Հոկտեմբերի 21-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի թարգմանությամբ լույս տեսած «Ավեստա. իրանցիների հնագույն երգերը և տեքստերը» գրքի շնորհանդեսը: Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով Էդուարդ Հախվերդյանի դերը իրանցի ժամանակակիցների ստեղծագործությունները և Ղուրանը թարգմանելու գործում, անդրադարձավ «Ավեստա»-ի թարգմանությանը, որում ամփոփված են իրանցիների հնագույն երգերը: «Առանց այս գրքի լուրջ իմացության մենք նաև չենք կարող ընկալել մեր մեծ գրողների՝ Թումանյանի, Իսահակյանի ստեղծագործությունները»,- կարևորեց նա: Իրանագետ Տիգրան Դավուդյանը նշեց, որ շուրջ 30 տարի Հայաստանում իրանական գրականությունը ներկայացնելու փորձառությունը օգնել է Էդ. Հախվերդյանին՝ հրատարակելու այսպիսի կոթողային գործ:
Արքմենիկ Նիկողոսյանը, «Ավեստա»-ն համարելով համաշխարհային մշակույթի կոթող, որը պետք է լինի աշխարհի բոլոր լեզուներով, գնահատեց պարսկական գրականության թարգմանության գործում Էդ. Հախվերդյանի վաստակը և աշխատասիրությունը: «1500 ծանոթագրություն կա, ինչի շնորհիվ «Ավեստա»-ն նաև հանրագիտարանային արժեք ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ այն մեծ տեղ կունենա մեր իրականության մեջ: «Այս գրքի հայերեն թարգմանությունը կօգնի բազմաթիվ ոլորտների՝ ավելի հստակ ուսումնասիրություններ անել և՛ հայագիտության, և՛ համաշխարհային պատմության մեջ, ինչպես նաև կօգնի թարգմանիչներին հնագույն տեքստերի թարգմանության գործում»,- վստահեցրեց Ա. Նիկողոսյանը: Ըստ բանաստեղծ Թադևոս Տոնոյանի՝ այս գիրքը ոչ միայն համաշխարհային ճանաչում ունի, այլև անմիջականորեն առնչվում է հայկական արմատներին, հայ ինքնությանը: Խոստովանելով, որ իրեն մի պահ անհավատալի է թվացել այդ գիրքը թարգմանելը, նա Էդ. Հախվերդյանի անհնար աշխատանքը համարեց մի ամբողջ ինստիտուտի գործ:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ընդգծելով, որ թարգմանիչները առհասարակ մեծ դերակատարություն ունեն երկրների, ազգերի մշակույթները մյուս երկրներին փոխանցելու մեջ, նշեց, որ Էդ. Հախվերդյանը բազմակողմանիորեն ներկայացնում է իրանական գրականությունը՝ թարգմանելով Ղուրանը, նախաիսլամական կրոն Ավեստան և ժամանակակից ամենահայտնի հեղինակներին:
Ելույթ ունեցան նաև թարգմանիչ Գևորգ Ասատրյանը, Արևշատ Ավագյանը, Անահիտ Արամունի-Քեշիշյանը: Շնորհակալական խոսքում Էդ. Հախվերդյանը կարևորեց գրքի թարգմանությունը ոչ միայն այն հանգամանքով, որ այն առնչվում է տարածաշրջանի ծեսերին, օրենքներին, ավանդույթներին, այլև անմիջականորեն կապված է հայ աստվածների հետ: «Ոչ մի երկիր, ազգ, պետություն, մշակույթ այնքան չի առնչվում մեր իրականությանը, որքան իրանցիները: Մենք արմատապես շատ կապված են միմյանց հետ: «Ավեստա»-ի թարգմանությունը պատահական, զուտ զրադաշտական կրոնի թարգմանություն չէ: Կրոնը չի գայթակղել ինձ, այլ այն առնչությունները, որոնք կապված են տարածաշրջանի հետ: «Ավեստա»-ի միջոցով մենք մեծ, գեղեցիկ ձեռքբերումներ ենք ունենալու՝ կապված մեր աստվածուհիների, առասպելների, մեր էպոսի, հեքիաթների հետ»,- վստահեցրեց նա:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ