ՀԳՄ վարչությունը խորապես ցավակցում է ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԻ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընթերցողներին:
ՔՈ ԳՆԱԼՈՎ ԱՇԽԱՐՀԸ ՑՐՏԵՑ…
Այս ի՞նչ եղավ, ինչպե՞ս պատահեց, որ Երկրի վրա ու երկնքում տասնամյակներ շարունակ պայծառ շողացող քո աստղը մի վայրկյանում մարեց, Սերգե՛յ ջան, ու դու մեր գրականության ու կինոարվեստի պատմության մեջ մի լուսավոր հետագիծ թողնելով՝ կյանքից հեռացար։ Եվ հիմա քեզ ինչպե՞ս բացակա դնենք շարունակվող մեր կյանքից, երբ քո ջերմ, ոգեղեն ներկայությունը անցած տարիների հոլովույթում թանկ, մնայուն արժեք էր։ Այս պահին նորեն հիշեցի Սև ծովի մերձակա վայրերում՝ Համշենում, դարասկզբի մի տարում անցկացված «Հայ մշակույթի օրերի» շրջանակներում, որպես պատվիրակ, մեր հանդիպումները համշենահայերի հետ, Սոչիի բացօթյա հրաշալի դահլիճում, դպրոցներում, համայնքի գրողների նոր գրքերի քննարկումների ժամանակ ունեցած քո խանդավառ ելույթները։ Իսկ քանի՜-քանի ձմեռ միասին ջերմացել-տաքացել ենք Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը, անվերջ զրուցել աշխարհի չարից ու բարուց, ուր ծնվել են նաև քո գրքերից շատերը՝ վիպակներ, հայ անվանի դերասաններին ու ռեժիսորներին նվիրված հրաշալի մենագրություններ, անիմացիոն կինոյի պատմության վերաբերյալ հատորներ, մանկանց սիրելի «մուլտիկների» անդրադարձներ։ Վերջերս էլ լույս աշխարհ եկավ քո «կյանքի գիրքը», ինչպես խոստովանեցիր, «Մաեստրոն», դու ինքդ էլ, թանկագի՛ն ընկեր, մեր գրականության ու կինոարվեստի եզակի մաեստրոներից էիր, ում գրիչը նաև զենք էր Արցախյան շարժման հաղթանակների, նաև՝ 2020-ի եղերական իրադարձությունների հրապարակախոսական թեժ անդրադարձներով… Մշակույթի վաստակավոր գործչի կոչումով էլ դու բոլորանվեր ծառայեցիր հայ մշակույթի զարգացման գործին։ Քանի՞ վիրահատություն տարար, ապաքինվեցիր, ոտքի ելար, բայց անողոք հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց ու տարավ քեզ։ Ասում են, քո կյանքի այդ վերջին րոպեներին խնդրել ես բացել Հրազդանի ձորափի եզրին գտնվող քո տան լուսամուտը և մարող հայացքով հրաժեշտ տվել Ծիծեռնակաբերդին ու Եղեռնի հուշարձանին։ Ո՞վ իմանա, գուցե այդ պահին այդ հուշարձանով հավերժացած՝ Էրգրի քո պապերի հիշատակն ես խնկարկել՝ հրաժեշտի՛ մրմունջներով։
Ի ցավ ինձ՝ հիվանդության պատճառով չկարողացա վերջին հրաժեշտը տալ քեզ, ներիր։ Բայց հետո, երբ մի օր նորից լինեմ մեր հանդիպումների Կիևյան խաչմերուկում, այնտեղ, ինչպես միշտ, հավատում եմ, դու կանգնած ինձ ես սպասում… …«Ընկերներս հեռանում են, ցրտում է աշխարհը»,-ցավալի մի առիթով ասաց համալսարանի իմ դասախոս, ակադեմիկոս Հրանտ Թամրազյանը։ Սերգե՛յ ջան, ամռան այս շոգ օրերին քո գնալով էլ աշխարհը ցրտեց։ Այդպես է, երբ արժանավոր Մարդը հեռանում է կյանքից։
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՎԱՍՏԱԿՈՎ ԾԱՆՐԱԲԵՌ ԵՎ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ
Չեմ հիշում՝ որտեղ եմ կարդացել. «Եթե ուզում ես փոխվել, զուր ջանքեր մի՛ թափիր, մնա այն, ինչ կաս, ժամանակն ինքը քեզ կփոխի»: Մարդկային մի տեսակ կա, որ չի ենթարկվում այս օրինաչափությանը: Ժամանակը, ինչպես բոլորիս, շատ բան փոխեց նաև Սերգեյ Գալստյանի կյանքում, բայց նա չփոխվեց: Ու որտեղ էլ աշխատեց՝ վավերագրական ֆիլմերի ստուդիայում թե «Էկրան» ամսագրում, Ռադիոհեռուստապետկոմում թե Գրողների միությունում, Մշակույթի հայկական ֆոնդում թե Թեքեյան մշակութային միությունում, մնաց նույնը, եղավ իր գործի նվիրյալ մշակը՝ միշտ հավատարիմ տակավին ուսանողական տարիներից որդեգրած արժեհամակարգին, միշտ բարեխիղճ, պատասխանատու, հոգատար ու բարյացակամ, ուստի և միշտ սիրելի նրանց համար, ովքեր հանգամանքների բերումով առնչվել են իր հետ:
Մարդ մնաց: Մարդու չծերացող տեսակ: Տեսակ, որ միշտ այնտեղ էր, որտեղ զգացվում էր իր կարիքը և երբեք այնտեղ, որտեղ իր ներկայությունը պիտի աննկատ մնար: Ծանոթացանք ավելի քան 40 տարի առաջ, Զանգակատանը՝ Պարույր Սևակի հիշատակի ոգեկոչման հերթական օրը: Ես Կապանից էի եկել, ինքը՝ Երևանից՝ գրողների խմբի հետ: Նոր էր ստանձնել գրականության պրոպագանդայի բյուրոյի տնօրենի պաշտոնը: Առանց որևէ նախաբանի, ասես 100 տարվա մտերիմներ լինեինք, առաջարկեց համագործակցել որպես Կապանի շրջանի անպաշտոն լիազոր: Եվ մեր համագործակցությունը տարիների ընթացքում վերաճեց մի այնպիսի ընկերության, որ շատերը չեն կարող երազել անգամ: Պատերազմ կսարքեր, եթե Երևան գալուց փորձեի հյուրանոց գնալ: Այն, ինչ արել է նա ավելի քան մեկուկես տասնամյակ մեր գրականության կենդանի ընթացքը մարդկանց լայն խավերին հասցնելու ուղղությամբ, ի հաշիվ կինոգետ-արձակագրի իր թանկ ժամանակի, վեր է ամենաբարձր գնահատանքից: Սերգեյի անցած ճանապարհը ինձ արդեն որերորդ անգամ համոզում է, որ շոշափելի արդյունքների հասնելու համար պիտի ունենաս պայծառ գլուխ և քիչ ժամանակ: Կազմակերպչական հոգեմաշ աշխատանքի «ընդմիջումներին» էր, որ նա ստեղծեց իր մենագրությունների պատկառելի շարքը, նվիրված հայ բեմի և էկրանի վարպետներին (Ս. Սարգսյան, Ա. Ջիգարխանյան, Գ. Թոնունց, Գ. Մանուկյան, Ֆ. Դովլաթյան):
Եկավ վերջապես ներամփոփվելու, արածն ու չարածը նժարներին դնելու, գտածն ու կորցրածը ընդհանուր հայտարարի բերելու և իմաստավորելու ժամանակը: Եվ բեղուն եղավ այդ ժամանակը ևս: Տակավին արժևորման կարոտ երեք վեպ: Հայ և համաշխարհային անիմացիոն կինոյի գործիչներին նվիրված գրքերի մի ամբողջ շարք, նոր մենագրություններ (Ռ. Սահակյանց, Ն. Հովհաննիսյան, Ռ. Գևորգյանց և այլն): Իսկ հայ վավերագրական կինոյի պատմությունն ամփոփող «Ժամանակը և փաստը» երկհատորյա աշխատությունն ունի, հիրավի, հանրագիտարանային արժեք: Սերգեյգալստյանակա՛ն հանրագիտարանի: Ահա այսպես, վաստակով ծանրաբեռ, ծրագրերով լեցուն, 40 տարվա իմ ընկերը հատեց իր կյանքի վերջնագիծը: Եվ ես, որ իր հետ բազում ճանապարհներ եմ կծկել, և այն հեռավոր տարիներին, երբ Կապանում էի, իր հարկի ներքո ունեցել եմ իմ սենյակը, հիմա քարացած, թևաթափ եմ ու լալկված դաժան իրականության դեմ հանդիման:
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ