ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ
ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻՆ
ծննդյան 70-ամյակի
առթիվ։
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին։
***
***
«Վարժապետական պատկերացմամբ գրականության դասական ուղղություններին՝ կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, վիճակված է մի որոշ պատմաշրջան, որից հետո նրանք կորցնում են իրենց գեղագիտական արժեքը։ Այստեղ ճշմարտությունը կարող է վերագրվել պատմության և փիլիսոփայական աշխարհայեցության սահմանումներին, բայց խոսքի գեղագիտական-գեղարվեստական առնչությամբ դասական ուղղություններից յուրաքանչյուրը իր հարատև արժեքն է ներդնում գեղարվեստական զարգացման ընթացքի վրա։ Այս երևույթը խորապես գիտակցում էր Դ. Վարուժանը, իր ստեղծագործության պոետիկայում համատեղելով կլասիցիզմի, ռոմանտիզմի և ռեալիզմի ոճական առանձնահատկությունները։ Այսպես, օրինակ, արդի հայոց բանաստեղծության ականավոր դեմքերից Հակոբ Մովսեսի պոեզիայի գեղարվեստական բարձր արժեքը ես բացատրում եմ կլասիցիմի, ռոմանտիզմի և մոդեռնիզմի ոճական համադրությամբ»։
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ
***
***
«Նրա փիլիսոփայությունը երկու աշխարհների՝ միստիկական և իրական, երկու ժամանակների՝ անցյալի և ներկայի մարդկային էականությունը իրենց մեջ ներառող կյանքի ու մահվան տեսանելի և անտեսանելի էզոթերիկ կապի գոյություն է, որով էլ պայմանավորված է ոչ միայն բանաստեղծության բովանդակային խորքը, հոգու գեղարվեստական պատկերը, այլև բանարվեստային ողջ համակարգը՝ իր կառուցվածքային առանձնահատկությամբ հանդերձ։ Հակոբ Մովսեսի պոեզիան արդյունքն է հեղինակի ինքնատիպ խառնվածքի, ինտելեկտուալ հարուստ կարողությունների, զգացմունքային գունագեղ նրբության և բազմազանության, բանաստեղծության արարման նորագույն տեխնիկայի, որոնցով նա կարողանում է հայտնաբերել ու արտացոլել ժամանակակից մարդու տևական պատմություն ունեցող ներաշխարհի հարստությունը»։
Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ
***
***
Հակոբ Մովսեսի պոեզիան իր լեզվամտածողությամբ և ներքին միասնականությամբ, որն իր բոլոր ձևերով ու մեկնություններով պտտվում է նույն կենտրոնի շուրջը, աչքի է ընկնում նախ և առաջ ներքին բովանդակության («ներքին» ասելով պետք է նկատի ունենալ ոչ թե թեման և նրա սուբյեկտիվ վերապրումը, այլ նրա «այնկողմնային» հոգևոր ոլորտը, ենթա-ենթաիմաստների ֆոնը) և նրա կատարման հարմոնիան, որը գործում է նրա տեքստային բոլոր շերտերի և մակարդակների մեջ։ Մտքերի, զգացմունքների, պոետական «տեսիլքների» միջև ստեղծվում է մի ներդաշնակ վիճակ, ուր յուրաքանչյուր օղակ գտնվում է մյուսների հետ կատարյալ հավասարակշռության մեջ, բառերը, պատկերները (հայ պոեզիայի ամենահարուստ պատկերային համակարգերից մեկը), մտքերը, ընդհանուր երաժշտական-ճարտարապետական կառուցվածքը ձգտում են մեկը մյուսին, կրկնվում մեկը մյուսի մեջ՝ ձգվելով իրենց իմաստային գաղտնի «միջուկին», որը բացահայտվում է հենց այդ լեզվական ճարտարապետական կոմպոզիցիայի մեջ։ Պետք է ասել, որ Հակոբ Մովսեսի պոեզիան աչքի է ընկնում իր կոմպոզիցիոն ամբողջականությամբ… Չծավալվելով այս հարցի կապակցությամբ՝ պետք է ասել, որ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները իրենց ներհուն կառուցվածքով, իրենց ներքին և արտաքին ձևերի ներդաշնակությամբ մեր գրականության լավագույն օրինակներից են, որոնք ունեն իրենց աշխարհը, իրենց որոշակի բովանդակությունը, առանձնահատուկ թեմատիկան և պոետիկան։
Հենրիկ ԷԴՈՅԱՆ
***
***
«Հակոբ Մովսեսի պոեզիան որոշակի ժամանակից և որոշակի իրականությունից դուրս է։ Ժամանակը հավերժությունն է։ Բնության ժամանակը՝ որպես հավիտենություն. մարդու ժամանակը՝ որպես քրիստոնեական աշխարհ։ Ժամանակը կանգնած է։ Չկա անցյալ, ներկա և ապագա, կա մեկ ժամանակ։ Եվ եթե այդ ժամանակը շարժվում է, ապա սոսկ ժամանակների ազատ տեղափոխությունն է մեկ ու միասնական ժամանակի մեջ։ Այդ ժամանակը տրված է մարդուն, և ոչ թե մարդն է տրված ժամանակին։ Այսինքն՝ մարդը բոլոր ժամանակների տերն է, որպես սկիզբ (ծնունդ) և որպես վախճան (մահ)։ Իրականություն՝ որպես հանույթ, գոյություն չունի, կա մտահայեցումի մի աշխարհ իր դաշտերով, բլուրներով, գետերով, կա Տիրոջ ներկայությունը իր հրեշտակ- երեխաներով և իր ոգին կրող բանաստեղծի ներկայությամբ։ Գեղարվեստական այս իրականությունը քանի որ դուրս է որոշակի իրականությունից, դուրս է նաև պատմությունից՝ որպես ժամանակների շարժում ու դեպքերի ընթացք։ Իսկ եթե հավերժությունը նաև պատմություն է, ապա դա արտահայտվում է խորհրդանշաններով։ …Կեսգիշերից մինչև առավոտ, երբ հոգիդ ու մարմինդ, ողջակիզվելով մտքերի հնոցում, մոխիր են դառնում, և հիշողությունդ քայլում է այդ մոխիրների վրայով՝ մոխրե դաշտեր, մոխրե երկինք, մոխրե ձորեր, պետք է վերստին փորձես վերագտնել ինքդ քեզ և ամբողջանալ։ Իսկ դրա միակ հնարավորությունը գիրքն է, բանաստեղծելու արվեստը՝ առավելագույնը, որ տրված է մարդուն։ Այս դեպքում քեզ, Հակոբ Մովսես, որ տասնամյակների միջով, բայց բանաստեղծական հիմնահուն ճանապարհով եկել հասել ես քո ստեղծագործական կյանքի գագաթնակետին»։
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
***
***
«Հակոբ Մովսեսի նախորդ երեք ժողովածուները «Գիրք ծաղկման»-ի նախապատրաստումն են, եթե կարելի է այդպես ասել՝ ավետարանային անցման հինկտակարանային նախապատրաստումը: Եվ եթե առաջին երեքը բանաստեղծ-արարչի օրփեոսյան երկրապատում կենսագրության ներզննումն են, ապա վերջինս Աստծո կենսագրության իրապատումն է: Այստեղ նույնանում են երկու կենսագրությունները: Առաջինի երկրային կենսագրությունը համընկնում է երկրորդի երկրային-հոգևոր վարքին, և համընկնումը այնքան նույնական է, որ արդեն դժվար է տարբերել՝ որտեղից է սկսվում մեկինը, և որտեղ է ավարտվում մյուսինը, քանի որ երկուսն էլ հար և նման միևնույն Բանի մարմնավորումներն են՝ մե՛րթ երկրի վրա՝ որպես Բառի մարմնավորում, մե՛րթ երկնքում՝ որպես Բանի հարություն («Ես լույսը չեմ, բայց վկայում եմ նրա համար»), Բանի՝ որպես Աստծո, Բառի՝ որպես բանաստեղծի, և երկուսի՝ որպես Արարչականության կրողներ, հարաբերությունները այսուհետև անզատելի են, անտրոհելի ու անբաժան, քանի որ՝ Աստված այնքան պիտի//ապրի Խոսքի ներսում,//Ինչքան Խոսքը պիտի//ապրի աշխարհի մեջ:
Հ. Մովսեսի բանաստեղծության գեղարվեստական համաբանությունը գեղանկարչությունն է: Ածականների և գոյականի համադրական պոեզիան: Այն ստեղծում է սեփական նշանները, որոնք սովորական իմաստով համակարգ չեն կազմում: Վերևում նշված կառուցողականության պակասը նրա բանաստեղծության ազատության նվաճումն է, որը համակարգը դարձնում է ամբողջովին բաց, ինչը անվերջ վերընթերցման հնարավորություն ընձեռելով, ինչ-որ իմաստով նրան զատում է իր սերնդակիցներից՝ իր վերժամանակայնությամբ: Հղում անելով Արիստոտելին՝ Կիերկեգորն ասում է, թե պոեզիայի տեսակետից հնարավորը բարձր է իրականությունից, իսկ Պրուստը պնդում է, թե իրականությունը պակաս հասանելի է, քան հնարավորը: Ըստ Հ. Մովսեսի՝ ստացվում է, որ հնարավորը կեցության ընտրությունն է, իսկ կեցությունը՝ ինքն իր հնարավորությունը: Եվ այս գիտակցումն է, որ նրա բանաստեղծությունը դարձնում է ժամանակից վեր՝ որպես միայն հնարավորի արվեստ: Գրական-պատմական իմաստով նրա բանաստեղծությունը «երկու աշխարհի սահմանագծում («Եվ բզկտում է ինձ անցումը այս») հայտնված արվեստագետի հոգու տառապանքի հաղթահարումն է կամ հաղթահարման փորձը»:
Թադևոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
***
***
«…Նրա բանաստեղծությունը խոսքը բյուրեղացնելու և ցոլացնելու խորհուրդ ունի, որն անում է անընդհատ, թաքուն հպումներով։ Բանաստեղծն այդ ստեղծագործական ընթացքի մեջ առաջինը ներքին խորք, ներշնչանք է ստեղծում բառերի համար, ձգողականության խաղաղ մի դաշտ, որի վրա բառերը կենդանի զարդանախշեր են դառնում… Բանաստեղծի խնդիրը նաև հոգու այդ նուրբ տիրույթները փռելն է, ներդաշնակելը բառաշխարհների հետ։ Բառերը, թվում է, պայծառանում են մեղմասացության խորքերում, ելևէջում, խմբապարում են շուրջանակի, ու քո զգայարանների միեղեն ընկալման ու արտացոլման մեջ մնում է հնչողության տեսիլքը, այն մեղեդայնությունը, որի բուրմունքը մեղրահամ է, որ հաճախ փոխակերպվում է ողբերգական գունային շիթարձակումների, չկորցնելով ներքին զվարթությունն ու հայացքի պայծառությունը»։
ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ
Հակոբ Մովսեսին
Հիշողության խնկամանից
Հույզերի ծուխն է բարձրանում,
Խաղաղ լույսերը խավարից
Տարաշխարհիկ մեղր են քամում –
Այդ լույսով են հավետ օծված
Մարմինները մեր մեղրածոր,
Ու խորիսխներն հիշողության՝
Մեր օրերի մեջ խորացող
Տարաշխարհիկ լույս են դառնում,
Որ Արարիչը համտեսի,
Եվ երազներն են զտարյուն
Խառնվում այդ կենաց ծեսին,
Ու խորհում ես՝ ո՞ւր է հոգին,
Երբ մարմիններն են խմորվում,
Գուցե նա՞ է հունցում խորքից,
Գուցե նա՞ է այսպես ծորում
Քո աչքերից ու կլանում
Ցոլանքները այս ցնծության,
Գուցե նա՞ է հյուսում անուշ
Այս խորիսխներն հիշողության,
Այսպես անհուն այս խավարից
Արարվում են օրերն Աստծո,
Իբրև խոսուն, լուսեղ մարմին
Ու մեկնություն արարածոց։
ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ
***
***
«…Նա բանաստեղծ է՝ Ռիլկեի հետ նույն ցեղից, ասել է թե՝ նրա ազգակցականությունը Ռիլկեին ոչ թե փոխաբերական է, այլ՝ էութենական: Նա բանաստեղծություն ոչ թե գրում է, այլ՝ ապրում: Կամ՝ գրում է հենց այն պատճառով, որ ապրում է: (Բայց ոչ մի դեպքում չի ապրում այն պատճառով, որ գրում է): Ինչից նա բնազդաբար խորշում է՝ մոդան է, մոդայականությունը, մոդեռնը, պոստմոդեռնը, ողջ այդ ճղճղան, խմող, երկարամազ-երկարամորուս և հիգիենիկ իմաստով ոչ անբասիր արտ-միաբանությունը (մի այլ ավատարությամբ, մի ուրիշ «եղբայրությամբ»), որը բանաստեղծությունը արդեն այլ կերպ չի էլ գիտակցում, քան խումհարի միջից: Այլ բառերով. նա ոչ մի բանաստեղծ էլ չէ, եթե բանաստեղծը - ահա այս մեկն է, կամ այն մյուսը և կամ էլ ահա այն երրորդը: Հակառակը. եթե նա բանաստեղծ է, ապա այն պայմանով, որ այս մեկը կամ այն մյուսը և կամ էլ ահա այն երրորդը բանաստեղծ չեն: Բանաստեղծությունը նրա պարագային – մայրաքաղաքային տղաների ինքնաարտահայտություն չէ և ոչ էլ՝ հայելի, որին նրանք սիրահարված են ասես իրենց, այլ անասելին և համրությունը ձայնա-գրելու արվեստը, որից հետո համրությունը հանկարծ սկսում է ձայն բարձրացնել և պատմել, թե այդ ինչից է ինքը այդպես համրացել… Եթե մոդայիկ-փիլիսոփայական «ինչի մասին անհնարին է խոսել՝ դրա մասին հարկավոր է լռել»-ը անգամ ուժ ունի, ապա փաստաբանների, նոտարների, բամբառակների, քաղաքագետների, լրագրողների և մյուս իրապաշտների համար: Բանաստեղծության կանոնն այլ է. «Ինչի մասին անհնարին է խոսել՝ դրա մասին հարկավոր է բանաստեղծություններ գրել»: Այսինքն՝ եթե ասելու բան ունես, գրիր արձակ: Բանաստեղծությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում են բառերը, և սկսվում են իրերը: Բանաստեղծության սկիզբը բառերի ուշաթափությունն է և իրերի տոնախմբությունը: Իհարկե, իրերը այնտեղ գրվում են բառերով (ինչպես նկատել է Մալարմեն գեղանկարիչ Դեգայի հետ մի զրույցի ժամանակ, ով բանաստեղծություններ էր գրում և մի անգամ գանգատվեց, որ դրանք չեն ստացվում, թեև ինքը լեցուն է գաղափարներով), բայց բառերը, ընկնելով նրա մեջ, դադարում են բառ լինելուց և վերածվում են բուն իրերի… Միայն թե թող թյուր չհասկանան: Այս ամենը ասելով՝ ես բանաստեղծության մասին դատողություններ չեմ անում, ես այն պարզապես տեսնում եմ մեկի պատկերով, ով այն կրում է իր պատկերին… Այս իմաստով Հակոբ Մովսեսը ինձ համար եղել է և մնում է այն բանաստեղծը, որին Պոեզիան տեսակցության է կանչել… Համրության մունետիկ, անասելու շռայլիչ, «սրտի լեռնական» (Ռիլկեի «իջած սրտի լեռների վրա» տողը հայկական օպտիկայով թերևս նրա բանաստեղծության տեսքն ունենա): Նա պարզապես հիվանդացել է բանաստեղծությամբ՝ իմանալով կամ էլ չիմանալով, որ իրեն նրանից արդեն չի փրկի ոչ ոք: Առանձնապես նախարարությունը, որտեղ նա – հայկական խռովության զրոյական տարիներին – փորձեց իրեն խորամանկելով նախարար լինել. ըստ էության՝ էլի նույն բանաստեղծը, սակայն արդեն շրջապատված ոչ թե մեռյալներով, այլ՝ գիշատիչ պլանկտոնով: Այո՛, այո՛. ես ոչ մի հիմք չեմ տեսնում չասելու այն, ինչը պատրաստվում եմ ասել, անգամ եթե ես բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ քչերը կլինեն, ովքեր կհամաձայնեն սրա հետ: Էհ, հետո ինչ: Չէ՞ որ կարելի է սփոփվել Սենեկայի անմեռ բառերով. «Satis sunt mihi pauci, satis est unus, satis est nullus» («Ինձ բավական են քչերը, ինձ բավական է թեկուզ մեկը, ինձ բավական է նաև ոչ մեկը»): Ասենք նաև՝ նման բաները համաժողովրդական հանրաքվեով չեն քննարկվում ու որոշվում: Մի օր դա կհասկանան նաև Հայաստանում, եթե այդ «մի օրվա մեջ» դեռ ինչ-որ բան մնա իրենից՝ Հայաստանից… Իբրև բանաստեղծ՝ Հակոբ Մովսեսը կանգնած է նույն շարքում այն ամենաառաջինների և ամենահզորների կողքին, ովքեր երբևէ կորել են և իրենց գտել հայոց լեզվի ծուռումուռ բաբելոններում»:
Կարեն ՍՎԱՍՅԱՆ
***
***
«…Հակոբ Մովսեսը բառի պոետիկայի ընկալումը, բնազանցական իր նախահիմքով, ավելի հեռուն է տանում, «պոեզիայի ազգաբանությունը», ինչպես ասում է, «հասցնելով լեզվին», այնուհետև հավելում՝ «մենք ոչ միայն մարդկանց հովիվներն ենք, այլև իրերի», որովհետև, ինչպես Հերդերն է ասում, «մարդկային ցեղի լեզուն բանաստեղծությունն է», իսկ «բանը իր լեզվական տեղանքում է դառնում Բան-ա-Ստեղծություն»: Բանաստեղծն, ուրեմն, անտեսանելիի հովիվն է, պոեզիան՝ «Իթաքեն կանաչ հավիտենության» կամ «պոեզիա-մեսիան», որ չի կարող լինել իրականության հայելին և թաքնվել իրականության թևի տակ սվիֆտյան լիլիպուտի պես: Ահա ինչու պոեզիան ունի իր պատմությունը, որ Սուրբ Հոգու պատմությունն է, այսինքն՝ մշակույթը, որի գոյության խարիսխը բառն է, միակ գոյավորը առհասարակ՝ լեզուն, որը չի պատկանում տարածությանը, այլ ինքն է տարածությունը և ժամանակը: Ահա ինչու Հ. Մովսեսի աշխարհայեցությունը ունի այնպիսի ամբողջություն և ազդեցություն գրապատմական պրոցեսում, որ հանգում է Գրքի գաղափարին բնազանցական իր հիմքով «Գիրք ծաղկման» ժողովածուից մինչև «Լույս զվարթ» և «Շարական» գրքերը, որոնք, առանց չափազանցության, պոետական գլուխգործոցներ են և հավերժի հետ են զրուցում: Իսկ Հ. Մովսեսի ներքին բանավեճը հանուն պոեզիայի զուտ գեղագիտական հիմնավորում ունի, որի հաշտեցումը հնարավոր է միայն գրական գալիքում, պատմական շրջափուլի ամբողջացման հանգրվանում: Ուստի Հ. Մովսեսի բանավեճը, ուղղված «ժամանակի շունչը դարձած» բանաստեղծներին, գեղագիտական առումով հիմնավորված է, գեղագիտական հակադրությունը՝ պատմականորեն բացատրելի և արդարացված»:
Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
***
***
«Հայ բանաստեղծության արդի զարգացումներում գնալով ավելի ու ավելի բացառիկ է դառնում տեսակ ասվածը: Համատարած կրկնաբանությունների, ավանդույթի թյուր ընկալման, էպիգոնության ու պարզ կրկնողության, բանաստեղծության առաքելության շփոթի այս դժվար ժամանակներում բացառիկ քչերին է վիճակված ունենալ անշփոթելի ձեռագիր: Այդպիսի պոետներից Հակոբ Մովսեսի «Լույս զվարթ» ժողովածուն համակարգային մի երևում է, որ գրական ընթացքն իր առավելություններով ու թերություններով վերլուծելու բացառիկ պատեհություն է ընձեռում, և քննադատությունը պետք է շտապի օգտագործել այդ հնարավորությունը: Ժողովածուն չափազանց խորքային է, ենթաբնագրերով հարուստ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող: Սակայն գրական ընթացքի տեսանկյունից առավել հետաքրքիր է արդի հայ բանաստեղծության նկարագրի մովսեսյան ընկալումն ու բանաստեղծության ապագայի նրա տեսլականը, որը և, իմ կարծիքով, ժողովածուի հղացման գլխավոր ազդակն է:
Գրաբանական դաշտում իր բանաստեղծական բացակայության գիտակցությունը Հ. Մովսեսի նոր գրքի համար ծառայում է իբրև բնագրաստեղծ գործոն: Այս առումով ընդգծեմ նրա ստեղծագործական կյանքի որոշ, այս դեպքում` շատ կարևոր մանրամասներ: 1992 թվականին հրատարակելով «Գիրք ծաղկման» ժողովածուն՝ Հ. Մովսեսն այնուհետև ոչ մի բանաստեղծական տող չի հրապարակել անգամ մամուլում: 2005 թվականին լույս տեսած «Բանաստեղծություններ» հատորը զուտ տեքստային առումով Հ. Մովսեսից անտիպներ չէր պարունակում, քանզի ներփակում էր նրա նախընթաց բոլոր ժողովածուները միայն: Այսինքն՝ Հ. Մովսեսի բանաստեղծական լռությունը տևել է 17 տարի: Եվ ահա միանգամից մի ստվարածավալ ժողովածու՝ «Լույս զվարթ» խորհրդանշական վերնագրով, որ արարման խորհուրդ ունի: Եթե դիմելու լինեմ փոխաբերության, ապա միայն ու միայն այդ պոետական արարքը կարող եմ զուգահեռել աստվածաշնչյան աշխարհարարման հետ: Բացի այն, որ ժողովածուի բաժինները՝ եղանակները, ինչպես Արարչության օրերը՝ նույնպես 7-ն են, առավել նկատելի է հանգամանքը, որ Հ. Մովսեսի ընկալմամբ՝ արդի հայ բանաստեղծության տիրույթը Քաոս է, և «Լույս զվարթ» ժողովածուն միտում ունի կարգավորել այն՝ զատելու լույսը խավարից, ջրերը ցամաքից»…
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
***