Հոկտեմբերի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Պերճուհի Ավետեանի «Մատնահետքեր» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Պ. Ավետեանն այս գրքում ներկայացնում է իրենց թաղի, Հալեպի պատմությունները դրվագներով, դիտողականությամբ, նաև բանաստեղծական էությամբ, նկատեց, որ գրողի տոհմի, Մեծ հոր ճակատագրի անդրադարձները ընդհանրացնում են հայի ճակատագիրը՝ երկրից երկիր տեղափոխություններ, օտար ազգեր, օտար լեզուներ, և այդ ամենը՝ նուրբ դիտողականությամբ: Էդ. Միլիտոնյանը կարևոր համարեց գրքում ընդգծվող ապրեցնող շեշտերը, այսինքն՝ մարդն իր կյանքի կարևոր հատվածը պիտի նվիրի հայրենիքին ծառայելուն՝ գրչով, հայրենիքում ապրելով, մարդկանց հանդեպ հոգեկցությամբ: Այնուհետև նա Պ. Ավետեանին գրական գործունեության համար պարգևատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:
Ալիս Հովհաննիսյանը, որ նաև վարում էր շնորհանդեսը, նկատեց, որ Պ. Ավետեանի գործերում կա և՛ ռիթմ, և՛ նրբազգացություն, և՛ հոգեբանական վերլուծություններ: «Այն ամենը, ինչ ցրված էր սփյուռքահայ ու տեղական մամուլում, Պերճուհին կարողացել է ամբողջացնել այս գրքի մեջ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ գիրքը կազմված է 4 հատվածից՝ պատերազմական մթնոլորտ, հրապարակախոսական արձակ, գեղարվեստական պատումներ ու երգիծանք: Նա արժևորեց նաև այն իրողությունը, որ Պ. Ավետեանը անդրադառնում է գրական լեզվի մաքրությանը:
Ըստ Հակոբ Միքայելյանի՝ Պ. Ավետեանը իր գրչի հետ երկար տարիներ ուղեկից է դարձել գրական ճանապարհին Հալեպում և շարունակում է Հայաստանում՝ պահպանելով մաքուր արևմտահայերենը: Նրա կարծիքով՝ այն գրողները, որոնք գիտական մասնագիտություն ունեն և որոնց ուղեղը ծանրաբեռնված է իրենց մասնագիտությամբ, գրականությանն են նվիրվում, որովհետև արվեստը բաց պատուհան է մաքուր թթվածին շնչելու համար, հոգեկան անդորր ապահովելու հոգնած ուղեղներին:
Գոհար Գալստյանը, ընդգծելով, որ Պ. Ավետեանը արևմտահայ գրականության անմիջնորդ, անմիջական շարունակող ու արևմտահայերենի լավագույն ավանդույթները պահող հեղինակ է, նշեց, որ արձակում նա ներկայանում է որպես հուշագիր, հրապարակախոս, գեղարվեստական պատմվածքների հեղինակ: «Առանձնացված է նաև երգիծանքի բաժինը, որը դարձյալ զուգահեռվում է և՛ հրապարակախոսության հետ, և՛ պատումը գալիս է հուշագրության տարածք, այսինքն՝ պայմանական են առանձնացումները»,- ասաց Գ. Գալստյանը՝ հավելելով, որ գիրքն ընթերցելուց հետո իր ներսում այն վերարժևորել է որպես Պ. Ավետեանի կենսավեպ: Համակողմանիորեն վերլուծելով գրքի չորս բաժինները՝ Գ. Գալստյանն ամփոփեց. «Գրքի մեջ մեզ բազմաթիվ հայելիներով արտացոլվում են և՛ պատերազմի արհավիրքները, և՛ մարդկային ցավը՝ ոչ միայն հայի: Իր տեսածի պրիզմայով կարողանում է մեզ շատ բաներ գիտակցել տալ, օրինակ՝ ջրի անտեղի վատնումը, երբ մի կաթիլ ջուրը պատերազմի ժամանակ որքան թանկ կարող է լինել»:
Պետրոս Դեմիրճյանը ընդգծեց, որ չնայած բոլոր ցավերին, ողբերգություններին, տառապանքներին, որ կրում են հերոսները, Պերճուհու մոտ հիմնականը մնում է լավատեսությունը, կենսասիրությունը, կյանքի համար ներքուստ, հոգեպես պայքարելու կամքը:
Ելույթ ունեցան նաև Սաթենիկ Մկրտչյանը, Հովիկ Վարդումյանը, Նանեն՝ շեշտելով, որ Պ. Ավետեանն իր գրականությամբ մարդու մեջ արթնացնում է մարդուն: Շնորհանդեսի ընթացքում հնչեցին հատվածներ գրքից: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Պերճուհի Ավետեանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ