Գրողի քաղաքական ամբիոն

Ա­զատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԻՄԱ՞ՍՏԸ

Ինձ հա­մար այս գա­ղա­փա­րը հենց սկզբից տա­րա­կու­սե­լի էր։ Աստ­ված­նե­րին ար­ձան­ներ էին կանգ­նեց­նում ան­տիկ աշ­խար­հում, նաև հե­թա­նո­սա­կան Հա­յաս­տա­նում։ Այդ­պես էին պատ­կե­րաց­նում ի­րենց աստ­ված­նե­րին հին աշ­խար­հում։ Բայց մենք ար­դեն հա­զար յոթ հար­յուր տա­րի հե­թա­նոս­ներ չենք։
Ք­րիս­տո­սը մեզ հա­մար հոգ­ևոր էութ­յուն է, քրիս­տոն­յա հա­յե­րը խո­նարհ­վում էին ոչ թե քա­րե, մար­մա­րե կամ բրոն­զե աստ­ծուն, այլ քրիս­տո­նեութ­յան ո­գուն։ Խաչն էր այդ կրո­նի գլխա­վոր խորհր­դա­նի­շը, և, փառք Աստ­ծու, ամ­բողջ Հա­յաս­տա­նը ծածկ­ված է խաչ­քա­րե­րով։ Ի՞նչն է ստի­պել այդ գա­ղա­փա­րի հե­ղի­նա­կին մտա­ծել Ք­րիս­տո­սի ար­ձա­նի մա­սին։ Հա­մե­նայն­դեպս, ոչ քրիս­տո­նեա­կան ջեր­մե­ռան­դութ­յու­նը։ Նա եր­ևի ցան­կա­նում է այդ ար­ձա­նի մի­ջո­ցով փա­ռա­բա­նել իր ա­նու­նը։ Ու­րիշ ազ­դակ ես չեմ տես­նում։ Այդ ցան­կութ­յունն էլ կա­րե­լի է հաս­կա­նալ։ Բայց նա պետք է ար­ձա­նը կանգ­նեց­նի իր կալ­ված­քում կամ իր տա­րած­քում, իր մի­ջոց­նե­րով, ա­ռանց հա­վակ­նե­լու պե­տա­կան կամ ժո­ղովր­դա­կան ա­ջակ­ցութ­յան։ Մենք հայտն­վել ենք անպ­տուղ և­ ա­նի­մաստ վե­ճե­րի մեջ։ Ես ու­զում եմ հի­շեց­նել Թու­ման­յա­նի մի քառ­յա­կը.
Աստ­ծու բանտն են տա­ճար­նե­րը աշ­խարհք­նե­րում բո­վան­դակ,//Իբր էն­տեղ է ապ­րում տե­րը, պաշ­տող­նե­րի փա­կի տակ։//­Հար­կավ ա­զատ նա ժպտում է ա­մե­նու­րեք ա­մեն­քին,//­Բայց դու նա­յիր խեղճ ու կը­րակ մար­դու գոր­ծին ու խել­քին։
Խոս­քը ե­կե­ղե­ցու մա­սին է, բայց ընդ­հան­րա­պես այն ուղղ­ված է հա­վա­տի նյու­թա­կա­նաց­ման, պար­զու­նա­կաց­ման, գռեհ­կաց­ման դեմ։
Բայց, այս ա­մե­նից բա­ցի, կա ևս մի դժվա­րին հարց՝ տե­ղի հար­ցը։ Խո­սում են Հա­տիս սա­րի մա­սին։ Սա էլ մի փոր­ձանք է։ Հա­տի­սը բնա­կան հու­շար­ձան է և հ­նա­վայր, որ­տեղ դեռ պե­ղում­ներ պետք է կա­տար­վեն։ Հա­նուն ին­չի՞ ա­վե­րել այդ հու­շար­ձա­նը։ Միան­գա­մայն հաս­կա­նա­լի է ԿԳՄՍ և Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րութ­յուն­նե­րի, Երկ­րա­բա­նութ­յան ինս­տի­տու­տի բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քը գա­ղա­փա­րի հան­դեպ։

 

­Նո­րայր ԱԴԱԼՅԱՆ

Մեր ճար­տա­րա­պե­տութ­յու­նը հա­կա­թա­ման­յա­նա­կան է. վկան՝ նրա օ­պե­րա­յին տա­ճա­րի հար­ևա­նութ­յամբ ֆշշա­ցող «Հ­յու­սի­սա­յին պո­ղո­տան», որն ազ­գա­յին ճար­տա­րա­պե­տութ­յուն չէ, ինչ­պես և ներ­կա­յիս շատ կա­ռույց­ներ, այլ՝ շի­նա­րա­րութ­յուն: Ժա­մա­նա­կին Պա­րույր Ս­ևա­կը ցա­վով նկա­տեց՝ «այ­սօր ըն­դա­մե­նը շի­նա­րա­րութ­յուն ու­նենք, ոչ ճար­տա­րա­պե­տութ­յուն»:
Ա­բով­յան քա­ղա­քում Գ. Ծա­ռուկ­յա­նը Էջ­միած­նից ա­ռա­վել ծանր ու շքեղ ե­կե­ղե­ցի է կա­ռու­ցել իր ա­նու­նով, սա­կայն այն­տեղ չի զգաց­վում Աստ­ծո շունչն ու շնչա­ռութ­յու­նը, ծաղ­կա­ձոր­յան Կե­չա­ռի­սի փոք­րիկ-հա­մեստ տանն է Աստ­ված ա­վե­լի ներ­կա: Հի­մա էլ մտահ­ղա­ցել է Հա­տի­սի գա­գա­թին կանգ­նեց­նել Ք­րիս­տո­սի ահ­ռե­լի մե­ծութ­յան ար­ձա­նը: Սա­կայն քրիս­տո­նեութ­յու­նը շու­կա ու բիզ­նես չէ, օրհ­ներգ է ու օրհ­նութ­յուն:

 

­Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՂԵՐՍԱՐԱՆՆԵՐ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ

Օ­տա­րա­ցել եմ ըն­տա­նութ­յու­նից ի­մաս­տուն մարդ­կանց։
ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ, ԲԱՆ ԺԵ, Բ

­Մայրս երբ ու­զում էր իր ան­կեղ­ծութ­յունն ա­վե­լի հա­վաս­տի դարձ­նել, ա­սում էր. «Ես աստ­վա­ծա­վախ մարդ եմ»: Ես էլ եմ աստ­վա­ծա­վախ և Ք­րիս­տո­սի ար­ձա­նի հետ կապ­ված մե­ծա­ման­րա­խո­սա­կան այս շի­լաշ­փո­թում չեմ կա­րող չա­սել, որ բո­լորն էլ սե­փա­կան ճա­շա­կի ու կար­ծի­քի ի­րա­վունք ու ա­զա­տութ­յուն ու­նեն, միայն թե մեղք է այն ու­րի­շի աչ­քը կո­խել կամ վզին փա­թա­թել, ա­յո՛, մեղք է հոգ­ևոր ար­ժե­քը տու­րիստ­նե­րի նե­տած ման­րադ­րա­մին հա­վա­սա­րեց­նե­լը, մեղք է է­լի հա­զար ու մի բան, բայց թվար­կումս սահ­մա­նա­փա­կեմ հար­ցով՝ արդ­յո՞ք այ­սօր Հա­յաս­տանն այն վի­ճա­կում է, որ տե­ղին ու ժա­մա­նա­կին է նմա­նա­տիպ մե­գած­րագ­րի ի­րա­գոր­ծու­մը՝ ան­տե­սե­լով աստ­վա­ծա­յին պատ­վի­րա­նը. «­Վեր­ևում՝ երկն­քում, ներ­ք­ևում՝ երկ­րի վրա, և­ երկ­րի խոր­քի ջրե­րի մեջ ե­ղած որ­ևէ բա­նի նմա­նութ­յամբ քեզ կուռ­քեր չպի­տի կեր­տես (Ե­լից. 20.4)»: Ես, որ ա­մե­նօր­յա շփման մեջ եմ, մեր պա­պե­րի լեզ­վով ա­սած, շի­նա­կան­նե­րի հետ, մեջ­բե­րեմ նրան­ցից մե­կի խոս­քը. «Ա­մեն խաղ խա­ղա­ցինք, մնա­ցել էր Հա­տիս սա­րի սմբու­լը»: Ծ­րագ­րի հե­ղի­նա­կը ե­թե ան­հան­գս­տա­ցած է և­ ո­րո­շել է հոգ­ևոր մի­ջա­վայր ա­պա­հո­վել Ք­րիս­տո­սի՝ այ­լամ­շա­կույթ, երկ­նաս­լաց ար­ձա­նով, ա­պա նպա­տա­կի ան­կեղ­ծութ­յանն ան­ձամբ խիստ կաս­կա­ծում եմ, քա­նի որ Կո­տայ­քի մար­զի հոգ­ևոր- մշա­կու­թա­յին մի­ջա­վայրն ա­ռող­ջաց­նե­լու և զար­գաց­նե­լու մեր ա­ռա­ջար­կած ծրա­գի­րը եր­կու ան­գամ մերժ­վել է, իսկ ծրա­գի­րը պարզ էր ու հա­սա­րակ. ըն­դա­մե­նը Կո­տայ­քի մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի հա­մար ա­մեն ա­միս բա­րե­գոր­ծը պետք է գներ ՀԳՄ Կո­տայ­քի մար­զա­յին բա­ժան­մուն­քի հրա­տա­րա­կած «Ո­գու կանչ» թեր­թից 300 օ­րի­նակ, ին­չը նման մե­ծա­նուն բա­րե­գոր­ծի հա­մար ֆի­նան­սա­կան ա­ռու­մով լու­մա­յա­կան էր, բայց մար­զա­յին հոգ­ևոր-մշա­կու­թա­յին ո­լոր­տում զգա­լի աշ­խու­ժութ­յուն կա­պա­հո­վեր: Ո­չինչ չեմ ա­վե­լաց­նում, ինչ­պես ա­սում են՝ հաս­կա­ցո­ղը հաս­կա­ցավ: Կու­զեի խոր­հուրդ-խնդրան­քով դի­մել բա­րե­գոր­ծին. թե բա­րե­գոր­ծա­կան գու­մար­ներ ու­նեք, ուղ­ղոր­դեք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ծա­կու­ծու­կե­րը փա­կե­լու, ե­թե մի բան էլ մնա, լավ կլի­նի հայ­կա­կան բեր­դե­րից կամ ամ­րոց­նե­րից մե­կը վե­րա­նո­րոգ­վի ու աշ­խար­հին պարզ­վի. այս­տեղ հաս­տատ գո­նե մի փոք­րիկ մա­տուռ կգտնվի հայ­կա­կան ե­կե­ղե­ցա­կան ճար­տա­րա­պե­տութ­յան ո­գուն հա­մա­պա­տաս­խան (ար­տա­քի­նից ան­շուք, ներ­քի­նից վե­հա­շուք), ո­րում վառ­վող մո­մե­րը Ձեր ան­կա­շառ ձայ­նը եր­կինք կհասց­նեն՝ ի փառս Հա­յոց աշ­խար­հի: Ճիշտ է, այս եր­կու խոս­քը գրե­ցի, բայց երկմ­տում եմ՝ որ­քա­նով ի­մաստ ու­ներ ար­ձա­գանքս Հա­յաս­տա­նում ծա­վալ­վող հեր­թա­կան սե­րիա­լին:

 

­Բաբ­կեն ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐՁԱՆՆԵՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

Այս օ­րե­րին, երբ հայ ժո­ղո­վուր­դը, մաս­նա­վո­րա­պես ար­ժա­նա­պա­տիվ մտա­վո­րա­կա­նութ­յու­նը մտա­հոգ­ված է Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յով, երբ Հա­յաս­տա­նը օ­տար­ված մի կղզյակ է դար­ձել, ու երբ հոգ­սա­շատ ժո­ղո­վուր­դը ծան­րա­ցած է իր օ­րախն­դիր բա­զում հար­ցե­րով, փոր­ձում եմ վեր­լու­ծել խո­հերս, թե որ­քա­նով է մեզ հար­կա­վոր Ք­րիս­տո­սի մե­ծա­դիր ար­ձա­նը, և­ որ­քա­նով այն կա­րող է փրկել ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը, ո­րում հայտն­վել է հայ ժո­ղո­վուր­դը: Ան­ցած ա­վե­լի քան ե­րե­սուն տա­րի­նե­րը, ո­րոնք մեր նո­րա­գույն պատ­մութ­յան մեջ վա­վե­րաց­վե­ցին մար­տի­րո­սութ­յամբ, տա­ռա­պանք­նե­րով ու ար­տա­գաղ­թով, նաև նշա­նա­վոր­վե­ցին հաղ­թա­նակ­նե­րով ու հե­րո­սա­կան է­ջե­րով, դաս պի­տի լի­նեին բո­լոր նրանց հա­մար, ով­քեր այդ­պես էլ չըն­կա­լե­ցին մեր հաղ­թա­նակ­նե­րի խոր­հուր­դը:
Այ­սօր, երբ հաղ­թա­նա­կած հայ ժո­ղո­վուր­դը պատ­մա­կան դժվար ժա­մա­նակ­ներ է ապ­րում և մե­նակ է մնա­ցել, ինչ­պես ա­հա­սար­սուռ 1915-ին, երբ սառ­նա­սիրտ աշ­խար­հը համր ու խուլ էր ձևա­նում, ինչ­պես այ­սօր, դարձ­յալ դա­սեր չենք քա­ղում անց­յա­լից: Դարձ­յալ կրկնում ենք անց­յա­լի սխալ­նե­րը, ո­րի հետ­ևան­քով հայտն­վել ենք դժվար կա­ցութ­յան մեջ: Ի­րար սա­տա­րե­լու, պա­տե­րազմ­նե­րից ար­նա­քամ ե­ղած ու մեր վնաս­ված ող­նա­շա­րը շտկե­լու փո­խա­րեն ար­ձան­ներ ու այլ շի­նութ­յուն­ներ ենք կանգ­նեց­նում, մինչ­դեռ մեր ո­խե­րիմ, քոչ­վոր ու ան­հայ­րե­նիք թշնա­մին, ով ըն­դա­մե­նը հար­յուր տար­վա պատ­մութ­յուն ու­նի, մինչև ա­տամ­նե­րը զին­ված՝ ստով ու կեղ­ծի­քով բար­բա­ջում է՝ թոզ փչե­լով մի­ջազ­գա­յին հան­րութ­յան աչ­քին՝ հա­յոց ար­յան ան­հա­գուրդ ծա­րա­վը սրտում:
Իսկ մենք… ի՞նչ ենք ա­նում մենք՝ ար­ձան­ներ, շքե­ղա­շուք շեն­քեր, դղյակ­ներ ու զվար­ճա­տե­ղի­ներ կա­ռու­ցե­լու փո­խա­րեն: Մի՞­թե այդ­քան դժվար է հաս­կա­նալ, որ մեր փրկութ­յան միակ հանգր­վանն ու փա­րո­սը հա­յոց բա­նակն է, ո­րը պի­տի լու­սա­վո­րի մեր ա­պա­գան, և­ որն ան­ցած ե­րե­սուն տա­րի­նե­րին ցույց տվեց աշ­խար­հին իր արծ­վա­սիրտ որ­դի­նե­րի ան­կոտ­րում ո­գին:
Հա­յաս­տա­նը պի­տի հառ­նի, դրա­նում կաս­կած ան­գամ լի­նել չի կա­րող, բայց պի­տի հառ­նի, ա­ռա­ջին հեր­թին, իր եր­բեմ­նի համ­բա­վա­վոր բա­նա­կի ու տնտե­սութ­յան հզո­րաց­մամբ, իր մտա­վո­րա­կան նե­րու­ժի հան­դեպ ու­նե­ցած հո­գա­տա­րութ­յամբ ու վե­րա­բեր­մուն­քով: Ու­րեմն՝ ար­ձան­ներ կանգ­նեց­նե­լու փո­խա­րեն, սա­տար լի­նենք հա­յոց պե­տա­կա­նութ­յան հզո­րաց­մա­նը, որ­պես­զի Հա­յաս­տա­նը չմնա օ­ղակ­ված ու օ­տար­ված մի կղզի, այլ բա­զում ու­ղի­նե­րով կապ­վի աշ­խար­հին: Իսկ աշ­խարհն էլ պի­տի հաս­կա­նա, որ ա­ռանց Հա­յաս­տա­նի Եր­կիր մո­լո­րա­կը զուտ տիե­զե­րա­կան մար­մին է, ու­րիշ ո­չինչ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։