ՆԵՂ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ / Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Վանիկ-ՍանթրյանԿնոջս՝
Ռոզա Պողոսյանի հիշատակին

Երևանի օպերային թատրոնի հրապարակում Գորբաչովին ու նրա կնոջը մի կուշտ հայհոյելուց հետո բռունցքներն օդ հանեցին, թե՝ Պարույր Հայրիկյան ենք ուզում, Մոսկվայի Բուտիրկայի մեր տղաներին ու անկախություն ենք ուզում, ու Վարդանանց փողոցի իմ բնակարանի տակ, առաջին հարկի խանութում շարված երկար ու ղալմաղալ հերթին շպրտվող սառեցրած միսն անհետացավ, որ մեր բերանները մեկ-մեկ փակելով խանութ էին բերում կոմունիստները՝ իրենց մայրամուտյան զկրտոցի տարիներին: Ռուսաստանից դեռևս եկող էս սառեցրած միսն էր, որ կիլոգրամը մեկ ռուբլի ութսուն կոպեկ արժեր: Իմա՝ շան մսի գին, բայց… չկա:
Իմ բնակարանի տակի մսի խանութի կողքի խանութում էլ՝ «վերջն ո՞վ է» հացի հերթն Է:
Գեղանկարիչներ Հովհաննես Հարությունյանը և Վարուժան Վարդանյանը պիտի գան մեր տուն. վաղ առավոտյան գնացել եմ շուկա, կիլոգրամը տաս ռուբլով միս գնել, եկել տուն, բայց տանս տակ եղած հացի խանութում հաց չկա: Առավոտյան կարծեմ բերել են. մեկին հասել է, մյուսին չի հասել: Ասացին՝ էլի կբերեն, ու մարդիկ հուսո հերթ են կանգնել: Հիշո՞ւմ եք. Էդմոնդ Քյոսայանը «Հուսո աստղը» ֆիլմ էր նկարել: Իմ հուսո աստղն էլ էս խանութ գալիք հացն է, որ հյուրերիս առաջ խայտառակ չլինեմ:
Ադրբեջանն էլ հարձակվել է Ղարաբաղի վրա, թե ինչ է՝ ուզում է Հայաստանին միանալ: Գորբաչովն էլ պոչ է խաղացնում, թե ոնց անի` թփերի տակ է մտել, կարծես հիշել է իր թուրքական արմատները, ինչպես պնդում է պատմաբան Սուրեն Այվազյանը:
Եվ էստեղ մարդիկ Գորբաչովին ջգրու միտինգ ու գործադուլ են անում: Ի՞նչ իմանամ՝ հացի գործարանում հիմա գործադո՞ւլ է, թե՞ միտինգ ու հացադուլ: Հացի խանութը դատարկ է: Դաշտամկներն էլ վաղուց չեն երևում, փախել են, տնամկները՝ նույնպես, որովհետև խանութի դարակներում այլևս իրենց հասանելիք հացը չի մնում:
– Էդ մսից մի բան դուրս կբերե՞ս,- հարցնում եմ աշխարհում ունեցած իմ միակ-մինուճար Ռոզա կնոջը: – Անգլիայում հացին ի՞նչ են ասում: Անգլերենի դասատու ես, կիմանաս…
– Ձեռ առնելու վա՞խտ ես գտել…
Ու լռեց:

Խոհանոցում ափսե-շերեփ է չխկացնում, հասկացնել տալով, որ ճաշը կպատրաստի: Զգացի, որ ուզում է մի բան էլ ասել, բայց լեզուն պահ է տվել կրկեսի մնջախոս արտիստ Լեոնիդ Ենգիբարովին: Գլխի եմ ընկնում, էշ չեմ: Որ ուզում է ասել՝ հյուր ես կանչել, տանդ հաց չկա, իսկ դու տակից-գլխից դուրս ես տալիս լեզվաբանության ֆրոնտ ընկած:
Հիշեցի ռադիոլրագրող Վարուժան Ոսկանյանին: Մի անգամ, էդ օրերին, զանգահարել էր, թե՝ ուզում եմ գալ քեզ մոտ, տուն: Ասացի՝ արի: Եկավ՝ թևի տակ մի մեծ հաց դրած: Այ թե ուրախություն էր, հա՛, էդ օրերին հաց ունենալը: Ուրախությունս ո՞րն էր՝ նորից ծնվելու նման մի բան: Տղերքին էլ Մոսկվայի Բուտիրսկի բանտ են տարել: «Ղարաբաղ» կոմիտեի տղերքին: Ասացին, որ Ազնավուրը Հայաստանից Մոսկվա հասնելուն պես նրանց համար բարեխոսել է Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպման ժամանակ: Հազար բան են ասում. էդ օրերին ո՞ւմ հավատայիր:
Երեք անգամ իջել եմ առաջին հարկ, երեք անգամ էլ բարձրացել՝ երկրագնդի բոլոր հացթուխներին հիշելով ու հիշեցնելով. հացի հերթում աղմուկ է, դեռ չեն բերել ու չգիտեն էլ, թե երբ են բերելու: Ասացին՝ կբերեն: Համենայնդեպս, հերթ եմ պահել: Հարևանս՝ հեռուստաօպերատոր Սուրեն Մուրադյանը, հերթի մեջ կանգնած է, մի դրական լուր լսի՝ պատշգամբի տակից «Վանիկ» կգոռա: Մենք համերաշխ հարևաններ ենք. էս հարցերում մեկս մյուսի համար պատրաստ ենք ամբողջ շենքի մուտքով՝ առաջինից մինչև չորրորդ հարկ իջնել ու բարձրանալ:
Շուկայից հաց չառա: Շուկայի հացը թանկ է: Մասնավորի ալյուրն էլ հաճախ կասկածելի ենք համարում: Դեռ չգիտեինք, որ գալու է ժամանակ, երբ պետականին բանի տեղ չենք դնելու, քանի որ պետականն արդեն մասնավորի ձեռքին է: Ասացի՝ տան մոտի խանութում կստանան, էս հացն էս շուկայից խի՞ թանկուկրակ գնով առնեմ: Ու մսի տոպրակը թևիցս կախ արած, առանց հացի տուն եկա:
…Տանս հեռախոսը զնգաց: Հաստատ Հովիկ Հարությունյանն է:
– Հովիկ, հետդ հաց կբերես,- բղավեցի:– Միսը կրակի վրա եմ դրել արդեն:
Չհասցրի էլ ասել՝ զալի՞ս եք, թե՞ չեք գալիս, ովքե՞ր եք զալիս, քանի՞ հոգի եք: Մեկ օր առաջ եմ ասել՝ լավ գինի ունեմ, օղին էլ՝ թթի: Վարուժանը թթի օղի սիրում է: Նույնիսկ մի անգամ, երբ իր պատկերագիրքն ինձ ընծայագրեց, ընծայա­գրում շեշտեց. «Վանիկ Սանթրյանին՝ թթի օղի խմողին»:
Հովիկը հաստատեց՝ գալու ենք:
– Բարով գաք: Հացը չմոռանաք: Էսքան մի բան:
…Հովիկը եկավ խմբով: Թևատակին հացը կար: Բոլ-բոլ հաց: Հաշվել էր՝ քանի հոգի ենք լինելու, մոտավորապես էդքան էլ բերել էր, գումարած՝ իմ ու կնոջս փայը: Իր տան մոտի խանութում հերթ էր կանգնել անցած գիշերվա կեսից, առավոտյան կողմ իր ուզած չափի հացը…հաջողացրել:

Խոհանոցից ճաշի բուրմունքը կամաց-կամաց սահում էր միջանցք: Հպարտ–հպարտ նայում եմ կնոջս դեմքին՝ ամպամածությունն անցել է:
Երբ մարդ ու կին Հովիկի թևատակի տոպրակի այդ հացը շոշափելիորեն վավերացրինք, մեր ուրախությունը հպարտորեն զսպեցինք, բայց էդ պահին ինձ թվաց, թե այնքան հարուստ եմ, որ աշխարհի ամենաունևոր մարդը՝ Բրունեյի սուլթանը, իմ կողքին առնվազն խեղճու­կրակի մեկն է…
Հացը կա, մսով ճաշը կա, գինին ու օղին… կան ու կան:
Թթվի տակառն էլ պատշգամբում է:
Էլ ինչո՞ւ ես բողոքում, թե… նեղ օրերից մեկը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։