ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ 80. ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ՊԱՅԾԱՌԱՑՈՂ ԿԵՐՊԱՐ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Ազգի ու Հայրենիքի որևէ նվիրյալի, նշանավոր ստեղծագործողի կամ գործչի երկրային կյանքի ավարտից հետո, շատ կարևոր է դառնում նրա թողած վաստակի, անձի ու գործի ամբողջական պատկերի վերստեղծման խնդիրը: Այս պահանջն ավելի քան հրատապ է Վարդգես Պետրոսյան երևույթի պարագայում, ում մշտապես անհանգիստ անհատականությունը տարբեր ուղղություններով միանգամայն ինքնատիպ դրսևորումներ է ունեցել: Բանաստեղծ, արձակագիր ու դրամատուրգ, հրապարակագիր ու հրապարակախոս, խմբագիր ու գրական կյանքի ղեկավար, մշակութային, պետական ու հասարակական գործիչ. ահա Վարդգես Պետրոսյանի զբաղումների, հետաքրքրությունների, մտահոգությունների թերևս ոչ լրիվ ցանկը, որոնցից յուրաքանչյուրում էլ նա անմնացորդ դրեց իր սիրտն ու հոգին, անձնական երջանկությունից խլված ժամերը, օրերն ու տարիները, ի վերջո` ողջ կյանքը:
Եվ ահա «Մեր ժողովուրդը իմն է… ինչպես իմ վիշտը» ետմահու առաջին հրապարակագրական ժողովածուից հետո, ընթերցողների սեղանին է «Վարդգէս Պետրոսեանի Սփիւռք-Հայրենիքը» հրապարակախոսական ելույթների, հարցազրույցների հավաքածուն, որը` ԹՄՄ Լոս Անջելեսի մասնաճյուղի աջակցությամբ, սփյուռքահայ և հայրենի մամուլից խնամքով հավաքել, ի մի բերել և հրատարակության են պատրաստել գրողի կինն ու դուստրը` գրականագետ Էմմա Մակարյանը և Արմինե Պետրոսյանը:
Անմիջապես ասենք, որ սա էլ, իհարկե, դեռ ամբողջը չէ: Ինչպես գրքի վերջաբանում նշում է Է. Մակարյանը, այն ամփոփում է Վարդգես Պետրոսյանի գրական ժառանգության մի մասը` «պատկառելի մյուս մասի հրատարակությունը թողնելով ապագային»:
Հատորը, ըստ էության, որոշակի ուղղվածություն ունի` արտացոլում է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ Վարդգես Պետրոսյան գրողի և գործչի հայացքներն ու տեսակետները, դրանց ներկայի գնահատականներն ու ապագայի տեսլականը` շուրջ երեք տասնամյակի հեռապատկերի վրա, ինչը հնարավորություն է տալիս ընթերցողին հիրավի բարդ ու բազմակողմանի երևույթը դիտելու իր զարգացման դինամիկայի մեջ: Այս իմաստով այն դուրս է գալիս սոսկ մեկ անհատի ըմբռնումների շրջանակից` ընդգրկելով շատ ավելի լայն հորիզոններ, առիթ տալով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների պատմական հայեցակետը զուգադրելու արդիական իրողությունների քննության հետ: Ըստ այդմ, առաջին տպավորությունը, որ ընթերցողը քաղում է ժողովածուն փակելուց հետո, ներքին ամբողջականության, նյութերն իրար կապող տրամաբանական կառույցի առկայությունն է: Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում ու տարբեր լսարանների առջև ունեցած ելույթներում գրողը մշտապես հավատարիմ է իր գաղափարական ու ստեղծագործական սկզբունքներին: Եթե նկատի ունենանք անցյալ դարի 60-ական թվականներից մինչև 90-ականների սկիզբը աշխարհում և մեր երկրում տեղի ունեցած քաղաքական, ազգային, հասարակական հեղաբեկումների ամբողջ սպեկտրը, ասվածի նշանակությունը առավել պարզ կդառնա: Նախ և առաջ դեռևս 1967 թ. Կանադա կատարած այցի ժամանակ նրա ձևակերպած հավատամքը` «…արուեստական է Սփիւռք-Հայրենիք բաժանումը: Մենք միևնոյն ժողովուրդն ենք», կարմիր գծի նման անցնում է ամբողջ հատորի միջով: Սակայն հարցի քննությունը այս ձևակերպմամբ ոչ թե ավարտվում, այլ միայն սկսվում է, քանզի Վ. Պետրոսյանը ոչ միայն հայրենասեր գործիչ էր, այլև գրող ու, բնականաբար, ժողովրդի համար ճակատագրական խնդիրներն անցնում էին նաև նրա ստեղծագործական մտածողության քուրայով` պայմանավորելով դրանց լուծման ուղիների երբեմն անսպասելի տարբերակների գոյությունը: Այս իմաստով Վ. Պետրոսյանը Սփյուռք-Հայրենիք կապերը դիտարկում է որպես «բազմաշերտ ու բարդ» երևույթ, Սփյուռքը` մշտապես փոփոխվող ու խմորվող, «կենդանի մարմին»: Տարբեր լսարանների առջև նա բազմիցս խոսել է «սփիւռք կոչվող առեղծուածի», հայկական սփյուռքի` որպես «մարդկային պատմութեան բոլոր ժամանակների ամենաապշեցուցիչ երեւոյթներից մէկի» մասին: Հիշեցնելով դեռևս 1946-ին Նիկոլ Աղբալյանի մտորումը հալչող սառցակտորի վերաբերյալ, ինքը ևս Սփյուռքը ձևակերպում էր իբրև «սառցալեռ (այսպըրկ), որի կեսը ջրի տակ է» և, ուրեմն` «մենք պիտի ճանաչենք այդ խճանկարը», որոնենք այն կամուրջները, որոնք մեզ միացնում են և ոչ թե բաժանում: 80-ականի կեսերին գրողը գտնում էր, որ «Հայաստան-Սփյուռք սրբազան հարաբերությունների մեջ» պետք է սկսել մի նոր փուլ: Ահա թե ինչու կարևորում էր Սփյուռքի հետ «բաց, գործնական» խոսակցություն ունենալու, սուրանկյուն սեղանների փոխարեն, երբեմն նաև կլոր սեղանները նախընտրելու, մինչև անգամ միմյանց «հաշիվ տալու» մարտավարությունը: Նա համոզված էր, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների կարգավորման համար կարիք չկա սիրո փոխադարձ խոստովանությունների ու դասերի, պարզապես պետք է տեսնել նոր երևույթները, «…պիտի ի մի բերել հայ մտավորականությանը, պիտի հավաքական տագնապ ունենալ և այդ տագնապի համեմատությամբ չնչին ու աննշան համարել շատ վեճեր, շատ տարակարծություններ»: Այստեղ ևս, ինչպես արվեստի ու գրականության մասին դատողություններում, դրսևորվում էր Վարդգես Պետրոսյանի մտածողության էական գծերից մեկը` իրականի ու արդիականի սուր զգացողությունը: Ահա թե ինչու, նա համոզված էր, թե որքան էլ «հայրենիքը այնուամենայնիվ, մայր է, ներողամիտ պիտի լինի», բայց որոշակի ողջամտություն, թերևս պարտավորություններ պիտի ստանձնի նաև Սփյուռքը` հայրենիքով հպարտանալու հետ մեկտեղ, իրենը համարելու նրա թերությունները ևս, քանզի «…մարդ կարող է ապրել միայն իր տանը, հյուրանոցի համարը ինչքան էլ շքեղ լինի, մարդ երազում է իր տան չորս պատերը, իր տան առաստաղը, որից գուցեև կաթում է: Ուրեմն մենք հայրենիք ենք սարքում: Իրական երկիրը, իրական սխալներ պիտի ունենա»: Եվ այդ դեպքում միայն «մենք իսկապես կլինենք մի ժողովուրդ, մի երկիր»:
Դավանելով իրական հայրենասիրության սկզբունքը, ի հակադրություն «խօսքի, բանաւոր» հայրենասիրության («Յաւիտենական Հայրենիք… գեղեցիկ բառեր են, այնպէս չէ՞, բայց փորձենք ճեղքել այդ բառերի կեղեւը եւ միջուկը հասկանալ»), Վարդգես Պետրոսյանը, ըստ էության, արձագանքում էր ոչ միայն Հայրենիք-Սփյուռք կապերի առողջացմամբ շահագրգիռ հայրենի գրողների (Ս. Կապուտիկյան, Վ. Դավթյան, Հ. Սահյան և այլք), այլև սփյուռքահայ ողջամիտ մտավորականներից շատերի կողմնորոշումներին: Հիշենք Շ. Շահնուրի կոչերը` ներքին թշնամիներ որոնելու փոխարեն, «մեր մէջը իջնելու», ակնարկը «դէպի ներս» դարձնելու մասին, որտեղից էլ հենց, ըստ նրա, սկսվում է «իրական հայրենասիրութիւնը»: Եվ կամ` արդեն 80-ականների կեսերին, գնահատելով Մկրտիչ Հաճյանի արվեստը, Հակոբ Կարապենցը շեշտում էր, թե նա «թշնամի էր հռետորութեան եւ շուկայիկ հայրենասիրութեան», գտնելով, որ շռնդալից հայրենասիրությունը նսեմացնում է հայրենիքի գաղափարը` սահմանափակելով «իմացական թռիչքն ու մարդկայնական համընդհանուր ապրումները»:
Ուշագրավ է, որ արվեստին ու գրականությանը գնալով ավելի ու ավելի վճռորոշ դեր է վերապահվում ազգապահպանման գործում: Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ երևան են գալիս նաև հռչակա­գրեր (Վահե Օշական, «Գրական հռչակագիր», «Վարուժան», թիվ 2, 1994) ու կոչեր (Պօղոս Գուբելեան, «Քալիֆորնիայի արեւ­մտահայ գրողներուն ԿՈՉ», ԳԹ, 23 ապրիլի, 2010), որոնցում փորձ է արվում հանրագումարի բերել ազգային ինքնության, ապա նաև միասնության ապահովման ու պահպանման ուղղությամբ տարբեր հորիզոնականներում դրսևորվող ջանքերը` զարգացման ճիշտ ու արդյունավետ ելքերի նախանշման նպատակով:
Վարդգես Պետրոսյանը ևս` հավատարիմ մնալով իրատեսական մտածողությանը, գրականության ու արվեստի վերաբերյալ իր հայացքներում դավանում էր գրական գործի արդիականության այն սկզբունքը, ըստ որի պետք է առաջնորդվել ոչ թե արտաքին ընկալումներով սահմանափակվելու, այլ երևույթների խորքը նայելու, ոգու խոր շերտերը պեղելու, բուն ճշմարտությունը երևան հանելու չափանիշով, թեկուզ «այդ ճշմարտութիւնը կարող է նաեւ դառը հատիկներ պարունակել»: Արդիականությունը նրա համար մտածողության ուղղություն էր, իր ժողովրդին աշխարհի զարգացման առաջընթացի, ընդ որում` անցյալ-ներկա-ապագա կապի մեջ տեսնելու կերպ: Ահա թե ինչու, ժամանակակից բառը նա չէր ընկալում որպես «ժամանակին կցված» և սիրում էր կրկնել Անտուան Սենթ Էկզյուպերիի այն միտքը, թե` «Երիտասարդներին չպէտք է գրել սովորեցնել, այլ ապրել: Գրելը արդիւնք է ապրելուն»: Նա ինքը ապրում էր մշտապես մատը դրած ժամանակի զարկերակին, կյանքի ներքին, թերևս առաջին հայացքից ան­նկատելի որակական հեղաբեկումների նկատմամբ սրված ուշադրությունը նրա էության ու ստեղծագործական մտածողության կարևոր հատկանիշներից էր: Այստեղից էլ նրա գրականության հրապարակախոսական ջիղը: Պատահական չէ, որ նա հրապարակագրութունը համարում էր իր գրականության կարևոր մասը: Վարդգես Պետրոսյանը գտնում էր, որ ճշմարիտ գրողը պիտի ունենա ոչ միայն մարդկային սովորական կենսագրություն, այլև մանավանդ «տառապանքի կենսագրութիւն»: Բայց տառապել չի նշանակում չարանալ: Ընդհակառակը` տառապանքը պիտի ուղղված լինի մարդուն ազնվացնելու նպատակին: «Ես չար տաղանդ չեմ ընդունում», հայտարարում է Վ. Պետրոսյանը, քանզի «տաղանդաւոր գրողը նոյնիսկ իր տառապանքին մէջ բարի է»: Մտածողության նույն համակարգից են սնվում նաև գրողի հայացքները գրական ավանդների վերաբերյալ: Նրա համոզմունքն էր, թե շարունակել ավանդները չի նշանակում անպայման հավատարիմ մնալ դրանց: Երբեմն դա նույնիսկ նշանակում է հավատարիմ չմնալ, այլ զարգացնել այդ ավանդները: Գաղափար, որն առավել տպավորիչ ու ըմբռնելի դարձնելու համար, ըստ սովորության, նա արտահայտում էր նաև աֆորիստիկ ձևակերպմամբ` «աւանդները պահածոյ չեն գրականութեան համար»:
Վարդգես Պետրոսյանը սոսկ մտածող չէր, այլ նաև գրող ու ակտիվ հրապարակախոս: Հետևաբար իր տեսական համոզմունքները նա փորձում էր իրականացնել տարբեր ժանրի գրական գործերի, դրանցում ապրող ու շնչող կենդանի կերպարների միջոցով: Ներկա հատորի շրջանակներում այստեղ կանդրադառնանք գրողի մտահոգությունները խտացնող հիմնախնդիրներից մեկին միայն, որն ընկած է անցյալ դարի 80-ական թվականների երկրորդ կեսին լույս տեսած «Դատարկ աթոռներ ծննդյան տոնին» կամ «Կրակե շապիկ» վեպի հիմքում: Խոսքը մեր ժողովրդի համար չափազանց զգայուն հայ-թուրք հարաբերությունների մասին է: Հայտնի է, որ գիրքը միանշանակ գնահատականի չարժանացավ: Ավելին` առիթ տվեց որոշակի «աղմուկի», որը սակայն, ինչպես իրավացիորեն նշում է Հայկ Նագգաշյանը «Զարթօնք»-ի իր գրախոսականում (1 Յունուար, 1988), «յարուցուեցաւ գիրքին բովանդակութեան մէկ մասին առնչութեամբ, որ ազգային-քաղաքական բնոյթ ունէր: …Վարդգէս Պետրոսեանը նոր խօսք ունի այդ մասին: Եւ ասիկա բաւարար եղաւ որ մեծ աղմուկ յարուցուի»: Ուշագրավ է, որ Վարդգես Պետրոսյանի վեպում արտահայտված «հանցավոր» գաղափարներից շատերը, ինչ-որ տեղ, ամենևին էլ նորություն չէին: (Մասնավորապես, սույն հատորի էջերում Արա Գալայճեանը մեջ է բերում Վահան Թեքեյանի, Լևոն-Զավեն Սյուրմելյանի կարծիքները): Ուրեմն, ո՞րն էր Վարդգես Պետրոսյանի գրական երկի հարուցած մեծ աղմուկի պատճառը: Հայկ Նագգաշյանը, թերևս, իրավացի էր, գտնելով, որ «աղմուկը անհամեմատ մեծ էր, որովհետեւ Վ.Պետրոսեան գրողը միաժամանակ նախագահն էր Գրողներու Միութեան: …Պէտք է կարեւորութեամբ ծանրանալ այս կէտին վրայ, որովհետեւ Վ. Պետրոսեանի «մեղքը» կը ծանրանայ իր այս հանգամանքին պատճառով»: Ըստ էության, Վ. Պետրոսյանի տեսակետը Սփյուռքում և շատերի ընկալումներում զուգահեռվում էր Հայաստանի պաշտոնական տեսակետին, քանզի խորհրդային պետության ու մտավորականության գաղափարական մոտեցումները չէին պատկերացվում իրարից անկախ: Սակայն չմոռանանք, որ վեպը գրվել էր խորհրդային երկրում ծայր առած վերակառուցման տարիներին, իսկ այն, իրոք, իրական հնարավորություն էր ընձեռում գրողին վերջապես ազատորեն արտահայտելու այն բոլոր գաղափարները, որ վաղուց ի վեր տանջում էին իր միտքն ու հոգին: Ինչևէ, ողջա­մտորեն քննելով վեպը, նշելով նաև ինչ-ինչ թերիներ, Հ. Նագգաշյանը, սակայն, եզրակացնում է, թե ընդհանուր առմամբ, «Վ. Պետրոսեան երեւան կուգայ իբրեւ սփիւռքահայութեան անկեղծ ու սրտցաւ մէկ բարեկամը»: Իսկ ինչ վերաբերում է նրան վերագրվող ողբերգական անցյալը «մոռնալ ուզելով թուրքին հանդէպ ներողամիտ ըլլալու» հանցանքին կամ մեղքին, ապա հավաստում է, թե վեպում չի գտել «այդպիսի վերագրում ընելու որեւէ արդար պատճառ», այլ միայն, ինչպես միշտ` «նոր ու խիզախ միտքեր ու մօտեցման եղանակներ…»: Նույնն էր նաև Անդրանիկ Անդրեասեանի տեսակետը` «Բայց ես ապրած եմ Եղեռնին ու անոր աքսորին ու ջարդերուն սարսափները, անոր թշուառութիւնն ու տանջանքները, կ’ապշիմ այդ դատախազներուն վրիպած հայրենասիրութեան հանդէպ» («Պայքար», 07 նոյեմբեր, 1987): Կրքերը բորբոքվեցին նաև Հայրենիքում: Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ողջամիտ հարցադրումներին` «Անհիմն կլիներ ենթադրել, թե գրողը փորձում է հավասարակշռել մեղքերի ու թողության նժարները և դրանից հանել հաշտության տրամաբանական հետևությունը», կամ` «Ուրեմն, ո՞րն է ելքը` հավիտենական ատելությո՞ւնը, թե՞ պատմության անցած եղելությունների օբյեկտիվ վերլուծությունը» (ԳԹ, 09 հունվարի, 1987), հետևեցին Շահեն Թաթիկյանի սուր շեշտադրումներով դատողությունները երախտամոռության, անգամ` դավաճանության մասին` «…ամբողջ Սփիւռքը, մեր ժողովուրդը իր առողջ բնազդով ունի մի սեւեռում` չմոռանալ, Վարդգէսը հակառակն է գոռում: (…) Սարինեանը ջանք ու եռանդ չի խնայում… ընթերցողին համոզելու, որ մեր յետագայ առաջընթացի պայմանը անցեալը մոռանալն է, ապա բարեկամութիւնը թուրքերի հետ… Ես Վարդգէսի վերաբերմունքը դէպի սփիւռքը կ’որակէի երախտամոռութիւն, անգամ` դաւաճանութիւն» («Զարթօնք», 21 հոկտեմբեր, 1987, նույն թվականի մարտի թվակիր նամակ):
Կտրականորեն մերժելով նման մոտեցումներն ու կարծիքները, դրանք համարելով «յետին եւ միտումնաւոր բարբաջանք», գրողն իր ճշմարտացիության նկատմամբ ներքին համոզմունքով դարձյալ ողջախոհության կոչ էր անում իր ընդդիմախոսներին` «Հարց է առաջադրված և ոչ թե լուծում: Թող վերլուծեն և որոնեն պատասխանը: Իսկ որ մի օր ազգը կանգնելու է այդ հարցի առաջ, որևէ կասկած չի կարող լինել: Ես որոշ իմաստով գոհ եմ այս ամենի համար. նշանակում է ես հասել եմ իմ նպատակին, ապագան ցույց կտա իմ վեպի գրական արժեքը»: Իսկ իր սեփական գնահատականը առավել քան հստակ էր` «Եւ եթէ «Կրակէ շապիկ» վէպում ես տեղ-տեղ նաեւ աւելի եմ թանձրացրել մեր որոշ հիւանդութիւնները, եթէ վէպի որոշ հերոսներ, խօսելու փոխարէն, յաճախ պարզապէս ճչում են ցաւից, այդ ամէնը թելադրուած է սիրուց, ամէնից առաջ` սիրուց, բացառապէս` սիրուց»: Դժվար է դիմանալ գայթակղությանը` այստեղ մեջբերելու Շահան Շահնուրի «Ավագ ուրբաթ» –ում ազգային ցավերի մեջ հոշոտվող հոգու ըմբոստ պոռթկումը մինչև իսկ… Հայի Աստծու ընդդեմ` «Կրա՜կ տուր, կայծ տուր մեզի, մեր մարմնին վրայ վէրքեր թափէ, մեր վէրքերուն վրայ պղպեղ թափէ որպէսզի պոռանք», և կամ Հրանտ Մաթևոսյանի կոչ-հանգանակը արդեն 90-ականի կեսերին` «Ճի՜շտ, կոպի՜տ, ճշգրի՜տ, շիտա՜կ պիտի լինես` այնքա՜ն, ինչքան իր ժամանակին Չարենցը եղավ»:
Տարբեր առիթներով Վ.Պետրոսյանը երազում էր արծարծված բարդագույն խնդիրների /արտագաղթ, Սփյուռքի վիճակ, հայ-թուրք հարաբերություններ/ լուծումները տեսնել մի քանի տասնամյակ հետո: Այսօր ահա կարող ենք ավելիով հաստատել Վարդգես Պետրոսյան գրողի, հրապարակախոսի, մտածողի, ճշմարիտ և իրատես հայրենասերի գաղափարներից շատերի կենսունակության փաստը: Այս իմաստով հատկանշական է, որ վեպի գրությունից ընդամենը քսան տարի անց, ակադեմիկոս Ս.Սարինյանը, վերլուծելով ժամանակի քննության արդյունքները, արձանագրում էր` «Արդեն 1988 թվականն էր, ազգային զգացմունքների բորբոքված պահին անհասկանալի, անակնկալ և անբացատրելի էր հայ-թուրք հարաբերությունների առերեսման, հանդիպադրման երկխոսության այն մոտիվը, որ առաջադրում էր Վարդգեսը, մոտիվ, որ այժմ դարձել է դիվանագիտական քննարկման առարկա, ներառելով ցեղասպանության, հայ դատի, հատուցման և նմանատիպ այլ հարցեր» («Ի հեճուկս» գրքից, Ստեփանակերտ, 2006 թ.): 90-ականի կեսերին ոչ միայն հայրենիքում, այլև Սփյուռքում լուրջ կասկածներ էին արտահայտվում «Կրակե շապիկ»-ում բարձրացված հարցադրումների հեռանկարայնության վերաբերյալ: Արփի Թոթոյանը գրում էր, թե Հայաստանյան վերջին տարիների իրականության մեջ` «գոնէ գործնական գետնի վրայ, յարաբերութիւններու հարցը պատասխանեց վէպին շատ մը հարցականներուն, երկմտութիւններուն: Այդ պատասխանը ճիշդ է որ չընթացաւ հեղինակին վարկածին ուղղութեամբ, թուրք երիտասարդ ուսանող մը չեկաւ Երեւան: …Սակայն ե՞րբ գրական գործ մը քաղաքական հոլովոյթի մը նախաբանը կարելի է նկատել, կամ քաղաքական գործընթացի մը նախաբան-դեղագիրը» («Յառաջ», 08 մայիս, 1994): Եվ ահա գրեթե երկու տասնամյակ անց միանգամայն տեղին ու արդարացի է հնչում գիրքը կազմողների կողմից հիշյալ դիտարկման տողատակում արված ծանոթագրությունը` «Կրակե շապիկ»ը հենց այդ գրական գործն է, որի կանխատեսումների մասը դեռ պետք է իրականանա, իսկ թուրք ուսանողի փոխարեն եկավ նախագահը և նրա ուղեկցողների հետ Ջեմալ փաշայի թոռը, որը հանդիպեց ու ծանոթացավ իր պապին սպանող Արտաշես Գևորգյանի թոռան հետ, իսկ 2010թ. ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում, ծնկաչոք ներողություն խնդրեց հայ ժողովրդից, Գևորգյանին հրավիրեց ընտանիքներով հանգստանալու Թուրքիայում»: Եթե այս ամենին ավելացնենք նաև 2009-ի հայ-թուրք արձանագրությունները, որոնք թեև որոշ շրջանակների համար վիճելի, սակայն դիվանագիտական մեծ խաղի մեջ են ներքաշում ներքին ու արտաքին բարդ մարտահրավերների առջև կանգնած ժամանակակից Թուրքիային` իր մի կողմով խթանելով այդ երկրում ավելի ու ավելի լայն թափ ստացող սեփական պատմության հետ առերեսման, ինքնաճանաչման շարժումը, պատկերը ավելի կհստակվի:
Հատորի նյութերում շատ կարևոր է հետևել նաև ժամանակի մեջ հայ գաղափարական կողմնորոշումների զարգացման ընթացքին, որի կրողներից մեկն էր Վարդգես Պետրոսյանը: Սփյուռքում հայտնի շրջանակներ նրան ու նրա սերնդակիցներին համարում էին սոսկ խորհրդային պետության գաղափարախոսներ, չնկատելով, որ նրանք Հայրենիքը երբեք չէին նույնացնում նրա որևէ քաղաքական-պետական կարգավիճակի հետ: Անկախացումից հետո, 90-ականի սկզբներին Վարդգես Պետրոսյանը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին` իր մեկնաբանությունները խարսխելով իրատեսական տրամաբանությանն ու ընկալումներին: Մասնավորապես, խոսելով խորհրդահայ իրականության մեջ նշանակալից դերակատարություն ունեցած գործիչների մասին, նա նշում էր, թե նրանք բոլորը համայնավարներ էին, քանզի «դա միակ գործող մեխանիզմն էր մեր կեանքում», անպայման ավելացնելով, որ նրանցից ոչ մեկը իր առջև խնդիր չէր դրել «կոմունիզմի կառուցումին, նրանք Հայաստանի կառուցմամբ էին մտահոգ» (ընդ­գծումը մերն է` Պ.Դ.) (07 Յունիս, «Պայքար», 1992): Անկեղծությունը Վարդգես Պետրոսյանի էության ամենակարևոր հատկանիշներից էր, նա երբեք և ոչ մի հարցում չէր դավաճանում իր որդեգրած սկզբունքներին, բայց չէր ընդունում նաև հայացքների քարացածությունը: Նրա համար մեկընդմիշտ տրված լուծումներ ու բանաձևեր չկային, այլ միայն հարցականներ` բազմաթիվ անհայտներով, ինչը հիմնված էր կյանքի շարժումը, ներքին հոսանքները, մաթևոսյանական ձևակերպմամբ` կյանքի ջիղը բռնելու և ապրելու սևեռուն ձգտմամբ: Ահա թե ինչու, նա համոզված էր, թե ինչքան էլ նախորդ սերնդից դժգոհություններ ունենանք, պիտի չմոռանանք, որ «ամբողջ մեր երկիրը այդ սերնդի ջանքերով, արիւնով ու տառապանքով է կառուցուած»: Նրա գրողական հայացքը երևույթները դիտում էր պատմական լայն համայնապատկերի վրա, վերապահելով, թե` «Բնականաբար մեր խօսքը չի վերաբերում այն ծանր տարիներին, որը կապւում է անհատի պաշտամունքի հետ, այլ ամբողջ երկրի պատմութեան մասին է» (ընդգծումը մերն է-Պ. Դ.) («Շիրակ», հունիս-օգոստոս, 1982): Այդ նույն դիտակետից, Վ.Պետրոսյանը բարձր էր գնահատում նաև սփյուռքահայ այն գրողների ու գործիչների ջանքերը, ովքեր իրատեսական կողմնորոշմամբ ամենադժվարին ժամանակներում անգամ մեծ նպաստ բերեցին Հարենիք-Սփյուռք կապերի պահպանմանն ու զարգացմանը` բացառելով երկուստեք օտարացման վտանգը: Գրողն ավելի քան համոզված էր, որ «այդ օտարացումը տեղի չունեցաւ Սփիւռքի շատ սքանչելի կազմակերպութիւնների եւ մարդկանց շնորհիւ: Եւ… եթէ չլինէր այդ մազէ կամուրջը այսօր այս քարէ կամուրջը մենք դժուար որ ունենայինք» («Պայքար», 07 յունիս, 1992):
Այս իմաստով հատկանշական է, որ դեռևս խորհրդային տասնամյակներին Վարդգես Պետրոսյանը հանդես էր գալիս այն ժամանակների համար շատ համարձակ հարցադրումներով, որոնց մասին բարձրաձայնում էր նաև Սփյուռքում: Այդ շարքում կարող ենք հիշատակել, օրինակ, սփյուռքահայ գրականության նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնելու, Հայրենիքում` «մեկ ժողովուրդ, մեկ գրականություն» համազգային կարգախոսի շրջանակներում այդ գրականության ներկայի ու զարգացման հեռանկարների քննարկման, արևմտահայ և սփյուռքահայ մի շարք հայտնի, բայց «խնդրահարույց» գրողների երկերի հրատարակման, Սփյուռքում գրողների համախմբման և գրական միությունների ստեղծման և այլ խնդրներ: Ավելորդ է ասել, որ դրանց մեծ մասը իրականություն դարձավ ոչ միայն Հայաստանի անկախացումից հետո («Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագիրը, Սփյուռքի նախարարության ստեղծումը, Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովների կազմակերպումը, սփյուռքահայ գրողների անդամակցությունը Հայաստանի գրողների միությանը), այլև հենց խորհրդային պետության գոյության տարիներին (Եղիա Տեմիրճիպաշյանի, Ինտրայի,Նիկողոս Սարաֆյանի, Մուշեղ Իշխանի և այլոց երկերի հրատարակումը, Սփյուռքի դպրոցներին Հայրենիքում կազմված դասագրքերով ապահովումը, սփյուռքահայ գաղութների հետ շփումների աշխուժացումը և այլն/:
Արցախյան շարժման շրջանում, ինչպես նաև անկախացման տարիներին Վարդգես Պետրոսյանն իր տարերքի մեջ էր` ինչպես միշտ ժողովրդի կողքին, ապրում էր նրա նվիրական ձգտումներով ու երազանքներով: ԽՍՀՄ Գերագույն խորհրդում կազմակերպված ղարաբաղյան խնդրի հայտնի քննարկման ժամանակ նա իրեն դրսևորեց նաև որպես իսկական մարտիկ, խիզախ ու անզիջում հռետոր, քաղաքական հմուտ բանավիճող, ճշմարիտ հայրենասեր: Ընդ որում, այդ ամենը նա չէր անում պահի թելադրանքով, կամ ինչ որ ուժերի ու շրջանակների դուր գալու համար: Ընդհակառակը, նա շատ լավ էր պատկերացնում, որ «Անկախությունը դժու­ար գործ է», պահանջում է մեծագույն պատասխանատվություն, երկիրն ու ժողովրդին ոչ միայն սիրելու, այլև նրա ցավը, հոգսերն ու երազանքները հասկանալու խիզախություն: Նա փորձում էր համադրել տասնամյակների ընթացքում արտահայտված Հայրենիք-Սփյուռք միասնության կենսագործմանն ուղղված բոլոր իրատեսական գաղափարներն ու առաջարկությունները, երազում էր «ամենէն իրական, օգտակար ու խելօք գաղափարները» ի մի բերելու ճանապարհով «համազգային ծրագիր» ստեղծելու մասին: Վարդգես Պետրոսյանի սրբազան ցանկությունն էր, որ «բոլորս միասին քար-քարի կառուցէինք» մեր անկախ պետականությունը, որ սփյուռքահայը ոչ թէ օգնող, այլ գործակից դառնար Հայաստանին: «Եօթանասուն տարի շարունակ, Հայաստանի հայութիւնը պահպանում էր հողը, երկիրը, Սփիւռքի հայութիւնը պահպանել է գաղափարը,- հայտարարում էր նա Թեքեյան Մշակութային միության ԺԸ պատգամավորական ժողովում ունեցած իր ելույթում:-… Այսօր մենք ուզում ենք պետութիւն գաղափարը նիւթ դարձնել: Ես շատ կ’ուզենայի, որ մեր ամբողջ սփիւռքահայութիւնը այդ հանրապետութիւնը համարի ամենայն հայոց պետութիւն» («Պայքար», 30 մայիս, 1992):
Վերջապես, ամբողջ ասվածը բխում էր Վարդգես Պետրոսյան մարդու ինքնատիպ տեսակից, որը թե՛ նրա համակիրներին և թե՛ նույնիսկ ընդդիմախոսներին կաշառում էր իր խառնվածքի շիտակությամբ ու անմիջականությամբ, զգացմունքայնությամբ ու խորաթափանցությամբ: Նրա համար կարևորը մարդու էությունն էր և, անկախ տարիքից, նրան շրջապատողները պարզապես իր «գրական բարեկամներն» էին: Գիտեր նաև հմուտ դիվանագետ լինել «ոխերիմ բարեկամների» (իր սիրած արտահայտությունն էր) հետ: Վարդգես Պետրոսյանը իր անձով, իր ներկայությամբ իսկ մթնոլորտ էր փոխում, կարծրատիպեր կոտրում, մարդկանց տրամադրում շարժման ու գործակցության: Բնորոշ է, որ դեռևս 1967-ին Կանադա կատարած այցելության օրերին, գրողի հետ նեղ շրջանակում մի շարք հանդիպումների մասնակցած և հարցազրույց ունեցած ՎՐԷԺ- ԱՐՄԷՆը գոհունակությամբ նկատում էր, թե Վ. Պետրոսյանը` վերադառնալով Հայրենիք, իր հետ տարավ «այդ հայրենիքէն (իմա անոր իշխանաւորներէն) երկար ատեն անտեսուած, արհամարհուած, նոյնիսկ վիրաւորուած զանգուածի մը եւ այդ զանգուածի երիտասարդութեան ամենաջերմ զգացումները: Սփիւռք գալով` ուզեց ըսել, թէ բան մը փոխուած է, կը փոխուի: Կ’ուզենք հաւատալ իրեն» («Յուսաբեր», 29-31 մայիսի, 1967): Նույնիսկ, մեղմ ասած, ոչ այնքան բարեհաճ «Բագին»-ը ստիպված էր արձանագրել` «Ուրիշներուն սկզբունքները յարգելու այս տրամադրութիւնը յաճախադէպ չէ կոմունիստական դաստիարակչութեան մէջ ոսկոր կազմած մարդոց մօտ, եւ Վարդգէս Պետրոսեան առնւազն` կ’ուրախացնէ մեզ իր ցուցաբերած ոգիով» («Բագին», թիւ 7, 1967/: 1985-ին Սիրիայում կազմակերպված հանդիպումներից հետո, Թորոս Թորանեանը գրում էր` «Հալէպի Թէքէեան Տունին մէջ (…) անգամ մը եւս փայլեցաւ պետական մտածողութեան տէր քաղաքացի գրողը», «…այս գրողը իր երկրին հետ է, իր հողին հետ է, իր ժողովուրդին հետ է Սփիւռքով ու Հայրենիքով»: Եվ կամ ԹՄՄ Լոս Անջելեսի մասնա­ճյուղի ատենապետ Վահե Սեմերճյանը` ամբողջացնելով գրողի հետ հանդիպումներից ստացած իր տպավորությունները, իր հուշերում գրում է` «Պետրոսեանէն առաջ ալ գրողներ հրաւիրեր էինք մեր մօտ, սակայն այս գրողը տարբեր էր` իր ժպիտովն ու հիւմըրովը, իր պարզութեամբն ու հաղորդականութեամբը, իր գիտութեամբն ու իմացական հարստութեամբը» (Կլենտեյլ, Հոկտեմբեր 1, 2011): Վերջապես, չենք կարող չհիշատակել 1984-ին Արգենտինայում Վահրամ Մավյանի հուշատոնին Վեհափառ հոր` Վազգեն Առաջինի փակման խոսքում արտահայտված ճշգրիտ գնահատական-խոսքը` «Ես պր. Վարդգէս Պետրոսեանը բաւական կը ճանչնամ, գիտեմ ով է, ինչ պաշտօն ունի, ինչ արժէք կը ներկայացնէ մեր շրջանին, Հայաստանի մէջ իբրեւ մտաւորական, իբրեւ գրականագէտ, իբեւ գրող, իբրեւ Գրողներու Միութեան Նախագահ:
Բայց կարծես, այստեղ նաեւ ուրիշ Վարդգէս Պետրոսեան մը տեսայ: Եւ այդպիսով իր մասին ունեցած իմ գաղափարը, իմ պատկերացումը աւելի ամբողջացաւ եւ աւելի, թոյլ տուէք, պայծառացաւ» (ընդգծումները մերն են – Պ.Դ.):
Կարծում ենք, որևէ գրողի, ազգային-հասարակական գործչի համար ավելի լավ բնութագրություն գտնել հնարավոր էլ չէ: Մնում է միայն ափսոսալ այն բոլոր չիրականացած գործերի ու ծրագրերի համար, որոնք` ի բարօրություն իր պաշտած հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության, կարող էր անել Վարդգես Պետրոսյանը` 1994-ի անհեթեթ, անմարդկային ու անըմբռնելի վերջակետից հետո…

2 thoughts on “ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ 80. ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ՊԱՅԾԱՌԱՑՈՂ ԿԵՐՊԱՐ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

  1. Հարգելի պ-ն Դեմիրճյան
    Շնորհակալություն Վարդգես Պետրոսյանի դիմանկարի էսքիզի ազնիվ ներկայացման համար՝ հատկապես «Կրակե շապիկ» վեպի շուրջ եղած հակասական կարծիքների մասին: Իրականում բացահայտ անհիմն «մեղադրողները» ժամանակին բոլորովին այլ նպատակներ ունեին, որոնք մոլորության մեջ գցեցին ընթերցողին, ավելի ճիշտ չընթերցողին: Թե Սփյուռքը հետագայում, բացառություններ եղան իհարկե, թե ազնիվ ընթերցողն ընդհանրապես շատ նուրբ ու ճիշտ զգացողությամբ, բարձր գնահատանքով ու անթաքույց հիացմունքով ընդունեց Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ»-ում արտահայտված գաղափարները: Վկա են գրողի արխիվում պահպանվող բազում նամակները: Ես ժամանակին անդրադարձել եմ դրան, մասնավորապես 2008 թվականին՝ «Նոր Հայաստան« թերթում. ԺԵ տարի, թիվ 185, շաբաթ հոկտ 4. Վարդգես Պետրոսյան «Կրակե շապիկ հագած մարդը» ծավալուն հոդվածում. ….. «Կրակե շապիկ« վեպը երեկ, այսօր եւ վաղը դիվանագիտության ողջախոհության, սթափ հայրենասիրության դասագիրք է»:
    Սոնա Տիգրանյան Վ. Պետրոսյան Մշակութային Ֆոնդ
    Լոս Անջելես

  2. Բարեւ Պետրոս Դեմիրճյան
    Գովելի է, որ քսան տարի ուշացումով »տեր եք կանգնում» մեր մշակութային արժեքներին ու մեծերին: Այսօր ձեռնտու է գիրք կազմել, հոդված գրել, քսմսվելու համար հանճարի դափնիներին նրա քղանցքները համբուրել: Երբ հալածում եւ առեւանգում էին գրողի կնոջն ու զավակներին, որոնք իրենց կյանքի ու պատվի գնով պայքարում էին ջրի երես հանելու հանցագործներին, այդ՝ այսպես կոչված «գրականագետը» շատ ակտիվ էր վարկաբեկելու, դատական շինծու պրոցեսներ սարքելու, մի քանի գրոշ կորզելու համար գրողի կնոջից դեռ Վարդգեսի դիակը չսառած: Դա իր լքված արհամարհված լինելու վրեժն էր, գիտենք: Վարդգես Պետրոսյանը Էմմա Մակարյանից բաժանվել է շուրջ քասասունհինգ տարի առաջ՝ այդ փաստը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այնպես որ՝ որպեսզի փոքրիշատը հավաստի լինի ձեր հոդված գրելու մարմաջը՝լավ կլիներ չմոռանայիք ն ա խ կ ի ն բառը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։