ԱՇԽԱՐՀՆ ԱՅՍՕՐ
Մեր հոգիներում հուշը քաոսի,
Նա մեզ է նայում մեղք, վիրավորված
Ու ետ է ձգում ուժով ձկնորսի։
Սկիզբը վայրի անորոշ ու բաց,
Եվ մենք կանգնել ենք
չկարգավորված,
Նայում ենք շվար մե՛րթ առաջ,
մե՛րթ ետ,
Դիմադրելով ուժին հետընթաց,
Դեպ գալիք հրող
իշխաններին խենթ։
Անցյալն՝ անստույգ,
գալիքն՝ ահազդու,
Երկուսի միջև Աստծո լռություն,
Նա ինչ ասել է՝ ասես ապարդյուն,
Ինչը չի ասել՝ չի հասել մարդուն։
Հիմա շարժումը հին, բրոունյան,
Խառնել է իրար ժամ ու պատարագ,
Եվ ողբ ու ծաղր թևանցուկ անցան՝
Մեզ կտակելով
լիրբ արհամարհանք։
Գրիր, բանաստե՛ղծ, ինչ որ ասվել է,
Եվ սիրով գրիր չասվածը հարգի,
Խոսքը չի փրկի մարդկանց երբևէ,
Թող նա ինքն իրեն
մարդկանցից փրկի։
ԹՇՆԱՄՈՒ ՓՆՏՐՏՈՒՔ
1.
Ձեռքներս խոթեցինք մթության մեջ
Փնտրելու ներքին թշնամուն։
Տնտղել էր պետք կարգին,
մասնագիտորեն,
Եվ մեկ էլ գտանք մի սև զանգված,
Շոշափեցինք ուսադիրների տեղը,
Ծոցագրպանում՝ վկայական,
և ի՞նչ՝ յոթ երկրի լրտես։
Շան որդիք ափսոսել են
տարբեր վկայականներ տան։
2.
Մութն այնքան խտացավ,
որ քիչ մնաց
Չտեսնենք արտաքին թշնամուն,
Նրա գործակալներին։
Տնտղեցինք պիջակների
տակ պահված
Վայրի հոգիները և ի՞նչ՝
Մեր տնեցիներն են,
հարազատները,
Բարեկամները և հարևանները։
Առավոտը բացվելու հետ տեսանք՝
Մենք մեր թշնամին ենք,
Ես՝ իմը, դու՝ քոնը և նրանք՝ մերը։
Իսկ այն թշնամին էլ մեր
սահմանին էր ու մեր մեջ։
Բայց ես ես չէի լինի,
որ չգտնեի հիմնական պատճառը։
3.
Բարձրացա տանիք,
Ցուցամատս ուղղեցի
մանկան պես ժպտացող
Արեգակին
Եվ Արքիմեդի պես ճչացի՝
Ահա նա,
Մեր բացահայտ թշնամին՝
Կարգին, տեղը տեղին
զլանում է լուսավորել
Մեր ներսն ու դուրսը։
Առաջարկ՝
Փակել մեր երկինքն ու
օդը նրա դեմ։
* * *
Աշխարհի ապակին
Այնքան բարակ է,
Կոտրվեց հպումից
Ցորնահատիկի։
Ու պարզ երևաց նա,
Ում ուզում են տեսնել
Աղքատները,
Միջինները,
Հարուստները
Եվ էլի մարդիկ, որոնք դրսում են
Եվ առանձնապես
ցանկություն չունեն։
Ե՞ս ինչ տեսա,
Ոչինչ,
Քանզի ամոթից գետինն էի մտել՝
Ցորնահատիկն էի
Ապակին փշրած։
* * *
Այս երկաթե փականով մատյանն
Ինձ բանտ է հիշեցնում,
Ուր բոլոր դատապարտյալներն
Իրենց անմեղ են համարում,
Դատավորներին՝ անխիղճ։
Այս մատյանում գրոտած
Բոլոր բառերն իրենց
Հրեշտակ են կարծում,
Հեղինակին՝ սատանա,
Դև,
Կամ ամենաքիչը՝
ինքնահռչակ տիրակալ,
Բառերի ստրկատերեր։
Երկաթե փականը
զսպում է հեղինակի
Բերանը, որ չհայհոյի
Ինքն իրեն՝
Այս կատակաողբը
շարունակելու համար,
Իբր հանուն Աստծո,
Բայց իրականում
գրողական անմեռ փառքի համար։
* * *
Կաշեկազմ մատյանն այս
Չեմ ցանկանում նմանվի
Տիրոջն իր
Եվ կամ առհասարակ
Մարդու՝
Ռոբոտային աչքերի թարթումով,
Մեխանիկական սրտի
Կամ էլեկտրոնիկ հոգու
Բաբախով։
Մի երազանք՝
Թող հոլոգրաֆիկ բառերով
Պատկերի
Արարչի հորինվածքն
Առանց ինքնապարծության,
Երևա, բայց թվա անտեսանելի,
Լինի աներևույթ,
սակայն շոշափելի։
Երանի թռչեր այս մատյանը։
ԳՐՈՂՆ ՈՒ ԳՐՈՂԸ
Գրողին գրողը տարավ։
Օրեր անց թաթով զարկեց
Իր գլխին՝
Ամբողջ օրը լսում էր նրա խոսքն
Առ Աստված,
Առ սեր,
Առ ինքն,
Առ հավատարմություն,
Առ անտերություն՝
Չեն տպում,
Թոշակը՝ քիչ,
Վարձերը, հարկերը,
Վարկերը…
Անհուսությամբ եզրակացրեց՝
Ահա թե ինչու են սրան էլ
Գրող կոչում։
Որպես վրեժ ինքն էլ սկսեց գրել։
* * *
Կապիկի դեմքով կնճռոտ
մատյանն այս
Նայում է աչքով Դարվինի,
Նա սպասում է՝ վերջապես գրվի
Կապիկից մարդ ընկած
ընթացքը պարզ։
Կապկի մասին՝ ի՞նչ, ինչ կար՝ էդ է,
Մարդն է ամպի պես փոփոխական,
Ահա ձեռքի մեջ ռումբը սեղմած
Ելնում է դեպի ոտքը տերունական։
Ոչ ոք չգիտե, թե ի՞նչ կանի Տերը,
Պարզ է՝ չի զարկի ոտքով դաժան,
Ասված է՝ ընկածին չեն խփի,
Իսկ բարձրացողի՞ն։
Լուռ է, տարաժամ։
Հիմա, մատյա՛ն իմ, մի բան է ստույգ,
Այդ արարածը ո՛չ կապիկ է,
ո՛չ մարդ արդի,
Մի այլ էակ է դեռևս անհայտ։
Դարվինն է կրծում
գրանիտը մութ գյուտի։
ԱՇՆԱՆ ՕՐ – 2021
Աշնան արևոտ օր՝
այնքան մարդկային,
Պոետական բան գրեմ քո մասին։
Ինչ գրեմ՝ սին,
Ճիշտը՝ փռվեմ արևի տակ
Շան պես թուլացած,
Աչքին՝ ո՛չ վախ, ո՛չ մրցակից,
Ո՛չ ոսկորի պահանջ։
Անկախ քեզնից ապրես թրթիռ,
Որ սեր է համայնին բացված։
Օրն այս ստիպում է
զգալ քեզ փափուկ
Կատվի պոչին հավասար։
Քսվել դեմքերին ոստայնապատ,
Դիմակներից ջնջել միջպետական
դավադիր բացիլներ։
Չհիշել դաժանության դեմ
մեղկորեն նահանջող
Եսակենտրոն տիրական
մայրաքաղաքները։
Հանուն առավել
իշխանության ձգտող
Բռնակալական ժպիտները
մոռանալ։
Ա՜խ, աշնան արևոտ, մեղուշ օր,
Կներես մեղավորիս,
Ես էլ հիշեցի այն մարդկայինը,
Որ ուտում է տմարդի
իր նմանի հոգին,
Եվ լեռները, և երկինքը…
Է՛հ, կներես,
Ի՜նչ դժվար է զգալ քո պայծառ,
Անհասցե, անտուն
Մարդկայինը
Ու փռվել պատահած տեղ,
Արևի տակ
Եվ փակ աչքերով ապրել նինջ՝
Որպես կատվի
մումիա եգիպտական։
* * *
Ո՞վ գիտի՝
Մեր կոկորդում քանի
Երգեցիկ թռչուն կա։
Մի բան հաստատ է,
Մեր չվելուց հետո
Նրանք ճախրում են
Այլ կոկորդներում,
Առանց երգի
Քաոսը կճղճղա
Մորթվելու հոտն առած խոզի
Ու մեզ նման։
* * *
Հիշողության ողկույզից
Քամում է դառը գինի,
Խմում կենացը մենակ
Ամբողջ կյանք ու աշխարհի։
Նա հարբել է անցյալով,
Ներկան՝ սթափ ու խելառ,
Ապագան էլ՝ մի այգի
Ողկույզներով անսպառ։
Ինքնամոռաց նա խմեց,
Ընկեր կանչեց իր մահին,
Էս գժուկն էլ մոտ չեկավ՝
Շունն է փախչում խմածից։
Խայամն ասաց.- Ա՛յ հարբած,
Ի՞նչ ես փնտրում՝ կյանք, մահ, գիր,
Վաղուց գինի ես, գինի,
Դառը, քաղցր և ընտիր։