Հոբելյանը վաստակ է, մեծ հոբելյանը՝ առավել թանկ վաստակ: Փորձում եմ մտաբերել, թե որքան ժամանակ է ծանոթ եմ հոբելյարին, և ժամանակի թևերը տանում-հասցնում են ինձ մանկության եզերքը: Ահա շքամուտքում, փոստարկղի վրա մեր բնակարանի համարն է, որը միշտ բերնեբերան լցված էր լինում թերթերով ու ամսագրերով: Խեղճ փոստատարը երբեմն ստիպված էր լինում բարձրանալ երրորդ հարկ ու անձամբ հանձնել ծավալով մեծ ամսագրերն ու թերթերը, որոնք հնարավոր չէր եղել տեղավորել փոստարկղում. ,,Иностранная литература’’, ,,Aргументы и факты’’, ,,Литературная газета’’, «Սովետական գրականություն» և այլն: Նրանց մեջ տեսնում եմ նաև «Գրական թերթը»:
– Այդ ե՞րբ այսքան մեծացար…
Ես չէի, այդ նա՛ է հարցնում ինձ, և ես, ի պատասխան, ամոթխած ու լուռ ժպտում եմ նրան: Այո՛, այն ժամանակ՝ փոքրիկ աղջնակս, պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր ինքս եմ տպագրվելու այդ նույն թերթում, և այդ մի օրը դառնալու է օրեր՝ տարիներ շարունակ: Չէի կարող պատկերացնել նաև, որ հետագայում ուրբաթ օրը զուգորդվելու է «Գրական թերթի» լույսընծայման օրվա հետ, և ուրբաթ օրվա առաջին գործը տնից դուրս գալուց հետո լինելու էր մոտակա կրպակից թերթի նոր համարը գնելը, քանի որ շուտ էր սպառվում: Լավ է, երբ լավ սովորությունները չեն լքում մեզ, որովհետև այդ սովորույթը մինչ օրս պահպանվել է իմ ուրբաթներում: Ժամանակի թևերը սահուն տեղափոխում են ինձ գրեթե 2 տասնամյակ առաջ, երբ նույնպիսի ամոթխածությամբ, բայց արած քայլի ներքին վստահությամբ առաջին անգամ մտա «Գրական թերթի» խմբագրություն և խմբագրին հանձնեցի ստեղծագործություններիցս մի քանիսը: Մեծ էր ուրախությունս, երբ գլխավոր խմբագիրը՝ Նորայր Ադալյանը, հավանության արժանացրեց ստեղծագործություններս ու սիրով տպագրեց. «Գրական թերթը» ՀԳՄ պաշտոնաթերթն էր, իսկ ես Միության անդամ չէի: Հետագայում թերթի խմբագրությունը դարձավ արդեն հարազատ օջախ, իսկ թերթի գլխավոր խմբագիրները՝ Սամվել Կոսյանը, Կարինե Խոդիկյանը, դարձան սիրելի, հարազատ մարդիկ: Հիմա ժպիտով եմ հիշում, երբ Սամվել Կոսյանը անվանս փոխարեն մի օր լուրջ-լուրջ ասաց՝ ,,Лaмпочка’’: Ես, ճիշտն ասած, չհասկացա, մինչև ստիպված եղավ բացատրել, թե՝ «Լույսդ շատ է»… Իսկ ես կասեի՝ այդ նա է շատ լուսավոր, քանի որ լույսը տեսնողի աչքերում է: Դե, իսկ Կարինե Խոդիկյանն իմ անվերջ հիացումն է: Լինել ոչ միայն «Գրական թերթի», այլև «Դրամատուրգիայի» խմբագիրը, կարդալ ահռելի քանակությամբ նյութեր, պիեսներ, նաև ստեղծագործել, միշտ ունենալ հետաքրքիր ծրագրեր, դրանք կյանքի կոչելու ուղիներ գտնել, միշտ լինել հումորով, գեղեցիկ, չհաշված՝ տնային տնտեսուհու արժանիքները, անշուշտ, հասարակ բան չէ: 44-օրյա պատերազմի օրերին հաճախ էինք խոսում, միմյանց քաջալերում, հաճախ մտքեր էինք փոխանակում նաև դրանից հետո: Մի անգամ քաղաքական առանցքային հարցերի շուրջ մեր զրույցը բավականին թեժացավ, ու բանը հասավ լուրջ վիճաբանության: Ես այդ ժամանակ գրել էի մի էսսե, որն արդեն պատրաստ էր, ու պետք է հանձնեի թերթին: Մտածեցի, որ հաստատ չի հավանելու և չի տպագրելու, անիմաստ է հանձնեմ այն ու ասացի նրան այդ մասին: Պատասխանը եղավ հետևյալը.
– Դու այսքան ժամանակ տեսե՞լ ես, որ ես երբևէ մերժեմ որևէ գործ՝ իմ տեսակետներին չհամապատասխանելու պատճառով…
Նա ճիշտ էր, նման բան ես չէի տեսել, ու փառք Աստծո, որ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը հենց այդպիսինն է: Հաջորդ համարում ևեթ էսսեն տպագրվեց:
Սիրելի՛ «Գրական թերթ», շարունակի՛ր մեծանալ ու քայլել՝ հայ գրականության հետ ձեռք ձեռքի: Դու պարտավոր ես լինել այնքան, որքան կլինի նաև հայ գրականությունը: Հետևաբար՝ միշտ եղի՛ր:
Հ.Գ. Մեր «Գրական թերթը» նման է այն կանանց, որոնք տարիների հետ բնավ չեն կորցնում իրենց գրավչությունը: 90-ամյակը պատկառելի տարիք է, բայց տեսե՛ք՝ ինչ թարմ, մերօրյա ու սպասված է նա: