Հոկտեմբերի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Մարի Առաքելյանի «Ջղաձիգ երգեր» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ այսօր գրողը չի կարող զուտ իր տեսիլքները, իր հոգու ընդերքները մատուցող ներհայեցողական բանաստեղծություններ գրել, նշեց, որ վերջին տարիների դժվարությունների՝ համավարակի, պատերազմի, Սյունիքում տիրող քաոսային վիճակների արձագանքները բանաստեղծության տեսքով հավաքվել ու ամփոփվել են Մ. Առաքելյանի այս ժողովածուում: «Ոչ միայն հայաստանյան, այլև աշխարհի այս ջղաձգումները բանաստեղծի սրտի միջով են անցնում»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ հավելելով, որ Զանգեզուրի բնությունն էլ է խառնվել ցավին, կասկածներին, ողբերգականությանը: «Բանաստեղծությամբ հոգու ցավը բուժելը մեր դարավոր ըմբռնումն է եղել, և այս գիտակցումով են գրված Մարիի բանաստեղծությունները»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը:
«Մարին վարպետորեն կարողանում է այսօրիկ մեր կյանքին խառնել մի քիչ աղմուկ, մի քիչ ցասում, նշխարի չափ սեր, մայրական մի պտղունց ատելություն, վերջում՝ հայրենիքի սեր, կյանք, հետո՝ ոճ»,- վստահեցրեց Ռոլանդ Շառոյանը:
Ըստ Խաչիկ Մանուկյանի՝ Մարիի ամբողջ գրականությունը իր տեսած, իր ապրած վերարտադրումներն են: «Տաք գիրք է, պատկերների մեջ շրխկանությունը կա, կարողանում է հաղթական առյուծի պես մռնչալ, և այդ մռնչոցը լսելի է դառնում, բառերից դուրս է գալիս, որովհետև իր էությունն է, իր հայրենիքն է, իր սերն է, իր կարոտներն են»,- ասաց Խ. Մանուկյանը:
Վրեժ Սարուխանյանը, ընդգծելով, որ Մարիի գրականության մոտիվացիան հայրենիքն է, իսկ խոսքը հատու է, արդարացի, վստահեցրեց. «Մարիի նման գրողն այսօր Սյունիքում հրամանատարի դեր է կատարում»:
Նորայր Գրիգորյանի կարծիքով ևս, թե՛ քնարերգության, թե՛ հրապարակախոսական բանաստեղծությունների մեջ Մարիի պոեզիան մարտնչող է: «Մարին մարտնչող ոգի է, և իր պոեզիայով ապացուցում է, որ ցանկացած հայ կին կարող է կանգնել թշնամու դեմ, կռվել ու հաղթել»: Ելույթ ունեցան նաև Գագիկ Դավթյանը, Վան Արյանը և ուրիշներ:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ