Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

 

ԱՆԴՈՒՆԴԻ ԿԱՆՉԸ
Գնում եմ,-
Թիկունքից կարծես թե մղվում եմ,-
Օրերս գայթում են դեպի վերջ,-
Գնում եմ, հեռու եմ,
Փյունիկվող թռչուն եմ –
Հրայրքի խայտանքը սրտիս մեջ։

Թաքուն է,-
Խավարում պահված է անունս,-
Մտքիս դեմ պատեր են ոխաշեն,
Բայց դարձյալ մղվում եմ,
Ինձ քաշում – տանում են
Բոցեղեն շանթերը լուսաճեմ։

Սրբազան կրակն է
Խոհերիս ակունքը,
Տեսիլքս մասունք է եթերից,
Իմ կամքը քարափ է,
Քարակոփ ապշանք է՝
Վեհացած անդունդի եզերքին։
………………………
Ահա և այստեղ եմ,-
Վերջապես հասնում եմ,-
Լուսայգը ծնվում է խավարից.
Արթնացել՝ խնդում է,
Թնդում է անդունդը՝
Շաչում է այգաճոխ անհունից։

Աստղածուփ անդունդն է
Իմ մտքի պերճանքը,
Եվ միտքս՝ ջահակիր ուխտավոր։
Շնչում է, կանչում է
Յոթնալույս խորանը –
Թռիչքն իմ անկում է խոյանքով։

ԲԼՈՒՐՆ Ի ՎԵՐ
Ինձ այնպես թեթև տարեք,-
Դեպի վեր, բարձունքն ի վեր,-
Ձեր ուսին մեռնեմ, տղե՛րք,
Ուսերի ցավով տարեք:

Թող մնա ցածում դժգույն
Իմ կյանքի մշուշը ցուրտ,
Ձեր հուշի կարոտ – հեռվում՝
Սրտերի վառքով տարեք:

Ձեր խոտոր – խոտոր ճամփին
Իմ հոգին թող հուրհրա,-
Նա վերից տեսնում է ձեզ,-
Կարոտի ճամփով տարեք:

Թոն մանի գոլ ու գլոր
Գլխաբաց ձեր արևին,
Իմ հոգու անձրևը տաք
Ձեր հոգնած հևքով տարեք:

Թագրանիստ բլուրն ի վեր,-
Դեպի վեր, բարձունքն ի վեր,-
Իմ մահը, օրվա սրտում՝
Ձեր կյանքի սիրով տարեք:

ՎՇՏԻ ԳԵՏ
Էս կարճ կյանքում էսքան երկար
Տառապանքի վարար մի գետ,
Ինձ մեջն առել ո՞ւր է տանում
Կոհակամեծ երգերի հետ:

Կոհակամեծ վերքերի հետ
Ինձ մեջն առել ո՞ւր է տանում
Հայոց վշտի վարար մի գետ,
Ես նրա մեջ, նա իմ սրտում:
ՄԱՅՐՍ
Ճանապարհս ընկավ Թիֆլիս,
Մտքովս Թեհրան եմ գնում…
Հորս՝ Օղբաթ Մարտինի երգերից

Մայրս սովոր է դուրս գալ արևին.
Մեջքն ապավինել մեր հին թթենուն,
Ընկնել հուշերի ծովը անփարատ՝
Մի աչքը քնած, մյուսը՝ արթուն:

Ընկնել հուշերի ծովը ալեկոծ
Եվ հեռուները թեշիկով մանել,
Հորս տեսիլը իր մեջ ամփոփած՝
Օտար հովերը իրենից վանել:

Հորս տեսիլը արցունքների մեջ՝
Վայ տալ իր բախտի դեղին արևին.
– Ա՛յ մարդ, ո՞ւր թողիր ինձ այսպես շիվար,
Անեծքս տանի բախտ բաժանողին:

Հորս շուքի հետ մաշվում է մայրս,
Բայց քնած աչքը մեկեն արթնանում՝
Իր մեջ է առնում լույսերը բոլոր
Եվ ինձ լույսերի մեջ է որոնում։

Զուգվում է մայրս խինդով զվարթուն,
Սրտում հրավառ աստղերի թովչանք.
Աչքը գտել է, գորովել է ինձ –
Հուշը շիկնում է մորս կրծքի տակ։

Եվ վաղորդայնից մինչև շամանդաղ
Մաշվում է մայրս՝ հենված թթենուն,
Հուշերն է մանում իր թեշիկի հետ՝
Մի աչքը քնած, մյուսը՝ արթուն:

ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ
Իմ հանդ ու քոլը կանաչած –
Արևիս շողը պակասեց,
Ցամաքեց աչքն ամպի՝ կուրացավ –
Առվակիս ջուրը պակասեց:

Օջախիս հիմքը գցեցի –
Պատերիս քարը պակասեց,
Գարունս գարնան նման չէր –
Իմ աշնան հունձը պակասեց:

Նոր գարնան ի՞նչ պետքն էր, եկավ –
Իմ ցանքի սերմը պակասեց,
Գլուխս ո՞ր քարովը տամ –
Սև օրվա հացս պակասեց:

Ա՜խ, կյանքն էլ կյանքի նման չի –
Սրտերից սերը պակասեց,
Ես կերթամ, մնացողն է մեղք –
Հույսն ու հավատը պակասեց:

ՀԻՇԻՐ ՀԱՅՐԵՆԻՆ
3-րդ կորպուսի զինվորին
Մութ սարի մեջքին կախվել է ահա
Անլույս մի լուսին,-
Խավարի պատ է աչքերի առաջ
Անփորձ զինվորի,-
Սև մացառների մութ ստվերները
Ոգիներ դարձած՝
Տարուբերվում են – շպրտվում են ետ
Կամ մղվում առաջ:
Ապա – լռություն, լռություն քարե,
Լռություն լկտի.
Երկու բոցավառ կարմիր լուսատու –
Աչքեր են գայլի…
Գոնե մի աստղ լողար երկնքում –
Լույս բերեր աչքին,
Գոնե մի վախկոտ նապաստակ լիներ
Զինվորի կողքին…
Տաք ու կարեկից ձեռք իջավ ուսին,-
Ավագն էր անվախ,
Իր հենակետի կամքը ոգեղեն
Եվ զինվորը հին.
Նա էլ առաջին օրերը այսպես
Ամփոփել իր մեջ,
Նա էլ էր վախը խեղդել իր ներսում
Նման ամենքին…
Անփորձ զինվորի արյունը մրսած
Հորդեց – թեժացավ,
Եվ լռության մեջ ավագի ձայնը
Զնգաց առնական.
– Եթե ուզում ես վախդ սպանել՝
Ձուլվիր քո զենքին,
Եթե ուզում ես լույս լինի աչքիդ՝
Հիշիր հայրենին:
Մեռնող խավարի խորքում խլրտաց
Քայլքը հեռացող,
Եվ հենակետի թիկունքում լողաց
Երգը զորացող.
Անլույս լուսատուն բոցկլտաց հանկարծ
Բարի աչքերով,
Անփորձ զինվորը ասես մեծացավ
Մի քանի տարով…
Մատները ամուր գրկեցին զենքը՝
Զենքը մարտական,
Եվ զինվորն անփորձ հիշեց հայրենին՝
Դարձավ զորական:

ԳՈՆԵ ՄԻ ՔԻՉ…
Ինձ հիշելու համար պետք է քնքշանալ,
Պետք է թախծել մի քիչ, մի քիչ հոգնել.
Եվ բարուրել հոգնած կարեկցանքը մեռնող –
Հուսահատին, խեղճին մի քիչ օգնել:

Կանգառները այնպես ծերացնում են մարդկանց,
Հանգրվանը մեկն է՝ մահը դեղին.
Ժամանակը մեղք է, թե ձանձրանաս հանկարծ,
Կոնծիր առանց հաշիվ՝ տեղը – տեղին:

Բայց արթնացիր ծեգին՝ շաղակաթով ցողվիր
Եվ ընդառաջ քայլիր օրաբացին.
Ինձ հիշելու համար օջախդ շեն պահիր
Եվ մի՛ դավիր երբեք աղուհացին:

Ինձ հիշելու համար մեկ-մեկ նայիր հեռուն,
Մտքով փորձիր ճեղքել կուրծքը լեռան.
Ծունր իջիր խաչված ճշմարտության առաջ
Եվ մի՛ սարքիր երբեք չոփը գերան:

Ճամփան կարճ չի լինում. լինում է հեշտ, դժվար,-
Պետք է դժվար ճամփով անցնել մի քիչ,-
Ինձ հիշելու համար գերմարդ պետք չի լինել,
Բայց պետք է մարդ լինել՝ գոնե մի քիչ:

ՀԱՊԱՂՈՒՄ
Իմ օրերի մայրամուտին,
որպես հոգի մի ընկալուն,
Ահա, կյանքն էլ ճանաչեցի՝
իմ բաժին կյանքը թյուրընթաց,-
Անողոք ու վայրիվերո, անիմաց ու անփառունակ,
Որոգայթի ճիրաններից
պոկված ուժով մի քմահաճ,-
Հառնող – մեռնող – մեղկ օրերի
մի ընթածիր խավարամած:

Ընթացքն այստեղ,- անուղեկից,
անկարեկից ու անընտել,-
Ավելի շատ սողում է վար և,
դյուրադավ, սեղմում է վար,
Որ չլինի աչքս հառեմ՝ դեպ վեր,
ձգտեմ դեպի հեռուն,
Որ իմ արյան կանչին դառնամ,
զգամ հևքը բանտված հոգուս
Եվ իմ վերջը մեկնաբանեմ
երկնակամար վերևներում:

Չընտելացա այն խաղերին,
որտեղ միակ խաղն են խաղում –
Մեկնողներին՝ ճամփում անվերջ,
եկողներին՝ դիմավորում.
Ես ապրում եմ, արդեն վաղուց,
իմ աչքաբաց անուրջներում,
Ալևոր եմ, ահավասիկ,
բայց թերաթուխ հացի նման
Անկատար եմ և անպիտան –
անպիտանաց կացարանում…

Ուշ է, մշուշ է իմ ճամփին, սփոփական չկա ոչինչ,
Եվ, ընդնմին, հոգիս նույնպես
ինձ ախորժել չի հոժարում,
Գիշերներում այս ընդունայն և
ամայի ցերեկներում
Իմ իրական կյանքից պոկվել՝
խարխափում եմ էստեղերում,
Որոնում եմ՝ չգիտեմ ինչ, կորցնում եմ՝ չգիտեմ ում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։