Դեկտեմբերի 9-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Ներսես Խառատյանի «Անհայտը» վեպի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով դետեկտիվ ժանրի վեց գրքի հեղինակ Ներսես Խառատյանին, նշեց, որ այս գիրքն աչքի է ընկնում հոգեբանական հետաքրքիր շերտերով, և ավելացրեց, որ նա մարդուն ճանաչում է նաև իրավաբանի մասնագիտության շնորհիվ: «Ճակատագրական պահերին ճակատագրական որոշումներ կայացնելիս մարդու, հետաքննիչ-կասկածյալ անհատականությունների հոգեվիճակներին Ներսեսը լավ տեղյակ է, և գրվածքում այդ ամենը արտահայտվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ բանահյուսական ասացվածքների, առածների, նաև գրականության դեմքերի հետաքրքիր մեջբերումները, որոնք բազմաթիվ են, վեպը դարձնում են գեղարվեստական:
Գրքի խմբագիր Տիգրան Նիկողոսյանը ուրախալի համարեց, որ Ն. Խառատյանը հետևողականորեն անցնում է դետեկտիվի ճանապարհով: Տեղեկացնելով, որ վեպը գրվել է Մեղրիում՝ վստահեցրեց. «Հայրենի եզերքի ուժն է, որ բերում է այս տեսակ գրքերի ծնունդի»:
Պետրոս Դեմիրճյանը, ցավով փաստելով, որ թեև դետեկտիվ ժանրը բավականին հետաքրքիր և տարածված է այլ երկրների գրականություններում, սակայն մեզանում քիչ են եղել այն հեղինակները, որոնք ստեղծագործել են այդ ժանրում, արժևորեց Ն. Խառատյանի ավանդը դետեկտիվ ժանրի զարգացման գործում: Ապա անդրադառնալով վեպին՝ Պ. Դեմիրճյանը այն հետաքրքիր համարեց իր հոգեբանական հագեցվածությամբ, հերոսների կերպարների ավարտվածությամբ, սյուժեի զարգացման տրամաբանությամբ: Մեջբերելով գրքի վերջին տողը. «Կյանքը շախմատի խաղադաշտ է, ամեն ինչ կախված է քո քայլից»՝ նա ամփոփեց. «Իսկապես կյանքը խաղադաշտ է, և կարևոր է ամեն մեկի անհատական դիրքորոշումը, քայլը, գուցե և առաջին ու ընթացքում կատարած քայլը»:
Ըստ Խաչիկ Մանուկյանի՝ Ն. Խառատյանը, լինելով այդ ոլորտից, իսկապես տիրապետում է, չի ստեղծում հորինովի պատկերներ, տեսարաններ, իրավիճակներ: «Այդ ամենը անցել է իր կյանքով, ինչ-որ մի բան էլ եթե գրողական իր հունարով է անում, ապա անկյունաքար ունի իր անցած ճանապարհը, համոզումները»,- վստահեցրեց Խ. Մանուկյանը՝ հավելելով, որ այս լարված ժամանակներում դետեկտիվը հնարավորություն է տալիս լիցքաթափվելու:
Ելույթ ունեցան նաև Արևշատ Ավագյանը, Շանթ Մկրտչյանը, Անուշ Վարդանյանը, Վան Արյանը, Արմեն Ավանեսյանը և ուրիշներ:
Շնորհակալական խոսք ասաց Ներսես Խառատյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ