Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՌԻԼԿԵԻ ԵՐԵՔ ԲՈՒԴԴԱՆԵՐԸ

ԲՈՒԴԴԱ – 1905
Նա լսում էր կարծես թե: Հեռաստան. անդորր…
Կանգ առնելով՝ մենք արդեն չենք լսում նրանց:
Մի ա՛ստղ է նա: Եվ մեծղի աստղերը բոլոր,
որոնց մենք չենք նկատում, իր շուրջն են խմբված:
O՜, նա Ամենն է: Իրո՞ք, մենք սպասո՞ւմ ենք դեռ,
որ մեզ տեսնի նա մի պահ: Պե՞տք է դա նրան:
Ու թե նրա առաջ մենք խոնարհվենք այստեղ,
նա կմնա խոր, կամկար՝ կենդանու նման:
Քանզի այն, որ մեզ նրա ոտքերն է գցում,
տևում է հար նրա մեջ բյուր-միլիոն տարի:
Նա մոռանում է, ինչ մենք ապրում ենք, զգում,
և մեր բնույթն է սերտում՝ բանիբուն, հարիր:

ԲՈՒԴԴԱ – 1906
Արդեն հեռվից ուխտավորին տարակույսն է համակում,
թե ինչպես է ոսկին կաթում նրանից,
կայսրություններն ասես իրենց անպատում
գաղտնիքների համար հանկարծ զղջային:
Մոտենալով՝ նա ցնորվում է սակայն,
ի դիմաց այս ակնահոնքի վեհագույն.
քանզի իրենց խմելու սրվակները չեն սրանք,
ոչ էլ օղերն ականջի իրենց կանանց սիրասուն:
Արդյոք ոմն ոք կիմանա՞ր ինչ ասել:
Իրերն ահա ջերմից համակ հալվեցին,
որ պատկերն այս ծաղկագավի վրա սույն
վերընձյուղվի՝ ավելի լուռ, խաղաղորեն դեղնավուն
քան թե ոսկուն, ու նաև շուրջբոլորը՝ համրորեն
հեռաստանը շոշափող, ինչպես ինքն իրեն:

ԲՈՒԴԴԱՆ ՓԱՌՔԻ ՄԵՋ – 1908
Կենտրոն բոլոր կենտրոնների,
միջուկների սրտամիջուկ,
Նուշ, որ իր մեջ է ներքաշվում՝ քաղցրացնելով
այս Ամենը – մինչև աստղերը հանուր –
մրգամիսն է քո. քեզ ողջույն:
Դու զգում ես, որ ոչինչ քեզնից կախված չէ բնավ,
անսահմանի մեջ է քո բաժակը լրվում,
և թանձր հյութն է այնտեղ մշտաբուխ կանգնած:
Եվ ճառագայթն է դրսեկ նրան սատարում,
արեգակներդ քանզի վերևներում են թառել
գլուխնիվայր շրջված՝ շենշող, լիավյուն:
Սակայն քո մեջ արդեն իսկ սկիզբ է առել
այն, որ արեգակներից երկար է տևում:

­Ռայ­ներ ­Մա­րիա ­Ռիլ­կեի՝ 1907-1908-ին լույս ըն­ծա­յած «­Նոր բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ» ժո­ղո­վա­ծուն, ի թիվս այ­լոց, նե­րա­ռում է ե­րեք բա­նաս­տեղ­ծութ­յուն ­Բուդ­դա­յի թե­մա­յով: 1908 թ. հղա­ցած «­Բուդ­դան փառ­քի մեջ» վեր­նագ­րով եր­րորդ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը նույ­նիսկ ա­վար­տում և­ ամ­բող­ջաց­նում է ժո­ղո­վա­ծուն: Այս բա­նաս­տեղ­ծութ­յամբ ­Ռիլ­կեն ամ­փո­փել է ­Փա­րի­զում գտնվե­լու ըն­թաց­քում գրած չա­փա­ծո ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: ­Ռիլ­կեի երկ­խո­սութ­յու­նը ­Բուդ­դա­յի ար­ձա­նի հետ և ­Բուդ­դա­յի մա­սին բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը գրվել են 1905-1908 թթ., երբ բա­նաս­տեղ­ծը սեր­տո­րեն կապ­ված էր Օգ­յուստ ­Ռո­դե­նի հետ և­ ապ­րում էր Մ­յո­դո­նի նրա կալ­ված­քում: ­Ռո­դենն ու­ներ ­Բուդ­դա­յի հինգ ար­ձան: Մ­յո­դո­նի բլրա­լան­ջին, ­Ռիլ­կեի պա­տու­հա­նից եր­ևա­ցող ­Բուդ­դան ­Բուդ­դա Ա­մի­տաբ­հան էր՝ ինք­նընկ­լուզ­ված ­Բուդ­դան, կամ այս­պես կոչ­ված Երկ­նա­յին ­Բուդ­դան՝ ըստ ­Մա­հա­յա­նա բուդ­դիզ­մի սուրբ գրութ­յուն­նե­րի: Ա­մի­տաբ­հան ­Մա­քուր երկ­րի բուդ­դիզ­մի գլխա­վոր ­Բուդ­դան է, ո­րը Ար­ևել­յան Ա­սիա­յի բուդ­դիզ­մի ճյուղ է:
Ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծութ­յան ու­ղեր­ձը ոչ թե գա­լիք Աստծո, այլ քա­ղա­քա­յին աղ­մու­կից հե­ռու՝ լռութ­յան օգ­տա­կար փոր­ձի մա­սին է, նոր աշ­խար­հա­տե­սութ­յան կեր­պի: ­Հատ­կան­շա­կան է, որ մինչ այս պա­հը նա դեռ չէր կար­դա­ցել բուդ­դա­յա­կան գրա­կա­նութ­յան մի տող: Ա­ռա­ջին քառ­յա­կը հա­կադ­րութ­յուն է ստեղ­ծում ­Բուդ­դա­յի և ­մեր միջև: ­Մենք այլևս չենք լսում լռութ­յու­նը՝ մեր կյանքն անց­կաց­նե­լով աղմ­կոտ քա­ղաք­նե­րում: ­Բուդ­դա­յի ար­ձա­նի պատ­կե­րը ստի­պում է մեզ կանգ առ­նել և ­շունչ քա­շել: ­Դա­դա­րը գի­տակ­ցութ­յան հոսք է ա­ռաջ բե­րում: Ա­ռա­ջին տո­ղում «հե­ռաս­տան» բա­ռը զար­մա­նա­լի է: ­Կար­ծես նպա­տա­կա­կետ լի­նի: Լ­ռութ­յու­նը կապ­ված է հե­ռա­վո­րութ­յան հետ: ­Դա կապ­ված է ­Բուդ­դա­յի մեծ ա­կանջ­նե­րի և լ­ռութ­յունն ունկնդ­րե­լու նրա ներ­քին վե­րա­բեր­մուն­քի հետ: ­Բուդ­դա­յի գի­տակ­ցութ­յունն ուղղ­ված է դե­պի տա­րա­ծա­կա­նութ­յու­նը, հե­ռաս­տա­նը:
Երկ­րորդ քառ­յա­կում, մեկ այլ մա­կար­դա­կում, շա­րու­նակ­վում է հա­կադ­րութ­յու­նը լռութ­յան և­ աղ­մու­կի միջև: Ար­դեն ա­ռա­ջին քառ­յա­կում նշված աստ­ղի հետ ­Ռիլ­կեն հղում է ա­նում տիե­զե­րա­կան առն­չակ­ցութ­յա­նը և ­հաս­տա­տում այն: «O՜, նա Ա­մենն է»: Իս­կա­պես, ­Բուդ­դան մարմ­նա­վո­րում է այն ա­մե­նը, ին­չը կազ­մում է մարդ լի­նե­լու ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը: Ան­հա­տը, նույ­նիսկ բուդ­դիս­տը, ան­տար­բեր է թող­նում նրան՝ ­Բուդ­դա­յին: «­Կեն­դա­նի» բառն այլ նշա­նա­կութ­յուն ու­նի ­Ռիլ­կեի հա­մար, քան այ­սօր: ­Դո­ւին­յան ու­թե­րորդ է­լե­գիա­յում աս­վում է. «­Բո­լոր աչ­քե­րով ա­րա­րած­ներն են ­Բաց­ված­քին նա­յում, և ­միայն մեր աչ­քերն են կար­ծես շրջված և զե­տեղ­ված ի­րենց շուրջ, որ­պես ո­րո­գայթ­ներ շուրջ­բո­լո­րը ի­րենց ա­զատ ել­քի» (1922 թ.): Ա­զատ կեն­դա­նին դեռ իր մեջ պա­հում է պարզ կյան­քի նա­խա­ստեղծ ան­մե­ղութ­յու­նը: ­Ներ­կա­յիս զար­գաց­ման մա­կար­դա­կում գտնվող մար­դիկ դեռ պետք է ցատկ կա­տա­րեն դե­պի շնոր­հի եր­րորդ աս­տի­ճա­նը: Ե­թե վե­րա­ռե­լու լի­նենք այն բա­ցա­սա­կան ի­մաս­տը, որն ար­ձա­գանք­վում է «կեն­դա­նի» բա­ռի հետ, ա­պա հարկ է այն հաս­կա­նալ ­Բուդ­դա­յի հզոր ան­շար­ժութ­յան նկա­րագր­ման հա­մար, երբ նա նստած է լռութ­յան մեջ՝ ա­կան­ջը հե­ռաս­տա­նին սրած:
Եր­րորդ քառ­յակն ամ­փո­փում է. ­Բուդ­դան գե­րա­զան­ցում է մեր մարդ­կա­յին փոր­ձը, ո­րը մնում է ա­նո­րո­շին և­ ար­տա­քին աշ­խար­հին միտ­ված: ­Նա խորհր­դան­շում է այն գե­րա­զան­ցու­մը, ո­րը մերժ­վում է մեր կող­մից, քա­նի դեռ մենք կառ­չած ենք կուռ­քե­րի պաշ­տա­մուն­քին: Ու­շագ­րավ են «ո­տերն ընկ­նել» և «հա­րատ­ևել» բա­ռե­րը: Հն­չա­ձայ­նա­յին նմա­նա­ձայ­նութ­յուն­նե­րով ­Ռիլ­կեն ընդգ­ծում է կուռ­քի ա­ռաջ ծուն­կի չո­քող և ­Բուդ­դա­յի վի­ճա­կին հա­սած լու­սա­վոր­յալ անձ­նա­վո­րութ­յան աստ­վա­ծա­յին կա­տա­րե­լա­գործ­ման միջև պաշ­տա­մուն­քա­յին գոր­ծըն­թաց­նե­րի հա­կադ­րութ­յու­նը: ­Բուդ­դան գի­տի այն, ին­չը մենք միայն վե­րապ­րում ենք՝ տիե­զեր­քի մեծ լռութ­յու­նը: Այն մեզ հա­մար հա­սա­նե­լի է դառ­նում միայն այն ժա­մա­նակ, երբ մենք մեր մեջ զգում ենք ­Բուդ­դա­յին: Դ­րա եզ­րա­բառն է՝ ­Բուդ­դա-դառ­նա­լը: Այն յու­րա­քանչ­յուր մար­դու մեջ առ­կա է որ­պես հա­վեր­ժա­կան մի­ջուկ:
­Ռիլ­կեն իր այս բա­նաս­տեղ­ծութ­յու­նը գրել է ­Բուդ­դա Ա­մի­տաբ­հա­յի հա­յաց­քի ներ­քո: Եվ սա­կայն այս բա­նաս­տեղ­ծութ­յու­նը բնավ ­Ռիլ­կեի աշ­խար­հա­յաց­քի ա­պա­ցույ­ցը չէ: ­Նա բուդ­դիստ չէր՝ հետ­ևոր­դի ի­մաս­տով: ­Բայց նա զգում էր այն մե­ծութ­յու­նը, որն ար­տա­հայտ­վում է այս կեր­պա­րան­քի մի­ջո­ցով:
­Բուդ­դա­յի ան­մի­ջա­կան հա­սա­նե­լիութ­յամբ ներծծ­ված ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծութ­յու­նից բո­լո­րո­վին տար­բեր է սո­նե­տի ձևի մեջ դրված երկ­րորդ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը. այս­տեղ մենք մո­տե­նում ենք ­Բուդ­դա­յի կեր­պա­րան­քին ուխ­տա­վո­րի դե­րում: Ա­ռա­ջին քառ­յակն ընդգ­ծում է ուխ­տա­վո­րի բա­րե­պաշտ բա­րե­հա­ճութ­յու­նը սրբա­վայ­րի տե­սա­դաշ­տում:
Երկ­րորդ քառ­յա­կը նկա­րագ­րում է ուխ­տա­վո­րի հե­տա­գա մո­տե­ցու­մը: «Այս ակ­նա­հոն­քի վե­հութ­յու­նը» սո­վո­րա­կան պատ­կե­րի մեջ չի տե­ղա­վոր­վում, ուխ­տա­վո­րը նախ պետք է հստակ պար­զա­բա­նի այն ինքն իր հա­մար: Ն­րա­նից պա­հանջ­վում է հոգ­ևոր բաց­վա­ծութ­յուն, ո­րը նա չի կա­րող այդ­քան հեշ­տութ­յամբ ձեռք բե­րել: ­Հետ­ևա­բար, նա սահ­մա­նա­փակ­վում է միայն մեկ հար­ցով, այն է, թե որ­տե­ղի՞ց կա­րող է ծա­գել ար­ձա­նի մեջ առ­կա այս ամ­բողջ ոս­կին:
­Հա­ջոր­դող եր­կու ե­ռա­տո­ղե­րում տես­նում ենք, որ Մ­յո­դո­նի ­Բուդ­դա­յի քան­դա­կը նստած է ծաղ­կի բա­ժա­կի կամ «ծաղ­կա­գա­վի» վրա: Երկ­րորդ եռ­յակն ա­վար­տում է այս գոր­ծըն­թա­ցը: Ուխ­տա­վո­րը նկա­տում է, որ ոս­կե ար­ձա­նը հան­դար­տութ­յան և ­կենտ­րո­նաց­ման տա­տա­նում­ներ է ար­ձա­կում շրջա­կա տա­րա­ծութ­յան մեջ:
Այս եր­կու բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ի­րա­րա­հա­ջոր­դող ըն­թեր­ցա­նութ­յու­նից պարզ է դառ­նում, որ այս ծաղ­կա­գա­վի պատ­կե­րը լցված է ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծութ­յան հի­շո­ղութ­յամբ: Այս­տեղ չկա կեց­ված­քի ար­տա­քին ներ­կա­յա­ցում՝ որ­պես հի­շո­ղութ­յան պատ­կեր, ին­չը կա­րե­լի է տես­նել ­Բուդ­դա­յի կուռ­քե­րի սո­վո­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րում: Ա­վե­լի շուտ, կա հանգս­տութ­յան և ­կենտ­րո­նաց­ման ներ­քին միտք: Եր­կու բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը լրաց­նում են միմ­յանց:
Եր­րորդ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը եր­րորդ հար­թութ­յուն է հա­ղոր­դում ­Բուդ­դա­յի կեր­պա­րան­քի ար­տա­ցո­լան­քին: ­Սա­կայն այս ա­մե­նը վե­րա­բե­րում է ոչ թե կուռ­քի պատ­կեր­մա­նը, այլ մար­դու մեջ աստ­վա­ծա­յին ես-ի ար­տա­ցոլ­մա­նը:
­Նա, ով ըն­կա­լել է նա­խորդ եր­կու բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը, նա­խա­պատ­րաստ­ված է ար­դեն եր­րորդն ըն­կա­լե­լու: Ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծութ­յու­նը վե­րա­բե­րում էր ­Բուդ­դա­յին՝ որ­պես տիե­զեր­քի կենտ­րո­նի: ­Ռիլ­կեի տես­լա­կանն այն է, որ այս աշ­խար­հի բո­լոր «սրբութ­յուն­նե­րը»՝ ի­տա­լա­կան ­Վե­րածնն­դի գե­ղան­կար­չութ­յու­նը, ռու­սա­կան պատ­կե­րա­գ­րութ­յու­նը, գո­թա­կան ճար­տա­րա­պե­տութ­յու­նը, ներ­քուստ ձգտում են դե­պի այս կենտ­րո­նը: Ա­ռա­ջին քառ­յա­կի երկ­րորդ բա­նա­տո­ղը ձևա­կեր­պումն է այս տե­սա­կե­տի. «­Նուշ, որ իր մեջ է ներ­քաշ­վում՝ քաղց­րաց­նե­լով»,- և­ ընդ­լայ­նում է այս պատ­կե­րը դե­պի տիե­զե­րա­կան ան­հու­նը,- «այս Ա­մե­նը – մինչև աստ­ղե­րը հա­նուր – մրգա­միսն է քո: ­Քեզ ող­ջույն»: ­Նու­շը երկ­րի վրա աստ­վա­ծա­յին կա­տա­րե­լութ­յան ի­րա­գործ­ման հիմ­նա­կա­ղա­պարն է: Այս­տեղ Ք­րիս­տո­սին փո­խա­րի­նե­լու է գա­լիս և ն­րա տե­ղը զբա­ղեց­նում է ­Բուդ­դան:
Ա­ռա­ջին ե­րեք տո­ղե­րում ­Բուդ­դա­յի այս աստ­վա­ծա­ցու­մից հե­տո այս վեր­ջին՝ «քեզ ող­ջույն» ար­տա­հայ­տութ­յու­նը բա­վա­կա­նին ապ­շե­ցու­ցիչ է: Այլևս չկա մի ուխ­տա­վոր, ով խո­նար­հութ­յամբ կմո­տե­նար ­Բուդ­դա­յին, այլևս չկա ա­պաշ­խա­րութ­յուն որ­ևէ «մեղ­քի» հա­մար, այլևս կաս հենց միայն ԴՈՒ, ո­րը բախ­վում է աստ­վա­ծա­յին ՈՉ-ԵՍ-ի հետ: Ակն ընդ ա­կան այս առ­ճա­կա­տու­մի մա­կար­դա­կից խո­սում է բա­նաս­տեղծ-ուխ­տա­վոր ­Ռիլ­կեն, ով հա­մոզ­ված էր, որ խոս­քը ոչ թե կրո­նա­կան վար­դա­պե­տութ­յան հետ­ևորդ լի­նե­լուն է վե­րա­բե­րում, այլ սրբութ­յունն իր մեջ գի­տակ­ցե­լուն և­ այ­դու­հան­դերձ ան­կախ մնա­լուն:
Երկ­րորդ և­ եր­րորդ քառ­յակ­նե­րում փո­խա­բե­րութ­յուն­նե­րի ընտ­րութ­յու­նը կապ­ված է ա­ռա­ջի­նի հետ և լ­րաց­նում է այն: Այս­տեղ ու­շադ­րութ­յու­նը տե­ղա­փոխ­վում է այն­տեղ, ին­չը բնո­րոշ­վում է «ան­սահ­մա­նութ­յուն» եզ­րով: Էութ­յու­նը, ո­րի մա­սին վկա­յում է ­Բուդ­դան, ոչ թե նյու­թա­կանն է, այլ հոգ­ևոր տիե­զե­րա­կան գո­յը: Այս­տեղ կա­րե­լի է մտա­ծել ­Ռիլ­կեի հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րում հիմ­նա­րար նշա­նա­կութ­յուն ձեռք բե­րած «ան­տե­սա­նե­լիի» հաս­կա­ցութ­յան մա­սին: ­Բա­նաս­տեղծ­նե­րը «ան­տե­սա­նե­լիի մե­ղու­ներն են»: Ն­րանք ի­րենց պոե­զիա­յում և­ ար­վես­տում տե­սա­նե­լի նյու­թա­կան աշ­խար­հը վե­րա­ծում են ան­տե­սա­նե­լի հոգ­ևոր աշ­խար­հի: «Արև­նե­րը» դեռ պատ­կա­նում են ֆի­զի­կա­կան աշ­խար­հին: ­Բայց այն, ինչ տե­ղի է ու­նե­նում ­Բուդ­դա­յի ներ­սում («քո մեջ») կրում է ան­ժա­մա­նա­կութ­յան կնի­քը:
­Վեր­ջին քա­ռա­տո­ղը մեզ ա­ռաջ­նոր­դում է ինք­նա­կենտ­րո­նաց­վա­ծութ­յան այս գոր­ծըն­թա­ցից վեր բարձ­րա­նա­լուն, մեր ես-ը հաղ­թա­հա­րե­լուն: ­Ռիլ­կեն նկա­տի ու­նի այն գոր­ծըն­թա­ցը, ո­րով արթ­նա­ցած մար­դիկ գի­տակ­ցում են ­Բուդ­դա դառ­նա­լու ներ­քին մղու­մը՝ ­Բուդ­դա­յութ­յու­նը (բարձ­րա­գույն ես-ը, հո­գու հիմ­քը, մաք­րա­մա­քուր ո­չին­չը) ի­րենց մեջ: ­Բուդ­դա­յութ­յունն աստ­վա­ծա­յին հզո­րութ­յան եզ­րույթն է, ո­րը ներդր­ված է յու­րա­քանչ­յուր մար­դու մեջ: ­Պայ­ծա­ռա­կեր­պութ­յան պա­հին Ք­րիս­տո­սին հետ­ևե­լը նույ­նի մեկ այլ եզ­րույթն է: Կ­րո­նի մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րում ­Ռիլ­կեն վեր է կանգ­նած կու­սակ­ցա­կան, կողմ­նա­պահ դիր­քո­րո­շում­նե­րից: Այս­պի­սով, չոր­րորդ քա­ռա­տո­ղը միս­տի­կա­կա­նո­րեն գու­նա­վոր­ված լեզ­վով մատ­նան­շում է այս ինք­նա­հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թա­ցը: Ա­ռանց ներ­քին «դար­ձի» («գլուխ­նի­վայր շրջված») ­Բուդ­դա­յութ­յուն չի կա­րող լի­նել, ­Բուդ­դա դառ­նալ հնա­րա­վոր չէ: Եվ երկ­րորդ միտ­քը. ինք­նա­հաղ­թա­հար­ման այս գոր­ծըն­թա­ցը նպա­տակ ու­նի մաս­նակ­ցե­լու այն ա­մե­նին, ինչ մար­դը զգում է, այն, ինչն անն­կատ է մնում ինք­նա­խո­րա­սուզ­ման, ինք­նընկ­լուզ­ման ժա­մա­նակ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։