«Ախտորոշում» բառն արդեն իսկ խոսում է հիվանդի մասին. երկիրս հիվանդ է: Երբեմն թվում է՝ անբուժելի… Ուրեմն՝ հիվանդ ենք մենք. բոլորս ենք հիվանդ, հատկապես նրանք, ովքեր իրենց առավել քան առողջ են համարում: Գուցե նրանից է, որ ապրում են՝ ուտում են, խմում… Էլ ինչ է պետք, Շո՛ւռա, երջանիկ լինելու համար…
Հենց այսպես էլ ապրում ենք՝ ապրելու իմիտացիա անելով, որովհետև մեռնում ենք՝ դանդաղ կամ արագ ենք մեռնում և չենք էլ պատկերացնում, որ սպանում ենք աստվածայինը՝ հոգին, որը, թերևս, միակն է, որ մեզ դեռ մարդ է պահում, և… շուրջբոլոր գարշահոտ է, ինչպես դիակի լքված հիվանդասենյակում, որին մոռացել են թաղել:
«Կանխորոշումը», ինչպես հայտնի է, անշնորհակալ գործ է: Չնայած՝ ինչպիսին էլ լիներ, ինձ համար միևնույն է: Ո՞վ եմ ես, որ կանխատեսեմ, որոշեմ, գուշակեմ… Ոչ ոք: Ինձ այս վերջին տարիները նիհիլիստ են դարձրել. ես վաղվա օրն արդեն չեմ տեսնում, և ոչ այն պատճառով, որ Աստվածաշունչն ասում է՝ այս օրով ապրիր, չէ՛, բոլորովին ոչ: Պարզապես ես թունելի վերջում լույս չեմ տեսնում, ինչպես հովհարային հոսանքազրկման տակ հայտնված թատրոնում. միայն ձայնարկություններ են, և ոչ մի գործողություն: Գուցե դերասանները լավն են, գուցե՝ վատը, ո՞վ գիտի…
Պարզապես վաղը ևս հոսանք չի լինելու, լույս չի լինելու, որովհետև պատերազմը չի ավարտվել, որովհետև 2023-ին տղաների մի նոր սերունդ էլ 18 տարեկան կդառնա:
Նարինե ԿՌՈՅԱՆ
