Բազմալեզվյան բառարաններում, նաև՝ հայերեն, ընտիր բառիմաստներ կան, որոնցից մեկն էլ «անկախությունն» է, որը հարաբերում է ընդհանուր մարդկության և որևէ ժողովրդի մտածողությանն ու հոգեկերտվածքին։ Ի տարբերություն շատ բառերի՝ անկախությունը հանրության կողմից գիտակցվող զգացողություն է և տարբեր ու տարաբնույթ ձևերով գալիս է հիշվող և անհիշելի ժամանակներից։ Այն երեսուն տարեկան չէ, ինչպես կարծում ենք ներկա հայերս, հենվելով որոշ քաղաքական սահմանումների վրա, հին է և միշտ նոր, շարունակություն է և ոչ սկիզբ։ Ես չգիտեմ, թե քարեդարյան մարդն ունե՞ր անկախության երազանք. կարծում եմ՝ ո՛չ, խուլ ու կույր էր դրա հանդեպ, որովհետև անկախության անհրաժեշտությունը զգում են մի որոշակի մտազննական մակարդակ ունեցող մարդիկ։ Ուրիշներ, ինչպես մեր երկու հարևանները, որոնց «դեմքերը բութ են այնպես, կարծես տաշված են տապարով», ի վիճակի են անելու լոկ մեկ բան՝ ցեղասպանություն, ոչ ավելին, որ քարե դարից առաջ էլ գոյություն ուներ՝ մարդակերության ու մարդասպանության գործիքակազմով։ Սիրենք մեր այս 30-ամյա անկախությունը՝ մի ոսկեզօծ օղակը հայերիս երկարամյա ազգային մաքառումներում, որ չափազանց բարդ, հալածական, անվերջ մեռնող ու հառնող երևույթ եղավ։ Քիչ է ասել՝ սիրենք, այն ծաղկեցնենք ու բոլոր միջոցներով պահպանենք նաև գալիք օրերի համար։ Սա շատ դժվար աշխատանք է, մանավանդ ներկայումս, երբ այսպիսի հարևաններ ունենք և նրանց կնքահայրը, որ մեր դարավոր կեղծ «բարեկամն» է, մեր հայրենի աշխարհագրությամբ թալանչին, տեսեք՝ ինչպես անցած դարասկզբին մեր երկիրը կտոր-կտոր նվիրեց սրան ու նրան, շագրենի կաշվի պես փոքրացնելով, հետագայում էլ գողացավ անբավ «գույք պարտքի դիմաց», փորձելով իրագործել ռուսա-թուրքական ահավոր ծրագիր՝ «ո՛չ անկախ Հայաստան, միայն իր կրնկի տակ գտնվող Հայաստան, առանց հայերի»։ Տեղիս իշխանավորներն էլ, նորընծա վասակները, սեփական շահ ու փառք հետապնդելով, ստրկամտորեն համագործակցեցին նրա հետ, որ, ինչպես հոկտեմբերի 27-ը, ցնցեց մեր պետականությունն ու անկախությունը, չասացին նրան՝ մե՞նք ենք քեզ պարտք, թե՞ դու՝ մեզ, դու ես մեզ պարտք ու պարտական քո հանդեպ մեր դարավոր հավատարմության դիմաց։ Հիմա, Ցարևի՛չ, խորտակվելու վրա ես, ցանկանում ես քեզ հետ մեզ և՞ս տանել։ Ռուս մեծ և հոգևոր ժողովրդին չեմ ասում, քեզ եմ ասում՝ ազնիվ չես, գոնե մեկ անգամ ազնիվ եղիր։
Հիրավի, անկախության գոյապահպանությունը ամենօրյա աշխատանք է պահանջում։ «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնենք մեր հայրենիքը, հոգու և մտքի հպարտությամբ ճոխացնենք նրան»,- ասաց Վահան Տերյանը։ Այսօր էլ՝ 100 տարի հետո լսենք նրան։ Բարոյականանանք։ Ոչ թե ակադեմիական, այլ բարոյականության քաղաք կառուցենք։ Մեր անկախության սևահողը եղան ու մնում են բարոյական արժեքները՝ մայրենի լեզուն, ճշմարիտ պատմագրությունը, հոգևոր գրականությունն ու արվեստները, որոնք մեզ անկախ պահեցին նաև ոչ անկախ ժամանակներում։ Մի Մաշտոց ու Նարեկացի, մի Րաֆֆի ու Թումանյան, մի Չարենց, Վարուժան, Կոստան Զարյան ու Պարույր Սևակ մեր անկախության բետոնե հիմքն են։
Հարգելի՛ «Գրական թերթ», հիմա մտահոգ խոսքս կավարտեմ մեր անկախության տոնի շրջանակում։ Անկախությունը գալիս է Ազատությունից հետո և ոչ նրանից առաջ։ Եթե ազատ չես, իզուր մի՛ մտածիր անկախության մասին։ Միայն ազատ մարդն ու ժողովուրդը կարող են անկախ լինել։ Ազատությունն է անկախության հայրը։ Հին հռոմեացի Սպարտակուսը աշխարհում առաջինն էր, որ ղեկավարեց ստրուկների ազատագրական պայքարը ստրկատիրական Հռոմի դեմ և ահեղ հակամարտում նահատակ եղավ իբրև ազատ հոգի։ Նա ազատության համամարդկային խորհրդանիշ է, որ չի մեռել և այսօր էլ շարունակում է ապրել ու մեզ հորդորել՝ ազատ եղիր, եթե ուզում ես լինել նաև անկախ։ «Պիտի գոռամ, պիտ կրկնեմ // Անդադար, ազատությո՜ւն»,- մութ ժամանակներում գոռաց ու կրկնեց Միքայել Նալբանդյան հայորդին՝ մեր ժողովրդի ազատության ասպետը։
Մեր անկախությունը պայմանավորված է նաև ազատությամբ, հետևաբար՝ այս երկու մեծ երևույթները դարձնենք միասնական պայքարի դաշտ, որ բացվեն ավելի լուսավոր առավոտներ։ Հավատում եմ՝ ապագա կա։ Կցրվեն սև-մութ ամպերն ու հորիզոնի թանձր մշուշները։ Ապրելու ենք և նաև շատանանք։ Նոր առավոտ կլինի, «Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը»։