Գրականությունն ու մամուլը իմ ուղեկիցներն են եղել ճակատագրորեն, ու թեև շատ վաղ տարիքից սկսել եմ տպագրվել հայաստանյան, քիչ ավելի ուշ՝ սփյուռքահայ մամուլում, այդուհանդերձ, հատկապես «Գրական թերթում» տպագրվելը յուրահատուկ պատիվ եմ համարել։ Բնականաբար, ամենանշանակալին կհամարեի առաջին հրապարակումս, սակայն զարմանալիորեն, որքան էլ փորփրեցի հիշողությունս, չկարողացա տեղը բերել, թե ե՞րբ և ո՞րն է եղել այդ առաջինը: Բայց հիշեցի հատկապես մեկը՝ ավելի քան տասներկու տարի առաջ «Գրականում» հրապարակած «Պապս» իրապատում-պատմվածքը, որը շատ հետաքրքիր արձագանքներ ունեցավ… Շատերն էին տպավորվել պապիս՝ Արտաշես Պետրոսյանի սիրով ու հպարտությամբ կերտած կերպարից, իսկ բազմաթիվ ընթերցողներ էլ սկսեցին առավելապես հետաքրքրվել, թե ինչո՞ւ պապիս (Պետրոսյան) և իմ (Գեղամյան) ազգանունները տարբեր են, թե հատկապես ո՞ր Գեղամյաններից եմ սերում ես, արդյոք բարեկա՞մ եմ Արտաշես Գեղամյանին (մանավանդ որ նրա անունն էլ Արտաշես էր), ում պատվին են ինձ Սեյրանուհի անվանակոչել և այլն, և այլն… Անգամ ի հայտ եկան ինձ անհայտ հեռավոր բարեկամներ, ովքեր մի կերպ գտնելով տանս հեռախոսահամարը՝ երկար-բարակ փորձում էին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները… Ու հնչող յուրաքանչյուր զանգի հետ ամուսինս թեթև հեգնանքով ասում էր. «Գնա վերցրու, հերթական նորահայտ բարեկամդ է…»: Հիմա, իհարկե, շատ բան չեմ կարող պատմել, բայց երեք հեռախոսազանգի մասին, որոնք ինձ հատկապես մեծ հուզմունք պատճառեցին, ուզում եմ հիշատակել. դրանցից մեկը Հայաստանում շատ հարգված ու սիրված քաղաքական և պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանից էր, որ պատմվածքիս մասին իր հիացումը հայտնելուց հետո ասաց նաև, թե պապիս եղբայրը՝ նշանավոր երգիչ Ավագ Պետրոսյանը (որի մասին նույնպես հիշատակում կար պատմվածքիս մեջ), իրենց ընտանիքում պաշտելու աստիճան սիրված է եղել, մյուսը՝ Թեհրանից՝ Արտաշես Պետրոսյան անուն-ազգանունով մի պապիկ էր, որ դողդոջ ձայնով շատ գովեստներ շռայլեց, վերջում ասելով, թե պապս իր նկարագրով շատ նման է իրեն, ու ինքը շատ կուզեր այդ ամենը հենց իր մասին լիներ… Առավել հետաքրքիր էր երրորդ անմոռաց զանգը, որի հեղինակը բուռն ոգևորությամբ հայտնում էր, թե վերջապես իրեն հաջողվեց գտնել Կոտայքի մարզի հայտնի Գեղամյանների շառավղին։ Ես տարակուսած հարցրեցի, թե ո՞ր Գեղամյանների մասին է խոսքը։ Հեռախոսազանգի հեղինակը մի քիչ զարմացած, մի քիչ հիասթափված պատասխանեց. «Բացե՛ք, կարդացե՛ք Հայկական Սովետական Հանրագիտարանի 2-րդ հատորի 709-րդ էջը և իմացեք ձեր նախնիների մասին։ Ես էլ կարծում էի՝ հիմա լիքը հարցերի պատասխան կարող եմ իմանալ…»։ Հեռախոսն անջատելուց հետո անմիջապես վերցրեցի հանրագիտարանի հիշյալ հատորը, բացեցի 709-րդ էջը և գտա «Գեղամյաններ» հոդվածը. «Հայ ազնվականական տուն Երևանի խանությունում XVIII-XIX դարում…: Մելիքության իրավունքով նրանց կառավարմանն էին հանձնված Կոտայքի և Գեղամա գավառները, մասնավորապես Ձաք, Ելղովան, Բաշքենդ, Արզնի, Արամուս, Գյամրեզ և Դան գյուղերը։ Վարում էին Երևանի խանության հայկական հետևակ գնդի հազարապետի պաշտոնը…»։ Հոդվածը բավական ընդարձակ է, և անկարելի է ամբողջությամբ մեջբերել։ Միայն ասեմ, որ զանգի հեղինակը համոզված էր, որ ես հատկապես ա՛յդ Գեղամյաններից եմ, քանի որ թվարկած գյուղերի մեջ էր նաև իմ ծննդավայրը՝ Կոտայքի շրջանի Գյամրեզ գյուղը (այժմ՝ Կամարիս)։ Տեղեկությունը թեև արժեքավոր ու տպավորիչ էր, սակայն իմաստ չուներ պարզել իմ կապը նրանց հետ, քանի որ մեր ազգանունը սկիզբ է առել ի հիշատակ պապիս հոր՝ Գեղամի, ով նույնպես քաջ ու ազնվական մարդ էր… Այնուամենայնիվ, ուրախ ու զգացված էի իմ անվան ու ծագման հանդեպ ընթերցողների այդքան մեծ հետաքրքրությունից…
Սիրելի՛, թանկ «Գրական թերթ», շնորհակալ եմ այն բազում հուզումնալի և ուրախության պահերի համար, որ պարգևել ես… Շնորհավոր հոբելյանդ, և թող երկար ու անխոչընդոտ լինի ճանապարհդ: