. մի քանի շաբաթից ծառերը կսկսեն արթնանալ ձմռան քնից, և իր կողճը երևի կկենդանանա: Համենայնդեպս, նա ուզում էր հավատալ դրան…

Խաչիկը մեկ ամիս չերևաց այգում. գարնանային եղանակի կտրուկ փոփոխությունները ազդել էին առողջության վրա… Երբ ապրիլի վերջերին այցելեց իր «հին բարեկամին», ուրախությամբ փաստեց, որ սպասումներն արդարացել են. կոճղը մի քանի տեղից բարալիկ, բայց ամուր ծիլեր էր տվել՝ արևի տակ փայլփլող մատղաշ կանաչ տերևներով:

Խաչիկը պարբերաբար գալիս էր այգի: Խորը շնչելով սուր, մաքուր օդը, ջերմ հայացքով կանգնում էր վերակենդանացած, ծաղկած կոճղի առջև և… հիանում:

…Ծերունին նորից հիվանդացավ… Երբ ապաքինվեց, առաջինը գնաց իր կանաչ ընկերոջ մոտ ու տեսավ… կոճղը՝ մերկ ու անհրապույր: Սիրտը կրծքավանդակում ուժեղ թրթռաց, նրան թվաց, թե հիմա կանգ կառնի: Թուլացած մարմնով մի քանի քայլ արեց դեպի մոտակա նստարանը: Այգու հեռավոր մասից բենզասղոցների ու կացինների ձայնն էր լսվում՝ «պրոֆիլակտիկ աշխատանքներ» էին անցկացվում:

Խաչիկն իրեն խոստացավ այլևս չերևալ հետևողականորեն այլանդակվող այգում, որ իզուր չմաշի թուլացած սիրտն ու մարմինը:

Ամռանը, սակայն, սկսեց նեղվել շոգ բնակարանի չորս պատերում, տնեցիք էլ հորդորում էին դուրս գալ «մարդամեջ», ցրվել հեռուստացույցով անընդհատ հնչող տագնապալի, նյարդայնացնող լուրերից և իրադարձություններից: Բայց Խաչիկին առավել մտատանջում էր իր կոճղի ճակատագիրը. «Երևի խեղճը չորացել է արդեն, քոքահան են արել ու շպրտել: Բարբարոսներ…»:

Որքան մեծ էր Խաչիկի զարմանքը, երբ գալով այգի և քայլերն ուղղելով ծանոթ ծառուղին, որտեղ տարաբախտ կոճղն էր, տեսավ նրան կրկին հաղթանակած՝ չորս կողմից վեր խոյացող ամուր ճյուղերով, արևի տակ փայլփլող փարթամ տերևներով…

«Սա հրաշք է,- զարմացավ, – ինչ ամուր արմատներ ուներ երբեմնի հզոր կաղնին, որ նույնիսկ կտրելով չկարողացան արմատախիլ անել, ոչնչացնել… Համա՛ռ կոճղ է: Իսկը իմ դժբախտ, բայց հերոս, անկոտրում ժողովուրդը. ջարդում-փշրում, կոտորում են, ուզում են արմատախիլ անել, վերացնել երկրի երեսից, բայց արի ու տես՝ նորից ծլում-ծաղկում ենք, վեր խոյանում դեպի արևը, դեպի կյանքն ու զարթոնքը: Համառ ժողովուրդ ենք, սղոցած կաղնու այս համառ կոճղի պես»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.