Գրականության ինստիտուտը և Հովհաննես Թումանյանի թանգարանը ձեռնարկել են բանաստեղծի ակադեմիական տասհատորյակի նոր, վերախմբագրված հրատարակությունը, որը միանգամայն օգտակար և ողջունելի գործ է: Տասհատորյակի առաջին հրատարակությունը կատարվեց 1988-1999 թվականներին: Այն ժամանակ հանրապետության վիճակը թույլ չտվեց այս հատորները տպագրել հրատարակչական պատշաճ մակարդակով, և այժմ այդ տասը հատորները կողք կողքի տխուր տպավորություն են թողնում: Բացի դա, թումանյանագիտության մեջ կուտակվել էին նոր տվյալներ, շատ բաներ ճշգրտվել էին, վերացել էին գրաքննական արգելքները: Թումանյանի ծննդյան 150-ամյակն էր մոտենում, և ինստիտուտն ու թանգարանը որոշեցին ձեռնարկել այս հրատարակությունը: Միանգամից ասեմ, որ այս դեպքում հրատարակչական մակարդակը անհամեմատ բարձր է, հատորների տեսքը աչք է շոյում (թեև ֆինանսական հնարավորությունների դեպքում կարելի էր ավելի շքեղ անել):
Բայց այս տասհատորյակը նաև որոշ խնդիրներ է ասպարեզ բերում, որոնք մանավանդ Գրականության ինստիտուտը պետք է լուծի ապագա ակադեմիական հրատարակություններում սխալներ, վրիպումներ, գիտական մակարդակին չհամապատասխանող այլ երևույթներ թույլ չտալու համար:
Ես կխոսեմ այդ հրատարակության միայն երկրորդ հատորի մասին, որտեղ կան մի քանի ցավալիորեն աչք ծակող փաստեր:
Այս հատորում է տպագրվել Թումանյանի անավարտ բալլադը՝ «Անբուն կկուն»: Դա Թումանյանի ամենաչարչրկված գործերից մեկն է: Նախ, Թումանյանը ձգտում էր այդ երկը ավարտել արդեն ծանր հիվանդ ժամանակ, 1922 թ., և չկարողացավ: Մնաց դրա առաջին մասի գրեթե ավարտված և մշակված տարբերակը, որ տպագրվեց բանաստեղծի մահից անմիջապես հետո, 1923-ին, «Նորք» հանդեսում: Մնացին անավարտ կամ անմշակ հետագա հատվածները, որոնք բովանդակային ավելի մեծ արժեք պետք է ունենային: Դա երևի պետք է լիներ Թումանյանի ամենակարևոր գործերից մեկը, որը հեղինակը համեմատում էր Գյոթեի «Ռեյնեկե աղվեսը» քաղաքական-այլաբանական պոեմի հետ: Ինչպես Գյոթեն էր տվել իր ժամանակի գերմանական հասարակության պատկերը կենդանիների միջոցով, այնպես էլ Թումանյանը պետք է տար հայկական (և ոչ միայն հայկական) նորագույն ժամանակների հասարակության պատկերը: Բայց Թումանյանը չհասցրեց գրել: Սևագրությունները մնացին արխիվում, և միայն 1972 թ. Արամ Ինճիկյանը գրաքննական որոշ կրճատումներով դրանք տպագրեց համալսարանի «Բանբերում»: Տասհատորյակի առաջին հրատարակության երկրորդ հատորում այդ հատվածները տպագրվեցին գրաքննական միջամտություններից կարծես ազատված (ասում եմ կարծես, որովհետև նոր հրատարակության ծանոթագրություններում այդ մասին ոչինչ ասված չէ):
Ծանոթագրություններում ավելացվեց մի հատված. «Գրականագետ Ս. Մուրադյանը, որն այդ ժամանակ [բալլադի ձեռագրի երկրորդ մասի առաջին հրատ. ժամանակ] ԲԵՀ-ի [Բանբեր Երևանի համալսարանի] աշխատակիցներից էր, հիշում է. «ԲԵՀ-ում տպագրվել է գլավլիտի կրճատումներով. կռահել էին, որ Թումանյանի կերպավորած կենդանիները հիշեցնում են ժամանակի քաղաքական դեմքերին. աղվեսը՝ Լենինին, գայլը՝ Նիկոլայ ցարին և այլն: Անբուն կկուն հայրենազրկված հայ ժողովուրդն է, իսկ հանճարեղորեն մտածված դիպաշարն այլաբանորեն ակնարկում է ԽՍՀՄ կազմավորումը: Երբ աղվեսը խոսում է ժողովուրդների բարեկամության մասին, կենդանիները համբուրվում են. և «մեկի գլուխը մնաց մեկելի բերանում» (Թումանյան, ԵԼԺ, հ.2, 2018, էջ 609): Թումանյանի սևագրին (և ամբողջ ստեղծագործությանը) ծանոթ ընթերցողի մեջ անխուսափելիորեն հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքեր կան այսպիսի անառարկելի հայտարարություն անելու համար, որտե՞ղ են այն փաստերը, որոնք գայլի մեջ ցուցադրում են Նիկոլայ ցարին, իսկ աղվեսի մեջ այդքան հստակ մատնացույց են անում Լենինին: Չկա՛ն այդպիսի փաստեր: Կարելի է բազում անգամներ կարդալ բալլադի այդ հատվածները, կարդալ նույն շրջանում՝ 1921-22 թթ. և ավելի վաղ գրած նամակներն ու հոդվածները, և կտեսնեք, որ դրանց մեջ որևէ ակնարկ, առավել ևս գնահատական չկա այդ պետական գործիչներին վերաբերող (բացի Լենինի մասին երկու չեզոք հիշատակություններից՝ ԵԼԺ, հ. 10, 1999, էջեր 372, 383): Բերեմ նաև ակադեմիական տասհատորյակի նախաձեռնող և անփոփոխ գլխավոր խմբագիր, մեծավաստակ թումանյանագետ Էդվարդ Ջրբաշյանի կարծիքը այս բալլադի վերաբերյալ. «Կարծում ենք, այս այլաբանական պատկերները չպետք է ուղղագծորեն որոշակիացվեն և կապվեն միայն մեկ կուսակցության կամ կառավարության (ասենք՝ հայ իրականության մեջ դաշնակցության, ռամկավարների կամ բոլշևիկների) գործունեության հետ: Թումանյանը նկատի ուներ XX դարի սկզբի պատմական փորձն ընդհանրապես, նշված և համանման քաղաքական ուժերին հավաքականորեն՝ անկախ նրանց ներքին տարբերություններից» (Էդ. Ջրբաշյան, Թումանյանի գրական ժառանգությունը, Երևան, 2000, էջ 331):
Այս խոսակցությունը չպետք է խառնել քաղաքական գնահատականներին: Մեր ապրած գրեթե մեկ դարը հիմք է տալիս նման բազմաթիվ մեկնաբանությունների: Կարելի է ըմբռնումով վերաբերվել դրանց: Բայց չի կարելի սեփական գնահատականը վերագրել Հովհաննես Թումանյանին: Որևէ մեկին, լինի պրոֆեսոր թե շարքային ընթերցող, նման իրավունք տրված չէ: Դա աղավաղում է (անկախ Ս. Մուրադյանի ցանկությունից) Թումանյանի կերպարը: Վերջապես, հին խոսքով, Թումանյանի բալլադը որբի գլուխ չէ…
Դառնանք պրոֆ. Մուրադյանի մեկ այլ պնդմանը. Թումանյանի կողմից «հանճարեղորեն մտածված դիպաշարն այլաբանորեն ակնարկում է ԽՍՀՄ կազմավորումը»: Դարձյալ միանգամայն անհիմն հայտարարություն: Թումանյանի նույն վերջին հոդվածներում ու նամակներում ոչինչ չկա ԽՍՀՄ-ի կազմավորման մասին: Բայց հետաքրքրականն այն է, որ որևէ բան չէր էլ կարող լինել: Ժամանակի ընթացքը, ինչպես հայտնի է, անշրջելի է: Թումանյանը բալլադը գրել է 1922 թ. ամռանը. (տե՛ս Էդ. Ջրբաշյանի հիշված գիրքը, էջ 306, նաև էջ 319): Ուրեմն Թումանյանն իր բալլադի վրա աշխատելիս չէր կարող իմանալ ԽՍՀՄ-ի կազմավորման մասին, որովհետև ԽՍՀՄ-ի կազմավորումը հայտարարվել էր 1922 թ. դեկտեմբերի 30-ին: Ինչպե՞ս է պրոֆ. Մուրադյանը գուշակել, որ Թումանյանի դիպաշարը 1922 թ. ամռանը ակնարկում է 1922 թ. վերջի իրադարձությունները…
Եվ վերջապես, ինչո՞ւ է այս կարծիքը հրապարակվել ակադեմիական հրատարակության էջերում: Նման ենթադրությունների համար կան այլ հարթակներ, կա մամուլ, կան Ս. Մուրադյանի գրքերի էջերը…
Այս հատորում կան ավելի մանր վրիպումներ և վիճելի կետեր: Բայց ձյութի ամենամեծ բաժինը, որ խառնվել է ակադեմիական հատորի մեղրին, «Անբուն կկուի» այս ծանոթագրությունն է:
Խմբագրական խորհուրդը զարմանալի անտարբերություն է ցուցաբերել այս (և մի քանի այլ) առնվազն վիճելի կարծիքների հանդեպ: Ի ցավ ինձ, պետք է ասեմ, որ ես էլ այդ խորհրդի անդամ եմ և երևի ունեմ մեղքի իմ բաժինը: Բայց ծանոթագրության քննարկվող հատվածը ինձ անհայտ է եղել:
Մնում է ցանկանալ, որ ինչպես տասհատորյակի հետագա հատորներում, այնպես էլ մյուս դասականների ակադեմիական բազմահատորները հրատարակելիս ինստիտուտի համապատասխան բաժինները և ապագա խմբագիրները շատ ավելի մեծ պատասխանատվությամբ և գիտական խստապահանջությամբ կատարեն իրենց գործը:
One thought on “Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ / ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՐԿԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ԵՎ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ”