Ալիսա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հերթական անգամ արցախցին հայտնվել է ծանր կացության մեջ։ Արցախյան 44-օրյա պատերազմը և հետպատերազմյան դժվարություններն արցախցուն ստիպել են մտածել, որ ավելի վատ իրավիճակում հայտնվել հնարավոր չէ, սակայն շրջափակման մեջ գտնվելով և մի շարք խնդիրների բախվելով՝ նա, դժբախտաբար, հասկացավ, որ դրանից վատ էլ կարող է լինել։ Եվ եղավ. դատարկ խանութները, ցուրտ բնակարաններն ու աշխատասենյակները, դասարաններն ու լսարանները, մոմի լույսի տակ դաս սովորելն ու ճաշելը և շատ ուրիշ այլ դժվարություններն արդեն առօրյա կենցաղի անբաժանելի մաս են։ Սակայն ինչքան շատանում են փորձությունները, այնքան հեշտանում են հաղթահարումները։ Ասել է թե՝ հնարամիտ արցախցին հազար ու մի հնար է գտնում հույսն ու հավատը վառ պահելու համար. լացը ծիծաղ է դարձնում, բանջարեղենը՝ ծաղկեփունջ, և շարունակում պայքարը։
Հետոյի համար միշտ մտահոգվող արցախցին արդեն ապրում է ներկա պահի հրամայականով։ Ուրախանում է, երբ խանութներում հանկարծ ձու, պանիր կամ սուրճ է տեսնում։ Աշխարհով մեկ է լինում, երբ ծանոթ-բարեկամներից մեկը երկու բանան, նույնքան խնձոր և մի քանի մանդարին է երեխաների համար բերում։ Արցախում տոն է, երբ տան անդամներից մեկը ինչ-որ քաղցրավենիք է ձեռքին տուն մտնում։
Ասում են՝ առանց մանդարինի ի՞նչ Նոր տարի։ Արցախցի երեխաներն այս Ամանորը նուռով ու արքայանարինջով դիմավորեցին, և ոչինչ։
Անշուշտ, անարդար է, որ այս ամենը կատարվում է մեր օրերում, շատ բան տեսած, ամեն ինչին հարմարվող, համբերող ժողովրդի հետ, ում միակ ցանկությունը՝ իր պապենական հողում գլուխը կախ իր մի կտոր հացը քրտնիքով վաստակելն է։ Այնինչ՝ արդեն 5000 գործազուրկ մարդ կտրոնով հասանելիք ձեթն ու բրինձը չի կարողանում գնել՝ գումար չունենալու պատճառով։ Հարյուրավոր երեխաներ խաղալու, գիրք կարդալու, ուսում ստանալու փոխարեն հերթ են կանգնում ձու, մի քանի գազար կամ խնձոր գնելու համար։ Տղամարդիկ աշխատանքի գնալու փոխարեն օրն սկսում և ավարտում են հերթերում՝ գոնե ինչ-որ բան տուն տանելու համար։ Մոմի լույսի տակ դաս սովորելը, թվում էր՝ թողել ենք մեր հեռավոր մանկությունում, բայց մեր երեխաների մանկությունը մեզ վերստին տանում է հիշողության գիրկը։ Մենք ուզում էինք այդ էջը շրջել, փակել, կողպել՝ այլևս չբացելու հաստատակամությամբ, բայց նորից չստացվեց, ինչպես չստացվեց պաշտպանել մեր երեխաներին պատերազմի արհավիրքից։ Այսօր մեր աղոթքներն առ Աստված՝ միայն խաղաղության մասին են, ցանկացած բաժակաճառ խաղաղության համար է, յուրաքանչյուր արարողության ժամանակ բոլոր բարեմաղթանքները խաղաղություն բառով են սկսվում և շարունակվում։ Թո՛ղ խաղաղություն լինի Արցախում, թող արցախցին սեփական հողում ինքնիշխան ապրելու և արարելու հնարավորություն ունենա։ Թե չէ արյամբ թաթախված, գերեզմաններով ծածկված հողակտորը՝ արցախցու տունը, շրջափակել են՝ լցնելով անորոշությամբ ու անհանգստություններով, պայթյունավտանգ մտքերով։ Սակայն ամենամեծ ցավն աշխարհի անտարբերությունն է։ Եվ ինչպես չասել՝ «Ո՜վ մարդկային անարդարություն, թող որ ես թքեմ քո ճակատին…»:
120.000 մարդ պատանդվել է իր բնօրրանում, և, թվում էր, թե պետք է Արցախի Հանրապետության խանութների պահարանների նման սպառվեր արցախցու հույսը, իրականում հակառակ ազդեցությունն ունեցավ՝ Արցախի ժողովուրդն օր օրի ավելի է կոփվում, ամրանում։ Փորձությունները նրան ավելի են մերձեցնում վիրակապերով փաթաթված հողին, որի հիշողության մեջ դրոշմված են կորստի ցավն ու պայքարի կոչերը։
«Արցախն իմ տունն է», «Արցախը ես եմ», «Առանց Արցախ ես կյանք չունեմ». այս և նմանատիպ արտահայտություններ, կոչեր վերջին ժամանակներս շատ ավելի հաճախ են հնչում՝ ի սրտե, ձևականության շղարշներից զերծ։ Արցախն արցախցու զարկերակն է, պատահական չէ շրջափակման պատճառով 40 օր տունդարձի ճանապարհին սպասող փոքր արցախցու խորիմաստ միտքը. «Մինչև Արցախ հասնելը օդը չէր հերիքում, Արցախում սկսեցի շնչել»։
Արցախցին միայն Արցախում է տեսնում իր ներկան ու ապագան, իր գոյության սկիզբն ու ընթացքը։ Իսկ արցախցու համար ե՞րբ չէր դժվար։ Բոլոր ժամանակներում էլ պայքարն ուղեկից էր նրան, քունն՝ անհանգիստ, միտքը՝ որոնումների մեջ։ Դժբախտաբար, արցախցին այսօր շատ ավելի ծանր իրավիճակի մեջ է հայտնվել։ Սեփական երկրի կարգավիճակի անորոշությունն ու անկայունությունը, ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելն ու աշխարհից մեկուսանալը, պարենային ապրանքների, հիգիենայի պարագաների բացակայությունը ճնշվածություն են առաջացնում, անկումային տրամադրություններ ստեղծում։ Հոգու տվայտանքները քառապատկվում են անզորության ու անկարողության անտանելի զգացողությունից։ Մարմնեղ, ուժեղ տղամարդ էր Արցախը, հիմա դարձել է նիհար, գունատ տղա, սակայն ինչպես Արցախ մուտք գործողին դիմավորող «Պապիկ-տատիկ»-ն ուս ուսի տված են, այնպես էլ այդ տղայի կողքին հայուհին է կանգած՝ մոր, կնոջ, քրոջ, սիրած աղջկա մարմնավորմամբ։
Այո՛, շրջափակված Արցախում, որտեղ ամենուր հերթեր են, տներում, հիվանդանոցներում և տարբեր հիմնարկներում ցուրտ է՝ լույս, գազ չլինելու պատճառով, ամուսնություններ են լինում, երեխաներ են ծնվում, ապրում, ստեղծագործում, արարում են արցախցի երեխաները։ Այլ կերպ հնարավոր չէ, այլ տեղ հնարարավոր չէ, որովհետև արցախցին ուր էլ գնա, ինչ կերուխումի էլ մասնակցի, իր տանը մի կտոր բան է դնում բերանը և հետո միայն պառկում՝ քնելու։ Անկոտրում է արցախցու ոգին, նախանձելի՝ ամուր կամքն ու լավատեսությունը։ Արցախցին շարունակում է ապրել շրջափակված, աշխարհից մեկուսացված Արցախում՝ ցույց տալով իր սերն ու հավատարմությունը հայրենիքի նկատմամբ։ Թերևս այդպես են սիրում ազգը, հողը, պատմությունը՝ անձնվիրաբար, անմնացորդ, ինքնամոռաց և հույսով, որ լույս կլինի. «Եվ Աստված ասաց. «Եղիցի լույս»։ Եվ լույս եղավ» (Ծննդոց 1։1-5)։
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Այս օրերին, երբ քաղաքակիրթ աշխարհի գեղարվեստական խոսքի ներկայացուցիչները հարստացնում ու զարգացնում են համամարդկային մշակույթը, ես, որպես հայ բանաստեղծ, գրականագետ, ափսոսանքի խորը զգացումով մտորում եմ այն մասին, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով են Ադրբեջանի ղեկավար գործիչները արգելափակել հայոց Արցախի 120.000 հայ բնակչության` Հայաստանի Հանրապետություն տանող ճանապարհի` Լաչինի միջանցքը:
Ես բարձրագույն կրթությունս ստացել եմ Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության բաժնում: 1953 թ. բուհն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի եմ անցել Ադրբեջանի կոմկուսի օրգան «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում, որպես գրական աշխատող: Այդ տարիներին հասցրի ավարտել նաև ասպիրանտուրան «Հայ գրականություն» մասնագիտության գծով: Թեկնածուական ատենախոսությունս պաշտպանելուց հետո ևս շարունակեցի աշխատել Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնում, որպես դասախոս:
Այդ տարիներին շատ արագ էին փոփոխվում քաղաքական իրադարձությունները: Արցախում ապրող և ստեղծագործող անվանի մտավորականները, արձակագիր Բագրատ Ուլուբաբյանի ղեկավարությամբ, դիմել էին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմ` Ստեփանակերտում բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու նպատակով: Ադրբեջանի ղեկավարությունը, օգտվելով այդ արդարացի պահանջից, Վ. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը Բաքվից տեղափոխեց Ստեփանակերտ, դրա հետ մեկտեղ Ստեփանակերտում բացելով ադրբեջանական բաժին, այն դեպքում, երբ Բաքվից բացի, Նախիջևանում ու Կիրովաբադում ևս գործում էին պետական մանկավարժական բուհեր: Երեք տարվա ընթացքում Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ադրբեջանական բաժնի ուսանողների թիվը բազմապատկվեց եռակի:
Տարիները հաջորդում էին միմյանց` առաջադրելով նոր հոգսեր, ազգապահպանման նոր հիմնախնդիրներ:
1988 թ. սկիզբ առած պայքարի արդյունքում Ադրբեջանի կառավարող շրջանները ձգտում էին հայաթափել Արցախը: Սակայն արցախցիները ոտքի ելան հազարամյակների պատմություն ունեցող Արցախը պահպանելու որպես Հայոց երկիր, Հայոց հող: Անցնում են լարված ժամանակները, Արցախի բնիկ տեր հայ ազգաբնակչությունը ջանք ու եռանդ չի խնայում Արցախը հայկական ու հայոց պահպանելու համար:
Իմ այս խոսքը ես շարադրեցի աստվածային հաճելի ոգեշնչումով և ընդգծում եմ հավատս առ այն, որ աշխարհում չի եղել ու չի կարող լինել մի ուժ, որ կարողանա ընկճել հայոց Արցախի հազարամյա տերերի կամքը հայոց Արցախ աշխարհը հայկական պահպանելու ճանապարհին:
Այսօր յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, բարձրաձայնում է Հայկ Նահապետից, Նժդեհից, Անդրանիկից, Ավոյից, Վազգեն Սարգսյանից և մյուս հայ քաջորդիներից մեր նոր սերունդներին պատգամած կոչը. Արցախը եղել է, կա ու լինելու է Հայոց անառիկ բերդերից մեկը, և բոլորս միասին բարձրաձայնելու ենք. «Արցախը մենք ենք»:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լրանում է արցախյան շարժման (վերազարթոնքի) 35-րդ տարեդարձը: Շարժում, որ ցնցեց ողջ աշխարհը, և միջազգային հանրության ուշադրությունը սևեռվեց Ստեփանակերտում անցկացվող բազմահազարանոց հավաքների և ցույցերի վրա: Այն ժամանակ դա աննախադեպ երևույթ էր տոտալ մի երկրի համար, որտեղ 70 տարի շարունակ կտրականապես արգելված էր նմանատիպ ակցիաների անցկացումը: Հավատալով Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովի կողմից հռչակած վերակառուցման ուղեգծին, մարդիկ զանգվածաբար դուրս եկան փողոց և իրենց ցասումն ու դժգոհությունն արտահայտեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից արցախահայության նկատմամբ դրսևորվող խտրական քաղաքականության նկատմամբ՝ պահանջելով շտկել «ստալինյան բռնապետական ռեժիմի» թույլ տված պատմական անարդարությունը և Արցախը (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը) վերամիավորել Հայաստանին:
Հատկապես 1988 թ. փետրվարի 20-ին կայացած ԼՂԻՄ պատգամավորների նստաշրջանի հայտնի որոշումից հետո, հատկանշական է, թե արցախցիների օրինավոր պահանջին ինչպես արձագանքեցին աշխարհի խոշոր տերությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, ով առաջիններից մեկը ողջունեց «Ժողովրդավարության ծլարձակումը՝ Լեռնային Ղարաբաղում»… Ցավոք, ո՛չ Մոսկվան, ո՛չ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան մտադիր չէին լուծել Ղարաբաղի խնդիրը: Եվ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականության հետևանքով Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մինգեչաուր և այլ քաղաքներում սպանդի ենթարկվեցին հարյուրավոր անմեղ հայեր: Շուրջ 500 հազար հայեր բռնի տեղահանվեցին մշտական բնակավայրերից ու փախստականներ դարձան՝ հայտնվելով օտար ափերում…
Այդ հանցավոր գործողություններին զուգահեռ, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ, ու բոլորս լավ գիտենք, թե այն ինչպիսի ավարտ ունեցավ: Հաղթանակած երկրի ժողովուրդը, հաղթահարելով բազում զրկանքներ և դժվարություններ, Հայաստանի, աշխարհի համայն հայության աջակցությամբ բուժեց պատերազմի վերքերը, վերացրեց ավերածություններն ու վերականգնեց կործանված տնտեսությունը, սկսեց կառուցել իր երազած հայրենիքը՝ հավատացած լինելով, որ միջազգային հանրության կողմից կհարգվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և Արցախի Հանրապետությունը կճանաչվի որպես անկախ երկիր: Ավաղ, դա տեղի չունեցավ: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած դաժան պատերազմը խառնեց բոլոր ծրագրերը, մարդկային անդառնալի կորուստների հետ երկրի տարածքների գրեթե 70 տոկոսը բռնազավթվեց, այդ թվում՝ պատմական Դիզակը, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների մի շարք բնակավայրեր: Ողբերգական եղավ հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի անկումը, ինչն առանձին խոսակցության նյութ է արդեն…
Ենթադրվում է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրած փաստաթղթի համաձայն, պիտի երաշխավորվեր Արցախի ժողովրդի անվտանգությունը և ապահովվի իր հողում ազատ ապրելու նրա իրավունքը: Բայց Ադրբեջանի իշխանությունները, նպատակ ունենալով ուժի և սպառնալիքի միջոցով հպատակեցնել 120 հազար բնակչությանը, սկսեց ահաբեկչական տարբեր գործողություններ իրականացնել մարդկանց նկատմամբ և ստիպել հեռանալ մշտնջենական վայրերից: Այդ առումով, նենգ թշնամու համար հատկապես հարմար առիթ էր կեղծ «բնապահպանների» պահանջների ներքո, գրեթե երկու ամիս տևող թատերականացվող բեմադրությունը՝ Ստեփանակերտ-Լաչին միջանցքում: Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին առ այսօր շարունակում է փակ մնալ: Փորձ է արվում՝ ահաբեկչությամբ վախի մթնոլորտ ստեղծել և արյան մեջ խեղդել ժողովրդավարական ընդվզումը, մարդկանց ստիպել լքել Արցախը: Զարմանալիորեն «բնապահպանների» վրա չեն կարողանում ներազդել պատասխանատվության գոտում իրենց առաքելությունն իրականացնող ռուս խաղաղապահները: Եվ այն տպավորությունն է ստեղծվում, թե կարծես չեն ցանկանում խոչընդոտել միջանցքի շրջափակումը… Օրեցօր սեղմվում է պաշարման մեջ գտնվող բնակչության տառապանքի և զրկանքների օղակը: Սակայն մարդիկ անդրդվելի են իրենց վճիռներում, և ոչ ոք չի պատրաստվում հեռանալ հարազատ օջախից և հայտնվել դժոխքում…
35 տարի անց, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված: Եվ որքան էլ որ Ի. Ալիևը փորձի աշխարհին համոզել, թե իբրև 44-օրյա պատերազմով իրենք «լուծել» են հարցը և «Ղարաբաղի խնդիր գոյություն չունի», միևնույն է, նրա հերթական աճպարարությանը ոչ ոք չի հավատա: Թշնամին իր գործելաոճով, մարդասպանի ձեռագրով ապացուցում է Ադրբեջանի կազմում Արցախն ուժով պահելու անհնարությունը: Իր իրավունքների և ազատության համար մարտնչող արցախցին միջազգային կառույցներից վճռական քայլեր է ակնկալում: Նա վստահ է, որ հանդուրժելով Բաքվի հանցավոր, արկածախնդիր մտադրությունները, հանրությունը դրանով իսկ կնպաստի տարածաշրջանում ռազմական նոր բախումների ծավալմանը, ինչը հղի է ծանր, անկանխատեսելի ողբերգություններով…