Առաջ Նոր տարին միշտ ուշ էր գալիս մեր տուն: Ուշ էր գալիս հայկական ազգային բանակի շատ սպաների տները: Մենք Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նախ բարձրանում էինք Եռաբլուր, ուղիղ կեսգիշերին շնորհավորում էինք Արցախը ազատագրած, մեր ժողովրդին ազգային հպարտություն ու արժանապատվություն շնորհած հայազգի Մոնթե Մելքոնյանի, եզդի Թեմուրե Զեյդինովի, ուկրաինացի Վոլոդիմիր Գլոբայի, թուրքմեն Կուրբանմուրադ Նեպեսովի, Ալեքսանդր Թամանյանի թոռան՝ ռադիոֆիզիկոս Ալեքսանդր Թամանյանի, մյուսների Նոր տարին:
Հիմա ես ամաչում եմ Եռաբլուր բարձրանալ, նայել Մոնթե Մելքոնյանի, Թեմուրե Զեյդինովի, Կուրբանմուրադ Նեպեսովի, Վոլոդիմիր Գլոբայի ու հատկապե՛ս, հատկապե՛ս Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ հուշակոթողներից ինձ նայող աչքերին: Բայց հավատում եմ, գալու է այդ օրը՝ նոր Վազգեններ, Մոնթեներ, Վոլոդիմիրներ, Կուրբանմուրադներ են վերանվաճելու մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունը, ես դարձյալ հաղթանակած եմ Եռաբլուր բարձրանալու:
Ոչինչ, որ Նոր տարին դարձյալ ուշ է գալու մեր տուն: