ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս Դավիթ
Միքայելյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
Գրականությանը մատուցած ծառայությունների, լրագրության բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության և ծննդյան 70-ամյակի առթիվ Դավիթ Միքայելյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Դավիթ Միքայելյանը գրական վաստակի համար արժանացել է Հայաստանի գրողների միության Ոսկե մեդալին:
***
Դավիթ Միքայելյանի պոետական աշխարհը հայրենի Արցախն է, նրա նախասիրությունների և մտահղացումների կենտրոնում` մասունքների պես խնկարկվող, մամռակալած ու հազարակնճիռ շահ թթենին, հարազատ ծննդավայրը` «շուրթերին արծաթ մի գետակ», ջրաղացն ու թոնրատունը, պապենական կաթնաղբյուրը, Հովհաննես պապի պատվաստած ծառերը և այս ամենին շունչ ու ոգի ներարկող Արցախ աշխարհի աշխատավորը: Անկեղծ զգացումներ կան նրա քնարական նվագներում, բանաստեղծական խոհերը տաք ապրումների թանձրացումներ են, իսկ երգերի մեջ` Դավիթն ուղղակի վարպետության է հասնում…
Սևակ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
***
…Համագործակցելով Դ. Միքայելյանի հետ՝ շուտով երգերի նոր շարան ծնունդ առավ: Ու ես առավել հոգեհարազատ այդ գործերից մի քանիսը ընդգրկեցի իմ երգարանի առաջին ու երկրորդ հատորներում, հավատացած լինելով, որ այսօր դրանք պահանջված են և սիրով են ընդունվելու երաժշտասեր հասարակության կողմից:
Խաչատուր ՆԵՐՍԻՍՅԱՆ
ՀՀ արվեստի վաստ. գործիչ
***
Դավիթը… նա երբեք չի ձևանում, գրում է` երբ պիտի գրի, կատակում է` երբ պիտի կատակի, երգում է` երբ պիտի երգի, երաժշտություն է հորինում` երբ պիտի հորինի… Իսկ այդ «երբ»-ի սահմանադիրն ինքն Աստվածն է ամենակարող: Գրողի մեծագույն առաքելությունը, կարծում եմ, իր իսկ կերպարում մարդուն վեհացնելն է: Դավիթը բնավորություն է, այն էլ` ընգծված, խոսքը համ ունի, հոտ ունի, գործը սրտով է կատարում: Նա երգի տողի մեջ հոգի է դնում…
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի ԳՄ նախագահ
***
Դավիթ Միքայելյանը, որ իր երկրամասի երգիչն է, իր երգերի մեջ նույն հավատավոր արցախցին է: Լուսապաշտություն և արևապաշտություն կա նրա ստեղծագործություններում, որով և մտնում ես բանաստեղծի աշխարհը: Այդ երգերը տարբեր հոգեվիճակներ, տրամադրություն և զգացմունքներ են արտահայտում, որոնք և՛ ապրված են, և՛ ջերմ են ու անմիջական: Դավիթ Միքայելյան բանաստեղծի գրական հերկը խոստումնալից է, արտը` առողջ. լիքը հասկերով է առատ, և հողն էլ բարեբեր է:
Բոգդան ՋԱՆՅԱՆ
***
Սիրելի՛ Դավիթ, հեռավոր Լիբանանում ինձ համար անսահման ուրախություն է իմանալ, որ Արցախում քո հեղինակությամբ նոր երգեր են ծնվում:
Շատ եմ ցավում, հնարավորություն չունեցա անձամբ ներկա գտնվել քո հեղինակային երեկոյին: Սակայն մտովի չեմ կարող չվերապրել այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախ աշխարհում` մանավանդ մշակույթի ու կրթության բնագավառում: Քո նկատմամբ ունեցած իմ հարգանքն ավելի թանձրացավ, երբ վայելեցի քո ստեղծագործությունները, քո անուշ երգերը: Ինձ քաջ հայտնի է քո ներդրումը հերոսական Արցախի կյանքին և մանավանդ գրական ժառանգության մեջ: Ի սրտե միանում եմ քո տեքստերով «Վարանդայի» իմ սաների (այս անգամ իմ բացակայությամբ) հնչեցրած երգերին և իմ շնորհավորանքի ու սիրո ուղերձն եմ հղում` մաղթելով նորանոր նվաճումներ, ամենայն լավն ու բարին:
Զաքար ՔԵՇԻՇՅԱՆ
Երաժիշտ, երգահան, խմբավար
Բեյրութ
***
Դավիթ Միքայելյանի ստեղծագործությունների հավատի ժամը հուշում է, որ երգը, նվագը, բառը զարդարանք չեն: Ներշնչանքը հեղինակին տանում է այնտեղ, որտեղ մայրանում է ծիածանը շահ թթենու ճյուղերն ի վար, և հոգեպարար, զուլալ երգն է ծնվում հոգուց:
Նրա տողերում երաժշտության ելևէջներով հարություն առնող ոգին լուսավորում է Արցախյան գոյամարտի նահատակների ճանապարհը, բառ առ բառ ամբողջացնելով պայքարի իմաստը, որ հավատի մի հյուլե է` լեռան շուրթին:
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
***
Դավթի ձայնը բնության բազմազանության մի պատառիկն է` բառի, երաժշտության, երգի ելևէջումներով, ինչի մեջ ակնհայտորեն դրսևորվում են նրա բնավորության անմիջականությունը, ցավին համակիր լինելու ունակությունը, մարդկային էության ազնվությունը: «Սիրուց և ցավից ծնված երգերը» ասածիս ինքնատիպ արտահայտությունն է:
Հեղինակն իր երգատողերի մեջ ուղղակիորեն ու անուղղակի դնում է մեր ժամանակի դրամատիզմը, ողբերգականությունը, հերոսականությունը, արցախցու դիմացկունությունն ու հավատը իր ուժի ու վաղվա հանդեպ: Դավթի երգերը լույսի ու հույսի սրտահույզ քնարական զեղումներն են, որ իրենց ետևից տանում են ունկնդրին:
Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
***
Դավիթ Միքայելյան
«Բուքը ոռնում է» շարքից
ՀԱՅԱՍՏԱՆ
Դու այն անունն ես,
Որ ծնված օրից
Ուղեկիցն է իմ զորեղ օրհնանքի,
Եվ առավոտս ծաղկում է քեզնով։
Հրաշքով փրկված դու ծիրանի ծառ,
Իմ մա՛յր Հայաստան։
Քայլերս
Անվերջ ճամփադ են փնտրում,
Ու տառապանքս նեղվում է ցավից,
Մինչև ե՞րբ պիտի
Հարազատ մորն իր
Որդին երազի աչքերով նայի,
Հեռվից կարոտի…
Ելնեմ
Ու հիմա ես ո՞ւմ նախատեմ,
Սիրտս ո՞ւմ բացեմ…
Ձմեռ է եկել, Հայաստա՛ն աշխարհ,
Կռունկներիդ հետ
Ինձ էլ առ գիրկդ, մի քիչ տաքանամ…
Երեկ
Երազում ճամփորդեցի ես
Օտար երկրներ, հեռո՜ւ-հեռավո՜ր…
Ու պահի մեջ այդ
Իմ հոգում խոսեց անհուն մի կարոտ,
Որ բոլորովին
Նման չէր մյուս իմ կարոտներին,
Հասկացա, որ ես
Հավերժող ծառիդ կանաչ մի շյուղն եմ,
Քոնը էությամբ։
Ես՝ որդին ըմբոստ հինավուրց հողիդ,
Անունը՝ Արցախ։
Խոստովանություն
Ես երկյուղում եմ,
Երբ մտերիմ մարդիկ
Հիշատակում են ծննդյանս
տարեդարձի մասին
Եվ շնորհավորում։
– Վայ,- ասում եմ,- ամոթ է,
Մի՛ հիշեցրեք ինձ
Նոյեմբերի 7-ի աղետալի օրը,
Որ ողբերգական էր
Արցախիս համար,
Ճակատագրական…
Տղերքը
Չնայած կռվում էին հերոսաբար,
Եվ քաջի մահով
Շատերը ընկան
Բերդաքաղաքի պարիսպների տակ,
Հրադադարից րոպեներ առաջ…
Սակայն
Դավադիրների հանցավոր ձեռքով,
Սկուտեղի վրա այն
հանձնվեց թշնամուն,
Անարգվեցին
Նահատակված տղաների
հիշատակը,
Սրբությունները բոլոր…
Ահա արդեն
Մի ամբողջ տարի
Շարունակվում է մղձավանջը դաժան,
Ու հավատալ չի լինում,
Սթափվել չի լինում,
Մեղավորի պես գլուխս կախել,
Վախենում եմ
Նախկին հպարտությամբ
Փողոցով քայլել,
Մարդկանց աչքերին
աներկյուղ նայել…
Հանցանքի տերը
Ասես ես լինեմ,
Շշկռվել եմ ու
Հանդիմանում եմ հաճախ ինքս ինձ…
Չգիտեմ՝ ինչպես «մեղքերս» քավեմ
Եվ հպարտ քայլեմ…
Բարեկամներս
Ծննդյան առիթով
Մի՛ շնորհավորեք ինձ,
Ձեզ շատ եմ խնդրում,
Ավելի լավ է
Հանդիպման պահին
Բարև տաք, անցնեք…
***
Հողս բզկտված է,
Հայրենիքս՝ արնածոր,
Ինձնից ուժով խլել,
Հոշոտել են փորձում
Արցախատունս:
Սավառնող արծիվներն
այս ո՞ւր մնացին…
Գիշանգղների պես
Բայրաքթարներն են
Երկնում վնգստում,
Իսկ պահապան արծիվները
Ուշանում են…
ԲՈՒՔԸ ՈՌՆՈՒՄ Է
Կեղևդ բաց արա, ծա՛ռ,
Առ ինձ կեղևիդ մեջ…
Ռ. Դավոյան
Հողմը խոսեց մեկեն,
Ցրտերը եկան կրկին,
Քուն չի գալիս անգամ նորածնի աչքին,
Մղձավանջից
Զարթնել է ժողովուրդն իմ զարկված.
Խավարի մեջ
Լույս է որոնում կրկին…
Այս էլ՝ քանիերորդ անգամ
Գազանացած ու նենգ
Կրակեցին վերից նրա
խոցված վերքին։
Բա՞վ չեղավ դավել,
Կեղեքել, մորթել,
Անմեղ արյուն է թշնամին
ուզում հեղել…
Այսքան ծաղր ու ծանակ
երբեք չենք տեսել,
Աստվա՜ծ իմ,
Ախր քեզ ի՞նչ է եղել…
Հավատա,
«Տերը» մերկ է էն գլխից,
Եվ զուր ես նրան մեզ մատաղ տալիս…
Տես,
Թշնամին է ոռնում գայլի պես՝
Զոհասեղանին
Արյուն հեղելու տենդով հղփացած,
Ու ժանիքներին յաթաղանից էլ սուր,
Արյան շիթերը դեռ չեն չորացել…
Սթափվիր, աշխա՛րհ,
Ուշքի եկ, Աստված։
Թե զղջաս հետո՝ շատ ուշ կլինի,
Իսկ այսօր ահա,
Նոր գորշ ամպեր են տանիքիս նստել,
Ու բարուրի մեջ
Նորածին մանչը չի ուզում քնել…
Հողմը խուժեց մեկեն,
Ցրտերը սաստկացան,
Հայաստա՛ն,
Ա՛ռ ինձ քո տաք կեղևի մեջ,
Բուքը ոռնում է…