Հոկտեմբերի 13-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց Երիտասարդ գրողների 19-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Շիրակի, Լոռու, ինչպես նաև Հայաստանի այլ մարզերից:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ԳՄ-ի գործունեությանը նպաստում են ու նաև իրենց մասնակցությամբ պատվում աջակիցներ, և երիտասարդական այս հավաքի աշխատանքներին արդեն երկու տարի նպաստում է բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկյանը: Վստահեցնելով, որ այս հավաքները հավասարապես անհրաժեշտ են նաև ավագ սերնդի գրողներին՝ նա ասաց. «Երիտասարդներիդ հետ հավաքները երիտասարդացնում են ավագներին՝ ձեր գրվածքներով, հանդիպումներով, զրույցներով հաղորդելով ձեր էներգիան, ապագայի ձեր տեսիլքները, ցանկությունները»: Նրա հավաստմամբ՝ ավագները չեն եկել դաս տալու երիտասարդներին, քանի որ գրողն ինքն է իրեն գրող կարգում իր ստեղծագործական աշխատանքով: Մեջբերելով Տոլստոյի այն խոսքը, թե 99 տոկոսը արվեստագետի աշխատասիրությունն է, մի տոկոսը՝ տրված շնորհը, ձիրքը՝ Էդ. Միլիտոնյանն ընդգծեց. «Ահել-ջահել չկա, կա լավ կամ չստացված գրականություն»: Այնուհետև անդրադառնալով երիտասարդների տպագրության, ճանաչման համար ՀԳՄ-ի ստեղծած որոշակի հնարավորություններին՝ Էդ. Միլիտոնյանն արժևորեց «Գրեթերթ», «Գրական թերթ», «Եղեգան փող» (Շիրակի մարզ), «Երկունք» (Լոռու մարզ) գրական պարբերականների դերը երիտասարդ ստեղծագործողների կայացման գործում:
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի ղեկավար Մանվել Միկոյանը, ներկայացնելով իրենց բաժանմունքի անդամներին, անդրադարձավ բաժանմունքի գործունեությանը, «Արարատ Մկրտումյան» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը մի տարի անցկացվում է Լոռու, հաջորդ տարին՝ Շիրակի մարզում: Իսկ խրախուսական մրցանակ ստացածները տպագրվում են անթոլոգիաներում: «Մեր մարզում 5-7 հեղինակ է մասնակցում: «Երկունք» գրական թերթն է հնարավորինս նպաստում մեր գրողների կայացմանը, իսկ «Լոռու մարզ» լրատվական թերթում լուսաբանվում են գրական միջոցառումները»,- ասաց Մ. Միկոյանը և ամփոփեց. «Գրողի ճանապարհը դժվար է, պետք է կարողանալ հաղթահարել այդ ճանապարհը աշխատասիրությամբ»:
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը, ներկայացնելով համաժողովին մասնակցող շիրակցի ստեղծագործողներին, նշեց, որ Շիրակի մարզային բաժանմունքում կան 25-ից ավելի ստեղծագործողներ, որոնք պարբերաբար ստանում են խրախուսական մրցանակներ «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությանը: «Այսինքն՝ արդեն կայացած ստեղծագործողներ են, սերունդը կայացել է, նոր անուններ են ի հայտ գալիս, ունենք գրական խմբակ, որում աշխատում է Ռոզա Հովհաննիսյանը՝ «Եղեգան փող»-ի խմբագիրը, հիմա ավելի ցածր տարիքի պատանիներ են հաճախում, հույս ունենք, որ նրանք մի օր կհայտնվեն Ծաղկաձորում՝ արդեն որպես ճանապարհ անցնող ստեղծագործողներ»,- ասաց Ա. Կարապետյանը՝ վստահեցնելով, որ սերունդ ձևավորելու լավագույն միջոց է այս հավաքը:
Նաթելլա Լալաբեկյանն ուրախությամբ նկատեց, որ նոր դեմքեր կան, և հույս հայտնեց, որ ավագ գրողներն աշխատանքային առումով մասնակցելով հավաքին, կկարողանան նպաստել, օգնել և ոգեշնչել երիտասարդներին:
Մասնակիցներին ողջունեց նաև Արտեմ Հարությունյանը՝ շեշտելով, որ գրականությունը աշխարհի ամենադժվար ոլորտն է, որը սկզբում թեև հեշտ է թվում, բայց վիթխարի աշխատանք է պահանջում: Այնուհետև ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում հոկտեմբերի 13-15-ը, տեղի կունենան ավագ գրողների վարպետության դասեր, քննարկումներ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդես: Օրվա երկրորդ հատվածում ամփոփվեցին ՀԲԸՄ «Շանթ Կամերի Պասմաճեան» հիմնադրամի և ՀԳՄ-ի համատեղ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության» արդյունքները: Մրցանակաբաշխության ամփոփումից հետո մասնակիցները բաժանվեցին պոեզիայի և արձակի չորս խմբերի, որտեղ քննարկվեցին նրանց ստեղծագործությունները: Պոեզիայի մի խմբի ղեկավարներն էին Արտեմ Հարությունյանը, Նաթելլա Լալաբեկյանը, Անդրանիկ Կարապետյանը, մյուս խմբինը՝ Էդվարդ Միլիտոնյանը, Մանվել Միկոյանը, Գագիկ Սարոյանը, Արմեն Ավանեսյանը: Արձակի մի խմբի ղեկավարներն էին Ալիս Հովհաննիսյանը, Հակոբ Հարությունը և Կարեն Մանուչարյանը, մյուս խմբինը՝ Գուրգեն Խանջյանը և Հայկ Համբարձումյանը:
Քննարկումները՝ արձակի և պոեզիայի բաժնում, շարունակվեցին նաև երկրորդ օրը, ընթերցվեցին մասնակից հեղինակների ստեղծագործությունները, հնչեցին գնահատականներ և խորհուրդներ: Քննարկվեցին գրողին, ընթերցողին, գրականագետին հուզող շատ հարցեր:
Անդրանիկ Կարապետյանը, արժևորելով նման հավաքները երիտասարդ սերնդի կայացման առումով, նշեց, որ առանձին հեղինակը, առանձին ստեղծագործողը ինչքան էլ տաղանդավոր լինի, պետք է շփվի իր հասակակիցների, ավագ գրողների հետ, և այս օրերը հենց դրան են նպաստում: Ըստ նրա՝ թեև կան օժտված երիտասարդներ, բայց կայացած հեղինակ դառնալու համար դեռ ճանապարհ ունեն անցնելու: «Կան հրաշալի տողեր, բայց կան նաև այնպիսիները, որ մշակման կարիք ունեն»,- ասաց Ա. Կարապետյանը՝ հավելելով, որ երիտասարդներից շատերը, եթե ոչ բոլորը, գրում են և այդպես էլ թողնում են, չեն ուզում մշակել, մեկ անգամ էլ «վրայից անցնել», այնինչ համառ աշխատանք է պետք: «1 տոկոս տաղանդ, 99 տոկոս աշխատասիրություն. սա կարելի է որպես այս հավաքի նշանաբան ներկայացնել մասնակիցներին»,- առաջարկեց նա:
Արտեմ Հարությունյանը ևս կարևորեց նման հանդիպումները, հատկապես մարզերից եկած մասնակիցների ներկայությունը՝ միմյանց հետ շփումները և ավագ սերնդի նկատառումները համարելով փոխադարձ գործընթաց: «Տեսնում ենք՝ ինչն է իրենց հետաքրքրում, ինչը՝ չէ, ինչ երևույթներ է երիտասարդ սերունդը ուզում բերել մի ամբողջության, և դա շատ կարևոր է՝ ամբողջացնելու համար իրենց որոնումները»,- ասաց Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով իրենց խմբի երիտասարդներին՝ Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ նրանք որոշակի դիմագիծ ունեցող բանաստեղծներ են: «Հետաքրքիր հայացք կա այսօրվա կյանքի բանաստեղծականացման՝ ո՛չ գեղեցկացման, ո՛չ տգեղացման, ուղղակի ընթացիկ կյանքի նշանները՝ ամեն պատահած կամ կարևոր, մեր երիտասարդները փորձում են ներմուծել իրենց բանաստեղծական պատկերում, որևէ թեմատիկայի մեջ»,- ասաց նա: Ըստ նրա՝ նկատվում են հետաքրքիր լեզվամտածողության շերտեր՝ և՛ խոսակցական լեզվի, և՛ մշակված հայերենի, և՛ փորձեր են անում նաև բառերի հետ խաղալ՝ հարմարեցնելով տեքստին: Ամփոփելով խոսքը՝ ՀԳՄ նախագահը նշեց, որ հիմնականում Երևան, Շիրակ, Լոռի՝ այս երեք կենտրոններում է, որ ակտիվ են երիտասարդները, գրականության ասպարեզ են ձգտում մտնել:
Ալիս Հովհաննիսյանը, ընդգծելով մասնակիցների՝ միմյանց և գրականության նկատմամբ հարգալից վերաբերմունքը և արժևորելով մեկը մյուսի գործերի մասին վերլուծություններ անելը, մասնավորապես ասաց. «Դա կարևոր էր նախ այն իմաստով, որ իրենց արածը արժևորվում է, և երկրորդ՝ կողմնակի հայացքը շատ կարևոր է իրենց համար, մանավանդ երբ փորձառու մարդկանց հետ գործ ունեն»:
Մանվել Միկոյանի հավաստմամբ՝ մեր նոր սերունդը և՛ պոեզիայում, և՛ արձակում հակված է նոր խոսք ասելու: «Կան այնպիսի հեղինակներ, որոնց ձեռագիրն ամբողջությամբ դեռևս չի ձևավորվել, բայց քանի որ արդեն ճիշտ ճանապարհի վրա են, ժամանակի ընթացքում աշխատելով, ուսումնասիրելով արտասահմանյան և ժամանակակից հայ գրականություն, աստիճանաբար հղկվելով ու ամրանալով, կարծում եմ, նրանք իրենց տեղը կգտնեն հայ գրականության երևացող անունների կողքին»,- ասաց Մ. Միկոյանը:
Կարեն Մանուչարյանը, ով արդեն չորրորդ անգամ է մասնակցում այս հավաքներին, նկատեց, որ դրանք բավականին արդյունավետ են անցնում, և երիտասարդ ստեղծագործողներից շատերին հենց այս հավաքների միջոցով է ճանաչել, կարդացել նրանց գործերը և անդրադարձել կա՛մ հոդվածներով, կա՛մ գրական միջոցառումներով: Անդրադառնալով քննարկումների ժամանակ նկատված և՛ դրական, և՛ բացասական երևույթներին, որոնց մասին նրբորեն խոսվել է, իսկ դրականն առավել շեշտվել, վստահեցրեց, որ գրական ընթացքը շարունակվում է, չի խաթարվել՝ անկախ բացթողումներից, թերություններից:
Հայկ Համբարձումյանի կարծիքով՝ երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքները հնարավորություն են տալիս ամեն տարի նոր դեմքեր տեսնելու, նոր անուններ լսելու, արդյունավետ, արգասաբեր քննարկումներ ծավալելու: Զրուցելով հայ արձակի խնդիրների շուրջ՝ ինչ պետք է գրել, ինչպես պետք է գրել, հատկապես այսպիսի էքզիստենցիալ, ճգնաժամային իրավիճակներում, որովհետև գիրը հմայական զորություն ունի, Հայկ Համբարձումյանը միաժամանակ նշեց, որ շատ դժվար է ապրել այս իրականության մեջ՝ պայքարի՞, կռվի՞ կոչ անել, թե՞ խոնարհության ու սիրո: Նա հորդորեց երիտասարդներին լավ ճանաչել մեր գրականությունը և նաև փորձել իրականությունն ավելի խորքային կերպով ընկալել և հասկանալ, ոչ թե մակերեսի վրա եղածը արտացոլել: «Պետք է բոլոր շերտերը միահյուսվեն միմյանց, և այդ ամբողջը պետք է լինի շնորհի, տաղանդի շուրջ, այսինքն՝ մարդը պետք է այդ շնորհը, տաղանդը ունենա, ինքնակրթությամբ լրացնի, ճանաչի իր գրական ավանդույթը, միաժամանակ իմանա համաշխարհային ինչ-որ տենդենցներ և ստանա մեր իրականությունը արտացոլող մի բան, որը մարդկանց այսօր կհետաքրքրի»,- ասաց Հ. Համբարձումյանը և հավելեց. «Գրողները նաև պատասխանատվություն պետք է ունենան՝ սփոփելու, հոգ տանելու մարդու մասին, ոչ թե շարունակեն մարդուն ոչնչացնել: Համենայն դեպս, իմ կարծիքով, գրականության ամենակարևոր գործառույթներից մեկը մարդուն սփոփելն է և ուժ տալը»: Այնուհետև տեղի ունեցավ Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից», «Scribbled gliding», Լևոն Բեժանյանի «Չգիտեմ, ասել եմ թե չէ», Մարիամ Սարգսյանի «Անուշիկի կախարդական անտառը» գրքերի և Լոռու մարզի երիտասարդ բանաստեղծների «Հոգեթևումներ» անթոլոգիայի շնորհանդեսը: Գրքերի հեղինակներին շնորհավորեցին Էդվարդ Միլիտոնյանը, Մովսես Մանուկյանը, Նաթելլա Լալաբեկյանը, Արմեն Ավանեսյանը: Երրորդ օրը ամփոփելով համաժողովը՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը արժևորեց մասնակիցների անմիջական, ազնիվ փոխհարաբերությունները, տիրող գրական մթնոլորտը և հորդորեց պահպանել սիրո, հանդուրժողականության, հարգանքի ոգին: Նաթելլա Լալաբեկյանը, վստահեցնելով, որ այս համաժողովը ոգեշնչեց թե՛ երիտասարդներին, թե՛ իրենց՝ ավագ գրողներին, կարևորեց փորձառու գրողների հետ աշխատելը: Ամփոփելով խոսքը՝ նա հույս հայտնեց, որ այս զրույցները, քննարկումները կլիցքավորեն երիտասարդներին՝ մեկ տարի ևս աշխատելու և նոր գործերով ներկայանալու հաջորդ հավաքներին: Ելույթ ունեցան նաև Արտեմ Հարությունյանը, Մանվել Միկոյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ