Ժամանակները դժվար են, բայց հուսահատության իրավունք չունենք: Հայի ճակատագիրը միշտ է դարուփոսով ընթացել. ավելի ծանր անկումներ ենք ունեցել: Բայց ճիշտ չէ նաև հաշտվելը և եղածը օրինաչափություն համարելը: Պետք է ի վերջո փորձենք հասկանալ այդ անկումների իրական պատճառները, մեր բախտի անիվն անվերջ ձախ պտտող քամիների որտեղից փչելը: Որքա՞ն է օտարի և որքան՝ մե՛ր մեղքի բաժինը: Թշնամին թշնամի է, քանի դեռ քեզնից հզոր է իրեն զգում, բավական է նրա առաջ վճռական, ամբողջ հասակով և անհրաժեշտ զինավորվածությամբ կանգնել, արյունարբու գազանն անգամ կարող է հեզ դառնալ: Մինչդեռ «Մեր ուժը մեր թուլության մեջ է» կարգախոսով և խաղաղություն մուրացողի կերպարով լավ օրեր ենք երազում: Մենք թշնամուց ավելի պարտվել ենք մեր միջից դուրս եկած (արդյո՞ք մեր միջից), մեր կերպարով ու նմանությամբ մի միկրոժողովրդից, անկախության տարիների ընթացքում ձևավորված ու քիչ առ քիչ ազգից կտրված ու ազգուրաց մի խավից, որին թույլ տվեցինք զորանալ, գործել, ամրանալ ու դառնալ մեր երկրի և ժողովրդի ամենամեծ պատուհասը: Նրանց ձեռամբ վերացավ մեր իրականությունից «մտավորական» բառը, իսկ հետո իմաստը վերացվեց, որովհետև, որքան էլ կան ազգի սերուցք մտքի մարդիկ, նրանք «Ձեռքս չի հասնում, ձայնս չի լսվում» կարգավիճակում են վաղուց: Իշխողները միշտ են վախեցել այդ «գլխացավանք» մտավոր փաղանգից: Եվ ոտք ու գլուխ խառնվեցին իրար, և… Տարին դժվար էր, բայց ավելի դժվարինները կգան, եթե չճշտենք մեր շարունակության բանաձևը, չամրացնենք մեր գոյատևության հիմքերը, չհասկանանք ազգի առաջնորդի իրական կերպարի ճիշտ բնորոշումն ու չափանիշները և Բարձրյալի հետ մեր հաշտության կարևորությունը:
Նոր տարվա շեմին հզոր երկիր երազենք, ամեն բան անենք այն կայացնելու համար և սուր ճանկերով ու ժանիքներով «ժպտանք» դիվանագիտական անցուդարձերում:
ՆԱՆԵ / ԲԱՐԻ ՕՐԵՐ ԵՎ ԲԱՐԻ ՏԱՐԻ ԲՈԼՈՐԻՍ
