Խումբը հետախուզությունից էր վերադառնում: Հակառակորդի կրակի տակ դեմարկացիոն գիծն անցնելուց բավականին ուշ գլխի ընկան, որ իրենցից երկուսը չկան… Վերադառնալ չէին կարող, մեր զորքերի դասավորությանը հասնելու համար դեռ ահագին տարածություն կար, իրենց էլ հրամայված էր «լեզվին» արագ տեղ հասցնել. թշնամու կողմից նոր հարձակում էր սպասվում:
Եվ ատամները սեղմելով` տղաներն առաջ անցան…
* * *
…Երբ վերջին քայլողի կերպարանքն էլ կորավ հեռու բլրակի ետևում, տնքացող վիրավորի կողքին դիրքավորված զինվորն զգաց, որ երեք գիշերվա անքնությունից, հոգնությունից ու ձգված նյարդերից ոտքերը ծալվում են: Նայեց թշնամու կողմը, նայեց երկնքին ու թեթև հոգոց արձակեց:
Կրակոցները լռել էին, և լռությունը չարագուշակ էր: Հայհոյեց իրեն. տխմա՜ր… Հիմա դու էլ էիր անցել բլրակը… Է՜շշշ, ինչո՞ւ ետ դարձար: Նրանք չնկատեցին էլ, որ վիրավորվող եղավ, ոչ էլ ետ գնալդ տեսան:
Լռությունը չէր խախտվում, և նա նստած տեղը քնով անցավ՝ ինքնաձիգն ամուր սեղմած կրծքին: Քուն չէր, այլ վայրկենական նիրհ… Արթնացավ դեմքին փափուկ հպումից. դեղին տերևիկ էր: Բնազդային շարժումով ուզում էր մեջքը հարմար հենել ծուռոտ տխլենու բարակ բնին, բայց վեր թռավ՝ հիշելով վիրավորի մասին: Նա պառկած էր անշարժ, աչքերը փակ: Շոշափեց զարկերակը՝ խփում էր: Նորից նայեց թշնամու կողմը՝ ուշադրության արժանի ոչ մի շարժ: Ուրեմն հավաքել են զոհերին ու վիրավորներին ու նոր գրոհից առաջ «շունչ են քաշում»:
Շտապել է պետք՝ մտմտաց իրեն, երեք երեխայի հայր՝ պակասը գերի ընկնելդ է… Շրջվեց, նորից նայեց վիրավորին: Սրա հետ կշտապես, ո՜նց չէ… Տղամարդն էլ էդքան լեշ հավաքի՞: Միտքը տարիներով ետ գնաց… Համակուրսեցիներ էին: Ո՛չ լավ, ո՛չ վատ… Բայց սև աչքերով գեղեցկուհին իրենց դարձրեց մրցակից, հետո էլ ընկերությունը փոխվեց խուլ թշնամության:
Այս մսագունդը՝ այն ժամանակ շիմշատ տղա, խաղաց երեքի ճակատագրով: Մինչև այն աստիճան, որ աղջիկն, արդեն երեք տարեկան երեխայի տեր՝ բաժանվեց իրենից, հավատալով մյուսի՝ կնոջից ապահարզան վերցնելու խոստմանը: Երկու տարի մենակ խնամում էր երեխային: Հետո հուսախաբ կինը ապաշխարման եկավ, ու ծանոթ ու բարեկամ վրա տվեցին՝ ներիր, ջահել է, սխալվել է… Կարծես միայն նա էր ջահել: Համոզողների համար չէր՝ երեխայի՛ համար ներեց, ետ ընդունեց: Հետո երկուսն էլ ունեցան, ու կյանքը ոնց որ թե մտավ հանգիստ հուն: Բայց, պարզվում է, կան բաներ, որ չեն մոռացվում: Ներել կարող ես, մոռանալ՝ ոչ…
Վիրավորի ծանր տնքոցն ու համարյա միաժամանակյա հառաչանքը զինվորին վերադարձրեց իրականությանը:
– Հը՛, ճակատագիրը ոնց որ թե որոշել է լուծել, չէ՞, խնդիրը: Ոնց ասում են՝ ուշ լինի, նուշ լինի,- մտովի դարձավ վիրավորին:- Աստված հիշել է արդարության մասին… Տնքո՞ւմ ես: Տնքա՜… Ե՛ս քո՝ հոգի թունավորող տեսակիդ լավի… Տնքա՜…
Քներակի արյունն այնպիսի հոսքով հարվածեց քունքին, որ կոկորդից ասես մորթվող անասունի խռպոտ հևոց ելավ:
– Դու էլ ես… վիրավորվե՞լ,- թույլ հնչեց ուշքի եկած վիրավորի տագնապած ձայնը:
Տե՜ր Աստված, ինձ համբերություն տուր՝ չհասցնեմ սրա կեղտոտ մռութին… Տո, ա՛յ անասուն, նոր պիտի վիրավորվե՞մ: Տասը տարի է՝ ես սրտից վիրավոր… Խեր լինի, ինչո՞ւ ես հարցնում: Հա՜, իմացա. վախենում ես, չէ՞: Որ քեզ հանող չլինի էս թակարդից: Իսկ դու վստահ ես, որ հանելո՞ւ եմ: Ինչո՞ւ: Ո՞ր իրավունքով: Ամայի դաշտ, մենակ ես ու դու… Հիշո՞ւմ ես. ինչպես էիր Նրա մոտ ձեռ առնում ինձ, թե փողկապդ ճիշտ կապելն էլ չես կարող… Երբ բազմերեխատեր հորս՝ գյուղից ուղարկածից և, փառք Աստծո, գերազանցիկիս թոշակից մնացածով ամիսը եզրափակելու մտքից էի տառապում՝ բավականանալով Նրան սրճարան հրավիրելով, դու դիտմամբ մեջ էիր ընկնում` համոզում-տանում ռեստորաններ՝ աչքը շլացնելու համար: Եվ երբ, այնուամենայնիվ, ի՛նձ ընտրեց, էլի՛ չհանգստացար, հասար նրան, որ բաժանվեցինք: Հորդ՝ պետությունից թալանած փողերով առար նրան… Որ հետո օգտագործած թաշկինակի պես դեն նետես… Ե՜ս քո անաստված…
Տեղանքում ծավալված լռությունը խախտեց հակառակորդի հրետանին: Արկերից մեկն, ըստ երեկույթին՝ սխալ հաշվարկի հետևանքով, ընկավ բավականին մոտ: Հաջորդը կարող էր ճակատագրական լինել: Վիրավորին արագ առավ շալակն ու վազեց դեպի անտառակը: Վիրավորը ցավից գոռաց:
– Ձենդ փո՛րդ,- ատամների արանքից նետեց զինվորն՝ արագացնելով ընթացքը,- ուզում ես նոր խաթա բերել գլխի՞ս: Մոտերքում կարող է թուրք լինել…
Վիրավորը սսկվեց:
Զինվորի սիրտը վրեժխնդրություն էր տենչում: Այրված էր՝ այրել էր ուզում: Խայթված էր, եկել էր հարմար պահը՝ խայթել էր ուզում: Անտառակին հասնելուց զգաց, որ ծոծրակը թաց է: Կարծեց՝ քրտինք է, վիրավորին ցած դնելուց տեսավ, որ արյուն է. վերքն ուժեղ ցնցումներից բացվել-թրջել էր հաստ վիրափաթաթանը:
Հրետակոծությունն ավարտվեց: Նոր վիրակապի ծայրերն ագուցելուց հետո վիրավորին նորից առավ մեջքին ու անտառակից դուրս գալով, որքան կարելի էր արագ, սողաց դեպի բլրակը:
– Թող խելքիդ չփչի՝ հանկարծ ուրախանաս…- ափուարմունկին ուժ տալով՝ ծանրամարմին վիրավորի տակ հևաց զինվորը,- վիրակապդ փոխեցի, որովհետև դու իմ մեջքի զրահն ես: Փոխեցի, որ շուտ չսատկես… Հասկացար, չէ՞: Բլրակն անցնեմ, թե չէ…
Ասաց ու զգաց՝ վիրավորի մարմինն ինչպես ցնցվեց թիկունքին: Դե, էդպե՜ս… Էդպես տապակ-տապակն ընկիր, շուն-շան որդի… Էնքան տակուգլուխ արա, մինչև հոգիդ դժոխքի գոլորշի արձակի… Չեմ հասկանում, թե ինչ են տեսնում կանայք քո մեջ, ա՛յ դատարկ փուչիկ… Հա՜, փողերդ… Բայց ես ապացուցե՛լ եմ, որ կարող եմ քեզնից էլ հաջող բիզնեսմեն լինել… Ու ոչ թե հոր դրած հարստության ու խաբեության շնորհիվ, այլ սեփական խելքի շնորհիվ…
- Լսո՞ւմ ես,- վտանգի մասին մոռացած՝ արդեն բարձրաձայն գոչեց նա, գլուխը թեքելով ու վարից վեր նայելով վիրավորի գունատ դեմքին:- Քեզ նմանի առաջ կոտր ընկնելու էլ պատճառ չունե՛մ, լսո՞ւմ ես: Միակ պատճառը հիշողությունն է, որ որդի պես կրծում է ուղեղս, բայց էսօր ես դրա՛ն էլ ռադ կանեմ: Քեզ հետ միասին, վստահ եղիր…
Հրետակոծության ավարտը նշան էր, որ շուտով կսկսվի հակառակորդի գրոհը: Բլրակն անցած՝ նորից դիմեց վիրավորին.
– Հը, ո՞նց ես: Հոգիդ դաբանումդ է, գիտեմ… Բայց… դեսը լսիր. ես… դու չեմ: Ուզում ես ճի՞շտն ասեմ: Քեզ նմաններին արժե էն աշխարհն ուղարկել: Բայց դու… էսօր իմ բանակի զինվորն ես, հասկանո՞ւմ ես: Մենք՝ ես ու դու, նույն բանակի զինվորն ենք, ու… երկուսս էլ ՀԱ՜Յ, հասկանո՞ւմ ես: Ու մենք քիչ ենք…
Վիրավորի կողմից՝ ոչ մի արձագանք: Նրա մարմինը կտրուկ թուլացել ու սահել էր կողքի վրա:
Զինվորը հասկացավ, որ նորից է կորցրել գիտակցությունը: Բայց արդեն յուրայինների դասավորությունից իրենց նկատել ու վազում էին ընդառաջ…
***
Վիրավորին շտապ դաշտային հոսպիտալ հասցրին: Դրսում մի կոճղ կար, զինվորը նստեց նրա վրա և ծնկներին հանգստություն տալու համար առաջ մեկնեց ոտքերը: Քիչ անց նրան մոտեցավ հոսպիտալի կանանցից մեկն ու ձեռքը դնելով քրտինքից ու փոշուց սևացած, թիկունքը թաց բլուզին՝ փաղաքուշ ձայնով ասաց.
– Հանիր, տանեմ լվանամ…
Արձագանք չեղավ:
Զինվորը քնել էր՝ վերջին տասը տարում առաջին անգամ խաղաղված սրտով: