Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ / ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՈՐՈՆՈՒՄԸ

Բանաստեղծական երկը գրեթե անտարածական է, կամ կարելի է ասել՝ բանաստեղծական տարածությունը հոգևոր ու մետաֆիզիկական է: Սուրեն Դավթյանի պոեզիայի փիլիսոփայական մեդիտացիան իր տարածության անընդհատական որոնումներով գալիս է լրացնելու արդի մտածողության մեջ ֆենոմենոլոգիային և տարածաչափական խորհրդանշական ու արքետիպային իմաստների բազմազանությունը: Սա հետաքրքիր ենթիմաստներ է հաղորդում հետմոդեռնիզմի չոր մշակույթին: Մարդու ներքին էությունն իր տեղագրությունն ունի, որը, որքան էլ քնարական լինի, այնուհանդերձ շոշափելի ու ճանաչելի է որպես սիրելի տարածություն։ Թեև Սուրեն Դավթյանը առանձնահատուկ կերպով մտահոգված է իր գրական կերպարի հոգեդինամիկայով, այնուհանդերձ առաջնահերթ է համարում այն տարածական-երևակայության պեղումները, որոնք ժամանակակից տեխնոգիտական ժամանակներում մարդուն հանգեցրել են իր տեղորոշման զգացողության կորստի: Ահա, կարելի է ասել՝ այս սկզբունքով է կառուցված «Ներընթերցումներ» գիրքը: Ժամանակակից հայ պոեզիայի համապատկերում բանաստեղծությունը բնորոշվել է իբրև շարակնոց (Արմեն Մարտիրոսյան), հարասություն (Հրաչյա Թամրազյան), տարընթերցում (Ներսես Աթաբեկյան), խաղ (Արմեն Շեկոյան), ընդմիջարկում (Խաչիկ Մանուկյան) և այլն: Ահա Սուրեն Դավթյանը առաջարկում է իր տեսլականը՝ ներընթերցում: Դեպի ներս ուղղված ընթերցման որոնումը պայմանավորված է բանաստեղծական տարածության նոր եզերքների բացահայտման հեղինակային ջանքով.

Մթից սերեց Լույսը բազմաբեղուն,//Եվ աստղերի մոռացման փայլում//Ապրեց մեռնող օրվա սարսուռը//Եվ ծնունդ առավ շաղի ծիծաղում//Եվ անդրադարձման մեջ գտավ ինքն իրեն՝//Զարմանքից բացված ծոցում արթնության,//Եվ հոգով գրկեց իր Երկիրը Տուն//Ու բանաստեղծեց համր տաճարում//Հավերժ գոյության…

Գոյության ու տարածության նոր ճարտարապետություն է ստեղծում գրողը. աստղերի փայլում՝ տիեզերք, մեռնող օր՝ աշխարհ, շաղի ծիծաղ՝ ներաշխարհային, անդրադարձման մեջ՝ պատրանք, ծոցում արթնության՝ գիտակցություն, Երկիրը Տուն՝ հայրենիք, համր տաճար՝ հոգևոր աշխարհ և վերջում՝ հավերժ գոյություն՝ անդրաշխարհ: Ֆենոմենոլոգիական կառուցվածքային տեսանկյունից ամենաարդյունավետ կառուցված ​​տարածությունը կախված է էկզիստենցիալ տարածության ավելի լավ ըմբռնումից: Սուրեն Դավթյանը կառուցում է իր «տիեզերքի պոետիկան»՝ որպես հիմնարար տեքստ:

Պետք է հաշվի առնել գրողի ստեղծագործական երևակայության աշխատանքը, նրա իմացականության տեխնիկայով կառուցած պատկերները և նոր միայն գնահատել նրա պոեզիայից բխող դիալեկտիկան: Սուրեն Դավթյանի բանաստեղծությունների վերընթերցման ժամանակ իմացության և պոեզիայի, փորձի և փորձի փոխհարաբերություններն են, որոնք, թվում է, թե ամենաարմատական ​​ներուժն ունեն, մինչդեռ ներսի մասին նրա տեսլականը բավականին նոստալգիկ, բայցև հստակեցված ​​աշխարհայացքով, հանդիսանում է որպես կենտրոնական թիրախ՝ գոնե այս՝ «Ներընթերցումներ» գրքում.

Կրկին փակվել են դռները ներսի,//Եվ մռայլ դրսում քեզ չեն սպասում,//Մենակությունը՝ պատանքի շապիկ,//Պատել է ողջը, ոչինչ չի ասում,//Ասես շարժումը կանգնել է վիհին,//գահավիժում ո՛չ ետ, ո՛չ առաջ…

Գրքի մյուս բաժինները՝ «Եռաբլուր պատարագ», «Փոխակերպություններ» և «Արձակ նախշեր», անմիջապես արձագանքում են առաջին՝ «Ներընթերցումներ» բաժնին: Հետպատերազմական հոգեբանական ինքնամեկուսացումները՝ «Որտե՞ղ եմ ես… կռվի դաշտո՞ւմ, // Հերոսների կողքի՞ն, // Թե՞ օդը այրող հրթիռների կրակներում եմ // Ու երկինքն եմ հողի բուրմունքով, // Գուցե որդուն սպասող մոր ա՞չքն եմ // Կամ երկի՞րն եմ արկակոտոր մարմնով…», պոեզիայի ապրումների իրար փոխլրացնող փիլիսոփայական փոխակերպումները՝ «Երբ փակ աչքերով անցնեմ հայելիդ, // Եվ իմ հայացքում բացվի քո հոգին, // Դու մի՛ երկնչիր այդ հանդիպումից. // Քո մերկությունը թրթիռ է միայն // Հոգուս լարերին, որտեղ ես չկամ, // Ոչ էլ դու, անգի՛ն…» հակադրություններ են միավորում իրենց ներսում՝ որոնք գոյացնում են արձակ տարածություն:

Բանաստեղծական կերպարին չի բավականացնում պոետական սեղմված գոյաբանության տարածքը, և նա փիլիսոփայության տեսանկյունից փնտրում է տարածականության տեսողական ապացույցներ. արտոնությունը տրվում է աչքին: Չնայած ընկալման բարդությանը, աչքը չի կարող անպայմանորեն մնալ մակերեսի նկարագրության սահմաններում: «Տեսողությունը միաժամանակ չափազանց շատ բաներ է ասում: Կեցությունն այն չի տեսնում։ Երևի ինքն իրեն լսում է»[1]։ Սուրեն Դավթյանի համար տարածությունը սոսկ եռաչափ առարկաների տեսապատկեր չէ: Տարածությունը մարդկային գիտակցության բնակավայրն է, և բանաստեղծի խնդիրն այն է, որ պատկերի, թե ինչպես է այն տեղավորվում գիտակցության մեջ:

Այսպես՝ Սուրեն Դավթյանը նոր տարածք է որոնում բանաստեղծության համար, և եթե չասենք՝ գտնում է, ապա պիտի փաստենք, որ գոնե քարտեզագրում է այն:

[1] The Poetics of Space, 215. Cit. in Martin Jay, Downcast Eyes: The Denigration of Vision in Twentieth-Century French Thought (Berkeley: University of California Press, 1994), 388, n.29 (թարգմ. մերն է – Ա. Ա.).

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։