«Գրական թերթում» հրապարակում ունենալն արդեն իսկ հիշարժան փաստ է՝ անկախ այդ հրապարակման բովանդակությունից և ընթերցողների արձագանքնից: Բայց և լինում են դեպքեր, երբ հիշարժանը դառնում է առավել հիշարժան՝ պայմանավորված այս կամ այն հանգամանքով: Եվ ուրեմն, իմ դեպքում ևս բացառություններ չկան այս առումով: Ես ևս ունեմ հրապարակում «Գրական թերթում», որն առանձնապես հիշարժան է ու թանկ:
2018 թվականի հուլիսի 27-ի համարում լույս էր տեսել «Ավերակ խրճիթի ճամփան» պատմվածքս: Այն հանձնել էի խմբագրություն՝ թերթի արձակուրդ գնալու նախաշեմին և մայրաքաղաքային խելահեղ առօրյան լքած՝ մեկնել հանգստի: Կարծես թե իմ ընկերներն ու գործընկերներն էլ ինձ էին մոռացել. հեռու ամեն տեսակ գրական-թանգարանային-լրագրողական-… պարտք ու պահանջից՝ վերածվել էի պարզապես հովեկի՝ տարված բնության հրաշք պատկերներով: Եվ այդ իդիլիական մեկուսացումի մեջ հնչում է Հակոբ Մովսեսի հեռախոսազանգը. «Կարի՛ն ջան, պատմվածքդ շատ լավն էր, և՛ էմոցիոնալ էր, և՛ շատ անձնական էր, և՛ ռաբիզ չէր, ապրես»: Մի կերպ վերադառնում եմ իմ իրական իրականություն ու փորձում տեղավորվել թեմայի մեջ: Ի՞նչ պատմվածք է կարդացել, ինչի՞ մասին է խոսքը, ե՞րբ եմ ես պատմվածք ունեցել «Գրական թերթում»… Մինչ փորձում եմ ինքս ինձ համար պարզել ինչն ինչոց է, Հակոբ Մովսեսը շարունակում է էլի որոշ բաներ ասել, և ես մի կերպ գլխի եմ ընկնում, որ խոսքն իմ «ավեակ խրճիթի» մասին է: Իմանում եմ, որ Կարինե Խոդիկյանը շտապել է այն հրապարակել մինչև թերթի արձակուրդ գնալը, այնինչ ասել էր, որ տպագրվելու է աշնանը՝ արձակուրդից վերադառնալուց հետո: Իհարկե, շտապ կապվում եմ երևանցիներիս հետ (ի՜նչ մի քեզ հովեկ էիր երևակայում, ի՜նչ մի անգործ-անբանի հովերով էիր տարվել): Մարդիկ չեն կարողանում գտնել վաղուց տպագրված-սպառված «Գրական թերթի» և ոչ մի համար: Բայց դրությունը փրկում է ամենափրկիչ խմբագիրը. վերադառնալուցս հետո Կարինե Խոդիկյանից ստանում եմ թերթի երկու օրինակ: Մեկ էլ զանգում է Ալիս Հովհաննիսյանը. «Կարինե՛ ջան, կարդացի քո պատմվածքը աշտարակի մասին, շատ լուրջ բան էր, փիլիսոփայական խորություն կար մեջը»: (Ի դեպ, հենց Ալիսի խորհրդով էլ այդ պատմվածքն եմ ներկայացրել՝ ժամանակակից հայ արձակագիրների անթոլոգիայում տպագրելու նպատակով):
Բայց ամենադժվար փորձությունն առջևում էր. պատմվածքը պիտի ցույց տայի այն մարդուն, որի կերպարի շուրջ կառուցվել էր գիրս: Պիտի հանդիպեցնեի իրական և գրական հերոսներին: Շատ դժվար էր այնպես կազմակերպել այդ հանդիպումը, որ ցավագին հետևանքներ չունենար այն որևէ մեկիս համար: Եվ որքան էլ տարօրինակ թվա, ամեն բան հարթվեց հենց «Գրական թերթի» շնորհիվ: Պարզվեց, որ այդ թերթում պատիվ է ոչ միայն որպես հեղինակ, այլև՝ որպես գրական հերոս հանդես գալը: Պատմվածքիս հերոսը, ի զարմանս ինձ, չնեղացավ ինձնից, ավելին՝ հպարտ ու երջանիկ էր այն փաստից, որ իրեն անմահացրել եմ «Գրականի» էջերում:
Իսկ պատմվածքիս մասին հետո շատ ու շատ հաճելի մեկնաբանություններ լսեցի տարբեր մարդկանցից. այստեղ հիշատակեցի միայն ամենաանսպասելիներն ու ամենակարևորները:
Բարի՛ տարեդարձ, հարազա՛տ, սիրելի՛ «Գրական թերթ»:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ / Իմ հիշարժան հրապարակումը
