Դեկտեմբերի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Արձակ դաշտեր» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ ժողովածուում տեղ են գտել ժամանակակից ՀԳՄ անդամ 67 գրողների պատմվածքները, որոնք ՀԳՄ հրատարակչությանը տրամադրել են հեղինակներն իրենց ընտրությամբ, և գրքում ներկայացվել են ըստ տարիքի՝ ավագներից մինչև երիտասարդները, շեշտեց, որ անթոլոգիան հետաքրքիր է իր կենսական ընդգրկումով և ոճական բազմազանությամբ: «Վերջին 40-50 տարվա մեր գրական մտածողությունը, մեր ներաշխարհը, մեր երկրի, գրողի հոգսերը, արձակի ոճի, լեզվի և այլ գրական հատկությունների մեծ փոփոխություններն արտահայտված են այս ժողովածուում»,- ասաց նա՝ կարևորելով, որ ընդգրկված հեղինակների ստեղծագործությունները թարգմանված են տարբեր լեզուներով:
Ալիս Հովհաննիսյանը, խոստովանելով, որ իրեն զարմացրել է հայ գրողական խայտաբղետությունը, նկատեց, որ այս ժողովածուն ընդգրկում է հայ արդի արձակի ամբողջ ներկապնակը՝ իր գույներով, բույրերով:
Ըստ Մանվել Միկոյանի՝ որևէ սահման կամ տարբերություն չկա՝ ով որտեղ է ապրում, առաջին հերթին գնահատվում է ստեղծագործության գեղարվեստական արժեքը, տպագրվում է անթոլոգիաներում, հանրապետական գրական մամուլում առանց որևէ խոչընդոտի: Շանթ Մկրտչյանի հավաստմամբ՝ «Արձակ դաշտեր» ժողովածուն ընդհանուր առմամբ ներկայանալի գիրք է: «Մեր բազմաոճ արձակը երևում է այստեղ: Այսօրվա մեր պատմվածքի ընդհանուր դեմքն է ներկայացնում»,- ասաց նա:
Դավիթ Մուրադյանը, նշելով, որ ժողովածուն ունի հստակ կոնցեպցիա, այսինքն՝ տալ գրականության համապատկեր՝ իր բոլոր դրսևորումներով, ասաց. «Սա լուրջ քայլ է, սրանով մենք գրանցում ենք արդի գրականության գոյությունը, կենսական ներուժը, որակը և բազմազանությունը»: Պատմվածքը բնորոշելով որպես գրականության ճեպընթաց՝ նա վստահեցրեց, որ այս ժողովածուն մի կարևոր բան է հաստատում. «Մենք բոլորս գրում ենք մի ընդհանուր տեքստ, որը կոչվում է արդի հայ արձակ, բայց յուրաքանչյուրը գրում է իր ձեռագրով: Այդ ընդհանուր տեքստը՝ իր անհատական ձեռագրերով, այսօրվա մեր հայ գրողների մագնիսական կենտրոնն է և գումարման տեղը: Ուրախացնում է, որ այդ ձեռագրերն իսկապես անհատական են, իսկապես գրողի ինքնաբնորոշումն են և մեր գրականության բազմավեկտոր լինելու ապացույցը»,- ամփոփեց նա:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ