Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ գրող, հրապարակագիր Արտակ Վարդանյանի «Վարդագույն թթենին» պատմվածքների պարսկերեն ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումը վարում էր իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը: Ներկա էին և ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, անվանի արևելագետ և հասարակական գործիչ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, գրքի հինգ թարգմանիչներից միջոցառմանը ներկա՝ Իրանահայ ԳՄ նախագահ Գարուն Սարգսյանը, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանը, քաղաքագետ-վերլուծաբան Էմմա Բեգիջանյանը, թարգմանչուհի Էմիկ Ալեքսանդրին: Ելույթ ունեցան նաև արձակագիր Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բան. գիտ. դոկտոր Հայկանուշ Մեսրոպյանը, իրանագիտության ամբիոնի դասախոս, բան. գիտ. թեկնածու Գառնիկ Գևորգյանը:
Դրվատանքի խոսքեր հնչեցին ոչ միայն ժողովածուի գեղարվեստական արժանիքների, հեղինակի ուրույն գրական ձեռագրի, այլև Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամության ամրապնդմանն ուղղված՝ գրքի առաքելության առնչությամբ, քանի որ ժողովածուի զգալի մասը կազմող և հայ-իրանական բարեկամությանը նվիրված «Իմ պարսկերենը» ինքնակենսագրական վիպակ-էսսեն յուրօրինակ ձոն է համաշխարհային գրականության դասական լեզուներից մեկին՝ պարսկերենին, պարսից մշակույթին և մեր երկու ցեղակից ժողովուրդների բարեկամությանը: Ելույթներում նշվեց նաև, որ հեղինակը իր գրական գործունեությունը տասնամյակներ շարունակ ծավալել է պատասխանատու պետական ծառայությանը և լեզվաբանության բնագավառում գիտական գործունեությանը զուգահեռ:
Գրքում տեղ գտած ստեղծագործություններից հայերեն և պարսկերեն հուզիչ հատվածներ հնչեցին ասմունքող Գայանե Սամվելյանի և Էմիկ Ալեքսանդրիի ընթերցմամբ:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Արտակ Վարդանյանը՝ շեշտելով ժողովածուի կազմող և խմբագիր, վաստակաշատ թարգմանիչ Էդվարդ Հարությունյանի կատարած անգնահատելի աշխատանքը, երախտագիտություն հայտնելով իր ստեղծագործությունների առաջին պարսկերեն թարգմանության նախաձեռնող, հայ-իրանական մշակութային կապերի երախտավոր Հոսեյն Թաբաթաբայիին, բոլոր վարպետ թարգմանիչներին: Հեղինակը երախտագիտություն հայտնեց նաև հրատարակչին՝ Թեհրանի «Նաիրի» հրատարակչատան տնօրեն Նարեկ Ամիրխանյանին, որի հոր՝ իրանահայ գրահրատարակչության մեծ երախտավոր, լուսահոգի Սեպուհ Ամիրխանյանի հիշատակին է նվիրել իր գիրքը:
Թերեզա ԱՄՐՅԱՆ
Իրանագետ, արձակագիր