Մարդն ապրում է՝ հաճախ չըմբռնելով նախասահմանվածը, և որոնում է, չգիտակցելով՝ ի՞նչ, որ ավելի շատ նման է չիղջաչք բառախաղի, քան՝ ճակատագրի, որ նույնպես կույր է, (թեպետ՝ կույր թե ակնավոր, միևնույն է, ճակատագիր չկա), իսկ մարդը լավ գիտի, թե որոնման և ապրելու նախատիրույթում ձգվող Զ-արթնումի ճանապարհը բոլորովին այլ մարդ զգալու և դառնալու հնարավորությունն է, քանզի հաճախ նրա մեջ արթնանում է Այլը կամ հնարավոր Ուրիշը, այն, որի հետ հնարավոր չէ ապրել, բայց և հնարավոր չէ դիմել փախուստի, և փոխել ընթացքը նույնպես հնարավոր չէ, թեպետ հաճախ թվում է, թե կարող ես և՝ ենթարկեցնել:
Զ-արթնումի ճանապարհը, որ ընթանում էր «Գրական թերթ» գնացքով, նույնքան անհրաժեշտ էր, որքանով որ հավատում էի, թե մարդիկ ննջում են ամուր, անզարթնելի քնով, և մի այլ, ուրիշ, անկշռելի տարածաժամանակում նրանք շարժվում են Հիչքոքի «Թռչուններ» սարսափ-ֆիլմի հերոսների պես: Ու որքան որ հավատում էի, այդքանով կանխատեսում էի նաև իրերի ու դեպքերի հնարավոր ընթացքը, կանխատեսում էի, թե քանի մարդ կհեռանա արագընթաց այդ գնացքից հնարավոր առաջին պատահարի դեպքում, կանխատեսում էի նաև հնարավոր պատահարը մեկնարկողներին, քանզի գիտեմ և միշտ եմ իմացել (Յունգը վկա), թե անտառը վերահսկողները բնականությունը և բարությունը պահպանում են, երբ փորձում են ապահովել ֆիզիկական (ո՛չ հոգեկան, ո՛չ մտավոր) զգայություններով ու տատանումներով հագեցած իրենց տեսակի գոյությունը միայն:
Զ-արթնումի ընթացքը ինքնության գիտակցությունից էլ այն կողմ է, Այլ է, Ուրիշ է, մարմնի կամ նյութի հասկացումից դուրս և կանխորոշում է հիշողության ճշմարիտ սահմանը: Զ-արթնումի ճանապարհը բացահայտում է ճգնաժամերի խաբուսիկ ուրվապատկերները, որոնք քարե մահարձանների պես մտավորականի և սոցիումի միջև գծում են կույր բեկումների և սառնաշունչ անջատումների խուլ սահմանները: Այդ ճգնաժամերում իմ խնդիրը գծված սահմանները հաղթահարելը և ուրվագծվող աստիճաններով բարձրանալն ու անցնելն էր. այդպես Նիցշեն էր խորհում «Չաստվածների մթնշաղ»-ում:
«Գրական թերթ» գնացքից փախչող կենսաբանական էակները, հոգեբանորեն, առավել ևս՝ մտավորապես, իմ տեսակը չէին, և նրանց հանդեպ, մեղմ ասած, անտարբեր էի (և եմ), քանզի գիտեմ՝ Ոգին հաղթում է նյութը, հոգին՝ մարմինը, հետո՝ բնությունը, որ գայլինն է, և սեռը, որ անտառինն է: Սարսափով (և ոչ այնքան) հետևում էի հետսոցռեալիստական անկշռելիության մեջ հայտնված Գայլին, որ մոռանալով մահկանացուի իր օրավիճակը, երևելիության խայծը կուլ տվածի պես հմայված էր կուռք մնալու նոստալգիկ անցյալով և ապագայի աներևույթ հեռանկարներով, ինչպես Թիտ Մակցիա Պլավտի (մ.թ.ա. III դար, մոտ. 212 թվական) «Osinaria» կատակերգության հայտնի կերպարը, որ մինչև վերջ ձգտում էր դեպի՝ Homo homini lupus est (մարդը գայլ է մարդու համար) իդիոման, որը հետո Հոբսը դիտարկեց եկեղեցի և քաղաքացիական պետություն ինստիտուտների կազմավորման հիմքում՝ առնչելով ինչպե՞ս-ի և իշխանության հիմնահարցերին:
Ենթագիտակցությունս, սակայն, ճնշում էր, թե գուցե երևելի գայլերի մասին սարսափ-ֆիլմերը հնարավոր վավերագրական ճշմարտություններ են, որոնցում գայլերը «երևելի» մնալու իրենց գիշատիչ քաղցը հագեցնում են թարմ արյուններով՝ ռոմանտիկ կույսի համառությամբ պահպանելով «մինչև ե՞րբ»-ի րաֆֆիական կուսաթաղանթը:
Հետո հասկացա, որ գնացքից փախչող կենսաբանական էակները քայլող ու ժպտացող մեռյալներ են, որոնց արյուններով սնվում են գայլերը, և նրանց անհուղարկավոր-անշիրիմ, մեռելագույն-թափանցիկ մարմինները թափառում են աշխարհներում, ու թեև կարդում են, գրում, միևնույն է, փակ են աչքերը նրանց, և քայքայվող էանյութերը նրանց մետահոգիների, նույնպես ծերանում են, խլանում են ու համրանում, ու բթացնող ժամանակը ամեն օր արագանում է, ու տարածությունը վերածվում է մի մեծ կլլող ծովաստղի, որն իր առաձգական ստամոքսում տեղավորում է «Ի սկզբանե էր» անըստգյուտը, ու հետո՝ Բանը:
Զ-արթնումի այդ ճանապարհը, որ ընթանում էր «Գրական թերթ» գնացքով, նման էր հանքախորշերում հսկա լուսարձակով գլխարկ կրելուն:
«Գրական թերթը» դարձել էր իմ Գնացքը, իսկ լուսարձակը հետխորհրդային անտառի այդ քաոսում փոխում էր ոչ միայն իրերի ու երևույթների գոյաբանությունը, միջավայրը, պատկերներն ու ստվերները, այլև տեսանելի էր դարձնում անտառի գիշատիչների մետաբոլիզմը, պահանջները, կենսաբանությունը, քանզի Խոսող Թերթի հետ հնարավոր ամեն շփում թողնում է իր մատնահետքը (ուզես, թե չուզես): Այդպես, դեռևս անհիշելի ժամանակներից, իրերն ու երևույթները խոհեմ կույսի պես ծածկում են մերկությունը իրենց՝ հետնաբեմերում թողնելով մինչև վերջ բաց չլինելու և կռահումի նուրբ սողանցքը:
Հետագա մշտադիտարկումից. ինչ-որ մի բան մշտապես պակասում է գնացքից փախչող կենսաբանական էակներին և անտառի գիշատիչներին, քանզի նրանք կլլում և իրենց թիկունքներին կենսահյութեր պարունակող պարկենսոնյան պարկի մեջ թաքցնում են այլոց մտքերի առողջ հատիկները: Անտառում խնդիրը հաճախ առավել խորն է. ճահիճը կա, հոտը կա, բայց տիղմն անտեսանելի է և բազմադեմ: Սոցիումից չհեռացա, թեպետ մարդ-աշխարհ-գրող-քննադատ աշխարհատեսությունս երկրաչափորեն փոխվեց, և այդ պրոյեկցիայում ստեղծվեց երրորդ՝ ներքին ԱՉՔ-ը, և արդեն երրորդ ԱՉՔ-ի առանցքում ծնվեցին հարցեր՝ արդյո՞ք «Գրական թերթ» գնացքը հոտոտող Գայլը գիտեր՝ ո՞վ է Մարդը և ի՞նչ է Աշխարհը: Հնարավոր է, մտածում էր, թե գիտեր:
Հ.Գ. Փարոսները չեն թափառում կղզիներում և չեն փնտրում նավեր՝ փրկության համար, նրանք ուղղակի ապրում են, ինչպես հսկա լուսարձակներով գնացքները կամ գիսաստղերը, և լուսավորում են, ինչպես «Գրական թերթը»: