«408 թվականին Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Գողթնից Բաղք է եկել այս վայրով»,- լեռնաձորյան մեր դպրոցի պատին էր գրված: Սրբության պես էր այդ գրառումը մեզ համար: Ու խորհուրդ ուներ՝ սրբությունների որոնման:
Դպրոցում էր «Գրական թերթի» հետ իմ առաջին հանդիպումը: Երբ առաջին անգամ գրականության դասարան մտանք, հսկա մի տոհմածառ կար պատին՝ գրական տոհմածառ: Արմատներից հառնող բնի հիմքում Մաշտոցն էր, հետո Խորենացին, Եղիշեն, Նարեկացին, Ֆրիկը… դարեդար բոլոր մեծերը. ճյուղեր, տերևներ… Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, Դուրյան, Մեծարենց, Սիամանթո, Վարուժան, Սևակ… Վերևում նոր ճյուղեր ու տերևներ էին. Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան, Ռազմիկ Դավոյան… Կային նաև անանուն տերևներ ու ճյուղեր: Մանկական իմ աչքերին թվում էր, թե ծառն ինքն է ընտրում գրվելու անունները: Կարդացած գրքերս կենդանություն էին հաղորդում ծառին, գրողների հայացքները՝ հարազատանում: Պատի տակ մի սեղան կար, ամսագրեր ու թերթեր էին այնտեղ: «Գարուն» ամսագիրն եմ հիշում ու «Գրական թերթը»: «Գրական թերթի» գիրը մինչև հիմա այդ առաջին տպավորությամբ է իմ մեջ: Մտածեցի այն ժամանակ, որ ծառին է նման. ինքն է արժանացնում տպագրության: Բաց քո կեղևը, ծա՛ռ… Մանկությունից ձգվող մեր ճամփին կարևոր են խորհրդանշաններն ու ուղենիշները: Խորհրդավոր էր մկրտությունը Ռազմիկ Դավոյանի ձեռամբ՝ ջրով, հոգով ու բառով:
Անմոռանալի է առաջին անգամ «Գրական թերթում» բանաստեղծություններիս տպագրությունը: 1999 թվականի առաջին համարում էր: Անասելի բծախնդրությամբ էի ընտրել յոթ բանաստեղծություններս: Տպագրության օրը, առավոտ ծեգից Երևանի փողոցներում էի՝ մինչև կրպակները բացվեին: Երջանիկ էի, երբ թերթն արդեն ձեռքիս էր: Բայց հետո հակասական զգացողություններով ողողվեց հոգիս. դու ե՞ս գրինը, գի՞րն է քոնը, այդպես մերկորեն հոգին բառ-բառ թափե՞լ մայթերին, ուր անհաղորդ քայլքն է մարդկանց, թե՞ այն թռչունների ճախրանքինն է, լռակամ ծառերի սոսափինը, հեռավոր լեռների ձյունագագաթներինը, ջրերի ծփանքինը, վեր տարածվող երկնքի կապույտինն ու արևագալի ղողանջինը:
Տարիներ հետո, երբ սկսեցի աշխատել Գրողների միությունում, «Գրական թերթը» աշխատանքային ուղեկից եղավ: Ամենահիշարժանն այդ առումով Պոեզիայի միջազգային փառատոնի օրերին տպագրված թերթն էր 2013 թ. ապրիլին՝ արձագանքող փառատոնի «Ի սկզբանէ էր Բանն» խորագրին՝ տարբեր երկրներից մասնակից բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանություններով: Այնուհետև՝ Գրական տապանին, Թարգմանչաց տոներին, համաժողովներին, տպագրված գրքերին ու միջազգային կապերին անդրադարձող համարներ: Բացի հիշարժանից, կան նաև թերթի սիրելի համարներ, որտեղ տպագրվել են սիրելի հեղինակներ, որոնց թարգմանել եմ՝ Էմիլի Դիքինսըն և Ֆրանց Կաֆկա: Թերթն ինձ համար տարեցտարի դարձել է վավերագիրը գրականության երկնքում թռիչքների, երկրային քայլքի, հոգու փոթորիկների ու խաղաղության, առօրյա մակընթացությունների ու տեղատվության:
Թող անսասան լինի «Գրական թերթի» ընթացքը, ու նրա յուրաքանչյուր էջը՝ լեցուն ճշմարիտ գրականության լույսով:
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ / ՃՇՄԱՐԻՏ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍՈՎ
