Անշուշտ, հիշում եք. այն հարցին, թե մարդիկ ե՞րբ կարող են ամենից ավելի գլուխները կորցրել, Եզոպոսը պատասխանել է. «Երբ ննջեցյալները կենդանանան և իրենց ունեցվածքը ետ պահանջեն»։ Իմ հին հոդվածներից ո՞րը առանձնացնեմ։ Անշուշտ, նրանցից մեկը, որ պատմում է Պարոնյանի բանարվեստի սկզբունքների մասին։ Գրականագետները, որպեսզի ըմբռնեն Պարոնյանի արվեստի սկզբունքները, անհիմն կերպով կենտրոնացել են 1870-ական թվականների ստեղծագործության վրա և սխալ եզրակացության հանգել: Պարոնյանը, ճիշտ է, իր արվեստի ըմբռնումները ներկայացնող տեսական աշխատություն չի գրել, բայց արդիական հայեցակետից աշխարհը և մարդուն պատկերելու հետ մեկտեղ, հընթացս անդրադարձել է գրական-գեղագիտական և ստեղծագործական խնդիրներին` խորիմաստ դատողություններ անելով, երբեմն էլ` հոդվածներ գրելով: Նրա կատակերգությունները, «Մեղու», «Թատրոն», «Լույս» պարբերականների երգիծանքն ու գրական-տեսական բնույթի արծարծումները, «Կսմիթներ», «Խտղտում» քրոնիկաշարերը, «Ազգային ջոջեր» երգիծական «կենսագրությունների» շարքը, «Մեծապատիվ մուրացկաններ» երգիծավիպակը, «Լուսարարի նամակները», «Հոսհոսի ձեռատետրը», «Ծիծաղ» ժողովածուն, «Խիկարի» գեղարվեստական երկերը, մյուս գործերն աշխարհին, մարդկանց և ազգային խնդիրներին «ինչպե՞ս նայել» հարցի վերաբերյալ սերունդների համար ունեն դասագրքի արժեք: Նրա մտքերը, գրական-գեղագիտական հարցադրումները համակարգելով` ստանում ենք արվեստի ըմբռնումների և սկզբունքների ինչ-որ չափով ամբողջական պատկերը: Պարոնյանի արվեստի սկզբունքները մարդկության ծագումը և քաղաքակրթության էությունն ըմբռնած, աշխարհի, ազգերի և մարդու վերաբերյալ ինքնուրույն բարձր հայացք մշակած, աշխարհի, երկրի օրենքները և սոցիալական շարժիչների իմաստը, նորագույն պատմաշրջանի էությունը, Հայկական հարցի առանձնահատկությունը գիտակցող, արվեստի պատմության ու տեսության ակունքներին տեղյակ հեղինակի ստեղծագործական սխրանքի արդյունք են: Նա խորապես գիտակցել է, որ պարտավոր է «անձնական կրից գերի» չդառնալ և կողմնորոշվել դեպի իրապաշտությունը: Իր առավելությունն է, որ սովորել է ոչ թե երկրորդական ուսուցիչներից, այլ` մեծերից, և գիտե, թե ինչ է արվեստը, ծիծաղը, միմեսիսը, դարաշրջանի պահանջները, գրողի կոչումը: «Բանադատությունն… Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ»,- գրել է նա: «Գրիչ բռնելը սափոր բռնելու չնմանիր, հրապարակի վրա խոսիլը մեկ սենյակի մը մեջ քաշված երկու հոգիի խոսակցության չնմանիր»: Գրականությունը ծանր, պատասխանատու առաքելություն է: Արդի արվեստը պետք է հաղթահարի դասականի միակողմանիությունը և հիմնվի դեռևս հին հույների ճանաչած կեցության մեծ ճշմարտությունների և մարդկության «խմորի» հնարավորությունների, մասնավորապես, «մարդասիրության» վրա. դա «մեռելածին» գաղափար չէ: Բնությունն առաջադիմության և արվեստի ոչ միայն դասական, այլ նաև իրապաշտական ուղի է սահմանել, որի գաղափարը սերունդներն են հետագայում մոռացության տվել` «ծնելամահ» անելով: Ուշադրությունը վերստին այդ կենարար գաղափարի վրա կենտրոնացնելը և նոր պատմաշրջանի աշխարհայեցության ու արվեստի հիմք դարձնելը պայմանավորված է մարդկության անցած ճանապարհն ու հիմնահարցերն իրատեսորեն գնահատելու, դեպի առաջադիմության ավելի հիմնարար արժեքները կողմնորոշվելու պահանջով:
Պարոնյանն աշխարհի ու մարդու իր հայեցակարգը և արվեստի սկզբունքները մշակել է` հիմնվելով, նախ և առաջ, տաղանդի, պատմաշրջանի ներկայացրած պահանջների, ստեղծագործական անհատականության մասշտաբների և ժամանակի մեջ կոչում ունենալու ներքին գիտակցության վրա: Ապա` կյանքի հավերժության օրենքի գերակայությունն ըմբռնելու, ժողովրդատոնական ծիծաղի մշակույթի կենսաբեր ուժի վրա (երբ արվեստագետի բուն կոչումը մարդկության ընթացքը զարգացման բնականոն հուն վերադարձնել է): Պարոնյանի արվեստի երրորդ բաղադրիչը գրոտեսկային իրապաշտությունն է: Արվեստագետը, գիտակցելով, որ «Բնության օրենքներուն դեմ համառիլն անօգուտ է», աշխարհը և մարդուն դիտել է գրոտեսկային աշխարհայեցությամբ, պատկերել մարմնի նոր, դասականից տարբեր գեղագիտական կանոնների համաձայն: Պարոնյանի արվեստի չորրորդ բաղադրիչը անոմիայի` նախասահմանված օրենքի կամ կանոնի բացակայության աշխարհայեցությունն է, համաձայն որի՝ աշխարհը և մարդը դիտվում են մարդասիրության և գեղագիտության դասականից տարբեր հայեցակետից: Գեղեցիկը Դիցերը չեն, արժեք ներկայացնողը Աստծո Ուղիղ ճանապարհի վրա գտնվող և նրան սիրելի մարդը չէ, այլ` մարդն ինքնին` բոլոր տեսակներով, ինքնահաստատվելու, գոյություն ունենալու, իր ճաշակը թելադրելու անբեկանելի իրավունքով: Հինգերորդ բաղադրիչն արվեստի «հավերժական» կանոններն են, որոնք նոր, շատ կողմերով դեռևս անմշակ գեղարվեստական մտածողությունը, աշխարհի և մարդու գեղագիտությունը, հասարակության կենցաղային, սոցիալական, քաղաքական, բարոյական, հոգեբանական շերտերի վերլուծությունը բարձրացրել են գեղարվեստի միջոցներով լիակատար դրսևորվելու մակարդակ: Վեցերորդ բաղադրիչը գրականության ազգային բնույթի պահանջն է: Արվեստը պետք է հիմնվի ազգային հողի վրա, իսկ գաղափարները, պատկերները, կերպարները, ժանրերը, ինչպես նաև ոճը պետք է, գրականության իրավասության շրջանակներում, ծառայեն ազգի հոգեկան բարձրացմանը: Պարոնյանն իր բանարվեստի կառույցում գրողի կոչման, «գրականությունը կյանքին մոտեցնելու և ժողովրդականացնելու», «կյանքը` ինչպես որ է» արտացոլելու, կյանքի փաստերի նկատմամբ վերաբերմունք դրսևորելու, դարաշրջանի մարդու կերպարը կերտելու, «գրականությունը կյանքի կախարդական հայելին» դարձնելու հարցերում ժամանակի գեղարվեստական մտածողության մեջ սկզբունքային փոփոխություն և խորություն է մտցրել: