Սպասումի մի ամբողջ շաբաթ էր անցնելու մինչև այն օրը, երբ «Գրական թերթը» կհայտնվեր Վանաձոր քաղաքի մեր թաղամասի կրպակում: Հատկապես առանձնակի խանդավառությամբ էի գնում ու անհամբերությամբ բացում այդ թերթը հերթական պատմվածքս փոստով խմբագրություն ուղարկելուց ուղիղ մի շաբաթ անց, հաջորդ շաբաթներին հույսս աստիճանաբար մարում էր… Իննսունականներն էին, դպրոցական էի, գիրք ու թերթ գնելու գումար չունեինք, կիսաքաղցած էինք հասակ առնում, մի բան, որ ինձ թվում է, ավելի շատ օգտակար էր, և այդ կիսաքաղցից ասես սրվում էր հոգևոր քաղցը, նոր, ժամանակակից գրողների գրքերի և անմիջապես գրական մամուլում տպագրված բանաստեղծությունների ու պատմվածքների ընթերցանությունից ես չէի հագենում, մինչև հիմա հիշում եմ այն մի քանի գրքերի վերնագրերը, որ մայրս զոհողությունների գնով առնում էր ինձ համար: Շաբաթվա մեջ էլ մի քանի անգամ դպրոց գնալիս կամ տուն դառնալիս հաջողվում էր փախչել ու չվճարել ավտոբուսի կամ երթուղայինի ուղեվարձը՝ խնայելու համար «Գրական թերթի» ու «Գարուն» ամսագրի գումարը, և մինչև հիմա իմ հավաքածուի մեջ պակասում են այն համարները, որ ընթերցել ու ափսոսանքով վերադարձրել եմ կրպակ, որի առջև անհամբեր բացում, աչքի էի անցկացնում «Գրական թերթն» ու «Գարունը»՝ սպասումով, որ էջերից մեկում տեսնելու էի իմ լուսանկարը, կարդալու համառոտ կենսագրությունս ու պատմվածքիս վերնագիրը, հենց այն տառատեսակով, որով շարվում էին այդ պարբերականները, և ամեն շաբաթ ինձ հիասթափություն էր սպասում, որ տանն արդեն ուշադիր ու կլանված ընթերցանության մեջ մոռացվում էր. սիրում էի հատկապես ժամանակակից հայ գրողներին կարդալ՝ հասկանալու համար, թե հանրապետական գրական մամուլում տպագրվելու պատվին արժանանալու համար ինչքան պիտի հասունանամ դեռ: Մայրս այդ տարիներին փոստատան բաժանմունքներից մեկում էր աշխատում, ամեն անգամ իմ նոր պատմվածքը կարդում, աշխատավայրում մեքենագրում, ծրարով ուղարկում էր, բայց պատասխան նամակ չէինք ստանում: Այդպես էլ մանուկ հասակում ո՛չ «Կանչ» թերթից, ո՛չ «Ծիծեռնակ», ո՛չ «Աղբյուր» ամսագրերից, իսկ պատանի հասակում ո՛չ «Գրական թերթից», ո՛չ «Գարուն» ամսագրից ոչ մի անգամ ո՛չ մերժումի նամակ ստացա, ո՛չ էլ տպագրվեցի, ու սեփական ստեղծագործություններս տպագիր տառերով հեղինակավոր պարբերականների էջերում տեսնելու բերկրանքն ինձ այդպես էլ մնաց անծանոթ: «Գրական թերթում» տպագրվեցի 2001-ին, երբ արդեն Երևանում էի, առաջին տարվա ասպիրանտ, «Գրական թերթի» քննադատության բաժնի վարիչ, բայց առաջին հրապարակումս ամենահիշարժանն ու նշանակալիցը լինելու համար բավականաչափ սպասելի իրադարձություն էր: Վերնագիրը չեմ հիշում: Առաջին գրականագիտական հոդվածս էր: Գրողների միության «Մուտք» մատենաշարով առաջին գիրք տպագրած սերնդակիցներս ինձ գրականագետ էին համարում, իսկ ես, որ երեք հարյուրից ավելի չտպագրած գեղարվեստական էջերի հեղինակ էի արդեն, շարունակում էի զսպել այդ ընկալումն ու ներքուստ ինձ գրող համարել: Հիշում եմ, որ «Գրական թերթում» աշխատելու տարիներին մի քանի մանրապատում էլ տպագրվեց ինձնից, որ դարձյալ անտիպներիս գզրոցներում էին մնալու, եթե «Գրական թերթում» աշխատելիս չլինեի, շատ լավ հիշում եմ նաև թարգմանություններս Խարմսից, որին կարդում ու թարգմանում էի կարծեմ հինգշաբթի օրերը «Գրական թերթի» հերթական համարին արդեն տպարանում սպասելիս…