«Գրական թերթում» առաջին անգամ տպագրվել եմ 2017 թվականին։ Դա մեծ իրադարձություն էր սկսնակ հետազոտողիս համար։ Հոդվածս վերնագրված էր «Անսահմանության ճամփորդը (երկու աշխարհների հարաբերությունը Սամվել Զուլոյանի «Թռչնաձուկը» բալլադում)»։ Դեռ դպրոցական տարիներից մեծապես հետաքրքրված էի Զուլոյի ստեղծագործությամբ, իսկ նրա մասին նախնական պատկերացումներս ձևավորվել էին մորս պատմած պատմությունների օգնությամբ։ Լոռու մարզային գրադարանի երկարամյա աշխատակից մայրս պատմում էր հետաքրքիր դրվագներ վանաձորաբնակ բանաստեղծի կյանքից։ Գրադարանում կազմակերպված տարբեր միջոցառումներից, գրական քննարկումներից ինձ փոխանցված այդ պատառիկներում ուրվագծվում էր մի առանձնահատուկ պոետական բնավորություն։
Հետո եկան ուսանողական տարիները, և սկսվեց նրա ստեղծագործության ուսումնասիրման առավել նպաստավոր փուլ։ Երբ արդեն գրախոսությունների ու փոքրիկ հետազոտությունների փորձեր էի անում ուսանողական կյանքիս վերջին տարիներին, Զուլոյին հատուկ անդրադարձ կատարելու ցանկություն ծնվեց։ Ընկերոջս՝ Վաչագան Մանուկյանի խորհրդով հոդվածն ուղարկեցի «Գրական թերթի» էլեկտրոնային հասցեին՝ տպագրվելու հույս առանձնապես չունենալով։ Երբ մոտ երկու շաբաթ անց թերթի էջերում տեսա հոդվածս, ուրախությունս, իրոք, աննկարագրելի էր։ Հիշում եմ՝ ինչպես էի բոլոր կրպակներից գնում «Գրական թերթի» այդ համարը և նվիրում համակուրսեցիներիս, դասախոսներիս, ընկերներիս։ Կարծում եմ՝ այդպիսի անխառն ուրախություն կարող է պարգևել միայն առաջին հրապարակումը։ Հետագայում շարունակեցի համագործակցել «Գրական թերթի» հետ՝ հիմնականում անդրադառնալով հայ ժամանակակից գրականությանը։ Հոդվածներումս անդրադարձել եմ Խաչիկ Մանուկյանի, Լևոն Խեչոյանի, Գուրգեն Խանջյանի, Ռաֆայել Նահապետյանի, Էլֆիք Զոհրաբյանի, Արփի Ոսկանյանի, Արամ Պաչյանի և այլոց ստեղծագործություններին։ Բայց առաջին հրապարակմանս պարգևած մեծ, անխառն և «պատանեկան» ուրախությունս մնաց անգերազանցելի։ Ճիշտ է, այդ հոդվածը կրում է անփորձության կնիքը, ունի որոշ թերություններ, բայց այն ինձ համար շատ թանկ է, քանի որ նրա միջով անցնում են մորս պատմությունները Զուլոյի մասին, Արցախում հերոսաբար ընկած ընկերոջս՝ Վաչագան Մանուկյանի խորհուրդները և, վերջապես, իմ համաքաղաքացի բանաստեղծի՝ Սամվել Զուլոյանի կերպարը՝ մաքուր բանաստեղծական խառնվածքով։
«Գրական թերթի» իննսունամյակը մեծ իրադարձություն է։ Այն ստիպեց վերընթերցել բոլոր նախկին հրապարակումներս։ Այսօր կարող եմ ասել, որ «Գրական թերթն» այն հարթակն է, որ մեծապես նպաստել է հետազոտական հմտություններիս ձևավորմանը, մոտիվացրել է, որ զբաղվեմ ժամանակակից գրականության ուսումնասիրությամբ։ Շնորհավորում եմ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանին, ողջ աշխատակազմին, բոլոր հեղինակներին ու ընթերցողներին այս թերթի իննսունամյակի կապակցությամբ։
Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ / Առաջին ու ամենահիշարժան հրապարակումս «Գրական թերթում»
