Մի քանի տարի առաջ մեր ամբիոն եկավ տաղանդավոր նկարիչ Զախար Խաչատրյանը: Նայեց պատերին կախված նկարներին, դրանց մեջ առանձնացրեց երկու հայկական եկեղեցիներ պատկերող կտավը, որն այնքան հոգևոր շեշտեր ունի իր մեջ, ու հարցրեց.
– Ո՞վ է այս տաղանդավոր նկարի հեղինակը:
Ես պատասխանեցի՝ Ռաֆֆի Ադալյանն է, նկարը բերել եմ մեր տնից, որովհետև այն խիստ պատշաճում է Հայ միջնադարյան գրականության ամբիոնին:
Սա գնահատական էր մի նկարչի կտավի, որի սյուրռեալիստական կտավների ցուցահանդեսին եղել եմ: Ռաֆֆի Ադալյանը 2018-ից նորից Հայաստանում է, ու նրա վերադարձը հայրենիք նշանավորվեց «Հակասությունների միասնություն» մանրապատումների գրքով: Գիրքը երիտասարդ տարիների խոհեր են, առաջին մանրապատումը գրվել է 1959-ին, երբ նա 19 տարեկան էր: Մանրապատումների գերակշիռ մասը գրվել է 1978-ին: Գրքում զետեղված են հեղինակի այդ տարիներին ստեղծված նկարները: Ռաֆֆի Ադալյանը երեք արվեստների միահյուսում ունի իր մեջ՝ նկարչություն, երաժշտություն, քերթողական արվեստ:
Գրքի շապիկի դարձերեսին խորիմաստ ձևակերպումներ են, ահա դրանցից երկուսը. «Ես իմ պապի պապն եմ, ես իմ թոռն եմ», «Անհատ արարածն իր մեջ կրում է ամբողջ տիեզերքը»: Նկարը դիտողը այն կարդում է, իր մտքով վերածում բառերի, փորձում հասկանալ նկարի ասելիքը:
Հանճարեղ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» առ այսօր մտքեր է շարժում, դրա մասին գրվել են ու կգրվեն մեկնաբանական հետազոտություններ, որոնք ամենատարակարծիք բնույթի են հաճախ: Երբ համեմատում ենք «Մոնա Լիզայի» վերաբերյալ երեք տարբեր դարերում գրված մեկնությունները (Ջիորջիո Վասարի-1551 թ., Վալտեր Պիտեր-1873 թ., Կլիֆորդ Բաքս-1932թ.), տեսնում ենք, թե որքան տարբեր են դրանք, երբեմն՝ հակասական:
Սյուրռեալիստական նկարչությունն առավել ևս տարակարծությունների տեղիք է տալիս:
Ռաֆֆի Ադալյանի մանրապատումները սերտորեն կապված են նրա նկարչության հետ: Նրա նկարները սեփական մանրապատումների տեսողական դրսևորումներն են: Առաջին մանրապատումն ունի վերնագիր՝ «Մտածի՛ր»: Կոչական այս վերնագիրը յուրօրինակ ուղղվածություն է հուշում մարդ արարածին, որպեսզի ազատագրվի վաղնջական ժամանակներից առ այսօր տանջող երևույթից. «Մարդիկ, մի՛ կերեք իրար, ազատագրվեք այդ ցավից»:
Մանրապատումները յուրօրինակ ձևով անդրադարձնում են մարդկության անցած պատմությունը: Արդյոք ո՞վ գիտի, թե ո՞վ է հնարել կոճակը կամ ասեղը: Չէ՞ որ ժամանակին սրանք եղել են մարդու կյանքն առաջ մղող գյուտեր:
Եկեք չմոռանանք, որ ամեն մարդու, նույնիսկ չափած ու ձևած, օրինակելի անհատի մտքում երբեմն ծնվում են անհեթեթ մտքեր, որոնք մնում են նրա մտքում և չեն հանրայնանում: Սյուրռեալիստ արվեստագետները տեսանելի են դարձնում այդ մտքերը: Որքան այժմեական, միաժամանակ վերժամանակյա է հնչում արվեստագետի հետևյալ միտքը. «Հասկանում եմ՝ մարդը ինքնաոչնչացմամբ է զբաղված: Այո՛, ի՛նչ են պատերազմները, ոչնչացված մարդիկ, տներ, ամեն-ամեն ինչ» (էջ 14):
Իր մանրապատումներում շոշափելով համամարդկային խնդիրներ, որոնք մարդուն զբաղեցրել են վաղնջական ժամանակներից, Ռաֆֆի Ադալյանը մնում է հայ, իսկական հայ, որի համար, որպես սրբազան պատգամ շարունակում է մնալ Արարատի փեշերին Հայաստան աշխարհի գոյությունը. «Պետք է շրջվենք դեպի Արարատ»:
Նա էլ մեր էպոսի Սասունցի Դավիթ հերոսի նման զարմացած է, թե ինչու մարդիկ խաղաղասեր չեն. «Այդպես պիտի չլինի, ինչո՞ւ մարդիկ խաղաղասեր չեն» (էջ 23):
Հիանալի խոհ է «Սա իրականությո՞ւն է» հարցադրմամբ մանրապատումը:
Նույնությամբ մեջբերում եմ մի հատված «Հեքիաթներ» մանրապատումից. «Բոլոր պատմությունները նույն բանի մասին են ասում: Օրինակ, երբ տղան սիրում է աղջկան, այդ նույնն է՝ թե ծաղկում է ծառը, կամ քամի է փչում, կամ ուժեղ անձրև է գալիս, կամ ես նստած ուտում եմ մի մեծ ձմերուկ, կամ մարդիկ դրոշներ են տանում, կանգնած ավտոմեքենայի մեջ՝ ընկնում են ձորը, քաղաքը փլվում է… Այս բոլորը նշանակում է, որ տղան սիրում է աղջկան: Աշխարհում չկա մի բան, որ նույնը չլինի՝ համեմատած ուրիշ բանի հետ» (էջ 30):
«Կովերի դպրոց» մանրապատումի մեջ Ադալյանը սեփական բնութագրումն ունի Գրիգոր Նարեկացու համաշխարհային արժեքի ու Արարատ լեռան եզակիության մասին. «Նարեկացին այնքան զարմանալի է գրել, որ ամբողջ աշխարհը կզարմանա նրա գրածներով: Արարատն այնպիսի սար է, որ մարդկության պատմության մեջ այդպիսի սար չի եղել» (էջ 46):
Նկարիչ, երաժիշտ, գրող Ռաֆֆի Ադալյանն ունի մի երազանք, որով նա թռչում է Մեծ Հայքի և Կիլիկիայի կրթական կենտրոնները, երազում հայ ազգային թանգարաններ բացվեն Երևանում, Անիում, Երզնկայում, Կիլիկիայում, ու մի օր հայերը համախմբվեն մի տեղում, ու աշխարհն, ի վերջո, լսի հայի ձայնը: