Կրակահերթը զարկեց ձախ թևին: Առաջին փամփուշտից ստացած ցավն այնքան ուժեղ էր, որ մյուս երկու վերքերը՝ դաստակից քիչ վերև և թևատակին, գրեթե չզգաց: Ավելի ճիշտ, չհասցրեց զգալ յուրաքանչյուր վերքն առանձին. ամենը միախառնվեց մեկ հուժկու հարվածի մեջ, որը, ինչպես թվաց առաջին պահին, պոկեց ու տարավ ձեռքը:
Ցնցումը շուտ անցավ. վիրավորը սեփական ջանքերով հաղթահարեց այն: Երկու կոտրվածքներով ձեռքը միանգամից այտուցվեց, քարանալով անբնական վիճակում՝ ծալված արմունկով և բացված ափով, ուղղված դեպի վեր: Ինքնաձիգը բաց չթողնելով՝ առողջ թևով Արմենը փորձեց ձախ ձեռքի դաստակը դնել «աֆգանկայի» բաց կրծքում: Սակայն մի քանի քայլից ձեռքը դուրս եկավ բաճկոնակի տակից և ազատություն զգալով` ուժեղ տեղաշարժվեց դեպի ձախ մինչև վերջ, բութ, սրտխառնիչ ցավ պատճառելով, և դեռ երկար հանդարտվում էր անհեթեթ ողջույնի շարժումով, դողալով ուղիղ աչքերի առջև: Այն ընդհանրապես չէր ենթարկվում, ինչ-որ ինքնուրույն և օտարածին բան էր թվում:
Հանկարծ սաստիկ խղճաց ինքն իրեն և այլանդակված ձեռքը, բայց շուտ հաղթահարեց այդ զգացողությունը: «Դեռ ամեն ինչ ավարտված չէ, կգնամ այնքան, ինչքան կկարողանամ»,-կարծես երկատվելով ներշնչում էր իր ներքին «ես»-ին վիրավորը և նույնիսկ ժպտաց նրան, երբ հասավ ընկերներին: Նրանք արագ կապկպեցին վերքերը: Վիրակապերը վայրկենապես ծանրացան արյունից, որի թթված հոտին ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել:
Հակառակորդը հետապնդում էր շրջափակումից դուրս եկածներին: Ընդհարումներից մեկի ժամանակ խումբը մասնատվեց: Հիմա նրանք չորսով մնացին. Արմենը անձայն էր քայլում՝ վերաիմաստավորելով կատարվածը…
Հակառակորդը, որն անհաջող գրոհում էր փոքր լեռնային լճի մոտ գտնվող ռազմավարական կարևոր բարձունքը, երրորդ օրը գործեց խորամանկաբար. թիկունքից մտնելով աննկատ՝ կիսալուսնաձև շրջափակեց արցախյան մարտիկների փոքր ջոկատը:
Երկար դիմադրությունը սպառնում էր գերությամբ. պարզապես չէր հերիքի զինամթերքը: Նահանջելու տեղ չկար. ներքևում՝ սառը ծփանքի մեջ, շողշողում էին լճի ջրերը, և եթե հակառակորդի համար լուրջ խոչընդոտ էր, հիմա դարձել էր թշնամու շրջափակման շղթայի շարունակությունը: Իրավիճակն արագ գնահատելով՝ մարտիկները որոշեցին ճեղքել թշնամու գիծը, շարժվել դեպի միակ ազատ ուղին՝ ձախ կողմից դեպի սարը բարձրացող արահետը:
Այրվող ՀՄՄ-ի մոտ թեժ մարտ բռնկվեց: Կողքին ընկնում էին ընկերները: Արմենի դեմքը ողողվեց դիպուկահարի փամփուշտից ճակատը խոցված մարտական ընկերոջ արյունով: Եթե չհաջողվեր հավաստանշել խնամքով քողարկված գնդացրորդին, որը թաքնվել էր թփերում, բոլորն էլ կընկնեին: Երբ Արմենը փորձեց կրակով փակել վերջին հեռացող ընկերոջը, թշնամու կրակահերթը հասավ նաև նրան…
Մանկության տարիներին արդեն հասկանալով, որ մահն անխուսափելի է բոլորի համար, նա չգիտես ինչու համոզված էր սեփական անմահության մեջ: Նրան թվում էր, որ մահն ինչ-որ հրաշքով կշրջանցի իրեն: Հիշելով դա հիմա՝ մոտավորապես քսան տարի անց, Արմենը ակամա ժպտաց…
Այնինչ կյանքը դեռ խաղում էր նրա մեջ, աշխարհի հետ կապելով հազար անտեսանելի թելերով՝ զգացումներով, զգացմունքներով, մտքերով, հիշողություններով: Եվ թվում էր, որ միայն անասելի ցավի միջոցով հնարավոր կլինի միանգամից ընդհատել այդ ամենը, որ միայն ինչ-որ անսովոր բան կկարողանար դադարեցնել այդ զարմանալի վիճակը, որն ընծայվել է միմիայն մարդուն: Բայց որ այսպես. անխոս և լուռ, հոսող արյան հետ պետք է հեռանար կյանքը, ոչ մի կերպ չէր տեղավորվում ուղեղում: Նա չէր կարող, չէր համարձակվում պատկերացնել դա, չէր հավատում, որ ընդամենը մի քանի րոպեից կարող է դառնալ այնքան անշարժ և անկենդան, ինչպես ոչ շատ հեռու ընկած, արկից արմատախիլ եղած կոճղը: Նա հրաժարվում էր նաև ընդունել, որ մարտական ընկերների մեծ մասը, որոնց հետ դեռ վերջերս կիսում էր հացը, քունը և հանգիստը, մահացել են… Եվ դա նրան ուժ էր տալիս:
Արմենը տանջվում էր ծարավից. ջուր չէր խմել գրեթե մի օր: Միշտ ճշտապահ ջրկիրը երեկ, չգիտես ինչու, չէր եկել: Դիրքերին մոտեցավ միայն հաջորդ օրվա կեսօրին, մարտը սկսվելուց առաջ, երբ անսպասելի հայտնվեց դիտապահակը՝ քրտինքի մեջ կորած, և հուզմունքից դողացող ձայնով հայտնեց, որ հակառակորդը օղակի մեջ է առնում իրենց: Ջուրը մոռացվեց… Հիմա, մոտավորապես իմանալով աղբյուրի գտնվելու վայրը, նրանք փնտրում էին լեռնային, ամռան տապից տառապող անտառում:
Չնայած բոլոր ջանքերին, արյունահոսությունը կանգնեցնել չհաջողվեց: Վիրավորը նկատելիորեն թուլանում էր: Նա զրահաբաճկոնի գրպաններից հանեց, ընկերներին փոխանցեց նռնակներն ու պահեստատուփերը: Որոշ ժամանակ անց մարտիկները, փորձելով նոր ցավ չպատճառել վիրավորին, կտրեցին արյունով ներծծված զրահաբաճկոնը և միայն այդ ժամանակ նկատեցին երրորդ վերքը թևատակին, վրդովմունքով կշտամբելով, որ թաքցրել էր իրենցից…
Շուտով աղբյուրի որոնումները հաջողությամբ պսակվեցին, և կուշտ ջուր խմելու անհաղթահարելի զգացումը տիրեց նրան: Սակայն վիրավորին հիասթափություն էր սպասվում. ընկերները կտրականապես արգելեցին նրան խմել: Ջուրը, սովորական ջուրն այդ պահին նշանակում էր վերջ. թույնի պես մահ էր բերում:
Ի վիճակի չլինելով բացել քարացած փրփուրից ծեփված բերանը՝ նա շարժումով ցույց տվեց, որ պատրաստվում է միայն թրջել շրթունքները: Բայց արդեն մի րոպեից նրան՝ ամբողջ մարմնով գետնին հպված և մոլեգին ագահությամբ սառնորակ ջուրը ներծծող, ասես հենց կյանքն իր թարմությամբ և ուժով, ստիպված էին կտրել կենսուրախ կարկաչող առվակից: Որոշ ժամանակ անց մի քանի քայլ անելով՝ անտանելի ծանրություն զգաց ոտքերի մեջ և նստեց, խնդրելով ընկերներին, որոնց այդքան թեթևամտորեն չլսեց, թողնել իրեն, խոստանալով, որ մթնշաղի մոտենալուն պես ինքնուրույն կհասնի դիրքերին: Բայց երբ նրան ձայն տվեցին, դժվարությամբ անջատեց ծանրացած կոպերը, հասկացավ, որ ուժերը վերջնականապես լքում են, և գուցե կյանքն արդեն կիսով չափ դուրս է եկել իր միջից:
– Գնացեք,- միալար պնդում էր՝ ինքն իր բառերին չհավատալով:- Գիշերը ինքս կհասնեմ:
Հանկարծ աչքերի մեջ կայծակի արագությամբ պտտվեցին հսկա ծառերի սաղարթները, և ցերեկային թույլ լույսը, որը բարակ շիթով ճեղքում էր փարթամ տերևները, անհետացավ: Հեռու և աղոտ աչքին երևաց մայրը, որը մահացել էր ուղիղ մեկ ամիս առաջ… Այդ պահին զգաց ինչ-որ մեկի թեթև ու հոգատար հպումը: «Մայրի՜կ»,- շշնջաց վիրավորն ու փորձեց բացել աչքերը, բայց չկարողացավ: Նա արդեն չէր լսում, թե ինչպես էին ընկերներն իրեն կանչում:
Վիրավորը հայտնվեց մի անվրդով դրության մեջ, որը լինում է երևի միայն այն ժամանակ, երբ ընդհուպ մոտենում ես վերջին սահմանագծին՝ լիովին և անտրտունջ տրվելով վրա հասած լիարժեք, զարհուրելի ազատության զգացմանը: Թվում էր, թե ողջ աշխարհը դանդաղ շրջվում էր, իսկ նա չէր դիմադրում, նույնիսկ չէր փորձում պահել այն: Ինքն իրեն ավելորդ, օտար և ջնջված էր զգում: Նույնիսկ ամենամոտ, հարազատ մարդկանց մասին մտածելու ուժ չուներ: Նրանք, որքան էլ դա սարսափելի էր, օտար և անիրական էին թվում… Ներքին «ես»-ն էլ էր լռում…
Իրենց և ընկերների ավտոմատների, նրա մարմնի և արյունից ուռած բաճկոնի ծանրության տակ կռացած, լեռնային լանդշաֆտի ութ-տասը կիլոմետրերը հաղթահարելուց հյուծված, ընկերները քարշ էին տալիս վիրավորին: Որպեսզի ինչ-որ ձևով օգնի նրանց, վիրավորը փորձում էր շարժել ոտքերը… ապարդյուն…
Զինվորական հոսպիտալում բժիշկները Արմենին հարազատի պես ընդունեցին, իսկ բուժքույրերը ոչ մի անգամ չմերժեցին ջուրը, որը նա հինգ րոպեն մեկ էր խնդրում…
Կյանքը՝ լուսափայլ և ուրախալի, դանդաղ, բայց հաստատակամ վերադառնում էր, յուրաքանչյուր բջիջ իրենով լցնելով: