Մի հայ կին կա, որի զավակներն ու բարեկամներն ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Բուլղարիայում և այլ երկրներում, իհարկե, գլխավորը՝ Հայաստանում։ Նա ամեն առավոտ աշխարհին խաղաղություն է ցանկանում և խղճում այն երկրներին, որտեղ պատերազմ է հիմա։
Նա լավ չի պատկերացնում, թե ինչ են ուզում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, Ուկրաինան ու Գերմանիան և ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ահա կիսվել է երկու հակադիր մասերի, և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն է թևածում Ուկրաինայում և մասամբ Ռուսաստանի սահմաններից ներս, Ադրբեջանի կողմից դիրքային խորացումներ են Հայաստանի սահմանների վրա, օդում կախված է Չինաստանի՝ Թայվանի նկատմամբ բնական, հայրենական մղումը, դրան՝ զսպող ԱՄՆ-ի սպառնալիքները, Տաջիկստան-Ղրղզստան, Սիրիա, Իրաք, Իրան և այլ գոտիներում մեծ խմորումներ, որոնցից ուտելու հաց չի թխվի, այլ մի սև եռանկյունի նամակ։
Առաջ պատրաստվում էին հարավ-հյուսիս պայքարի, հիմա արևելք-արևմուտքի փոխվեց, վաղը գուցե երկիր-երկնքի և ատոմային քաոսի։
Իսկ այն հայ կինն ուղղակի խղճում է բոլորին ու չի հասկանում՝ ախր էդ Մինսկի խմբի Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկան պիտի Արցախի հարցով զբաղվեին, զբաղվել են 25 տարի ու հիմա ինչո՞ւ իրար դեմ ելան, այսինքն՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը՝ Ռուսաստանի, ու ոնց որ մոռացան Արցախը, կամ էլ արանքում, միմյանց ճնշելու համար սա էլ են օգտագործում, ինչպես Ուկրաինային են մեջտեղ գցել։
Նրա տղաներից մեկը Ֆրանսիայում է, մտածում է՝ ձմեռը կմրսեն առանց գազի, մյուսն էլ կմրսի Բելգիայում։
– Վա՜յ, Աստվա՜ծ,- հառաչում է կինը,- Հայաստանին ու Արցախին հեռու պահիր էդ պահապաններից։ Մյուս երկրներին էլ վառելիք տար։
Նա չի հասկանում, որ ախր այդ երկրները շահեր ունեն, գազ ու մազի ճգնաժամ կա Եվրոպայում, և առաջին հերթին դրա մասին պիտի մտածեն, հետո՝ Արցախի, իսկ Հայաստանը ծախելու քիչ բան ունի, քիչ զենք, բայց նրանցից զենք գնելու համար միլիարդներ չունի, իսկ ահա Ադրբեջանը՝ է՛լ գազ, է՛լ միլիարդ, Ալիևն էլ իր մեծ փողերը երևի պահում է էդ երկրների բանկերում։ Մի խոսքով, մեր հայ կինը չի հասկանում, թե էս՝ մեր TV-ներով քաղաքական գործիչները, բազմաթիվ փորձագետներն ու գրագետները ինչ համոզված ու վստահ բաժանվել են երկու և կողքից էլ մի քանի մանր հատվածների ու քարկոծում են միմյանց, թե որ ուղին է ճիշտ՝ արևելք, արևմուտք, Ռուսաստան, Իրան, Լեհաստան…
Հայ կինը տխրել է, որ իրենց Բանգլադեշի իննհարկանի շենքի բնակիչներն էլ, չգիտես ո՞նց, բաժանվել են տարբեր կողմերի, տղամարդիկ քիչ է մնում նարդի խաղալիս բակի տաղավարում իրար ծեծեն։ Կանայք էլ՝ մազեր պոկեն։ Մեկը գոռում է, որ էն չգիտեմ ինչյանը 100 տոկոսով համոզված ասաց՝ գերմանացիք, այսինքն՝ Եվրոպան, գալու է զորքով քշի թուրքերին… Նրան տեղում, բլոթի լեզվով ասած՝ չախում է իրեն գիտուն համարած ավտոմեխանիկ Վաղոն՝ արա՛, ի՞նչ Եվրոպա, հրեն Իրանը զորքը բերել է սահման ու մեզ է պաշտպանելու…
Իսկ ահա մսագործ Արմոն իր հանգստությամբ վեճը փորձում է հարթել՝ ինչ ուզում եք ասեք, բայց Ռուսաստանն է ըստեղի զոն նայողը, ոչ մեկը թող չթպրտա, Ավարայրը հիշեք…
Մեկն էլ թե՝ ամեն տեղ էլ հայ կա, իրար դեմ են կռվելու։
Նարդու պարտվածը ոտքի է կանգնում ու՝ բա թո՞ւրքը, նա մարաղ մտած սպասում է Ամերիկայի հրամանին, բայց…
Իսկ նարդու հաղթողը վճռական ասում է՝ հա՛, Ալիևը թքած ունի Եվրոպայի ու Ամերիկայի վրա, եկեք մեր խաղը, իքի բիրը խաղանք, փորձանք են էդ փորձագետները, ամեն մեկը մի կողմից սնվում է ու փչում նրանց նվագը, չե՞ք կարդում՝ ով որ երկրից է ցուցակով ստանում…
Այստեղ բոլորը համաձայնվում են՝ ծախված են բոլորը, տո՛, էն հրեշտակ հայրենասերն էլ պարզվեց թուրքի լրտես ա։
Հայ կինը չի հասկանում, թե ով է հրեշտակ, ով՝ սատանա, բոլորին խղճում է, անգամ Բայդենին, Պուտինին, մեր ընդդիմադիրներին, իշխանավորներին, ժեկի կառավարիչին ու մրմնջում.
– Միայն թե խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, ու էս մեր իրար հայհոյողները իրար գլուխ գան էս մեր տաղավարի խաղացողների պես ու մի բաժակ գինով իրար կենաց խմեն, թե չէ…
ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ
Ես վախենում եմ չվախեցողներից։
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Այս խառը, այս դառը աշխարհում, երբ հաճախ հզոր ու միջին երկրների ղեկավարներն էլ պարզորոշ չեն տեսնում, թե ինչ է լինելու վաղը, ինչ ընթացքով են զարգանալու տեղ-տեղ փոթորկող պատերազմները, մոտալուտ վտանգներից երկնչող հասարակարգերը, համակարգերը, թե ատոմային 1332 ռումբերը ինչ են փսփսում իրար ականջի ու Թրամփին ոնց են հուշել, որ Ռուսաստանի հետ չպետք է առճակատվի ԱՄՆ-ը, լավ լինի, ահա այս համապատկերին տեսնում եմ հայկական հեռուստաալիքներից մշտապես հայ ազգին վճռական ու վստահ համոզկերությամբ միակ ու ճշմարիտ ուղի ցուցանող-խոսող գլուխները, որոնք մե՛րթ քաղաքական գործիչ են, մե՛րթ փորձագետ, մե՛րթ քաղաքական մեկնաբան, մե՛րթ հզոր երկրների ներքին անցուդարձին տեղյակ իմաստուն գուշակներ։ Մեկը հարցնող լինի՝ եթե այդ երկրներում, մեր աչքի առաջ քաղաքական լուրջ վեճեր են, ղեկավարների փոփոխություններ, անսպասելի կողմնորոշումների տեղաշարժեր, էդ ո՞վ և ո՞նց ձեզ տեղեկացրին և ապագան թղթի վրա գծագրած հրամցրին, ու դուք էլ մեր ժողովրդին եք համոզում, սիրելի՛ ընկերներ ու հայրենասե՛ր ծանոթներ, ձեր մի մասի հետ մենք կյանք ենք ապրել, ընկերական շփումներ ենք ունեցել և ունենք, խնդրում եմ, որպես բարեկամ, որ հարգում եմ ձեր ոգորումները, մի քիչ վախեցեք ձեր անկեղծ պոռթկումներից ու տեսլականներից, ռեալ թվացող մոտավոր և հեռավոր այլերկրային, անշուշտ, շահախնդիր խոստումներից։ Մի քիչ կասկածեք ձեր ընտրած ու հավատացած միակ ուղուն։ Կարդացեք անցյալ դարի տասական և քսանական թվականների սկզբին գրված Թումանյանի ու Իսահակյանի հոդվածներն ու նամակները, նաև մեզ խիստ անհրաժեշտ է գոնե ծանոթանալ 15 թվից առաջ Պոլսում հրապարակված Երուխանի, Զոհրապի և մյուս երևելիների նյութերին։ Այն ժամանակ էլ, որքան գիտեմ, Արևմտյան ու Արևելյան Հայաստանների գործիչների ու ռազմաքաղաքական գիտունների միջև կար խորը անհամաձայնություն կողմնորոշումների ու մեր քայլերի հարցում։ Վերոհիշյալ արևմտահայ գրողները զոհվեցին անապատներում, նրանց հետ նաև մեծանուն այլ գրողներ ու գործիչներ, և դատարկվեցին մեր հայրենիքի չքնաղ բնակավայրերը։
Եթե բոլորդ մի քիչ հարգեք իրար, ընդդիմադիր-իշխանավոր-նորահայտ քաղուժեր, հասարակական խմբեր ու կազմակերպություններ, և վերջապես ժողովրդով պատրաստ կլինենք լսելու միմյանց, գուցե մեր ամբողջությունը Վանգայից վատ չի գուշակի, ձևակերպի մեզ սպասող ապագան ու կհուշի միմյանց հետ բանավեճի մշակույթը, հանդուրժողականությունը, վերջապես՝ սերը, ճիշտ է, քաղաքական կատեգորիա չեն, բայց առանց դրանց չկա ո՛չ ժողովուրդ, ո՛չ երկիր, ո՛չ քաղաքականություն ու քաղաքակրթություն (հիշենք նաև, որ շատ թմբկահարած պետականորեն ընդունված առաջին քրիստոնյաներն ենք)։
Վկա՝ աշխարհի այսօրվա վիճակը, հատկապես, երբ երկու եղբայր թշնամացած կործանել են ձգտում միմյանց։ Նրանք վիճարկում են, թե ո՞վ է ավելի սլավոն, ո՞ր տեղանքն է գլխավոր ռուսական մայր հայրենիքը, ո՞վ է ավելի ուղղափառ քրիստոնյա և ո՞վ է ավելի քաղաքակիրթ։ Եվ ընկնում են իրենց և ուրիշների ռումբերն ու հրթիռները իրենց գլխին, ու հրահրվում է քաղաքակիրթ դրսից՝ մինչև վերջին ուկրաինացի, և որ հասկանալի է՝ մինչև վերջին ռուսաստանցի։
Մեր սպարապետ գրող-զինվորականն է գրել՝ ես վախենում եմ չվախեցողներից։
Թույլ տվեք ես հասկանամ նաև, որ նա վախենում էր ինքն իրենից, իր չափազանցված, սահման չճանաչող հզոր նպատակներից ու տեսիլքներից, որոնց իրական դառնալը հաճախ մեզնից կախված չէր։
Նա հաճախ էր կրկնում՝ 21-րդ դարը մերն է լինելու։
Չեմ կարող հաստատել նրա տեղեկացվածության մասշտաբները, սակայն այն, որ չէր խանգարի մեզ տասը չափելու, մեկ կտրելու ժողովրդական իմաստությունը, չի խանգարի ոչ մի մարդու և ժողովրդի։ Հաճախ այդ մեծերն են իրենց երևակայական, հրաշք գաղափարները պատվաստում զանգվածների նույնքան հուզական ներաշխարհին և…
Ըմբռնենք, որ զգուշությունը վախկոտություն չէ. խելամտության, վերլուծության, հաշվարկների մղող վիճակ է։ Հերոս ձևանալը դեռևս հերոսություն չէ։ Հերոսաբար միմյանց խաբելը վախկոտությունից առավել մեղք է։
Աստված մեզ հետ, Աբելին ու Կայենին հիշելով ասենք՝ եղբայրներ ենք մենք։