Նոյեմբերի 30-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Մենք և աշխարհը» մատենաշարի «Ներշնչանքի թռչունը» ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ «Մենք և աշխարհը» շարքից մինչև այժմ լույս են տեսել Իրանին, Ֆրանսիային և Վրաստանին նվիրված անթոլոգիաները, նշեց, որ սա 4-րդ անթոլոգիան է, որն ամփոփում է հայ ժամանակակից գրողների գրվածքները Ռուսաստանի վերաբերյալ: «Հիմնականում գրական փոխկանչեր են, առնչություններ, նաև պատմական ակնարկներ ու հայ-ռուսական գրական կապերի մեկնաբանություն»,- մասնավորեցրեց նա: Նրա հավաստմամբ՝ այս ժողովածուներն ունեն դասագրքային արժեք, քանի որ հատկապես այսօր տպագրվող դասագրքերը իրենց գեղարվեստական մակարդակով, թեմատիկայով և լեզվաոճական հնարքներով դպրոցական հոգեբանությանը հիմնականում անհարիր են: «Այս ժողովածուն վկայում է, որ մենք ունենք պատմական հիշողություն, որ մեր մշակութային գիտակցության մեջ է ռուս ժողովրդի ստեղծած գրականությունը, մեր մեծերի՝ Թումանյանի, Իսահակյանի, Դեմիրճյանի և մյուսների հոգևոր կապերը ռուս գրականության հետ: Դա մեծ գրականություն է՝ համաշխարհային հսկա արժեք ունեցող, և այն չընթերցել-չիմանալը մարդու հոգու դեմ է»,- շեշտեց Էդ. Միլիտոնյանը: Ապա առանձնացնելով Մագդա Ջանփոլադյանի ուսումնասիրությունը, որը լայնորեն ներկայացնում է հայ դասական գրողների անժխտելի հարազատությունը ռուս գրականության հանդեպ ու ազդեցությունը ռուս մեծ գրողներից, նրան արժանացրեց ՀԳՄ պատվոգրի՝ հայ գրականությունը հանրահռչակելու և ռուս ընթերցողին ներկայացնելու համար:
Մագդա Ջանփոլադյանը, դեմ արտահայտվելով հակառուսական տրամադրություններին, այժմեական համարեց այս գրքի հրատարակումը: Անդրադառնալով գրքում զետեղված իր ուսումնասիրությանը՝ նա տեղեկացրեց, որ ներկայացրել է հայ գրողների կարծիքները ռուս գրականության մասին, և թե ինչ ազդեցություն են կրել ռուս գրականությունից:
Արևշատ Ավագյանը պատմեց ռուս անվանի բանաստեղծների հետ իր հանդիպումների, հարաբերությունների մասին, որոնք մնացել են իր ստեղծագործական կյանքի հիշողության մեջ: «Այդ 25 տարին հիշում եմ սիրով՝ քաղաքական դաշտից դուրս, մարդասիրական զգացումներով տոգորված: Հպարտ եմ, որ կարողանում ենք պահել այն ջերմությունը, սերը, որ համամարդկային է և չի կապվում ագրեսիվ քաղաքական մտքի հետ»,- ամփոփեց նա:
«Ուրախալի է հատկապես այն գրքերի լույսընծայումը, որոնք հնարավոր են դարձնում ծանրացած այս օրերին օգտագործել «մենք» բառը, որովհետև երբ իրարից այսքան տարբեր մարդիկ, տարբեր կենսագրության տեր, տարբեր գրական-մշակութային ժառանգության կրողներ կարողանում են համախմբվել մի գեղեցիկ ու ազնիվ բանի շուրջ, մեծ հաղթանակ է ոչ միայն ՀԳՄ-ի, այլև մեզնից յուրաքանչյուրի համար»,- նկատեց Շուշանիկ Թամրազյանը՝ հավելելով, որ իր ներքին կենսագրությունը օրգանական կապերով ներհյուսված է ռուս գրականությանը և ռուսական արվեստին: «Այս ներշնչանքի թռչունը կենսական նշանակություն ունեցող մի միջավայր տարավ ինձ, որտեղ երկու մշակույթները և ընդհանրապես մշակույթները, գրողները, լեզուները երկխոսում են միմյանց հետ»,- ամփոփեց Շ. Թամրազյանը:
Ժողովածուում ընդգրկված իրենց գործերի, գրականությունը քաղաքական կեղծ օրակարգերից ազատագրելու մասին խոսեցին նաև գրքի հրատարակիչ Վան Արյանը, Անուշ Վարդանյանը, Գոհար Գալստյանը, Ներսես Խառատյանը, Շանթ Մկրտչյանը, Գոհար Ռշտունին, Ելենա Շուվաևա-Պետրոսյանը և ուրիշներ:
«Ներշնչանքի թռչունը» գրքի վերջին բաժնում ընդգրկված են հայ ռուսագիր գրողների և թարգմանիչների նյութեր ռուսերեն:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ