Կար ժամանակ, երբ ոգևորված ու կարևոր գործ անողի պատրաստակամությամբ էի արձագանքում տարբեր հարցազրույցների և հարցախույզների առաջարկներին, հատկապես՝ հեռուստատեսության և ռադիոյի գրական հաղորդումների հրավերներին ու գրական մամուլի, այդ թվում և «Գրական թերթի» ու այլ պարբերականների՝ գրականության շուրջ ծավալած խոսք ու զրույցին։
Քովիդից ու անիծյալ պատերազմից այսդին ամեն բան գլխիվայր է շրջվել թե՛ իմ հոգեբանության ու վարքի ու գնահատության չափանիշների մեջ, թե՛ իմ ապրած Հայաստանում, թե՛ աշխարհում։ Հիմա ինձ հուզողը գլխավորապես գործն է, ոչ թե այդ գործի թմբկահարումը, իսկ ի՛մ գործը գրելն է, ու ես հիմա ավելի շատ գրում եմ (անցնող տարում անգլերեն եմ թարգմանել իմ «Կանաչ մարգագետնի հմայքը» (2020) վեպը ու գրել եմ «Մեղր ու լեղի աշխարհ» նոր վեպս, որն արդեն պատրաստ է տպագրության), քան խոսում գրածիս մասին, թեպետ լավ եմ հասկանում, որ եթե ես լռեմ, առանց այդ էլ համակ լռություն հայ գրականագիտությունն ու գրաքննադատությունը (հինգ տարվա մեջ մեկ-երկու, թող որ արժանավոր գրախոսությունն ու գիտական վերլուծությունը, էլի բան են, բայց աննկատ պեծկլտացող կաթիլներ են անխռով ծովում) դժվար թե իրենց ծանր տեղը թեթևացնեն ու խոսեն գործիս մասին, հատկապես, որ դրանից ո՛չ բարոյական, ո՛չ էլ ֆինանսական շահ ունեն։
Գրելիս ես հիվանդանում եմ։ «Մեղր ու լեղի աշխարհ» վեպը ցավեցրեց ոչ միայն միտքս ու հոգիս (ինչպես հաճախ է ինձ հետ պատահում վեպ գրելիս), այլև նկատելի վնասեց առողջությունս, պրկեց ու քայքայեց նյարդերս, հանգուցյալ մայրս կասեր՝ գնացի էն աշխարհ, ետ եկա։ Այս վեպը մեր հին ու նոր ցավերի, կորուստների, և իհարկե, չմարող հույսի, չմեռնող սիրո պատմությունն է, որն անընդմեջ նորոգվում է մեր «մեղր ու լեղի աշխարհ»-ում։
2022-ին շնորհակալությամբ եմ հրաժեշտ տալիս. որպեսզի ավելին չասեմ, ասեմ, որ աշխարհի վերաբաժանման ու ազդեցության գոտիների վերաձևման այս անմարդկային անհանդուրժողության ժամանակներում մեր կորուստն ու ցավը որքան ահռելի, նույնքան անչափելի է մեր սերն առ Հայրենիք, մեր անձնուրաց կորովն ու դիմակայելու կամքը, մեր ապրելու և հարատևելու ձգտումը։ Մնում է խիզախենք ու միաբանվենք, մնում է խելք խելքի տանք ու մեր սայլը միակամորեն տեղից շարժենք։ Մնում է հաղթենք ինքներս մեզ, որպեսզի ոչ միայն գալիք 2023-ը, այլև եկող բոլոր տարիներն ու դարերը մերը լինեն։