Սեպտեմբերի 9-ին Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Մորուս Հասրաթյան. Ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված ականավոր գիտնական, պատմաբան, բանասեր, հնագետ Մորուս Հասրաթյանի 120-ամյակին։ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի և Newmag հրատարակչության առաջարկով գիրքը հեղինակել է Մ. Հասրաթյանի սան՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։ Արխիվային փաստաթղթերի, ականատեսների վկայությունների և հուշերի վրա հիմնված ուսումնասիրությունը բացահայտում է ոչ միայն Հասրաթյան գիտնականի կյանքի ողբերգական, խիզախումներով լի, ազգի խնդիրներով մտահոգ քաղաքացու կյանքի տարբեր կողմեր, այլ նաև ուսանելի դաս է ժամանակակիցներիս համար։ Մ. Հասրաթյանի կյանքը մի ամբողջ «էպոխայի պատկեր է», ինչպես նկատում է հեղինակ Ա. Դոլուխանյանը։
Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը բացման խոսքում ներկայացրեց Մ. Հասրաթյանի կյանքի կարևոր, հիշարժան դրվագները։ Ստալինյան ճնշումները, դատվածությունն ամենևին չխոչընդոտեցին գիտնականին. նա հավատարիմ մնաց Եղիշե Չարենցի հետ ընկերությանը, մասնակցեց Կոմիտասի հուղարկավորությանը, թարգմանեց Սայաթ-Նովայի թուրքերեն և վրացերեն խաղերը (Երևան, 1963), իր պահանջով սրբագրվեց Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու կիսանդրու գրությունը, հիմնեց Էրեբունի-Երևան տոնը։
Գիտնականի կյանքի ու գործի տարբեր կողմեր արժևորեցին Մ. Հասրաթյանի հարազատներ և գիտնականներ։ Ե. Չարենցի անվան ԳԱԹ-ի տնօրեն Վահագն Սարգսյանն ընդգծեց Մ. Հասրաթյանի կյանքի տարեգրությունն արտացոլող գրքի դերն ու հրատարակչական բարձր որակը։
Գրքի հյուսման մասին հետաքրքիր և տպավորիչ մանրամասներով հանդես եկավ հեղինակ Ա. Դոլուխանյանը։ Նա հիշատակեց ստալինյան բռնաճնշումների և բանտարկության ժամանակ Մ. Հասրաթյանի դրսևորած բյուրեղյա ազնվության, Չարենցի հետ ունեցած անդավաճան ընկերության, գիտնականի հայրենասիրության մասին։ Հիշարժան էին հատկապես Ա. Դոլուխանյանի անձնական հիշողությունները Մորուս Հասրաթյան դասախոսի մասին։ Գիտնականի սխրանքը պատմության վտանգները կանխատեսելու մեջ է. Մ. Հասրաթյանը քաջ գիտակցել է Արցախ-Սյունիք դարպասի ռազմավարական նշանակությունն ու ծավալվելիք վտանգները և պատմական արդարության վերականգնումը դարձրել իր գիտամանկավարժական գործունեության նպատակը։ Ա. Դոլուխանյանի սրտառուչ ելույթով հառնեց ստալինյան բռնաճշումներից հրաշքով փրկված, սակայն ստեղծագործելու ջիղն արթուն պահած հայրենանվեր մարդու և ուսուցչի կերպարը։
Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղի՝ Մ. Հասրաթյանի վարկածի առնչությամբ հնչեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Տիգրան Ալեքսանյանի խոսքը Սիսիանի շրջանի Անգեղակոթի տարածքում իրականացվող պեղումների ներկա ընթացքի մասին։
Մ. Հասրաթյանի մասին ջերմ գնահատականներ հնչեցրին գիտնականի որդին՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանը, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան Դևրիկյանը։ Տաղանդավոր գիտնականի կերպարն ամբողջացավ լրագրող Շաքե Ղազարյանի՝ Ծիծեռնավանքի, Վարդան Մամիկոնյանի գերեզմանի պեղումների մասին պատմող տեսանյութերով։ «Մարդ ծնվելը սովորական, բնական երևույթ է, մարդ լինելն է դժվար». այսպես էր համարում և այսպես էլ՝ որպես մեծ Մարդ, ապրեց իր կյանքը հայ ժողովրդի նվիրյալ զավակ Մորուս Հասրաթյանը։
Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի
Հայ հին և միջնադարյան գրականության
և նրա դասավանդման մեթոդիկայի
ամբիոնի դոցենտ