Սովորական գրողներից դասականների ունեցած տարբերություններից մեկն էլ այն է, որ թեև նրանք էլ են իրենց ստեղծագործությունները գրում իրենց ժամանակի տեսանելի ու անտեսանելի ինչ-ինչ ազդակների ներշնչմամբ, բայց նրանց գործերը ասելիք ունեն բոլոր ժամանակների համար։ Չնայած Չարենցի հանրահայտ գործերի համեմատությամբ շատ ավելի քիչ է խոսվում «Կապկազի» մասին, բայց շատ հատկանիշներով այն այսօր ևս արդիական է։ Թիֆլիսում 1923 թ. օգոստոսին, Կարո Հալաբյանի ինքնատիպ ձևավորումով, լույս տեսավ Չարենցի «Կապկազ» դրամատիկական պոեմը։ «Թամաշա» կոչված այս պոեմի ծնունդը արդյունք էր այն հզոր ճիգերի, որ նա գործադրում էր նոր արվեստի զարգացման ուղիների հայտնագործման ճանապարհին։ Միշտ որոնող, միշտ ինքնատիպ, միշտ ճանապարհ հարթող Չարենցին քիչ էին թվում պոեզիայի և արձակի բնագավառում ձեռք բերած նվաճումները, նա փորձում էր նորի ռահվիրա դառնալ նաև դրամատուրգիայում։ 1920-ական թվականներին «ձախ թատրոնի» ներկայացուցիչները մերժում էին շեքսպիրյան թատրոնի ավանդները և փորձում էին «նոր ձևերով, պրիոմներով, լեզվով ու ռիթմերով հակադրվել հնին»։ Այդ սկզբունքներով է ստեղծվել նաև «Կապկազը». «Թառռո՞ն։/Չէ մի չո՛ռ։/Կախաղա՛ն։/-Ցի՛րկ։/Թամա՛մ թամաշա»։ Մերժելով բեմը, դեկորացիան և դասական թատրոնի այլ հատկանիշներ՝ Չարենցը ձգտում էր արվեստը մոտեցնել ժողովրդին։ «Կապկազն» ունի հրապարակախոսական բնույթ, որը և ավելի բացահայտ է դարձնում Չարենցի նախասիրություններն ու կողմնորոշումը։ Իհարկե, կարելի էր երկար խոսել այս դրամատիկական պոեմի լեզվի, ոճի, ժանրային առանձնահատկությունների մասին, բայց, ելնելով սույն հոդվածի վերնագրի պահանջից՝ անցնենք բովանդակությանը։
«Կապկազ» թամաշայի հիմքում ընկած է Անդրկովկասյան Սեյմի գոյացման ու քայքայման պատմությունը։ Հեղինակը ասպարեզը հանձնում է գործող անձանց, որոնք, իհարկե, իրենց բնույթով հեռու են ավանդական գործող անձերից։ Դրանք ընդհանրապես խորհրդանշային կերպարներ են՝ հայ, թուրք, ռուս, վրացի, կնյազ, չարչի, մոլլա և այլն։ Ինչ խոսք, գործող անձերի այս ընտրությունը պատահական չէ։ Անհատականությունից զուրկ, ինքնուրույն կյանք չունեցող այս անանուն դիմակները ընդհանրացնում են սոսկ դասակարգայինն ու ազգայինը։ Թամաշայի մենշևիկը, մուսավաթականն ու դաշնակը կուսակցությունների ներկայացուցիչներ լինելուց առաջ ազգային գաղափարախոսության կրողներն են՝ յուրաքանչյուրն իր հատուկ երանգով։ Օրինակ, բնորոշ է, որ հայ դաշնակցականը բոլոր պարագաներում շեշտը դնում է իր համար ամենից ցավոտ հարցի վրա. «Թուրքին քշենք հալա-/…Առաջ հալա տանք ռեխին դրսի,/հետո ներսի.-»։ Իսկ մենշևիկն ու մուսավաթը՝ Գեգեչկորին ու Թոփչիբաշևը, սպասում են հարմար առիթի՝ դաշնակ հային Անդրկովկասյան Սեյմից դուրս հանելու։ Այսօր դա ավելի քան ծանոթ պատմություն է։
Պատմագիտական նորագույն ուսումնասիրությունները ևս բազմաթիվ փաստերով հաստատում են թուրք-թաթարական (ադրբեջանական) զավթողական, հայերին մեկուսացնելու և դաժանաբար ոչնչացնելու քաղաքականությունը։ Երիտասարդ Չարենցը պատմական դեպքերի վկան էր, որ խորապես թափանցել էր իրադարձությունների էության մեջ ու «Կապկազում», թեև որոշակի կուսակցական-դասակարգային երանգավորումով, բայց ճշմարտացիորեն էր բացահայտում պատմության ընթացքը։ Նա երևան է հանում ոչ միայն ազգային-քաղաքական հակամարտությունները, այլև միջազգային իմպերիալիզմի քաղաքականությունը, որը հենվում էր այդ ազգերի մեջ ներքին երկպառակությունները սրելու, «բաժանիր, որ տիրես» սկզբունքի կիրառման վրա.
– Սեյմ-մեյմ, սոցիալիզմ-մոցիալիզմ-//Չկա:// …Հիմի լսե՛ք -ասեմ.//Դուք էգուց սեյմը կցրեք,//Կդառնաք տերություն երեք,//Կամ, կուզեք – չորս, հինգ, վեց, յոթ, ութ – //Մենակ թե Ռուսը – կափո՛ւտ։
Այսօր, «Կապկազը» գրելուց ուղիղ հարյուր տարի անց, աշխարհի գերտերությունները շարունակում են Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու քաղաքականությունը՝ արտաքնապես սիրաշահելով, իրականում չօգնելով Կովկասում ապրող ժողովուրդներին։ Պարզունակ թվացող, քաղաքականապես անգրագետ զանգվածների աշխարհաճանաչմանը նպաստելու նպատակով գրված այս դրամատիկական պոեմը իրապես ունի խորքային բովանդակություն, որովհետև Չարենցը երևան է հանում նաև Կովկասին տիրել ցանկացող երկրների շահերի բախումը՝ ստեղծելով գրոտեսկային պատկերներ։ Դա ակնհայտ է խաղավար Ղարայի մի արարքում.
Էս – (ցույց է տալիս ձեռի ձուն)-//Ով որ ձեզնից խլեց-//Նա կլինի Կապկազի միահեծ։//Ապա բռնե՛ք։
Եթե բովանդակային առումով ավելի քան ակնհայտ է թամաշայում ներկայացված պատմության (գուցե պարբերական) կրկնությունը, ապա Չարենցի կիրառած արտահայտչամիջոցների և բեմական հնարքների առանձին տարրեր (շեշտված պայմանականություն, դեկորացիաներից հրաժարում և այլն) խորթ չեն նաև այսօրվա թատրոնի համար։
Ժամանակին Չարենցի «Կապկազը» մեծ հետաքրքրություն առաջացրեց և ունեցավ մի քանի բեմադրություններ։ Ա. Արմենյանը բեմադրեց Բաքվում, Վ. Փափազյանը՝ Թբիլիսիի Հայպետդրամայում, և ինքն էլ կատարեց Ղարայի դերը։ «Թամաշան» բարձր գնահատեց Ա. Չոպանյանը՝ գրելով, թե այն «հեռու է ֆոլքլորաշունչ բնազդական միամիտ արտադրություն մ՚ըլլալե, այլ իր աչքով տեսած ժամանակակից քաղաքական և ընկերական դեպքերու Արիստոփանյան ճարտար համադրված երգիծանք մը» է։
. Սփյուռքի գրողները սովետահայ գրականության մասին, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1980, էջ 14։