Մի օր էլ աչքդ կարող ես բացել, ու աշխարհը կամ քո երկիրը, մարդիկ անսպասելիորեն ունենան նոր չափանիշներ արվեստում ու կյանքում, բարոյական նոր սկզբունքներ, իսկ «հինը» զավեշտական կարող է թվալ: Աշխարհաքաղաքական վայրիվերումների համատեքստում ապրումներս ու մտածումներս իմն են, հրապարակելի չեն, և միշտ չէ, որ գրողի բարձրացրած ամեն հարց կարող է հետաքրքիր լինել, որքան էլ այն ճշմարտություն աղաղակի: Հանդիսատեսին «շամփրող» մի պիես ծնվեց՝ առանց լավատեսական լույսի, սթափեցնող, բայց հեգնանքի, հումորի ու պարադոքսների միջոցով: Կհրապարակեմ, երբ հասկանամ՝ արժե տպագրվի… Որքան խորանում ես, այնքան ավելի ես սարսափում նոր գործ գրելուց, ու ապշում եմ ինքնաբավ վստահություն ունեցող պիեսների ժողովածուներ «արտադրողների» վրա: Շատ չեն այն մարդիկ, ովքեր լիարժեք հասկանում են դրամատուրգիայից և կարող են քո ստեղծած տեսակի մեջ «դատել» գործը: Հեղինակի համար, բացի հաճույքից, նաև պատասխանատվության բեռ է, երբ քո պիեսները բեմադրվում են. այս տարի «Տիկին Սիրանույշ» մոնոդրամաս բեմադրվեց Թբիլիսիում, «Սմբակներ» աբսուրդի դրաման՝ Երևանում, իսկ Նոյեմբերյանի քաղաքային թատրոնում սկսված «Տիկին Սիրանույշը» դեռ անավարտ է, առողջություն եմ մաղթում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ պարոն Ս. Բեգլարյանին, ով ստանձնել է գործի բեմադրությունը: Միջազգային գիտաժողովում զեկույցս՝ «Արդի հայ դրաման», միջազգային նախագիծ-հանդիպման շրջանակում՝ արդի բելգիացի դրամատուրգների հետ: Մի քանի տասնյակ դպրոցներից հրավեր՝ քննարկելու հեքիաթներս, լսելու եկող սերնդի առողջ դատողությունները, որոնք առանձնակի հաճույք են:
2023-ին մեր երկրին ամրություն եմ մաղթում, միասնականություն, խոհեմություն և չընկճվելու կամք, իսկ գրչընկերներիս՝ նոր ձեռքբերումներ. ձեր հատկապես միջազգային հաջողությունները մեր բոլորինն են:
Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ
