Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ «Գրական թերթը» իմ ամբողջ գիտակցական կյանքում եղել է ինձ հետ: Դպրոցական էի, սիրում էի գրականությունը, ոտանավորներ էի գրում, մեկ-մեկ տպագրվում էի «Պիոներ կանչում», «Պիոներ» ամսագրում, շրջանային «Լուսարձակում» և «Գրական թերթ» էի բաժանորդագրվում: Հետո ուսանող էի, էլի տպագրվում էի, մտքիս մեջ ինձ բանաստեղծ էի համարում, էլի «Գրական թերթ» էի կարդում, բայց նույնիսկ մտքիս ծայրով չէի անցկացնում, որ իմ գրածները կարող են հանկարծ տպագրվել նրա էջերում: Ախր ես բանաստեղծներին ու գրողներին այլերկրային էակներ էի համարում: Իմ հաստատ համոզմամբ նրանք այլ խմորից էին հունցված, նրանք այլ ոլորտներում էին ապրում, իմ կարծիքով, իսկ «Գրական թերթը» նրա՛նց թերթն էր: Հետո… Հետո սկսեցի աշխատել շրջանային «Սևան» թերթի խմբագրությունում: Ավելի հաճախ սկսեցի տպագրվել տարբեր թերթերում, բայց էլի երկյուղով էի նայում «Գրական թերթին»: Սիրում էի, կարդում, բայց երկյուղում էի ու չէի համարձակվում պատմվածք կամ բանաստեղծություն ուղարկել: Միշտ մտածում էի. «Ես՝ ուր, «Գրական թերթն»՝ ուր»…
Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին: Պատմվածքներս սկսեցին շատ հաճախ տպագրվել «Հայ զինվոր» թերթում, որի խմբագիրը լուսահոգի Վրեժ Իսրայելյանն էր: Մի օր կարդաց հերթական պատմվածքս ու իրեն յուրահատուկ ժպիտով հարցրեց.
– Ինչո՞ւ «Գրական թերթին» չես տալիս:
– Եսի՞մ,- ասացի,- կտպագրե՞ն որ…
– «Գարունում» կտպագրեն, ես կտպագրեմ, «Գրական թերթը»՝ չէ՞,- ծիծաղեց ու ծխախոտի ծուխը ներս քաշեց Վրեժը:
Բան չասացի: Հաջորդ օրը երկու պատմվածք դրեցի ծրարի մեջ և ուղարկեցի: Որքան մեծ եղավ զարմանքս, երբ ուրբաթ օրը բացեցի թերթն ու տեսա պատմվածքս: «Հարամ «արուն»-ն էր կարծեմ: Այդպիսի զգացողություն ունեցել եմ մեկ իններորդ դասարանում, երբ «Լուսարձակը» իմ լուսանկարն էր դրել ու կողքին՝ «Սիրում եմ» բանաստեղծությունս: Ես, որ արդեն թերթի աշխատակից էի, իմ հոդվածները գրեթե ամեն օր տպագրվում էին թերթերում, այնպես էի ուրախացել, որ ասես թռչում էի երկնքից էլ վերև: Ասես թևեր էին բուսնել ուսերիս…
Հետո, կարծեմ էլի մի երկու պատմվածք տպագրեցի «Գրական թերթում»: Այդ ժամանակ արդեն առաջին՝ «Հողի կանչը» պատմվածքներիս ժողովածուն էր տպագրվել «Նաիրի» հրատարակչությունում:
Իսկ այդ օրը… Սևանցի ավագ ընկերոջս՝ Աշոտ Վարդանյանի հետ ինչ-որ գործով գնացել էինք թերակղզի:
– Արի մտնենք գրողների հանգստյան տուն,- ասաց:
– Ինչո՞ւ:
– Հիմա հանգստյան տան տնօրենը Իգնատ Մամյանն է: Ճանաչո՞ւմ ես: Գնանք, իրեն տեսնենք:
– Գնանք,- ասացի համակերպված: Ես շտապում էի, այդ օրը կարծեմ հերթապահ էի տպարանում:
Գնացինք, տեսանք Իգնատին: Նրա հետ «Հայ զինվորի» խմբագրությունում էի ծանոթացել: Մեքենայիս մեջ նոր տպագրված գիրքս կար, նվիրեցի:
Մի քանի օր անց Իգնատը զանգել էր Վարդանյանին, թե՝ Հրաչին ասա, թող ինձ զանգի: «Տեսնես ինչո՞ւ»,- մտածեցի: Զանգեցի: «Արի,- ասաց,- ժամանակ գտիր, արի»: Գնացի: Գովեց գիրքս և պատմվածք ուզեց: «Կտպենք «Գական թերթում»,- ասաց:
Պատմվածքի հետ նաև անտիպ «Թլոլ Դավիթ» վեպս էի տարել: Վեպը գրել էի գրասենյակային մի հին տետրակի մեջ:
– Էս ինչո՞ւ ես սրա մեջ գրել,- զարմացած հարցրեց Իգնատը:
– Թուղթ չկար,- ժպտացի,- հարևանիս գարաժում տեսա, խնդրեցի, որ ինձ տա:
– Բերել էի վառարանի կպչան անելու համար, բայց որ ուզում ես, ի՞նչ անեմ,- դեմուդարձ եղավ հարևան Ազատն ու այդ տետրը ինձ տվեց:
Իգնատը ծիծաղեց:
Վեպը կարդացել էր մի գիշերում:
– Ինչո՞ւ չես տպագրում,- զարմացավ:
– Փող չունեմ,- ասացի տխուր:
– Ախր գրողների գրքերը հիմա տպագրում են նաև պետական աջակցությամբ կամ պետպատվերով: (Առաջ անցնելով ասեմ, որ «Թլոլ Դավիթ» վեպը հաջորդ տարի տպագրվեց պետական աջակցությամբ):
Անցան օրեր: Ես չմոռացա Իգնատին տված պատմվածքիս մասին, բայց մտածում էի՝ երևի չեն հավանել, ու մնացել է կա՛մ Իգնատի դարակում, կա՛մ խմբագրի թղթերի մեջ ու մոռացվել: Արդեն համակերպվել էի այդ մտքի հետ և զարմացա, երբ բացեցի «Գրական թերթն» ու տեսա իմ լուսանկարն ու գիրս: «Գեներալին սպասելիս» պատմվածքս էր: Տպագրել էին Իգնատի առաջաբանով:
Այդ պահից սկսած՝ ես ինձ համարեցի «Գրական թերթի» հեղինակ: Անցել են տարիներ, հիմա ավելի հաճախ եմ տպագրվում թերթում, բայց առաջվա պես ամեն մի պատմվածքը, ամեն մի հոդվածը ուղարկելուց առաջ կասկածում եմ, հետո սպասում եմ խմբագրի արձագանքին: «Հավանե՞լ է տեսնես, տեսնես բանի պե՞տք է, տեսնես ինչպե՞ս կընդունի ընթերցողը»…
Դա լավ է, թե՞ վատ, չգիտեմ, միայն գիտեմ, որ իմ ու «Գրական թերթի» հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական ու բարդ: Ես միշտ կասկածող, ես միշտ իմ գրածից դժգոհ, ես միշտ իմ գրածից անբավական, իսկ թերթը… Թերթն արդեն իննսուն տարի ինձ նման հարյուրավոր գրողներ է տեսել ու էլի կտեսնի: Գրողները, տաղանդավոր ու ոչ այնքան, երես առած ու ծեծկված, իրենց գրածից գոհ ու դժգոհ, իրենց գրածով երջանիկ ու հպարտ, էլի երկար տարիներ ծեծելու են թերթի խմբագրության դռները, և ամեն իսկական գրող նույնիսկ տարիներ հետո միշտ հիշելու է իր և թերթի առաջին հանդիպումը: Հիշելու է սիրով, կարոտով ու անպայման՝ սրտի թրթիռով:
Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / ՍԻՐՈՎ, ԿԱՐՈՏՈՎ ՈՒ ՍՐՏԻ ԹՐԹԻՌՈՎ
