Այսօրվա սեպտեմբերյան Հայաստանի օդը ծանր է ու տագնապոտ, խառնվել է թացն ու չորը. «Երբեմն արջնաթույր ագռավների մեջ / Տեսնում ենք նաև երամներ ճերմակ աղավնիների, / Ձիերի մեջ, գոռ, խրոխտ, անմաքուր՝ / Որոջներ, խոնարհ, հանդարտաբարո, / Գազանանման շների թվում՝ նվիրյալ գառներ. / Դաժանության մեջ՝ բարեհոգություն, / Թերատության մեջ՝ կատարելություն, / Գոռոզության մեջ՝ հեզամտություն, / Ստահոդության մեջ՝ ճշմարտություն, / Խորամանկության մեջ՝ շիտակություն, / Խարդախության մեջ՝ ուղղամտություն, / Չարիքների մեջ՝ բարեբաստություն, / Լպիրշության մեջ՝ առաքինություն, / Անգթության մեջ՝ ողորմածություն, / Անհուսության մեջ՝ ապաշխարություն, / Մոլեգնության մեջ՝ քաղցրավարություն, / Թշնամության մեջ՝ հաշտասիրություն, / Խածանողության մեջ՝ անոխություն, / Լլկանքների մեջ՝ քաջալերություն, / Նետարձակման մեջ՝ բարեմաղթություն» («Մատյան ողբերգության», Բան ԼԱ, Գ):
Նման իրադրությունում զարմանալի ու պատահական չէ, որ զանգ կախողները նոսրացել են, ճառասաց խելք սովորեցնող ապիկարները՝ շատացել, սրան էլ գումարվել է օրինաչափություն դարձած զոհերի բոթը՝ որպես բթացնող ցավի հաղորդագրություն, ինչն ուղեկցվում է օտարահպատակ մանկլավիկների ուղեղ լվացող բարբաջանքով՝ անկարողության ու անճարության բվվոցով, որն «անհասկանալի» ձևով ճմլում է մարդու սիրտն ու կապանքում հոգին: Մինչդեռ, երբ սիրտ ու արյուն ունես, ականջներով ու ստամոքսով ապրելն ընդամենը ստրկաքարշություն է, և կապ չունի՝ կիրթ ես, թե անկիրթ, օլիգարխ ես բազմահարգ, թե ֆայլա-բազարի բազմաչարչար համբալ: Կա մի պարզ ճշմարտություն. արդյոք դու հայրենիքիդ տերն ու ծառա՞ն ես, թե՞ անհայրենիք արկածախնդիր՝ պահով ապրող ու կովի պես աննպատակ ժամանակը որոճող: Գուցե խոսքս մգոտ է ստացվում, բայց Հայաստանում սեպտեմբերի 21-ը սովորական օր չէ, երևույթ է, լույս, որը եղել է ու կլինի միշտ, ինչպես ժամանակների վերուվարերի մեջ անելանելիությունից շղթայված հույսի լույս, որի շողերից վաղ թե ուշ կքայքայվի ցանկացած շղթա և կարթնանա հավատը ողջամտության՝ փառավորելու ազգին ազատաբաղձ հաղթանակներով, ինչպիսիք են 1918 թվականի սեպտեմբերի 19-ի «Արարայի» փառահեղ հաղթանակն ու 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի «այո»-ն: Այսօր անօրեն թշնամու (անունից նողկում եմ) վերջին արյունալի հարձակումից հետո առավել քան սպասված ու վեհ է Սեպտեմբերի 21-ի խորհուրդը, որի արժեքի գիտակցումը հոգու տոն է՝ իմաստավորող ճակատագրի ընթացքը հայության՝ ուղենիշ ունենալով ժամանակի անցյալ-ներկա-ապագա լուսե եռամիությունը: Սեպտեմբերի 21-ը մեկի համար անկախության օր է, մյուսի համար՝ ինքնորոշման, երրորդի հոգուն հարազատ մի բան է, սակայն այս ամենն ընդհանուր հայտարար ունի՝ բազմահազարամյա հայ ազգի ինքնության ազատ կամքը, որ նրան պահել ու տանում է հարատևություն բյուրավոր մեծ ու փոքր թշնամիների միջով:
Տէ՛ր, Կեցցո՛ Դու Զհայս:
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ/ ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԻ ՇՂԹԱՅԱԶԵՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
